Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-43217-23.01.2014-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի նոյեմբերի 28-ի ՀՕ-255-Ն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունում «որպես տուժող» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ ցանկացած այլ քրեական գործ, եթե դրա փաստական հանգամանքներով պայմանավորված` առկա է բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտություն»  բառերը։

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«1) հատուկ քննչական ծառայության ծառայող` հատուկ քննչական ծառայության պետը, նրա տեղակալները, հատուկ քննչական ծառայության պետին առընթեր հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչները, հատուկ քննչական ծառայության վարչությունների պետերը, նրանց տեղակալները, հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչները եւ հատկապես կարեւոր գործերի քննիչները.».

2) 3-րդ կետում «պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի քննիչները» բառերը փոխարինել «քննչական կոմիտեի ծառայողները» բառերով:

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասում՝

1-ին կետում «տեղակալ» բառը փոխարինել «տեղակալներ» բառով.

 2-րդ կետում «պաշտոններ՝» բառից հետո լրացնել «- հատուկ քննչական ծառայության պետին առընթեր հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչներ.» եւ «- վարչության պետեր եւ նրանց տեղակալներ.» բառերը։

Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածում լրացնել 2.1-րդ եւ 2.2-րդ մասեր՝ հետեւյալ բովանդակությամբ.

«2.1 Հատուկ քննչական ծառայության պետին առընթեր հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչ եւ հատուկ քննչական ծառայության վարչության պետ կարող է նշանակվել այն անձը, ով մինչեւ նշանակումը զբաղեցրել է հատուկ քննչական ծառայության գլխավոր կամ առաջատար խմբերի պաշտոններ կամ ունի դատախազի կամ քննիչի առնվազն 6 տարվա ստաժ։

2.2 Հատուկ քննչական ծառայության վարչության պետի տեղակալ կարող է նշանակվել այն անձը, ով մինչեւ նշանակումը զբաղեցրել է հատուկ քննչական ծառայության գլխավոր կամ առաջատար խմբերի պաշտոններ կամ ունի դատախազի կամ քննիչի առնվազն 5 տարվա ստաժ։»։

Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մաում «գլխավոր դատախազի» բառերը փոխարինել «վարչապետի» բառով:

Հոդված 6. Օրենքի 13-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Հատուկ քննչական ծառայության ծառայողներին շնորհվում են հետեւյալ դասային աստիճանները.

1) արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական.

2) արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական.

3) արդարադատության առաջին դասի խորհրդական.

4) արդարադատության երկրորդ դասի խորհրդական.

5) արդարադատության երրորդ դասի խորհրդական.

6) առաջին դասի խորհրդական.

7) երկրորդ դասի խորհրդական.

8) երրորդ դասի խորհրդական:»:

2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

3. Արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական եւ արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական դասային աստիճանները շնորհում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:»:

Հոդված 7. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Հատուկ քննչական ծառայության պետի դասային աստիճանի վերին սահմանն արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանն է, իսկ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալներինը՝ արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանը:»:

Հոդված 8. Օրենքի 16-րդ հոդվածում լրացնել 5-րդ եւ 6-րդ մասեր` հետեւյալ բովանդակությամբ.

«5. Հատուկ քննչական ծառայության պետին առընթեր հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչները ծառայության պետի հանձնարարությամբ իրականացնում են նախաքննություն առանձնակի բարդություն ունեցող գործերով.

6. Հատուկ քննչական ծառայության վարչության պետը ղեկավարում է վարչության աշխատանքները: Հատուկ քննչական ծառայության վարչության  պետը կարող է ունենալ տեղակալներ, ովքեր փոխարինում են հատուկ քննչական ծառայության վարչության պետին վերջինիս բացակայության ժամանակահատվածում, ինչպես նաեւ վարչության պետի հանձնարարությամբ ապահովում են նրա լիազորությունների իրականացումը:»:

Հոդված 9. Օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Վերապատրաստում եւ հատուկ ուսուցում անցնելու կարգն ու պայմանները սահմանվում են «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ դրան համապատասխան ընդունված  հատուկ քննչական ծառայության պետի որոշումներով:»:

Հոդված 10. Օրենքի 26-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 26. Հատուկ քննչական ծառայության ծառայողի արձակուրդը

1.  Հատուկ քննչական ծառայության ծառայողներն ունեն ամենամյա հերթական վճարովի արձակուրդի իրավունք՝ 20 աշխատանքային օր տեւողությամբ եւ լրացուցիչ արձակուրդի իրավունք, որի տեւողությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 11. Օրենքի 31-րդ հոդվածում լրացնել 3-րդ եւ 4-րդ մասեր՝ հետեւյալ բովանդակությամբ.

«3. Հատուկ քննչական ծառայության արդյունավետ գործունեության ապահովման, աշխատակիցների նպատակային խրախուսման, չկանխատեսված ծախսերի ֆինանսավորման նպատակով պետական բյուջեով նախատեսվում է հատուկ քննչական ծառայության պահուստային ֆոնդ՝ տվյալ տարվա պետական բյուջեով հատուկ քննչական ծառայության պահպանման ծախսերի երկու տոկոսի չափով։

4. Պահուստային ֆոնդից հատկացումները կատարվում են հատուկ քննչական ծառայության պետի որոշման հիման վրա։»։

Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 10-ից:
 
 

 ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի  մասին»,  «Հայաստանի Հանրապետության քննչական դեպարտամենտում պետական ծառայության մասին», «Հայաստանի  Հանրապետության  քրեական  օրենսգրքում  փոփոխություններ եւ լրացում  կատարելու մասին», «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  լրացումներ եւ փոփոխություններ  կատարելու մասին», «Հայաստանի  Հանրապետության  քրեական  դատավարության օրենսգրքում  փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  փոփոխություններ  կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության  մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում  փոփոխություններ կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության  մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում  փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հանրային  ծառայության  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ  կատարելու  մասին», «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում  լրացումներ  կատարելու  մասին», «Կուսակցությունների  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  լրացում  կատարելու  մասին», «Պետական կառավարչական հիմնարկների  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  լրացում  կատարելու  մասին», «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում  լրացումներ կատարելու  մասին», «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի  Հանրապետության օրենքում  փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման


Ընթացիկ իրավիճակը եւ առկա խնդիրները

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ)  ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է քննչական մարմինների անկախությունն ամրապնդելու, քրեական գործերով նախաքննության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: ՀՀ Նախագահի 2013թ. սեպտեմբերի 24-ի ՆԿ-159-Ա կարգադրությամբ սահմանվել է, որ այս նպատակին հասնելու համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կառուցվածքում գործող քննչական մարմինների հենքի վրա անհրաժեշտ է կազմավորել  միասնական քննչական մարմին:

Ներկայումս քրեական գործերով նախաքննություն կատարում են հատուկ քննչական ծառայության, ոստիկանության, պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի, ազգային անվտանգության, հարկային եւ մաքսային մարմինների քննիչները: Տարբեր մարմինների կողմից նախաքննության իրականացման պրակտիկան վկայում է այն մասին, որ նրանք չունեն կազմակերպման եւ գործունեության միասնական սկզբունքներ եւ աշխատաոճ: Շատ դեպքերում միեւնույն իրավական հարցերի վերաբերյալ ցուցաբերվում են տարբեր մոտեցումներ, որի հետեւանքով խաթարվում է օրենքի առջեւ հավասարության սկզբունքը: Բացի այդ, գործադիր իշխանության մարմինների համակարգում քննչական մարմինների գործունեության հետեւանքով էապես սահմանափակվում է նախաքննության մարմինների դատավարական ինքնուրույնությունը, մի շարք դատավարական հարցերի լուծումն իրականացվում է վարչաիրավական հարաբերություններին հատուկ կառուցակարգերով, ինչն ինքնին հակասում է քննիչի դատավարական գործառույթների բնույթին: Գործադիր իշխանության մարմնի կազմում քննչական մարմինը գործում է տվյալ գործադիր իշխանության մարմնի նյութատեխնիկական բազայի հիման  վրա, ինչն ուղղակի ազդեցություն է ունենում քննչական մարմինների անկախության վրա:

Նախաքննության մարմնի դատավարական ինքնուրույնության սահմանափակման եւ նյութատեխնիկական անկախության բացակայության պայմաններում, էապես նվազում է գործադիր իշխանության համապատասխան մարմինների համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը:

Տարբեր քննչական մարմինների առկայության պարագայում էապես տարբերվում են նաեւ քննիչների նյութական եւ սոցիալական ապահովվածության երաշխիքները: Տարբեր գերատեսչություններում գործում են քննիչների տարբեր աշխատավարձի չափերը, սոցիալական ապահովության տարբերվող երաշխիքները: Մինչդեռ, սոցիալական արդարությունը պահանջում է միասնականացնել նույնաբնույթ աշխատանք կատարող քննիչիների աշխատավարձը եւ սոցիալական երաշխիքները:

 Կարգավորման նպատակը եւ բնույթը

 Կարգավորման նպատակն է ամրապնդել քննչական մարմինների անկախությունը, բարձրացնել քրեական գործերով նախաքննության արդյունավետությունը եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կառուցվածքում գործող քննչական մարմինների հենքի վրա կազմավորել միասնական քննչական մարմին:

Այդ նպատակով առաջարկվում է ընդունել «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի  մասին», «Հայաստանի Հանրապետության քննչական դեպարտամենտում պետական ծառայության մասին» ՀՀ օրենքների նախագծերը եւ դրանից բխող համապատասխան փոփոխություններ կատարել մի շարք այլ օրենքներում:

 Ակնկալվող արդյունքը

 Նախագծի ընդունման արդյունքում կստեղծվի քննչական կոմիտե, կապահովվի նախաքննության մարմինների գործունեության սկզբունքների միասնականությունը, կերաշխավորվի քննչական մարմինների անկախությունը եւ դատավարական ինքնուրույնությունը, քննիչների կարգավիճակի միասնականությունը, նախաքննության առավել արդյունավետ իրականացումը: