Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-397-26.11.2013,31.01.2014-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԳԼՈւԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված  1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորում է արդյունաբերական քաղաքականության մշակման, իրականացման, արդյունաբերական գոտիների գործունեության կազմակերպման ընթացքում իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի, պետական կառավարման մարմինների միջեւ ծագող իրավահարաբերությունները, արդյունաբերության զարգացման պետական եւ տարածքային ծրագրերի մշակման եւ իրականացման հարաբերությունները:

Հոդված 2. Արդյունաբերական քաղաքականության մասին օրենսդրությունը

1.Արդյունաբերական քաղաքականության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը բաղկացած է սույն օրենքից, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքից, մաքսային եւ հարկային հարաբերությունները կարգավորող օրենքներից եւ այլ իրավական ակտերից:

2.Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա գործում են միջազգային պայմանագրերի նորմերը:

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում կիրառվող հիմնական հասկացություններն են՝

1) արդյունաբերական քաղաքականություն (այսուհետ՝ ԱՔ)` միջոցառումների համակարգ, որն ուղղված է արդյունաբերության ոլորտում առաջադիմական փոփոխությունների իրականացմանը` պետական գերակայություններին համապատասխան, երկրի արտադրական ներուժի արդյունավետ օգտագործմանն ու զարգացմանը.

2) արդյունաբերական քաղաքականության օբյեկտներ՝ արդյունաբերական արտադրանք թողարկող առեւտրային կազմակերպություններ եւ անհատ ձեռնարկատերեր.

3) արդյունաբերական գոտի` առանձնացված տարածք, որը համապատասխանում է սույն օրենքով սահմանված պահանջներին եւ որտեղ իրականացվում է բացառապես արդյունաբերական գործունեություն: Արդյունաբերական գոտին կարող է ունենալ  ազատ տնտեսական գոտու կարգավիճակ, սակայն որտեղ իրականացվում է բացառապես արդյունաբերական գործունեություն եւ որտեղ ձեռնարկատիրական գործունեությունն իրականացվում է  «Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված առանձնահատկություններին համապատասխան.

4) նորամուծական զարգացում՝  ԱՔ ոլորտում մտավոր սեփականության եւ նորամուծական նախագծերում ներդրումների իրականացման վրա հիմնված զարգացում:

Հոդված 4. Արդյունաբերական քաղաքականության իրականացման պետական կարգավորումը

Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրականացնում է սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով արդյունաբերական քաղաքականության կարգավորումը հետեւյալ հիմնական ուղղություններով`

1) ներդրումային եւ գործարար միջավայրի բարելավում.

2) հարկային օրենսդրության եւ վարչարարության կատարելագործում.

3) արտահանման եւ ներմուծման ընթացակարգերի պարզեցում.

4) գերակա ճյուղերում վարկերի մատչելիության եւ հասանելիության ապահովում, վարկային տեղեկատվության կենտրոնացում.

5) իրավաբանական անձանց սնանկացման եւ լուծարման գործընթացների պարզեցում ու ժամկետների կրճատում.

6) ներդրումային եւ վենչուրային հիմնադրամների ստեղծում.

7) արդյունաբերական գոտիների ստեղծման ընթացակարգերի պարզեցում.

8) ֆինանսական օժանդակության ապահովում.

9) վարկային երաշխիքների տրամադրում.

10) կադրերի վերապատրաստման ծրագրերի համաֆինանսավորում.

11) միջազգայնորեն ճանաչված որակի կառավարման համակարգերի ներդրման բնագավառում ֆինանսական եւ տեխնիկական աջակցության ցուցաբերում.

12) տեխնոլոգիաների եւ գիտելիքի փոխանցմանը աջակցում.

13)  հետազոտությունների եւ մշակումների իրականացման խթանում:

Հոդված 5. Արդյունաբերության զարգացման պետական քաղաքականության մշակումը

1. Արդյունաբերության զարգացման պետական միասնական քաղաքականության մշակումն ապահովում է պետական կառավարման լիազոր մարմինը (այսուհետ՝ լիազոր մարմին)` ռազմավարությունների, հայեցակարգերի, նպատակային ծրագրերի եւ այլ ծրագրային փաստաթղթերի նախագծերի մշակման միջոցով, որոնք հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

2. Լիազոր մարմնի ընտրությունը իրականացնում է Հայաստանի Հանրապետության Կառավարությունը:

Հոդված 6. Արդյունաբերության զարգացման պետական քաղաքականության  իրականացումը

1. Արդյունաբերության զարգացման պետական քաղաքականությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետական եւ տարածքային կառավարման մարմինների միջոցով` օրենքով սահմանված կարգով:

2. Արդյունաբերության զարգացման պետական քաղաքականության իրականացման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորություններն են`

1) արդյունաբերական արտադրության խթանման եւ արդյունաբերության զարգացման բնագավառներում իրագործվող քաղաքականության համակարգումը.

2) լիազոր մարմնի նպատակների, խնդիրների եւ գործառույթների սահմանումը.

3) պետական եւ տարածքային կառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների ներգրավմամբ խորհրդատվական մարմինների ձեւավորումը.

4) տեղեկատվության հավաքագրման, վերլուծության,  կանխատեսումների իրականացումը.

5) արդյունաբերության ոլորտում ձեռնարկատիրական գործունեության խթանման, սուբսիդավորման, ապահովագրության, կոոպերացման, արդյունաբերության առանձին ենթաճյուղերի զարգացմանն ուղղված նպատակային ծրագրերի իրականացման ապահովումը.

6) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:

Հոդված 7. Արդյունաբերության զարգացման պետական քաղաքականության սկզբունքները

Արդյունաբերության զարգացման պետական քաղաքականության սկզբունքներն են`

1) պետական աջակցության հասցեականությունը եւ հասանելիությունը.

2) արդյունաբերական քաղաքականության մասին տեղեկատվության մատչելիությունը.

3) արդյունաբերության կայուն զարգացումը եւ արդյունաբերական քաղաքականության միջոցառումների իրականացման հաջորդականությունը.

4) երկարաժամկետ նպատակների ձեւավորումը եւ դրանց իրականացման հետեւողականությունը:

Հոդված 8. Արդյունաբերության  զարգացման պետական քաղաքականության խնդիրները

Արդյունաբերության զարգացման պետական քաղաքականության խնդիրներն են.

1) համագործակցել մասնավոր հատվածի հետ` ոլորտային զարգացման ռազմավարությունների մշակման եւ իրականացման նպատակով.

2) նպաստել արտահանման ներուժ ունեցող ընկերությունների գործունեության արդյունավետության բարձրացմանը.

3) աջակցել տարածքային կլաստերների, տեխնոպարկերի, արդյունաբերական գոտիների ձեւավորմանը.

4) աջակցել նորամուծական գործունեությանը.

5) զարգացնել գործարարների աջակցման կառույցների կարողությունները.

6) զարգացնել արդյունաբերության ենթակառուցվածքները:

Հոդված 9. Արդյունաբերական կազմակերպությունների կողմից տեղեկատվության տրամադրումը

Լիազոր մարմինը ԱՔ ոլորտում իրականացնում է վարչական ռեգիստր: ԱՔ օբյեկտները լիազոր մարմնին տրամադրում են գործունեության վերաբերյալ տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եւ ձեւաչափով:

Հոդված 10. Արդյունաբերական քաղաքականության իրականացման հարցերով տարածքային կառավարման մարմինների լիազորությունները

Արդյունաբերական քաղաքականության իրականացման հարցերով տարածքային կառավարման մարմինների լիազորություններն են`

1) արդյունաբերության զարգացման  ոլորտում պետական քաղաքականության ներդրումը, տեղայնացումն ու իրականացումը համապատասխան վարչական տարածքում.

2) մարզերում արդյունաբերության զարգացման կանխատեսումների իրականացումը.

3) արդյունաբերության   զարգացման տարածքային ծրագրերի մշակումը եւ ներկայացումը Հայաստանի Հանրապետության կառավարությանը.

4) արդյունաբերության օբյեկտների շահերը ներկայացնող եւ համապատասխան վարչական տարածքում գործունեություն իրականացնող պետական ոչ առեւտրային կազմակերպությունների ու դրանց ենթակառուցվածքների հետ համագործակցությունը.

5) արդյունաբերության օբյեկտների միջեւ   միջմարզային   համագործակցության աջակցությունը.

6) արդյունաբերության զարգացման հարցերով միջազգային կազմակերպությունների ու վարչատարածքային կառույցների հետ համագործակցությունը:

Հոդված 11. Արդյունաբերության զարգացման ոլորտում պետական եւ տարածքային կառավարման մարմինների փոխգործունեությունը

Արդյունաբերության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարությունը իր լիազորությունների շրջանակում  համակարգում է տարածքային կառավարման մարմինների գործունեությունը, արդյունաբերության օբյեկտների զարգացմանն ուղղված պետական, տարածքային  ծրագրերով իրականացվող միջոցառումները:

ԳԼՈՒԽ 2. ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ

Հոդված 12. Արդյունաբերության զարգացման պետական ծրագրի նկարագիրը

1. Արդյունաբերության զարգացման պետական ծրագիրը (այսուհետ` պետական ծրագիր) փասթաթուղթ է, որը սահմանում է արդյունաբերության զարգացման հիմնական ուղղությունները, մեխանիզմները յուրաքանչյուր երեք օրացույցային տարիների համար (այսուհետ` եռամյա):

2. Պետական ծրագրի նախագծի կազմման աշխատանքներին մասնակցում են արդյունաբերության ոլորտին առնչվող գործառույթներ ունեցող պետական եւ տարածքային կառավարման մարմինները:

Հոդված 13. Պետական ծրագրի հաստատումը

1.  Պետական ծրագիրը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ոչ ուշ, քան պետական ծրագրի իրականացմանը նախորդող տարվա նոյեմբերի 15-ը` երեք տարի ժամկետով:

2.  ՀՀ կառավարությունը սահմանում է արդյունաբերական քաղաքականության իրականացման կարգը, որում ամրագրվում են նաեւ ՀՀ պետական բյուջեից արդյունաբերական քաղաքականության իրականացմանն ուղղված ֆինանսական միջոցների հատկացման ամենամյա չափերը:

3. Պետական ծրագիրը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` լիազոր մարմնի ներկայացմամբ:

Հոդված 14. Պետական ծրագրի իրականացումը

Պետական ծրագիրը իրականացնում են լիազոր մարմինը, տարածքային կառավարման մարմինները՝ իրենց լիազորությունների շրջանակներում:

Հոդված 15. Արդյունաբերության զարգացման տարածքային ծրագրի նկարագիրը

1. Արդյունաբերության զարգացման տարածքային ծրագիրը (այսուհետ` տարածքային ծրագիր) փաստաթուղթ է, որը սահմանում է արդյունաբերության տարածքային զարգացման հիմնական ուղղությունները, մեխանիզմները, արդյունաբերական գոտիների կազմավորման, իրականացման կարգը յուրաքանչյուր երեք օրացույցային տարիների համար (այսուհետ` եռամյա):

2. Արդյունաբերական զարգացման տարածքային ծրագրերը կազմում են արդյունաբերության զարգացման պետական ծրագրի մաս:

3. Տարածքային ծրագրերը հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

4. Տարածքային կառավարման մարմինները Հայասատանի Հանրապետության կառավարությանը ներկայացնում են տարածքային ծրագրերի կատարման վերաբերյալ ամենամյա հաշվետվություն:

5.  Արդյունաբերության ոլորտում պետական միասնական քաղաքականությունը եւ արդյունաբերական զարգացման տարածքային ծրագրերը ձեւավորվում եւ իրականացվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան:

Հոդված 16.Արդյունաբերական գոտիների ստեղծումը

1. Ազատ տնտեսական գոտու կարգավիճակ ունեցող արդյունաբերական գոտիների ստեղծումն իրականացվում է «Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված առանձնահատկություններին համապատասխան եւ ներառվում արդյունաբերության զարգացման տարածքային ծրագրերում:

2. Ազատ տնտեսական գոտու կարգավիճակ չունեցող արդյունաբերական գոտիների ստեղծման նախագիծը մշակում են տարածքային կառավարման մարմինները` սույն օրենքով սահմանված առանձնահատկություններին համապատասխան եւ ներառում արդյունաբերության զարգացման տարածքային ծրագրերում:

Հոդված 17.Ազատ տնտեսական գոտու կարգավիճակ չունեցող արդյունաբերական գոտիների ստեղծումը

1. Ազատ տնտեսական գոտու կարգավիճակ չունեցող արդյունաբերական գոտիների ստեղծման նախագիծը պետք է ներառի`

1) արդյունաբերական գոտու ստեղծման նպատակը.

2) տարածքի նկարագիրը եւ սահմանագիծը.

3) ներդրումային ծրագիրը.

4) տրամադրվելիք արտոնությունների տեսակները եւ պայմանները.

5) պետական բյուջեից ֆինանսավորման պահանջվող չափը եւ ձեւը.

6) այլ անհրաժեշտ պայմաններ:

Հոդված 18.Ազատ տնտեսական գոտու կարգավիճակ չունեցող արդյունաբերական գոտիներին ներկայացվող պահանջները

Արդյունաբերական գոտիներին ներկայացվող պահանջներն են.

1) ապահովված լինի արտադրական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ տարածքներով եւ շինություններով,

2) ապահովված լինի բեռնափոխադրումների համար նախատեսված տրանսպորտային միջոցների ներսբերման հնարավորությամբ,

3) սահմանազատված լինի տարածքային կառավարման մարմնի կողմից ընտրված սահմանագծով.

4) ապահովված լինի մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից մաքսային հսկողություն եւ մաքսային ձեւակերպումներ իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններով.

5) ունենա արդյունաբերության գոտու ներսում ապրանքների ազատ տեղաշարժման հնարավորություն.

6) ապահովված լինի անվտանգության, առաջնային բուժօգնության եւ հակահրդեհային համակարգերով.

7) ունենա անխափան ջրամատակարարում եւ ջրահեռացում, էներգամատակարարում, գազամատակարարում, աղբահանություն եւ կապի միջոցներից՝ առնվազն հեռախոս եւ ինտերնետ.

8) ապահովված լինի սանիտարահիգիենիկ եւ բնապահպանական նորմերի պահանջների պահպանման համապատասխան միջոցներով.

9) ունենա կարանտինային սպասարկման տարածք.

10) ապահովված լինի ապրանքների պահպանության համար նյութատեխնիկական սարքավորումներով, ինչպես նաեւ բեռնման, բեռնաթափման եւ տրանսպորտային միջոցների, պահեստային տնտեսության համար անհրաժեշտ սարքավորումներով, կապի եւ այլ միջոցներով:

Հոդված 19.Ազատ տնտեսական գոտու կարգավիճակ չունեցող արդյունաբերական գոտու կառավարումը

Ազատ տնտեսական գոտու կարգավիճակ չունեցող արդյունաբերական գոտու կառավարումն իրականացվում է տարածքային կառավարման մարմնի ստեղծած կազմակերպության կամ տարածքային կառավարման մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ընտրված մասնավոր կազմակերպության կողմից:

ԳԼՈՒԽ 3. ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 20. Արդյունաբերության օբյեկտների աջակցության ձեւերը, պայմաններն ու կարգը

1. Արդյունաբերության օբյեկտների պետական օժանդակությունը ներառում է այդպիսի կազմակերպությունների ֆինանսական, գույքային, տեղեկատվական, խորհրդատվական աջակցությունը, դրանց աշխատողների պատրաստման, վերապատրաստման ու որակավորման բարելավմանն ուղղված միջոցառումները, նորարարության ու արդյունաբերական արտադրության, արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող արդյունաբերության օբյեկտների աջակցությունը:

2. Արդյունաբերության օբյեկտների աջակցության տրամադրման կարգն ու պայմանները սահմանվում են արդյունաբերության զարգացման պետական, տարածքային ծրագրերով:

Հոդված 21. Արդյունաբերության օբյեկտների ֆինանսական օժանդակությունը

Արդյունաբերության օբյեկտներին ֆինանսական օժանդակությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան կարող է իրականացվել պետական բյուջեի միջոցների հաշվին վարկավորման սուբսիդիաների, բյուջետային ներդրումների, ինչպես նաեւ արդյունաբերության օբյեկտների պարտավորությունների համար պետական ու տարածքային երաշխիքների տրամադրման, շնորհանդեսների կազմակերպման եւ/կամ մասնակցության, միջազգային ցուցահանդեսներին մասնակցության, հետազոտությունների իրականացման, վերապատրաստման դասընթացների կազմակերպման, անհրաժեշտության դեպքում  միջազգային սերտիֆիկացման եւ այլ միջոցառումների համաֆինանսավորման ճանապարհով:

Հոդված 22. Արդյունաբերության օբյեկտների տեղեկատվական աջակցությունը

Արդյունաբերության օբյեկտներին տեղեկատվական աջակցությունը իրականացվում է պետական կառավարման մարմինների կողմից պետական, տարածքային տեղեկատվական համակարգերի եւ տեղեկատվական-հեռահաղորդակցության ցանցերի ստեղծման ու դրանց գործունեության ապահովման միջոցով:

Հոդված 23. Արդյունաբերության օբյեկտների խորհրդատվական աջակցությունը

1. Կառավարման պետական մարմինների կողմից արդյունաբերության օբյեկտների խորհրդատվական աջակցությունը կարող է իրականացվել հետեւյալ ձեւերով.

1) արդյունաբերության օբյեկտներին խորհրդատվական ծառայություններ մատուցող կազմակերպությունների ստեղծում եւ վերջիններիս գործունեության ապահովում.

2) արդյունաբերության օբյեկտների, կողմից կատարված ու փաստաթղթավորված` հիմնավորված խորհրդատվական ծախսերի մասնակի կամ լրիվ փոխհատուցում:

Հոդված 24. Կադրերի պատրաստման եւ վերապատրաստման որակավորման բարձրացման ոլորտում արդյունաբերության օբյեկտների աջակցությունը

Պետական կառավարման   մարմինների կողմից արդյունաբերության օբյեկտների կադրերի պատրաստման, վերապատրաստման ու որակավորման բարձրացման ոլորտում աջակցությունը կարող է իրականացվել հետեւյալ ձեւերով.

1) պետական կրթական չափորոշիչների հիման վրա  արդյունաբերության օբյեկտների կադրերի պատրաստմանն ու վերապատրաստմանն ուղղված կրթական ծրագրերի մշակմամբ.

2) արդյունաբերության օբյեկտների կադրերի որակավորման բարձրացմանն ուղղված կրթական ծրագրերի մշակմամբ.

2) հասարակության սոցիալապես անապահով խմբերին դասվող մասնագետների մասնագիտական գիտելիքների բարձրացման համար համապատասխան պայմանների ստեղծմամբ, նրանց մասնագիտական որակավորումների կատարելագործմամբ՝ արդյունաբերության ոլորտում նոր աշխատանքային գործառույթների իրականացմանը նախապատրաստելով:

Հոդված 25. Արդյունաբերական արտադրության ու նորարարության ոլորտում արդյունաբերության օբյեկտների աջակցությունը

Պետական կառավարման մարմինների կողմից արդյունաբերության օբյեկտների արդյունաբերական արտադրության ու նորարարության ոլորտում աջակցությունը իրականացվում է հետեւյալ ձեւերով.

1) արդյունաբերության օբյեկտների գործունեությանը նպաստող կազմակերպությունների (ներառյալ` տեխնոպարկեր, տեխնոլոգիաների առեւտրայնացման կենտրոններ, տեխնիկաներդրումային գիտաարտադրական տարածքներ) ստեղծում ու վերջիններիս գործունեության ապահովում.

2) հայտնագործությունների, գիտական նվաճումների պատենտավորման աջակցություն, ինչպես նաեւ արդյունաբերության օբյեկտների կողմից ստեղծված այլ մտավոր արդյունքների պետական գրանցում եւ հեղինակային իրավունքի պաշտպանություն.

3) արդյունաբերության օբյեկտների համար արդյունաբերական արտադրության ու նորարարության ոլորտում  ենթակապալի պայմանագրեր կնքելու համար նպաստավոր պայմանների ստեղծում:

Հոդված 26. Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող արդյունաբերության օբյեկտների աջակցությունը

Պետական կառավարման մարմինների կողմից արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող արդյունաբերության օբյեկտների  աջակցությունը  իրականացվում է հետեւյալ ձեւերով.

1)   արտաքին տնտեական   գործունեություն  իրականացնող   արդյունաբերության օբյեկտներին աջակցություն ցուցաբերող կազմակերպությունների ստեղծում եւ վերջիններիս գործունեության ապահովում.

2) արդյունաբերության զարգացման ոլորտում օտարերկրյա  միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության խթանում.

3) Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ապրանքների (աշխատանքներ, ծառայություններ), մտավոր գործունեության  արդյունքների օտարերկրյա պետությունների շուկաներ արտահանելու համագործակցություն, ինչպես նաեւ արտաքին տնտեսական գործունեություն իրականցնող ձեռնարկատիրության սուբյեկտների համար բարենպաստ պայմանների ստեղծում:

ԳԼՈՒԽ 4. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված  27. Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սույն օրենքը ուժի մեջ մտնելու պահից հետո՝  մեկամսյա ժամկետում, ապահովում է սույն օրենքով նախատեսված նորմատիվ իրավական ակտերի ընդունումը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

Անհրաժեշտությունը: «Արդյունաբերական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք կարեւորագույն խնդիրների լուծմամբ եւ կանոնակարգմամբ, որոնք ուղղակիորեն առնչվում են երկրի տնտեսության զարգացման, արտահանման կառուցվածքի կատարելագործման, բնակչության կենսամակարդակի բարձրացման եւ սոցիալ-տնտեսական մի շարք այլ խնդիրների լուծման հետ:

«ՀՀ կառավարության 2009թ. գործունեության միջոցառումների ծրագիրը եւ գերակա խնդիրները հաստատելու մասին» N40-Ն որոշմամբ որպես գերակա խնդիր ամրագրված է արդյունաբերական քաղաքականության (այսուհետ՝ ԱՔ) ռազմավարության իրականացումը, իսկ որպես խնդրի լուծման ուղիներ` արդյունաբերության մեջ գիտության եւ նորարարության արդյունքների, տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման աջակցության միջոցով արտադրանքի վերամշակման խորացումը, տեխնոլոգիական արդիականացման  գործընթացների ակտիվացման խթանումը եւ արտադրողականության բարձրացումը, արդյունաբերության գերակաճյուղերի առնչությամբ կլաստերային զարգացման քաղաքականության իրագործումը փոքր եւ միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության մեխանիզմների կատարելագործումը եւ արդյունավետության բարձրացումը, կորպորատիվ կառավարման մշակույթի արմատավորմանն ուղղված միջոցառումների իրականացումը: Այդ հիմնախնդիրների լուծման նպատակով անհրաժեշտ է օրենսդրորեն սահմանել եւ ամրագրել ԱՔ իրականացման սկզբունքները, հիմնական ուղղությունները, պետական եւ տարածքային մարմինների լիազորությունները եւ այլն:

Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները: Ներկայումս մի շարք իրավահարաբերություններ, որոնք ծագում են արդյունաբերության ոլորտում տնտեսավարողների,  պետական կառավարման եւ տարածքային կառավարման մարմինների միջեւ իրավաբանորեն հստակեցված չեն: Մասնավորապես,  դեռեւս օրենսդրորեն սահմանված չեն արդյունաբերության ոլորտում պետական քաղաքականության սկզբունքները, աջակցության ուղղությունները, պետական կարգավորման մեխանիզմները: Դրա հետ մեկտեղ, դեռեւս օրենսդրորեն հստակեցված եւ սահմանված չեն ոլորտին առնչվող մի շարք հասկացություններ:

Կարգավորման նպատակը եւ բնույթը: Առաջարկվող օրենքը կարգավորելու է այն հարաբերությունները, որոնք ծագում են իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի, պետական կառավարման եւ տարածքային կառավարման մարմինների միջեւ` արդյունաբերական քաղաքականության մշակման եւ իրականացման գործընթացքում: Օրենքի նախագիծը սահմանում է արդյունաբերության զարգացման պետական քաղաքականության մշակման եւ իրականացման ուղղությունները, զարգացման պետական ծրագրի, ինչպես նաեւ արդյունաբերական զարգացման տարածքային ծրագրերի մշակման, հաստատման, իրականացման եւ փորձաքննության ընթացակարգը: Օրենքի նախագիծը սահմանում է նաեւ արդյունաբերության օբյեկտներին տրամադրվող պետական աջակցության հիմնական ուղղությունները, արդյունաբերական գոտիների կազմավորման ու գործունեության առանձնահատկությունները:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս` Մարգարիտ Ավետիսյան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 3-րդ տարվա ասպիրանտ Հասմիկ Հովակիմյան:

Ակնկալվող արդյունքները: Օրենքի նախագծի ընդունումը կնպաստի հանրապետությունում, այդ թվում՝ մարզերում եւ գյուղական համայնքներում, նոր աշխատատեղերի ստեղծմանը, արտագաղթի կասեցմանը, փոքր եւ միջին արդյունաբերական ձեռնարկատիրության զարգացմանը, արդյունաբերության պետական կարգավորման եւ աջակցության համակարգմանը, արդյունաբերական արտադրության արդյունավետության եւ տեղական արտադրողների մրցունակության բարձրացմանը: