Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-43212-23.01.2014-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել 11.1-րդ կետ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«11.1) Հայաստանի Հանրապետության քննչական դեպարտամենտում»:

 Հոդված 2. Օրենքի  3-րդ հոդվածի 3-րդ մասում «Ազգային անվտանգության խորհրդում,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում, Հայաստանի Հանրապետության քննչական դեպարտամենտում,» բառերը։

Հոդված 3.   Օրենքի  4-րդ հոդվածի 7-րդ մասում «Հայաuտանի Հանրապետության գլխավոր դատախազի խորհրդականների, մամուլի քարտուղարի պաշտոնները» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի խորհրդականների, մամուլի քարտուղարի պաշտոնները» բառերը։

Հոդված 4.  Օրենքի  5-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետում «օրենքներով ստեղծված պետական մարմինների» բառերից հետո լրացնել «(հանձնաժողովներ, խորհուրդներ)» բառերը, իսկ «եւ այդ մարմինների» բառերը փոխարինել «եւ այդ հանձնաժողովների, խորհուրդների» բառերով։

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի փետրվարի 28-ից:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի  մասին»,  «Հայաստանի Հանրապետության քննչական դեպարտամենտում պետական ծառայության մասին», «Հայաստանի  Հանրապետության  քրեական  օրենսգրքում  փոփոխություններ եւ լրացում  կատարելու մասին», «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  լրացումներ եւ փոփոխություններ  կատարելու մասին», «Հայաստանի  Հանրապետության  քրեական  դատավարության օրենսգրքում  փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  փոփոխություններ  կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության  մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում  փոփոխություններ կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության  մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում  փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հանրային  ծառայության  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ  կատարելու  մասին», «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում  լրացումներ  կատարելու  մասին», «Կուսակցությունների  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  լրացում  կատարելու  մասին», «Պետական կառավարչական հիմնարկների  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  լրացում  կատարելու  մասին», «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում  լրացումներ կատարելու  մասին», «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի  Հանրապետության օրենքում  փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման

Ընթացիկ իրավիճակը եւ առկա խնդիրները

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ)  ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է քննչական մարմինների անկախությունն ամրապնդելու, քրեական գործերով նախաքննության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: ՀՀ Նախագահի 2013թ. սեպտեմբերի 24-ի ՆԿ-159-Ա կարգադրությամբ սահմանվել է, որ այս նպատակին հասնելու համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կառուցվածքում գործող քննչական մարմինների հենքի վրա անհրաժեշտ է կազմավորել  միասնական քննչական մարմին:

Ներկայումս քրեական գործերով նախաքննություն կատարում են հատուկ քննչական ծառայության, ոստիկանության, պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի, ազգային անվտանգության, հարկային եւ մաքսային մարմինների քննիչները: Տարբեր մարմինների կողմից նախաքննության իրականացման պրակտիկան վկայում է այն մասին, որ նրանք չունեն կազմակերպման եւ գործունեության միասնական սկզբունքներ եւ աշխատաոճ: Շատ դեպքերում միեւնույն իրավական հարցերի վերաբերյալ ցուցաբերվում են տարբեր մոտեցումներ, որի հետեւանքով խաթարվում է օրենքի առջեւ հավասարության սկզբունքը: Բացի այդ, գործադիր իշխանության մարմինների համակարգում քննչական մարմինների գործունեության հետեւանքով էապես սահմանափակվում է նախաքննության մարմինների դատավարական ինքնուրույնությունը, մի շարք դատավարական հարցերի լուծումն իրականացվում է վարչաիրավական հարաբերություններին հատուկ կառուցակարգերով, ինչն ինքնին հակասում է քննիչի դատավարական գործառույթների բնույթին: Գործադիր իշխանության մարմնի կազմում քննչական մարմինը գործում է տվյալ գործադիր իշխանության մարմնի նյութատեխնիկական բազայի հիման  վրա, ինչն ուղղակի ազդեցություն է ունենում քննչական մարմինների անկախության վրա:

Նախաքննության մարմնի դատավարական ինքնուրույնության սահմանափակման եւ նյութատեխնիկական անկախության բացակայության պայմաններում, էապես նվազում է գործադիր իշխանության համապատասխան մարմինների համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը:

Տարբեր քննչական մարմինների առկայության պարագայում էապես տարբերվում են նաեւ քննիչների նյութական եւ սոցիալական ապահովվածության երաշխիքները: Տարբեր գերատեսչություններում գործում են քննիչների տարբեր աշխատավարձի չափերը, սոցիալական ապահովության տարբերվող երաշխիքները: Մինչդեռ, սոցիալական արդարությունը պահանջում է միասնականացնել նույնաբնույթ աշխատանք կատարող քննիչիների աշխատավարձը եւ սոցիալական երաշխիքները:

 Կարգավորման նպատակը եւ բնույթը

 Կարգավորման նպատակն է ամրապնդել քննչական մարմինների անկախությունը, բարձրացնել քրեական գործերով նախաքննության արդյունավետությունը եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կառուցվածքում գործող քննչական մարմինների հենքի վրա կազմավորել միասնական քննչական մարմին:

Այդ նպատակով առաջարկվում է ընդունել «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի  մասին», «Հայաստանի Հանրապետության քննչական դեպարտամենտում պետական ծառայության մասին» ՀՀ օրենքների նախագծերը եւ դրանից բխող համապատասխան փոփոխություններ կատարել մի շարք այլ օրենքներում:

 Ակնկալվող արդյունքը

 Նախագծի ընդունման արդյունքում կստեղծվի քննչական կոմիտե, կապահովվի նախաքննության մարմինների գործունեության սկզբունքների միասնականությունը, կերաշխավորվի քննչական մարմինների անկախությունը եւ դատավարական ինքնուրույնությունը, քննիչների կարգավիճակի միասնականությունը, նախաքննության առավել արդյունավետ իրականացումը: