Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Պ-397-26.11.2013,31.01.2014-ՏՀ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԳԼՈւԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1.Սույն օրենքը կարգավորում է արդյունաբերական քաղաքականության մշակման, իրականացման, արդյունաբերական գոտիների գործունեության կազմակերպման ընթացքում իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի, պետական կառավարման մարմինների միջեւ ծագող իրավահարաբերությունները, արդյունաբերության զարգացման պետական եւ տարածքային ծրագրերի մշակման եւ իրականացման հարաբերությունները:

Հոդված 2. Արդյունաբերական քաղաքականության մասին օրենսդրությունը

1.Արդյունաբերական քաղաքականության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը բաղկացած է սույն օրենքից, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքից, մաքսային եւ հարկային հարաբերությունները կարգավորող օրենքներից եւ այլ իրավական ակտերից:

2.Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա գործում են միջազգային պայմանագրերի նորմերը:

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1.Սույն օրենքում կիրառվող հիմնական հասկացություններն են՝

1)արդյունաբերական քաղաքականություն (այսուհետ՝ ԱՔ)` միջոցառումների համակարգ, որն ուղղված է արդյունաբերության ոլորտում առաջադիմական փոփոխությունների իրականացմանը` պետական գերակայություններին համապատասխան, երկրի արտադրական ներուժի արդյունավետ օգտագործմանն ու զարգացմանը.

2)արդյունաբերական քաղաքականության օբյեկտներ՝ արդյունաբերական արտադրանք թողարկող իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերեր.

3)արդյունաբերական գոտի` առանձնացված տարածք, որը համապատասխանում է սույն օրենքով սահմանված պահանջներին եւ որտեղ իրականացվում է բացառապես արդյունաբերական գործունեություն: Արդյունաբերական գոտին կարող է ունենալ  ազատ տնտեսական գոտու կարգավիճակ, սակայն որտեղ իրականացվում է բացառապես արդյունաբերական գործունեություն եւ որտեղ ձեռնարկատիրական գործունեությունն իրականացվում է  «Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված առանձնահատկություններին համապատասխան.

4)արդյունաբերական գոտու կազմակերպիչ (այսուհետ` կազմակերպիչ)`  բացառապես  արդյունաբերական գոտու կազմակերպման նպատակով հիմնադրի կողմից ստեղծած (հիմնադրած) կամ ընտրված իրավաբանական անձ, որն ապահովում է արդյունաբերական գոտում գործունեության իրականացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծումը եւ ծառայությունների մատուցումը.

5) արդյունաբերական գոտու շահագործող (այսուհետ` շահագործող)` սույն օրենքին համապատասխան, բացառապես արդյունաբերական գոտում, բացառապես արտադրական     գործունեություն իրականացնող Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր կամ մասնաճյուղ, ինչպես նաեւ օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչություն, որն ունի տվյալ գոտու կազմակերպչի հետ կնքված համապատասխան պայմանագիր.

6) լիազոր մարմին` արդյունաբերական գոտիների պետական քաղաքականության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմին:

Հոդված 4. Արդյունաբերական քաղաքականության իրականացման պետական կարգավորումը

1.Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրականացնում է սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով արդյունաբերական քաղաքականության մշակումը եւ իրականացումը հետեւյալ հիմնական ուղղություններով`

1) ներդրումային եւ գործարար միջավայրի բարելավում, այդ թվում՝ փոքր եւ միջին արդյունաբերական ձեռնարկությունների գործունեության խրախուսում եւ աջակցություն.

2) հարկային վարչարարության իրականացման ընթացակարգերի կրճատում.

3) արտահանման եւ ներմուծման ընթացակարգերի պարզեցում.

4) գերակա ճյուղերում վարկերի մատչելիության եւ հասանելիության ապահովում, վարկային տեղեկատվության կենտրոնացում.

5) իրավաբանական անձանց սնանկացման եւ լուծարման ժամկետների կրճատում.

6) ներդրումային եւ վենչուրային հիմնադրամների ստեղծում.

7) արդյունաբերական գոտիների ստեղծման ընթացակարգերի ներդրում.

8) ֆինանսական օժանդակության ապահովում.

9) վարկային երաշխիքների տրամադրում.

10) կադրերի վերապատրաստման ծրագրերի համաֆինանսավորում.

11) միջազգայնորեն ճանաչված որակի կառավարման համակարգերի ներդրման բնագավառում ֆինանսական եւ տեխնիկական աջակցության ցուցաբերում.

12) տեխնոլոգիաների եւ գիտելիքի փոխանցմանը աջակցում.

13)  հետազոտությունների եւ մշակումների իրականացման խթանում.

14) արտաքին ներդրումների ներգրավում.

15) մարզերի մասնագիտացման եւ ներհանրապետականկոոպերացիաների խթանում.

16) արտաքին շուկաների մատչելիության ապահովում.

17) նորամուծությունների համակողմանի խթանում, գիտություն-արտադրություն կապի ամրապնդում՝ կրճատելով գիտական մտքի արտադրության մեջ տեղայնացումից մինչեւ արտադրանքի փորձանմուշի ստեղծման ժամկետը:

Հոդված 5. Արդյունաբերության զարգացման պետական քաղաքականության մշակումը

1.Արդյունաբերության զարգացման պետական միասնական քաղաքականության մշակումն ապահովում է պետական կառավարման լիազոր մարմինը` ռազմավարությունների, հայեցակարգերի, նպատակային ծրագրերի եւ այլ ծրագրային փաստաթղթերի նախագծերի մշակման միջոցով, որոնք հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

Հոդված 6. Արդյունաբերության զարգացման պետական քաղաքականության  իրականացումը

1. Արդյունաբերության զարգացման պետական քաղաքականությունը մշակում եւ իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետական եւ տարածքային կառավարման մարմինների միջոցով` օրենքով սահմանված կարգով:

2. Արդյունաբերության զարգացման պետական քաղաքականության իրականացման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորություններն են`

1) արդյունաբերական արտադրության եւ արդյունաբերության զարգացման բնագավառներում ՀՀ ներքին քաղաքականության մշակումը եւ իրականացնումը.

2) լիազոր մարմնի նպատակների, խնդիրների եւ գործառույթների սահմանումը.

3) պետական եւ տարածքային կառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների ներգրավմամբ խորհրդատվական մարմինների ձեւավորումը.

4) տեղեկատվության հավաքագրման, վերլուծության,  կանխատեսումների իրականացումը.

5) արդյունաբերության ոլորտում ձեռնարկատիրական գործունեության խթանման, սուբսիդավորման, ապահովագրության, կոոպերացման, արդյունաբերության առանձին ենթաճյուղերի զարգացմանն ուղղված նպատակային ծրագրերի իրականացման ապահովումը.

6) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:

Հոդված 7. Արդյունաբերության զարգացման պետական քաղաքականության սկզբունքները

1. Արդյունաբերության զարգացման պետական քաղաքականության սկզբունքներն են`

1)պետական աջակցության հասցեականությունը եւ հասանելիությունը.

2)արդյունաբերական քաղաքականության մասին տեղեկատվության մատչելիությունը.

3)արդյունաբերության կայուն զարգացումը եւ արդյունաբերական քաղաքականության միջոցառումների իրականացման հաջորդականությունը.

4)երկարաժամկետ նպատակների ձեւավորումը եւ դրանց իրականացման հետեւողականությունը:

Հոդված 8. Արդյունաբերության  զարգացման պետական քաղաքականության խնդիրները

1. Արդյունաբերության զարգացման պետական քաղաքականության խնդիրներն են.

1) համագործակցել մասնավոր հատվածի հետ` ոլորտային զարգացման ռազմավարությունների մշակման եւ իրականացման նպատակով.

2) նպաստել արտահանման ներուժ ունեցող ընկերությունների գործունեության արդյունավետության բարձրացմանը.

3) աջակցել տարածքային կլաստերների, տեխնոպարկերի, արդյունաբերական գոտիների ձեւավորմանը.

4) աջակցել նորամուծական գործունեությանը.

5) զարգացնել գործարարների աջակցման կառույցների կարողությունները.

6) զարգացնել արդյունաբերության ենթակառուցվածքները:

Հոդված 9. Արդյունաբերական կազմակերպությունների կողմից տեղեկատվության տրամադրումը

1.Լիազոր մարմինը ԱՔ ոլորտում կարող է վարել վարչական ռեգիստր: ԱՔ օբյեկտները լիազոր մարմնին տրամադրում են գործունեության վերաբերյալ տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եւ ձեւաչափով:

Հոդված 10. Արդյունաբերական քաղաքականության իրականացման հարցերով տարածքային կառավարման մարմինների լիազորությունները

1.Արդյունաբերական քաղաքականության իրականացման հարցերով տարածքային կառավարման մարմինների լիազորություններն են`

1) արդյունաբերության զարգացման  ոլորտում պետական քաղաքականության ներդրումը, տեղայնացումն ու իրականացումը համապատասխան վարչական տարածքում.

2) մարզերում արդյունաբերության զարգացման կանխատեսումների իրականացումը.

3) արդյունաբերության   զարգացման տարածքային ծրագրերի մշակումը եւ ներկայացումը Հայաստանի Հանրապետության կառավարությանը.

4) արդյունաբերական քաղաքականության օբյեկտների շահերը ներկայացնող եւ համապատասխան վարչական տարածքում գործունեություն իրականացնող պետական ոչ առեւտրային կազմակերպությունների ու դրանց ենթակառուցվածքների հետ համագործակցությունը.

5) արդյունաբերական քաղաքականության օբյեկտների միջեւ   միջմարզային   համագործակցության աջակցությունը.

6) արդյունաբերության զարգացման հարցերով միջազգային կազմակերպությունների ու վարչատարածքային կառույցների հետ համագործակցությունը:

Հոդված 11. Արդյունաբերության զարգացման ոլորտում պետական եւ տարածքային կառավարման մարմինների փոխգործունեությունը

1.Արդյունաբերության զարգացման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարությունը իր լիազորությունների շրջանակում  համակարգում է տարածքային կառավարման մարմինների գործունեությունը, արդյունաբերական քաղաքականության օբյեկտների զարգացմանն ուղղված պետական, տարածքային  ծրագրերով իրականացվող միջոցառումները:

ԳԼՈՒԽ 2. ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ

Հոդված 12. Արդյունաբերության զարգացման պետական ծրագրի նկարագիրը

1. Արդյունաբերության զարգացման պետական ծրագիրը (այսուհետ` պետական ծրագիր) փասթաթուղթ է, որը սահմանում է արդյունաբերության զարգացման հիմնական ուղղությունները եւ մեխանիզմները յուրաքանչյուր հինգ օրացույցային տարիների համար (այսուհետ` հնգամյա):

2. Պետական ծրագրի նախագծի կազմման աշխատանքներին մասնակցում են արդյունաբերության ոլորտին առնչվող գործառույթներ ունեցող պետական եւ տարածքային կառավարման մարմինները:

Հոդված 13. Պետական ծրագրի հաստատումը

1. Պետական ծրագիրը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ոչ ուշ, քան պետական ծրագրի իրականացմանը նախորդող տարվա նոյեմբերի 15-ը` հինգ տարի ժամկետով:

2. ՀՀ կառավարությունը սահմանում է արդյունաբերական քաղաքականության իրականացման կարգը, որում ամրագրվում են նաեւ ՀՀ պետական բյուջեից արդյունաբերական քաղաքականության իրականացմանն ուղղված ֆինանսական միջոցների հատկացման ամենամյա չափերը:

3.Պետական ծրագիրը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` լիազոր մարմնի ներկայացմամբ:

Հոդված 14. Պետական ծրագրի իրականացումը

1.Պետական ծրագիրը իրականացնում են լիազոր մարմինը, տարածքային կառավարման մարմինները՝ իրենց լիազորությունների շրջանակներում:

Հոդված 15. Արդյունաբերության զարգացման տարածքային ծրագրի նկարագիրը

1. Արդյունաբերության զարգացման տարածքային ծրագիրը (այսուհետ` տարածքային ծրագիր) փաստաթուղթ է, որը սահմանում է արդյունաբերության տարածքային զարգացման հիմնական ուղղությունները, մեխանիզմները, արդյունաբերական գոտիների կազմավորման, իրականացման կարգը յուրաքանչյուր հինգ օրացույցային տարիների համար (այսուհետ` հնգամյա):

2. Արդյունաբերական զարգացման տարածքային ծրագրերը կազմում են արդյունաբերության զարգացման պետական ծրագրի մաս:

3. Տարածքային ծրագրերը հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

4. Տարածքային կառավարման մարմինները Հայասատանի Հանրապետության կառավարությանը ներկայացնում են տարածքային ծրագրերի կատարման վերաբերյալ ամենամյա հաշվետվություն:

5. Արդյունաբերության ոլորտում պետական միասնական քաղաքականությունը եւ արդյունաբերական զարգացման տարածքային ծրագրերը ձեւավորվում եւ իրականացվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան:

Հոդված 16.Արդյունաբերական գոտիների ստեղծումը

1. Ազատ տնտեսական գոտու կարգավիճակ ունեցող արդյունաբերական գոտիների ստեղծումն իրականացվում է «Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դրույթներին համապատասխան եւ ներառվում արդյունաբերության զարգացման տարածքային ծրագրերում:

2. Ազատ տնտեսական գոտու կարգավիճակ չունեցող արդյունաբերական գոտիների ստեղծման հայտ կարող են ներկայացնել պետական կառավարման մարմինները, տարածքային կառավարման մարմինները, տեղական ինքնակառավարման մամինները եւ մասնավոր հատվածը` ներկայացնելով համապատասխան ծրագիր: Հայտի ներկայացման եւ հաստատման կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը:

3. Ազատ տնտեսական գոտու կարգավիճակ չունեցող արդյունաբերական գոտիները ստեղծվում են սույն հոդվածի 2-րդ մասում նշված մարմինների նախաձեռնությամբ` ՀՀ կառավարության որոշմամբ:

Հոդված 17. Ազատ տնտեսական գոտու կարգավիճակ չունեցող արդյունաբերական գոտիների ստեղծումը, արտոնությունները եւ տրամադրվող աջակցությունը

1. Ազատ տնտեսական գոտու կարգավիճակ չունեցող արդյունաբերական գոտիների ստեղծման նախագիծը պետք է ներառի`

1) արդյունաբերական գոտու ստեղծման նպատակը.

2) տարածքի նկարագիրը եւ սահմանագիծը.

3) ներդրումային ծրագիրը.

4) տրամադրվելիք արտոնությունների տեսակները եւ պայմանները.

5) պետական բյուջեից ֆինանսավորման պահանջվող չափը եւ ձեւը.

6) այլ անհրաժեշտ պայմաններ:

2. Արդյունաբերական գոտում կարող են տրվել հետեւյալ արտոնությունները եւ աջակցությունը`

1) շահութահարկի եւ եկամտային հարկի (բացառությամբ վարձու աշխատողների համար վճարվող աշխատավարձից եւ հավասարեցված վճարներից վճարվող գումարներից հաշվարկվող եկամտային հարկի) վճարման արտոնություն.

2) գույքահարկի եւ հողի հարկի վճարման արտոնություն.

3) ֆինանսական աջակցության տրամադրում.

4) խորհրդատվական աջակցության տրամադրում:

3.Յուրաքանչյուր արդյունաբերական գոտու համար տրամադրվող արտոնությունների տեսակը, չափը եւ ձեւը սահմանվում է օրենքով:

4. Յուրաքանչյուր արդյունաբերական գոտու համար տրամադրվող աջակցության տեսակը, չափը եւ ձեւը, ինչպես նաեւ տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Արդյունաբերական գոտում աջակցությունը կարող է տրվել միայն շահագործողին:

Հոդված 18.Ազատ տնտեսական գոտու կարգավիճակ չունեցող արդյունաբերական գոտիներին ներկայացվող պահանջները

1. Արդյունաբերական գոտիներին ներկայացվող պահանջներն են.

1) ապահովված լինի արտադրական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ տարածքներով եւ շինություններով,

2) ապահովված լինի դեպի արդյունաբերական գոտիներ տանող բարեկարգ ճանապարհով, ինչպես նաեւ բեռնափոխադրումների համար նախատեսված տրանսպորտային միջոցների ներսբերման հնարավորությամբ,

3) սահմանազատված լինի տարածքային կառավարման մարմնի կողմից ընտրված սահմանագծով.

4) ապահովված լինի մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից մաքսային հսկողություն եւ մաքսային ձեւակերպումներ իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններով.

5) ունենա արդյունաբերական գոտու ներսում ապրանքների ազատ տեղաշարժման հնարավորություն.

6) ապահովված լինի անվտանգության, առաջնային բուժօգնության եւ հակահրդեհային համակարգերով.

7) ունենա անխափան ջրամատակարարում եւ ջրահեռացում, էներգամատակարարում, գազամատակարարում, աղբահանություն եւ կապի միջոցներից՝ առնվազն հեռախոս եւ ինտերնետ.

8) ապահովված լինի սանիտարահիգիենիկ եւ բնապահպանական նորմերի պահանջների պահպանման համապատասխան միջոցներով.

9) ունենա կարանտինային սպասարկման տարածք.

10) ապահովված լինի ապրանքների պահպանության համար նյութատեխնիկական սարքավորումներով, ինչպես նաեւ բեռնման, բեռնաթափման եւ տրանսպորտային միջոցների, պահեստային տնտեսության համար անհրաժեշտ սարքավորումներով, կապի եւ այլ միջոցներով:

2. Յուրաքանչյուր արդյունաբերական գոտու համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է ներկայացվող պահանջները, հիմք ընդունելով սույն հոդվածով սահմանված պահանջները, ելնելով արդյունաբերական գոտու առանձնահատկություններից:

Հոդված 19. Ազատ տնտեսական գոտու կարգավիճակ չունեցող արդյունաբերական գոտու կառավարումն ու կազմակերպումը

1. Արդյունաբերական գոտու կառավարումն իրականացվում է կազմակերպչի կողմից:

2.Արդյունաբերական գոտու կազմակերպման կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը:

Հոդված 19.1. Կազմակերպչի պարտավորությունները եւ լիազորությունները

1. Կազմակերպչի պարտավորությունները եւ լիազորություններն են.

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կառուցապատել, օգտագործել արդյունաբերական գոտու ինժեներական կառույցները եւ ենթակառուցվածքները,

2) ընտրել եւ պայմանագիր կնքել շահագործողների հետ.

3) ապահովել արդյունաբերական գոտու ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարումը.

4) իրականացնել միջոցառումներ` արդյունաբերական գոտու միջազգային ճանաչման եւ նրանում շահագործողների ներգրավման ուղղությամբ.

5)    ապահովել հիմնադրի կողմից վերապահված ՀՀ օրենսդրությանը չհակասող այլ լիազորությունների իրականացումը:

Հոդված 19.2. Արդյունաբերական գոտու շահագործումը

1.Արդյունաբերական գոտու շահագործումն իրականացվում է շահագործողի ու կազմակերպչի միջեւ կնքված պայմանագրի հիման վրա` կազմակերպչի սահմանած շահագործման կարգին համապատասխան:

2.Արդյունաբերական գոտու շահագործման ամբողջ ժամանակահատվածի ընթացքում շահագործողը իր գործունեությունը իրականացնում է շահագործման մուտքի պահին գործող օրենսդրությանը համապատասխան: Նշված ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության օրենսդրության փոփոխության մեղմացնող դրույթները կարող են շահագործողի վրա կիրառվել իր ցանկությամբ:

ԳԼՈՒԽ 3. ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 20. Արդյունաբերական քաղաքականության օբյեկտների աջակցության ձեւերը, պայմաններն ու կարգը

1. Արդյունաբերական քաղաքականության օբյեկտների պետական օժանդակությունը ներառում է այդպիսի կազմակերպությունների ֆինանսական, գույքային, տեղեկատվական, խորհրդատվական աջակցությունը, դրանց աշխատողների պատրաստման, վերապատրաստման ու որակավորման բարելավմանն ուղղված միջոցառումները, նորարարության ու արդյունաբերական արտադրության, արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող արդյունաբերական քաղաքականության օբյեկտների աջակցությունը:

2. Արդյունաբերական քաղաքականության օբյեկտների աջակցության տրամադրման կարգն ու պայմանները սահմանվում են արդյունաբերության զարգացման պետական, տարածքային ծրագրերով:

Հոդված 21. Արդյունաբերական քաղաքականության օբյեկտների ֆինանսական օժանդակությունը

1.Արդյունաբերական քաղաքականության օբյեկտներին ֆինանսական օժանդակությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան կարող է իրականացվել պետական բյուջեի միջոցների հաշվին վարկավորման սուբսիդիաների, բյուջետային ներդրումների, ինչպես նաեւ արդյունաբերական քաղաքականության օբյեկտների պարտավորությունների համար պետական ու տարածքային երաշխիքների տրամադրման, շնորհանդեսների կազմակերպման եւ/կամ մասնակցության, միջազգային ցուցահանդեսներին մասնակցության, հետազոտությունների իրականացման, վերապատրաստման դասընթացների կազմակերպման, անհրաժեշտության դեպքում  միջազգային սերտիֆիկացման եւ այլ միջոցառումների համաֆինանսավորման ճանապարհով:

Հոդված 22. Արդյունաբերական քաղաքականության օբյեկտների տեղեկատվական աջակցությունը

1.Արդյունաբերական քաղաքականության օբյեկտներին տեղեկատվական աջակցությունը իրականացվում է պետական կառավարման մարմինների կողմից պետական, տարածքային տեղեկատվական համակարգերի եւ տեղեկատվական-հեռահաղորդակցության ցանցերի ստեղծման ու դրանց գործունեության ապահովման միջոցով:

Հոդված 23. Արդյունաբերական քաղաքականության օբյեկտների խորհրդատվական աջակցությունը

1. Պետական կառավարման մարմինների կողմից արդյունաբերական քաղաքականության օբյեկտների խորհրդատվական աջակցությունը կարող է իրականացվել հետեւյալ ձեւերով.

1) արդյունաբերական քաղաքականության օբյեկտներին խորհրդատվական ծառայություններ մատուցող կազմակերպությունների ստեղծում եւ վերջիններիս գործունեության ապահովում.

2) արդյունաբերական քաղաքականության օբյեկտների կողմից կատարված ու փաստաթղթավորված` հիմնավորված խորհրդատվական ծախսերի մասնակի կամ լրիվ փոխհատուցում:

Հոդված 24. Կադրերի պատրաստման եւ վերապատրաստման որակավորման բարձրացման ոլորտում արդյունաբերական քաղաքականության օբյեկտների աջակցությունը

1.Պետական կառավարման   մարմինների կողմից արդյունաբերական քաղաքականության օբյեկտների կադրերի պատրաստման, վերապատրաստման ու որակավորման բարձրացման ոլորտում աջակցությունը կարող է իրականացվել հետեւյալ ձեւերով.

1) պետական կրթական չափորոշիչների հիման վրա  արդյունաբերական քաղաքականության օբյեկտների կադրերի պատրաստմանն ու վերապատրաստմանն ուղղված կրթական ծրագրերի մշակմամբ.

2) արդյունաբերական քաղաքականության օբյեկտների կադրերի որակավորման բարձրացմանն ուղղված կրթական ծրագրերի մշակմամբ.

3) հասարակության սոցիալապես անապահով խմբերին դասվող մասնագետների մասնագիտական գիտելիքների բարձրացման համար համապատասխան պայմանների ստեղծմամբ, նրանց մասնագիտական որակավորումների կատարելագործմամբ՝ արդյունաբերության ոլորտում նոր աշխատանքային գործառույթների իրականացմանը նախապատրաստելով:

Հոդված 25. Արդյունաբերական արտադրության ու նորարարության ոլորտում արդյունաբերական քաղաքականության օբյեկտների աջակցությունը

1.Պետական կառավարման մարմինների կողմից արդյունաբերական քաղաքականության օբյեկտների արդյունաբերական արտադրության ու նորարարության ոլորտում աջակցությունը իրականացվում է հետեւյալ ձեւերով.

1) արդյունաբերական քաղաքականության օբյեկտների գործունեությանը նպաստող կազմակերպությունների (ներառյալ` տեխնոպարկեր, տեխնոլոգիաների առեւտրայնացման կենտրոններ, գիտաարտադրական տարածքներ) ստեղծում ու վերջիններիս գործունեության ապահովում.

2) հայտնագործությունների, գիտական նվաճումների պատենտավորման աջակցություն, ինչպես նաեւ արդյունաբերական քաղաքականության օբյեկտների կողմից ստեղծված այլ մտավոր արդյունքների պետական գրանցում եւ հեղինակային իրավունքի պաշտպանություն.

3) արդյունաբերական քաղաքականության օբյեկտների համար արդյունաբերական արտադրության ու նորարարության ոլորտում  ենթակապալի պայմանագրեր կնքելու համար նպաստավոր պայմանների ստեղծում:

Հոդված 26. Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող արդյունաբերական քաղաքականության օբյեկտների աջակցությունը

1.Պետական կառավարման մարմինների կողմից արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող արդյունաբերական քաղաքականության օբյեկտների  աջակցությունը  իրականացվում է հետեւյալ ձեւերով.

1) արտաքին տնտեական   գործունեություն  իրականացնող   արդյունաբերական քաղաքականության օբյեկտներին աջակցություն ցուցաբերող կազմակերպությունների ստեղծում եւ վերջիններիս գործունեության ապահովում.

2) արդյունաբերության զարգացման ոլորտում օտարերկրյա  միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության խթանում.

3) Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ապրանքների (աշխատանքներ, ծառայություններ), մտավոր գործունեության արդյունքների օտարերկրյա պետությունների շուկաներ արտահանելու համագործակցություն, ինչպես նաեւ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների համար բարենպաստ պայմանների ստեղծում:

ԳԼՈՒԽ 4. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 27. Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից հետո՝ եռամսյա ժամկետում, ապահովում է սույն օրենքով նախատեսված նորմատիվ իրավական ակտերի ընդունումը: