Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-055-25.07.2003-ԳԿ-010
Պ-150-03.11.2003-ԳԿ-010 /1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորում է բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության համակարգում Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության սկզբունքները, կազմակերպական-իրավական եւ ֆինանսատնտեսական հիմունքները, իրավաբանական եւ ֆիզիկական անձանց իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը եւ փոխհարաբերությունները:

Հոդված 2. Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության օրենսդրության խնդիրները

Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության համակարգում Հայաստանի Հանրապետության օրենսդրության խնդիրներն են`

1) քաղաքացիների` Սահմանադրությամբ ամրագրված բարձրագույն կրթության իրավունքի ապահովումը եւ պաշտպանությունը.

2) բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության համակարգի գործառության եւ զարգացման համար իրավական հիմքերի ստեղծումը.

3) բարձրագույն եւ հետբուհական կրթության որակի ապահովումը.

4) բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության համակարգի կողմից ուսանողների, հասարակության եւ Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացմանն ուղղված գիտակրթական գործառության աջակցության ապահովումը.

5) բարձրագույն ուսումնական հաստատություններում ակադեմիական ազատությունների եւ ինքնավարության խթանումը եւ զարգացումը.

6) բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների եւ աշխատողների համար հավասար հնարավորությունների ապահովումը.

7) միջազգային գիտակրթական համագործակցության ամրապնդումը եւ զարգացումը եւ գիտակրթական համակարգերի հետ ինտեգրումը:

Հոդված 3. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.

1) ուսանող՝ սահմանված կարգով բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունված եւ բարձրագույն մասնագիտական կրթական որեւէ ծրագրով ուսուցում անցնող անձը.,

2) ասպիրանտ՝ բարձրագույն մասնագիտական (մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի ) կրթություն ունեցող, ասպիրանտուրայում սովորող եւ գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսություն պատրաստող կամ հետազոտողի հետբուհական ծրագրով հետազոտողի որակավորման աստիճան ստացող անձը.

3) դոկտորանտ՝ գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունեցող եւ գիտությունների դոկտորի գիտական աստիճանի հայցման ատենախոսության պատրաստման համար դոկտորանտուրա ընդունված անձը.

4) հայցորդ՝ բարձրագույն մասնագիտական (մագիստրոսի կամդիպլոմավորված մասնագետի) կրթություն ունեցող, ասպիրանտուրա եւ (կամ) դոկտորանտուրա ունեցող բարձրագույն ուսումնական հաստատությանը, գիտահետազոտական կազմակերպությանը կցված եւ առանց ասպիրանտուրայում սովորելու՝ գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսություն պատրաստող անձը, կամ գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունեցող եւ գիտությունների դոկտորի գիտական աստիճանի հայցման ատենախոսություն պատրաստող անձը.

5) հավատարմագրում՝ գործընթաց, որn իրականացվում է բարձրագույն ուսումնական հաստատությունների, ծրագրերի եւ շրջանավարտների որակի` պետական կրթական չափորոշիչներին համապատասխանության հավաստման նպատակով.

6) ինքնավերլուծություն՝ բարձրագույն ուսումնական հաստատության մասնագիտությունների, կրթական ծրագրերի, ուսումնական պլանների, անձնակազմի եւ կառուցվածքի արդյունավետության եւ որակի ուսումնասիրություն, որը հիմնված է սահմանված չափորոշիչների վրա եւ իրականացվում է բարձրագույն ուսումնական հաստատության կողմից.

7) որակի գնահատում (ատեստավորում)՝ բարձրագույն ուսումնական հաստատության մասնագիտությունների, կրթական ծրագրերի, ուսումնական պլանների, անձնակազմի եւ կառուցվածքի արդյունավետության գնահատում.

8) որակի ապահովում` պետական կրթական չափորոշիչներին կրթության որակի համապատասխանեցման եւ բարելավման պարբերական գործընթաց.

9) կրեդիտային համակարգ՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից ուսանողների ուսուցման հաշվարկման եւ համեմատության միասնական կրթական համակարգ.

10) ուսանողական նպաստներ` ուսումնառության ծախսերի փոխհատուցում, ուսման առաջադիմության արդյունքների հիման վրա, սոցիալական վիճակի հաշվառմամբ:

Հոդված 4. Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականությունը եւ քաղաքացիների իրավունքների պետական երաշխիքները բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության բնագավառում

1. Պետական քաղաքականությունը բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության բնագավառում հիմնվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության «Կրթության մասին» օրենքով եւ միջազգային իրավական նորմերով սահմանած սկզբունքների վրա՝

1) բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մատչելիություն՝ ըստ յուրաքանչյուրի ընդունակությունների.

2) կրթական գործընթացի անընդհատություն, հաջորդականություն եւ շարունակականություն.

3) մրցութայնություն, թափանցիկություն եւ հրապարակայնություն.

4) պետական աջակցություն մասնագետների պատրաստմանը՝ երկրի կենսագործունեության առաջնային կարեւորության ուղղություններում.

5) բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության համակարգի զարգացում եւ մրցունակության ու գրավչության բարձրացում միջազգային ասպարեզում.

6) Սփյուռքի համար մասնագետների պատրաստում եւ որակավորման բարձրացում.

7) արտերկրում, այդ թվում Եվրոպական բարձրագույն կրթական տարածքում, Հայաստանի բարձրագույն եւ հետբուհական կրթության որակավորման աստիճանների եւ դիպլոմների համեմատելիության եւ ճանաչելիության ապահովում.

8) բարձրագույն կրթության որակավորումների երկաստիճան կառուցվածքին անցման իրականացում,

9) ուսանողների միջազգային տեղափոխումների եւ շարժունությանը նպաստում.

10) Հայաստանի Հանրապետության բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության համակարգում ուսուցման որակի ներքին (ներբուհական) եւ արտաքին գնահատման եւ հավատարմագրման միջազգային (Եվրոպական) չափանիշների ներդրում:

2. Պետությունն ապահովում է բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության զարգացման առաջնայնությունը հետեւյալ միջոցներով՝

1) կրթության զարգացման ծրագրերի իրականացում.

2) պետական բյուջեի միջոցների հաշվին բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության որակը, կայուն զարգացումը եւ հասարակության կրթական պահանջմունքները ապահովող ֆինանսավորում.

3) բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության համակարգի ուսանողներին եւ ասպիրանտներին պետական օժանդակության, այդ թվում` կրթաթոշակների (նպաստների եւ վարկերի), հանրակացարաններում տեղերի եւ այլնի տրամադրում.

4) բարձրագույն ուսումնական հաստատություններում գիտահետազոտական ստորաբաժանումների կազմակերում եւ զարգացում, գիտության եւ կրթության ինտեգրման ապահովում,

5) Եվրոպական բարձրագույն կրթական տարածքում ընդգրկում եւ ԱՊՀ միասնական (ընդհանուր) կրթական տարածքի զարգացման մասնակցություն.

6) բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության համակարգում գիտելիքների ստուգման եւ գնահատման միջազգային չափանիշների եւ Եվրոպական Կրեդիտային Փոխանցման Համակարգի վրա հիմնաված `կրեդիտային համակարգի ներդրում:

3. Պետությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին երաշխավորում է բարձրագույն ուսումնական հաստատություններում մրցութային հիմունքներով անվճար բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու հնարավորություն։

4. Պետությունը քաղաքացիներին երաշխավորում է բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության ուսուցման ձեւի, ուսումնական հաստատության եւ մասնագիտության ընտրության ազատություն: Մասնագիտական կրթության իրավունքի սահմանափակումները նախատեսվում են օրենքով:

Հոդված 5. Բարձրագույն ուսումնական հաստատությունում ակադեմիական ազատությունները

Բարձրագույն ուսումնական հաստատությունը օժտված է ակադեմիական ազատություններով, ինչը ներառում է.

1. Բարձրագույն ուսումնական հաստատությունն ինքնուրույն է ուսումնական գործընթացի կազմակերպման, կրթական տեխնոլոգիաների եւ սովորողների ատեստավորման ձեւերի, կարգի եւ պարբերականության ընտրության մեջ:

2. Բարձրագույն ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական եւ գիտական աշխատողներն իրավունք ունեն իրենց հայեցողությամբ ծրագրի շրջանակներում ուսումնական առարկան շարադրելու, գիտական հետազոտությունների համար թեմաներ ընտրելու եւ դրանք իրենց կողմից ընտրված մեթոդներով կատարելու:

3. Ուսանողները կարող են իրենց հայեցողությամբ, ըստ հակումների եւ պահանջմունքների՝ ընտրել մասնագիտություն, բարձրագույն ուսումնական հաստատության տեսակը եւ ուսուցման ձեւը, սահմանված կարգով տեղափոխվել այլ բարձրագույն ուսումնական հաստատություն (այդ թվում նաեւ՝ օտարերկրյա պետությունների), զբաղվել հետազոտություններով, ցանկացած կրթական աստիճանում ընդհատել կամ շարունակել բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթությունը, բուհի կանոնադրությանը համապատասխան` լիիրավ մասնակցել բուհի կոլեգիալ կառավարման մարմինների աշխատանքներին:

4. Բարձրագույն ուսումնական հաստատությունն իր գործունեության համար պատասխանատու է անհատի, հասարակության եւ պետության առջեւ: Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ եւ իր կանոնադրությամբ նախատեսված նպատակներին բարձրագույն ուսումնական հաստատության գործունեության համապատասխանության վերահսկողությունը իրականացնում են բարձրագույն ուսումնական հաստատության հիմնադիրը (հիմնադիրները) եւ կրթության կառավարման պետական լիազորված մարմինը:

ԳԼՈՒԽ II

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Հոդված 6. Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության համակարգը

Հայաստանի Հանրապետության բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության համակարգը ներառում է՝

1) բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչները, բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության հիմնական եւ լրացուցիչ կրթական ծրագրերը,

2) բարձրագույն ուսումնական հաստատությունները եւ համապատասխան հետբուհական ու լրացուցիչ մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունները՝ անկախ դրանց կազմակերպական-իրավական ձեւերից,

3) գիտական, նախագծային, ուսումնափորձնական, արտադրական, կլինիկական, բժշկապրոֆիլակտիկ, դեղագործական եւ այլ կազմակերպությունները, որոնք ապահովում են են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով բարձրագույն եւ հետբուհական ու համապատասխան լրացուցիչ մասնագիտական կրթական համակարգի գործառնությունը,

4) բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության կառավարման մարմինները, ինչպես նաեւ դրանց ենթակայության տակ գտնվող կազմակերպությունները:

Հոդված 7. Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչները եւ կրթական ծրագրերը

1. Հայաստանի Հանրապետությունում սահմանվում են բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչներ, որոնք ապահովում են՝

1) բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության որակը,

2) Եվրոպական եւ ԱՊՀ ընդհանուր կրթական տարածքում ներգրավման հնարավորությունները ,

3) բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների գործունեության գնահատման հիմքը,

4) օտարերկրյա պետությունների բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության որակավորումների եւ փաստաթղթերի համարժեքության ճանաչումն ու հաստատումը:

2. Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչները ներառում են՝

1) ընդհանուր պահանջներ բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրերի վերաբերյալ,

2) պահանջներ բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնի, դրանց իրականացման պայմանների, այդ թվում՝ ուսումնական, արտադրական եւ նախաավարտական պրակտիկաների եւ շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման ձեւերի, յուրաքանչյուր մասնագիտությամբ շրջանավարտների պատրաստման մակարդակի վերաբերյալ,

3) բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրերով ուսուցման կազմակերպման ժամկետները(անհրաժեշտ կրեդիտային միավորների քանակը),

4) սովորողների ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը:

3. Պետական կրթական չափորոշիչների ձեւավորման կարգը մշակում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը եւ հաստատում` Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթությունն իրականացվում է հետեւյալ հիմնական կրթական ծրագրերով`

1) բարձրագույն մասնագիտական

ա) բակալավրի,

բ) մագիստրոսի,

գ) դիպլոմավորված մասնագետի,

2) հետբուհական մասնագիտական

ա) ասպիրանտի(հետազոտողի, կլինիկական օրդինատորի),

բ) կլինիկական օրդինատորի:

5. Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության կրթական ծրագրերը մշակվում են բարձրագույն ուսումնական հաստատության եւ հետբուհական մասնագիտական կրթության իրականացնող կազմակերպության կողմից:

6. Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասնագիտությունների, մասնագիտացումների, դրանց իրականացման ձեւերի եւ դրանց համապատասխան տրվող որակավորումների ցանկը, ըստ հիմնական կրթական ծրագրերի, հաստատում է ՀՀ կառավարությունը կրթության կառավարման պետական լիազորված մարմնի ներկայացմամբ,

7. Բարձրագույն ուսումնական հաստատության եւ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության ըստ մասնագիտությունների, մասնագիտացումների ուսումնական պլանները եւ առարկայական դասընթացները համապատասխան կրթական աստիճաններում երաշխավորում են սովորողների մուտքը կրթական ծրագիր եւ ծրագրից նրանց ելքը, ապահովելով կրթական կրեդիտների փոխանցումը եւ որակավորման աստիճանների շնորհումը:

Հոդված 8. Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության որակավորման աստիճանները, ուսուցման ժամկետները եւ ձեւերը

1. Բարձրագույն մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրերը կարող են իրականացվել անընդհատ եւ /կամ/ ընդհատումներով՝ ըստ աստիճանների:

2. Հայաստանի Հանրապետությունում սահմանվում է բարձրագույն մասնագիտական կրթության երկաստիճան որակավորման համակարգ(երկաստիճան համակարգ), ամփոփիչ ատեստավորումն անցած անձին`

ա) «բակալավրի» որակավորման աստիճանի շնորհմամբ,

բ) «մագիստրոսի» որակավորման աստիճանի շնորհմամբ:

3. Հայաստանի Հանրապետությունում սահմանվում են հետբուհական մասնագիտական կրթության հետեւյալ որակավորման աստիճանները՝
ա) «հետազոտողի» որակավորման աստիճան,

բ) «կլինիկական օրդինատորի» որակավորման աստիճան:

4. Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրերի ուսուցման ժամկետներն են՝

«բակալավրի» որակավորման աստիճան ստանալու համար` առնվազն 4 տարի,

«մագիստրոսի» որակավորման աստիճան ստանալու համար` առնվազն 1 տարի,

«դիպլոմավորված մասնագետի» որակավորման աստիճան ստանալու համար` առնվազն 5 տարի, իսկ արվեստի եւ ֆիզիկական կուլտուրայի բուհերի համար`առնվազն 4 տարի,

«ինտերնի » որակավորման աստիճան ստանալու համար` առնվազն 1 տարի,

«հետազոտողի » որակավորման աստիճան ստանալու համար` առնվազն 2 տարի,

«կլինիկական օրդինատորի» որակավորման աստիճան ստանալու համար` առնվազն 2 տարի:

5. Այն անձինք, ովքեր ստացել են բարձրագույն մասնագիտական կրթության համապատասխան աստիճանի ավարտական փաստաթուղթ, իրավունք ունեն շարունակել ուսումնառությունը ստացած եւ հարակից բարձրագույն մասնագիտական կրթության հաջորդ աստիճանի կրթական ծրագրով: Երկրորդ մասնագիտություն ստանալու կարգը հաստատում է կրթության կառավարման պետական լիազորված մարմինը:

6. Կախված բարձրագույն ուսումնական հաստատության գիտամանկավարժական կազմի ուսանողների հետ անցկացվող պարտադիր պարապմունքների ծավալից` բարձրագույն մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրերը կարող են իրականացվել ուսուցման տարբեր ձեւերով՝ առկա (ստացիոնար), հեռակա եւ էքստեռնատի (դրսեկության): Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու տարբեր ձեւերի զուգակցումը թույլատրելի է: Մասնագիտությունների ցանկը, որոնցով բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալը չի թույլատրվում հեռակա կամ էքստեռնատի (դրսեկության) ձեւով, սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից: Դրսեկության /էքստեռնատի/ ձեւով ուսուցման կարգը հաստատում է կրթության կառավարման պետական լիազորված մարմինը:

Հոդված 9. Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության ավարտական փաստաթուղթը

1. Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության կրթական ծրագրերով ուսումնառությունն ավարտած եւ ամփոփիչ ատեստավորումն անցած անձանց տրվում են համապատասխան կրթության ավարտական փաստաթուղթ՝

2. Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրի յուրացումը չավարտած անձանց տրվում են բարձրագույն ուսումնական հաստատության կամ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության կողմից սահմանված նմուշի տեղեկանք:

3. Լրացուցիչ մասնագիտական կրթության կրթական ծրագիրն ավարտած եւ ամփոփիչ ատեստավորումն անցած անձանց տրվում է բարձրագույն ուսումնական հաստատության կամ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության կողմից սահմանված նմուշի ավարտական փաստաթուղթ (հավաստագիր, վկայական):

Հոդված 10. Բարձրագույն ուսումնական հաստատությունը, նրա խնդիրները, իրավասությունը եւ կառուցվածքը

1. Բարձրագույն ուսումնական հաստատությունները կարող են ունենալ օրենքով նախատեսված շահույթի նպատակ չհետապնդող ցանկացած կազմակերպական-իրավական ձեւ:

2. Բարձրագույն ուսումնական հաստատության հիմնական խնդիրներն են՝

1) անձի մտավոր, հոգեւոր եւ բարոյական զարգացման պահանջմունքների բավարարումը բարձրագույն եւ (կամ) հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու միջոցով,

2) գիտությունների եւ արվեստների զարգացումը գիտամանկավարժական աշխատողների եւ ուսանողների գիտական հետազոտությունների ու ստեղծագործական գործունեության միջոցով, ստացված արդյունքների օգտագործումը հետազոտական եւ կրթական գործընթացում,

3) բարձրագույն կրթությամբ գիտամանկավարժական աշխատողների պատրաստումը եւ վերապատրաստումը,

4) կրթության որակի ապահովումը եւ այդ ուղղությամբ գործունեության անընդհատությունը, թափանցիկությունը եւ հրապարակայնությունը,

5) ուսանողների քաղաքացիական դիրքորոշման, կյանքի եւ աշխատանքի ունակությունների ձեւավորումը ժամանակակից քաղաքակրթության եւ ժողովրդավարության պայմաններում,

6) հասարակության ազգային եւ համամարդկային, բարոյական, մշակութային եւ գիտական արժեքների պահպանումը եւ զարգացումը,

7) գիտելիքների տարածումը բնակչության շրջանում, նրա կրթական եւ մշակութային մակարդակի բարձրացումը:

3. Բարձրագույն ուսումնական հաստատության իրավասությունն է՝

1) ըստ կրթական ծրագրերի դիմորդների, այդ թվում օտարերկրյա քաղաքացիների ընդունելության, ուսումնական գործընթացի կազմակերպումը, կրթության որակի ապահովման եւ բարելավման համապատասխան համակարգի ներդրումը,

2) բարձրագույն ուսումնական հաստատության ղեկավար անձնակազմի եւ պրոֆեսորադասախոսական կազմի ընտրության ընթացակարգերի կազմակերպումը,

3) բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասնագիտությունների, ուսումնական պլանների, մասնագիտացումների ցանկի եւ առարկայական ծրագրերի մշակումն ու հաստատումը, ուսումնական գրականության հրատարակման եւ ուսումնացուցադրական ձեռնարկների արտադրության կազմակերպումը,

4) իր աշխատողների ընտրությունը եւ տեղաբաշխումն ըստ ուսումնական հաստատության կառուցվածքային ստորաբաժանումների, մասնագետների որակավորման բարձրացման միջոցառումների եւ գործընթացների կազմակերպումը,

5) Տեղական եւ միջազգային գիտակրթական եւ հետազոտական ծրագրերին մասնակցությունը եւ իրականացումը, գիտական հետազոտությունների կատարումը,

6) հետազոտական աշխատանքներում ուսանողների մասնակցության ապահովումը,

7) վճարովի կրթական ծառայությունների (վճարովի ուսուցման եւ այլնի) իրականացումը,

8) ֆինանսական կառավարումը,

4. Բարձրագույն ուսումնական հաստատություններն ինքնուրույն են իրենց կառուցվածքի ձեւավորման հարցում:

Բարձրագույն ուսումնական հաստատության կառուցվածքային ստորաբաժանման կարգավիճակը եւ գործառույթները սահմանվում են ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված կարգով:

Բարձրագույն ուսումնական հաստատության կառուցվածքային ստորաբաժանումները կարող են ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել հանրակրթական, միջին մասնագիտական, լրացուցիչ եւ շարունակական կրթության ծրագրեր:

5. Բարձրագույն ուսումնական հաստատության որակի հերթական գնահատման ընթացքում հաշվի է առնվում նրա մասնաճյուղերում ուսուցման որակի համապատասխանությունը պետական (հավատարմագրման) կրթական չափորոշիչների պահանջներին: Հեռաուսուցման կրթական տեխնոլոգիաների կիրառմամբ լրիվ ծավալով կրթական ծրագրեր իրականացնող բարձրագույն ուսումնական հաստատության որակի գնահատումը (ատեստավորումը) եւ պետական հավատարմագրումը մասնաճյուղերի վրա տարածվում են այն դեպքում, եթե բուհում եւ նրա մասնաճյուղերում ուսումնական գործընթացը կազմակերպվում է նույն տեխնոլոգիաներով, եւ իրականացվում են ուսանողների ատեստավորման բոլոր տեսակները:

Հոդված 11. Բարձրագույն ուսումնական հաստատությունների տեսակները եւ անվանումները

1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության համակարգում սահմանվում են բարձրագույն ուսումնական հաստատությունների հետեւյալ տեսակները՝

ա) համալսարան,

բ) ինստիտուտ,

գ) ակադեմիա,

դ) կոնսերվատորիա։

2. Բարձրագույն ուսումնական հաստատության տեսակը, կազմակերպական-իրավական ձեւը պետք է արտացոլվի նրա անվանման մեջ:

Բարձրագույն ուսումնական հաստատության անվանումը սահմանվում է նրա ստեղծման եւ պարտադիր կերպով փոխվում է նրա կազմակերպական-իրավական ձեւի փոփոխման ժամանակ:

Հոդված 12. Բարձրագույն ուսումնական հաստատության ստեղծումը եւ վերակազմակերպումը, լուծարումը, դրանց լիցենզավորումը եւ հավատարմագրումը

1. Բարձրագույն ուսումնական հաստատությունը ստեղծվում, վերակազմակերպվում եւ լուծարվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Կրթական գործունեության լիցենզավորումը

1) Կրթական ծրագրերը կարող են իրականացվել միայն լիցենզիայի առկայության դեպքում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։

2) Կրթական գործունեության լիցենզիան տրվում է ուսումնական հաստատությանը կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից: Կրթական ծրագրերի լիցենզավորումն իրականացվում է օրենքով եւ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով։

3) Ուսումնական հաստատության լիցենզավորման առարկան եւ բովանդակությունը ներառում է հիմնական մանկավարժական եւ պրոֆեսորադասախոսական կազմի, լաբորատոր բազայի եւ ուսումնական տարածքի, ուսումնաարտադրական պրակտիկայի բազայի, գրադարանային-տեղեկատվական համակարգի առկայությունը եւ ուսումնամեթոդական ապահովումը:

3. Պետական հավատարմագրումը

1) Պետական հավատարմագրումն իրականացնում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը՝ անկախ ուսումնական հաստատության գերատեսչական ենթակայությունից եւ կազմակերպական-իրավական ձեւից, ուսումնական հաստատության եւ նրա սովորողների ատեստավորման վերաբերյալ եզրակացության հիման վրա:

2) Բարձրագույն մասնագիտական կրթության գծով պետական հավատարմագրումն իրականացվում է ըստ ուսումնական հաստատությունների եւ դրանց մասնագիտությունների։

3) Հավատարմագրման կարգը, չափանիշները եւ ժամկետները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ներկայացմամբ։

4) Պետական հավատարմագրման նպատակը եւ բովանդակությունն է ուսուցման եւ առանձին մասնագիտությունների գծով շրջանավարտների պատրաստման կրթական աստիճանների, բովանդակության եւ որակի համապատասխանությունը պետական կրթական չափորոշիչներին:

5) Պետական հավատարմագրման վկայականը հաստատում է ուսումնական հաստատության կողմից իրականացվող կրթական ծրագրերի մակարդակը, դրանց բովանդակության եւ շրջանավարտների որակի համապատասխանությունը պետական կրթական չափորոշիչների պահանջներին:

6) Բարձրագույն ուսումնական հաստատությունների, դրանց մասնագիտությունների հետբուհական կրթական ծրագրերի պետական հավատարմագրումը իրականացվում է լիցենզիայի առկայության դեպքում:

7) Ուսումնական հաստատությունների, դրանց մասնագիտությունների հավատարմագրումն իրականացվում է առանձին փուլերով, ըստ կրթական ծրագրերի:

8) Հայաստանի Հանրապետությունում պետական հավատարմագրման ենթակա են.

- բակալավրի,

- մագիստրոսի,

- եւ հետբուհական մասնագիտական ծրագրերը:

9) Պետական հավատարմագիրը տրվում է բարձրագույն ուսումնական հաստատությանը ուսանողների եւ երկու տարվա շրջանավարտների առնվազն 60 տոկոսի ատեստավորման դրական արդյունքների, ինչպես նաեւ այդ հաստատության մասնագիտությունների առնվազն տոկոսի պետական հավատարմագրման առկայության դեպքում:

10) Ուսումնական հաստատության մասնաճյուղերը հավատարմագրվում են ընդհանուր հիմունքներով, մասնաճյուղ ունեցող ուսումնական հաստատության հայտի հիման վրա: Մասնաճյուղի համար պետական հավատարմագիրը տրվում է մասնաճյուղ ունեցող ուսումնական հաստատությանը:

11) ՀՀ եւ այլ երկրների մասնակցությամբ ստեղծված ուսումնական հաստատությունները եւ մասնաճյուղերը հավատարմագրվում են ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով:

12) Բարձրագույն ուսումնական հաստատության կողմից տրվող ավարտական փաստաթղթում (դիպլոմում) նշվում է ուսումնական հաստատության, դրա առանձին մասնագիտության եւ հետբուհական կրթական ծրագրերի հավատարմագրված լինելու փաստը:

13) Ուսումնական հաստատությունների, դրա առանձին մասնագիտությունների

Հոդված 13. Բարձրագույն ուսումնական հաստատության ընդունելությունը

Բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելությունն անցկացվում է միջնակարգ (լրիվ) ընդհանուր կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող անձանց դիմումներով, մրցութային հիմունքներով:

Բարձրագույն ուսումնական հաստատությունը իրավունք ունի ընդունելություն հայտարարել լիցենզիայի առկայության դեպքում, որը նշում է հաստատության հիմնական ծրագրերը եւ ուսումնական մասնագիտությունները: Բարձրագույն ուսումնական հաստատությունը պարտավոր է ծանոթացնել դիմորդին իր լիցենզիային, ինչպես նաեւ պետական հավաատարմագրման վկայականին յուրաքանչյուր մասնագիտության համար, ինչը գրանցվում է դիմորդի ընդունելության փաստաթղթերում:

Բարձրագույն կրթության երկաստիճան համակարգում երկրորդ աստիճանի(մագիստրատուրայի) մրցութային ընդունելությունը իրականացվում է առաջին աստիճանի գնահատականների հաշվառման եւ մասնագիտական գիտելիքների փորձարկման հիման վրա:

Ասպիրանտուրայի մրցութային ընդունելությունը իրականացվում է մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի ծրագրով ուսուցման գնահատականների միջինի հիման վրա : Բարձրագույն ուսումնական հաստատությունը կարող է իրականացնել դիմորդների գիտելիքների լրացուցիչ ստուգում, իր կողմից սահմանված կարգով:

Բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգը, ըստ կրթական ծրագրերի, սահմանում է ՀՀ կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

Հոդված 14. Բարձրագույն ուսումնական հաստատության կառավարումը

1. Բարձրագույն ուսումնական հաստատության կառավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը եւ բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրության համապատասխան՝ ինքնակառավարման հիման վրա միանձնյա ղեկավարման եւ կոլեգիալության սկզբունքների զուգակցմամբ:

2. Բարձրագույն ուսումնական հաստատության խորհուրդը ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմինն է, որը ստեղծվում է բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրության համապատասխան:

3. Բարձրագույն ուսումնական հաստատության գիտական խորհուրդը (այսուհետ՝ գիտական խորհուրդ) ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմին է, որը ձեւավորվում է բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրության համապատասխան եւ լուծում է բարձրագույն ուսումնական հաստատության ուսումնամեթոդական եւ գիտահետազոտական գործունեության կազմակերպման, պլանավորման եւ կառավարման հիմնահարցերը:

Գիտական խորհրդի կազմի մեջ մտնում են. ի պաշտոնե՝ ռեկտորը, որը գիտական խորհրդի նախագահն է, պրոռեկտորները եւ բարձրագույն ուսումնական հաստատության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաեւ ընտրովի անդամներ` բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրության համաձայն:

Գիտական խորհրդի լիազորությունները եւ գործունեության կարգը սահմանվում է բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ:

4. Բարձրագույն ուսումնական հաստատության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է ուսումնական հաստատության գործադիր մարմինը՝ ռեկտորը:

Բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորն ընտրվում է ՀՀ օրենսդրությամբ եւ բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված բաց մրցույթի կարգով՝ ուսումնական հաստատության խորհրդում, գաղտնի (փակ) քվեարկությամբ, 5 տարի ժամկետով:

Ռեկտորը իր պաշտոնը կարող է զբաղեցնել ոչ ավելի քան երկու ժամկետ անընդմեջ:

5. Բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորատը՝ ռեկտորին կից խորհրդակցական մարմին է, որի ձեւավորման կարգը եւ լիազորությունները սահմանվում են բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրության համապատասխան:

6. Պետական բարձրագույն ուսումնական հաստատության մասնաճյուղի տնօրենը ընտրվում է ուսումնական հաստատության գիտական խորհրդի նիստում գաղտնի (փակ) քվեարկությամբ` 5 տարի ժամկետով, մասնաճյուղի խորհրդի առաջարկությամբ:

Մասնաճյուղի տնօրենը իր պաշտոնը կարող է զբաղեցնել ոչ ավելի, քան երկու ժամկետ անընդմեջ:

7. Բարձրագույն ուսումնական հաստատության պրոռեկտորները (մասնաճյուղի տնօրենի տեղակալները) նշանակվում են ռեկտորի (մասնաճյուղի տնօրենի) հրամանով եւ նրանց հետ կնքվում է կոնտրակտ մինչեւ ռեկտորի (մասնաճյուղի տնօրենի) պաշտոնավարման ժամկետի ավարտը:

8. Ֆակուլտետի դեկանի (ուսումնական ստորաբաժանման ղեկավարի) պաշտոնը ընտրովի է՝ բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված բաց մրցույթի կարգով: Ֆակուլտետի դեկանը (ուսումնական ստորաբաժանման ղեկավարը) իր պաշտոնը կարող է զբաղեցնել ոչ ավելի, քան երկու 5-ամյա ժամկետ անընդմեջ:

9. Ռեկտորի, մասնաճյուղի տնօրենի, պրոռեկտորի եւ ֆակուլտետի դեկանի(ուսումնական ստորաբաժանման ղեկավարի) պաշտոնների թեկնածուներին ներկայացվող պահանջները եւ չափանիշները, թեկնածուների առաջադրման, ընտրությունների կազմակերպման եւ պաշտոններում նշանակման կարգը սահմանվում է ուսումնական հաստատության կանոնադրությամբ:

10. Նոր ստեղծվող կամ վերակազմակերպված բարձրագույն ուսումնական հաստատությունում մինչեւ խորհրդի ձեւավորումը բարձրագույն ուսումնական հաստատության հիմնադրի կողմից նշանակվում է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար ոչ ավելի քան մեկ տարի ժամկետով:

11. Բարձրագույն ուսումնական հաստատությունները մշակում եւ հաստատում են հնգամյակային ռազմավարական ծրագրեր: Ռազմավարական ծրագրով սահմանվում են բարձրագույն ուսումնական հաստատության հիմնական նպատակները, դրանց հասնելու միջոցառումների ցանկը, ժամանակացույցը, կատարողները եւ ռեսուրսները: Ռազմավարական ծրագիրը կրթության կառավարման լիազորված մարմնի կողմից պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարման մարմինների արդյունավետության գնահատման հիմնական ծրագրային փաստաթուղթն է: Բարձրագույն ուսումնական հաստատությունները կրթության կառավարման լիազորված մարմնին տրամադրում են տարեկան հաշվետվություններ:

Հոդված 15. Հասարակական կազմակերպությունները եւ միավորումները բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության համակարգում

1. Հասարակական-քաղաքական, հասարակական կազմակերպությունները եւ միավորումները՝ բացառությամբ արհեստակցական, մասնագիտական, մշակութային, սպորտային եւ շրջանավարտների կազմակերպությունների եւ միությունների, բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության համակարգում չեն գործում:

2. Բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսանողները կարող են միավորվել ուսանողական խորհուրդներում, ուսանողական գիտական ընկերություններում, որոնց գործունեության կարգը սահմանվում է ուսումնական հաստատության կանոնադրությամբ:
 
 

ԳԼՈՒԽ III

ՈԻՍՈԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

Հոդված16. Բարձրագույն ուսումնական հաստատության ուսանողները(ասպիրանտները)

1. Բարձրագույն ուսումնական հաստատության ուսանողին (ասպիրանտին) տրվում են ուսանողական (ասպիրանտական) տոմս եւ ստուգման գրքույկ:

2. Բարձրագույն ուսումնական հաստատության ուսանողը (ասպիրանտը) իրավունք ունի՝

1) ընտրել ֆակուլտատիվ (տվյալ մասնագիտության պատրաստման համար ոչ պարտադիր) եւ էլեկտիվ (տվյալ մասնագիտության պատրաստման համար պարտադիր) դասընթացներ, որոնք տրամադրվում են համապատասխան ֆակուլտետի(ուսումնական ստորաբաժանման) եւ ամբիոնի կողմից:

2) մասնակցել իր կրթության բովանդակության ձեւավորմանը (ուսումնական դասընթացների եւ մասնագիտացման ընտրությանը), պահպանելով բարձրագույն մասնագիտական կրթության պետական( հավատարմագրման) կրթական չափորոշիչների պահանջները,

3) բացի ընտրած մասնագիտության ուսումնական դասընթացներից, յուրացնել ցանկացած այլ ուսումնական դասընթաց, որը դասավանդվում է տվյալ եւ ցանկացած այլ բարձրագույն ուսումնական հաստատությունում,

4) վճարովի ուսուցումից փոխադրվել անվճար ուսուցման համակարգին, տարեկան ուսման առաջադիմության հիման վրա,

5) Մասնակցել բարձրագույն ուսումնական հաստատությունների համապատասխան կառավարման մարմինների աշխատանքներին,

6) օգտվել բարձրագույն ուսումնական հաստատությունների գրադարաններից, տեղեկատվական ֆոնդերից, ուսումնական, գիտական, բուժական եւ այլ ստորաբաժանումների ծառայություններից, մասնակցել գիտահետազոտական աշխատանքներին, գիտաժողովներին, սեմինարներին եւ սիմպոզիումներին,

7) ներկայացնել աշխատանքները հրատարակման, ներառյալ բարձրագույն ուսումնական հաստատության հրատարակություններում,

8) Բողոքարկել բարձրագույն ուսումնական հաստատության ղեկավարության հրամաններն ու կարգադրությունները,

9) օգտվել ուսման տարեկան վարձի՝ մասամբ կամ լրիվ փոխհատուցման իրավունքից՝ Հայաստանի Հանրապետության «Կրթության մասին» օրենքով եւ բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով

10) ՀՀ գործող օրենսդրությամբ եւ բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով ստանալ սահմանված չափի այդ թվում անվանական, ինչպես նաեւ իրենց ուսման ուղարկած իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից նշանակված կրթաթոշակ(նպաստներ եւ վարկեր),

11) ծանոթանալ բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությանը եւ այլ նորմատիվ փաստատթղթերին,

12) բարձրագույն ուսումնական հաստատության կողմից սահմանված կարգով բժշկական եզրակացության հիման վրա եւ այլ բացառիկ դեպքերում ստանալ ակադեմիական արձակուրդ ոչ ավել քան մեկ ուսումնական տարի ժամկետով,

13) ուսուցման առկա ձեւով սովորելու դեպքում տվյալ ուսումնական տարվա ընթացքում ոչ պակաս քան երկու անգամ գնալ արձակուրդ՝ ոչ պակաս քան յոթ շաբաթ ընդհանուր տեւողությամբ,

14) հանրակացարանի առկայության եւ բնակելի տարածքի կարիք ունենալու դեպքերում բարձրագույն ուսումնական հաստատության կողմից սահմանված կարգով ստանալ հանրակացարանում համապատասխան տեղ: Հանրակացարանում ապրելու, կոմունալ եւ կենցաղային վարձի չափը սահմանվում է բարձրագույն ուսումնական հաստատության կողմից;

15) փոխադրվել մեկ այլ բարձրագույն ուսումնական հաստատություն, այդ թվում օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններ,

16) ուսման բարձր առաջադիմության եւ գիտահետազոտական աշխատանքներին մասնակցության համար ստանալ բարոյական եւ (կամ) նյութական խրախուսանք՝ բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությանը համապատասխան:

3. Նախկին ուսանողը իրավունք ունի բարձրագույն ուսումնական հաստատությունում վերականգնվելու ՝ կրթության կառավարման լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով:

4. Բարձրագույն ուսումնական հաստատության ուսանողը պարտավոր է պահպանել բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ եւ ներքին կարգապահության կանոններով սահմանված պահանջները:

5. Ուսանողի կողմից բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ եւ ներքին կարգապահության կանոններով նախատեսված պարտականությունների խախտման համար նրա նկատմամբ կարող են կիրառվել կարգապահական տույժեր՝ ընդհուպ մինչեւ բարձրագույն ուսումնական հաստատությունից հեռացնելը:

Չի թույլատրվում ուսանողներին հեռացնել հիվանդության, արձակուրդների, ակադեմիական արձակուրդի կամ հղիության եւ ծննդաբերության արձակուրդի ժամանակ:

Հոդված 17. Դոկտորանտները, ասպիրանտները եւ հայցորդները

1. Ասպիրանտների, դոկտորանտների եւ հայցորդների ընդունելության եւ ուսուցման կարգը հաստատվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից։

2. Ընտրված գիտական թեմաների, գիտական հետազոտությունների հետ կապված աշխատանքների կատարման համար ասպիրանտները, դոկտորանտները եւ հայցորդները բարձրագույն ուսումնական հաստատությունների գիտամանկավարժական աշխատողների եւ գիտական կազմակերպությունների գիտաշխատողների հետ հավասար օգտվում են լաբորատորիաներից, սարքավորումներից, ուսումնամեթոդական կաբինետներից, գրադարաններից, ինչպես նաեւ գործուղումների (արշավների մասնակցելու) իրավունքից:

Հոդված 18. Բարձրագույն ուսումնական հաստատությունների աշխատողները

1. Բարձրագույն ուսումնական հաստատությունում սահմանվում են գիտամանկավարժական (պրոֆեսորադասախոսական կազմ, գիտական աշխատողներ), ինժեներատեխնիկական, վարչատնտեսական, արտադրական, ուսումնաօժանդակ եւ այլ կազմի աշխատողներ:

2. Բարձրագույն ուսումնական հաստատությունում պրոֆեսորադասախոսական կազմի բոլոր թափուր պաշտոնները զբաղեցվում են կրթության կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատված կարգով:

3. Բարձրագույն ուսումնական հաստատությունում գիտամանկավարժական կազմի բոլոր թափուր պաշտոնների տեղակալումը իրականացվում է ըստ աշխատանքային պայմանագրի(կոնտրակտի), որը կնքվում է մինչեւ 5 տարի ժամկետով: Աշխատանքային պայմանագրի կնքմանընախորդում է բաց մրցութային ընտրություն: Աշխատանքային պայմանագրի(կոնտրակտի) ժամկետը լրանալուց հետո գիտամանկավարժական աշխատողի հետ կարող է կնքվել նոր աշխատանքային պայմանագիր (կոնտրակտ) մինչեւ 5 տարի ժամկետով, առանց մրցութային ընտրության` պայմանագրային ժամկետում նրա գիտամանկավարժական գործունեության արդյունքների գնահատման հիման վրա: Նշված պաշտոնների տեղակալման կարգը հաստատում է կրթության կառավարման պետական լիազորված մարմինը:

4. Բարձրագույն ուսումնական հաստատության աշխատողը իրավունք ունի՝

1) բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով ընտրել եւ ընտրվել բարձրագույն ուսումնական հաստատության համապատասխան պաշտոններում եւ կառավարման համապատասխան մարմիններում,

2) մասնակցել բարձրագույն ուսումնական հաստատության գործունեությանը վերաբերող հարցերի քննարկմանը եւ լուծմանը,

3) օգտվել գրադարանների, տեղեկատվական ֆոնդերի, ուսումնական եւ գիտական ստորաբաժանումների, ինչպես նաեւ սոցիալ-կենցաղային, բուժական եւ բարձրագույն ուսումնական հաստատության այլ կառուցվածքային ստորաբաժանումների ծառայություններից՝ բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությանը եւ (կամ) կոլեկտիվ պայմանագրին համապատասխան,

4) ընտրել դասավանդման այնպիսի մեթոդներ եւ միջոցներ, որոնք ապահովում են ուսումնական գործընթացի բարձր որակը,

5) բողոքարկել բարձրագույն ուսումնական հաստատության, համապատասխան ստորաբաժանման ղեկավարի հրամանները եւ կարգադրությունները:

5. Բարձրագույն ուսումնական հաստատության աշխատողները պարտավոր են՝

1) ապահովել կրթական եւ գիտական գործընթացների արդյունավետությունը,

2) պահպանել բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ եւ ներքին կարգապահական կանոններով սահմանաված պահանջները,

3) ուսանողների մեջ ձեւավորել մասնագիտական որակներ, քաղաքացիական դիրքորոշում, կյանքի եւ աշխատանքի ունակություն՝ ժամանակակից քաղաքակրթության եւ ժողովրդավարության պայմաններում,

4) ուսանողների մեջ զարգացնել ինքնուրույնություն, նախաձեռնություն եւ ստեղծագործական ունակություններ,

5) ոչ պակաս, քան 5 տարին մեկ անցնել վերապատրաստում կամ որակավորման բարձրացում:

6. Բարձրագույն ուսումնական հաստատության վարչատնտեսական, ինժեներատեխնիկական, արտադրական, ուսումնաօժանդակ եւ այլ աշխատողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ, բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ եւ բարձրագույն ուսումնական հաստատության ներքին կարգապահական կանոններով:

Հոդված 19. Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության եւ գիտական կոչումների մասին օտարերկրյա պետությունների փաստաթղթերի ճանաչումն ու համարժեքության հաստատումը

Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության, գիտական աստիճանների եւ գիտական կոչումների մասին օտարերկրյա պետությունների փաստաթղթերի ճանաչման եւ համարժեքության հաստատման կարգը սահմանվում է այդ բնագավառում Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա պետությունների միջեւ կնքած միջկառավարական համաձայնագրերով եւ միջազգային այն կոնվենցիաներով, որոնց միացել եւ վավերացրել է Հայաստանի Հանրապետությունը:
 
 

ԳԼՈՒԽ IV

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 20. Պետական իշխանության մարմինների իրավասությունը բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության բնագավառում

1. Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունն է՝

1) պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ստեղծումը, վերակազմակերպումը եւ լուծարումը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,

2) բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների ձեւավորման կարգի սահմանումը,

3) բարձրագույն ուսումնական հաստատությունների եւ հետբուհական կրթություն իրականացնող կազմակերպությունների լիցենզավորման եւ հավատարմագրման կարգերի հաստատումը,

4) ասպիրանտուրայի, դոկտորանտուրայի եւ հայցորդության կարգերի հաստատումը:

5) բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկի հաստատումը, փոփոխությունների եւ լրացումների կատարումը,

2. Կրթության կառավարման պետական լիազորված մարմնի իրավասությունն է՝

1) բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգի հաստատումը,

2) ուսանողների, ասպիրանտների, դոկտորանտների եւ հայցորդների՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում եւ հետբուհական կրթություն իրականացնող կազմակերպություններում անվճար ուսուցմամբ ընդունելության չափաքանակի ձեւավորումը ,

3) ասպիրանտուրայի, դոկտորանտուրայի եւ հայցորդության կարգերի մշակումը,

4) պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ դիմորդների ընդունելության եւ գիտելիքների գնահատման միասնական համակարգի գործունեության կազմակերպումը,

5) ուսանողների մեկ բարձրագույն ուսումնական հաստատությունից մեկ ուրիշը փոխադրվելու կարգի հաստատումը,

6) մասնագետների պատրաստմանը, աշխատողների եւ գիտամանկավարժական աշխատողների եւ որակավորման բարձրացմանը, վերաորակավորմանը եւ վերապատրաստմանը, գիտության զարգացմանն ուղղված պետական բյուջեից ֆինանսավորման ծավալի որոշման ուղղությամբ գործադիր իշխանության մարմինների աշխատանքներին, ինչպես նաեւ նորմատիվների եւ համապատասխան կրթական հաստատությունների ֆինանսավորման կարգի մշակմանը մասնակցելը,

7) բարձրագույն ուսումնական հաստատությունների, բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության ճյուղային եւ տարածքային կառույցների գործունեության համակարգումը՝ մասնագետների պատրաստման ծավալների եւ կառուցվածքի սահմանման ուղղությամբ, այդ բնագավառում միջճյուղային եւ միջտարածքային համագործակցության կազմակերպումը,

8) իրականացնում է ՀՀ օրենքներով եւ ՀՀ կառավարության որոշումներով սահմանված այլ լիազորություններ:

Հոդված 21. Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության որակի ապահովումը եւ դրա նկատմամբ պետական վերահսկողությունը

1. Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության որակի նկատմամբ պետական վերահսկողությունն ուղղված է բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության բնագավառում միասնական պետական քաղաքականության ապահովմանը, մասնագետների պատրաստման որակի բարձրացմանը, բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության համակարգի ֆինանսավորման համար հատկացված պետական բյուջեի միջոցների արդյունավետ օգտագործմանը:

2. Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության որակի նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացում է պետական կառավարման լիազորված մարմինը լիցենզավորման եւ հավատարմագրման եւ որակի ապահովման գործընթացների կազմակերպմամբ՝ որակի գնահատում եւ /կամ/ հավատարմագրում իրականացնող կազմակերպությունների եւ գիտելիքների ստուգման միջոցով:

3. Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության որակի ապահովման նպատակով բարձրագույն ուսումնական հաստատությունը եւ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունը պարտավոր են հրապարակել որակի գնահատման եւ /կամ/ հավատարմագրման չափանիշները, որակի գնահատում եւ /կամ/ հավատարմագրում իրականացնող կազմակերպության կողմից տրված եզրակացությունները, ինչպես նաեւ առնվազն տարեկան մեկ անգամ պարբերական մամուլում հրապարակել բարձրագույն ուսումնական հաստատությունների եւ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունների որակի գնահատման ընթացիկ արդյունքները:

4. Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության որակի ապահովումը եւ բարելավումը բարձրագույն ուսումնական հաստատությունների եւ հետբուհական մասնագիտական կրթություն իրականցնող կազմակերպությունների պարտականությունն է:

5. Բարձրագույն ուսումնական հաստատություններում եւ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպություններում որակի գնահատում եւ /կամ/ հավատարմագրում իրականացնող կազմակերպությունների կրթության որակի ապահովման գործընթացի իրականացման կարգը հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը։

6. Բարձրագույն եւ հետբուհական կրթության համակարգում որակի ապահովման գործընթացների իրականացման սկզբունքներն են՝ անընդհատությունը, թափանցիկությունը, վստահությունը եւ հրապարակայնությունը:

ԳԼՈՒԽ V

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ

Հոդված 22. Սեփականության հարաբերությունները բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության համակարգում

1. Կանոնադրությամբ նախատեսված գործունեության ապահովման նպատակով հիմնադիրը (հիմնադիրները) բարձրագույն ուսումնական հաստատությանը սեփականության կամ օգտագործման (անհատույց կամ հատուցվելի) իրավունքով տրամադրում է (են) շենքեր, շինություններ, գույքային համալիրներ, հողամասեր, սարքավորումներ, ինչպես նաեւ սպառողական, սոցիալական, մշակութային եւ այլ նշանակության անհրաժեշտ գույք:

2. Բարձրագույն ուսումնական հաստատությունը սեփականության իրավունք ունի իրեն ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից նվիրատվության, հանգանակության կամ կտակի ձեւով փոխանցված դրամական միջոցների, գույքի եւ սեփականության այլ օբյեկտների, բարձրագույն ուսումնական հաստատության գործունեության արդյունք հանդիսացող՝ մտավոր եւ ստեղծագործական աշխատանքի արդյունքների, ինչպես նաեւ սեփական գործունեությունից ստացված եկամուտների եւ այդ եկամուտների հաշվին ձեռք բերված գույքի նկատմամբ:

Հոդված 23. Բարձրագույն ուսումնական հաստատությունների եւ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունների ֆինանսավորումը

1. Բարձրագույն ուսումնական հաստատությունների եւ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունների ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան:

2. Պետական բյուջեի միջոցների հաշվին բարձրագույն ուսումնական հաստատությունների կրթական գործունեության ֆինանսավորումն իրականացվում է կրթության կառավարման պետական լիազորված մարմնի կողմից՝ մասնագետների պատրաստման, աշխատողների որակավորման բարձրացման եւ վերաորակավորման վերաբերյալ պետական առաջադրանքներին (ստուգիչ թվերին) համապատասխան՝ ելնելով սահմանված պետական ֆինանսավորման նորմատիվներից:

Հոդված 24. Բարձրագույն ուսումնական հաստատության աշխատողների աշխատանքի վարձատրությունը

1. Բարձրագույն ուսումնական հաստատությունն իր ունեցած եւ աշխատողների աշխատանքի վարձատրության համար նախատեսված միջոցների սահմաններում ինքնուրույն է որոշում աշխատանքի վարձատրության ձեւը եւ համակարգը, լրավճարների, հավելումների, պարգեւատրումների եւ նյութական խրախուսման այլ միջոցների չափերը, ինչպես նաեւ բոլոր տարակարգերի աշխատողների աշխատավարձի դրույքաչափերը (առանց աշխատավարձի առավելագույն դրույքաչափերը սահմանելու):

2. Բարձրագույն ուսումնական հաստատության աշխատողին աշխատավարձի դրույքաչափը վճարվում է աշխատանքային պայմանագրով (կոնտրակտով) նախատեսված գործառնական պարտականությունների եւ աշխատանքների կատարման համար:

3. Բարձրագույն ուսումնական հաստատության կրթական գործունեությունը ապահովելու նպատակով պետական բյուջեից հատկացվող եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից ստացվող միջոցների հաշվին պետական բարձրագույն ուսումնական հաստատությունն ինքնուրույն ձեւավորում է աշխատողների աշխատանքի վարձատրության ֆոնդ:
 


ԳԼՈՒԽ VI

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 25. Սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ կետը ուժի մեջ է մտնում սույն օրենքի հրապարակման պահից մեկ տարի անց:

Հոդված 26. Սկսած 2005-2006 ուսումնական տարվանից բուհերում բարձրագույն կրթության ընդունելությունն իրականացվում է միայն երկաստիճան՝ բակալավր-մագիստրոս համակարգով: Մինչ այդ շնորհված «դիպլոմավորված մասնագետի» կրթական աստիճանը հավասարեցվում է մագիստրոսի կրթական աստիճանին:

Հոդված 27. Սկսած 2005-2006 ուսումնական տարվանից բուհերում ուսանողների անվճար ուսուցումը ֆինանսավորվում է մրցութային հիմունքներով` հատկացվող տարեկան ուսումնական նպաստների ձեւով, որոնք շնորհվում են ուսանողների ուսման առաջադիմության արդյունքների հիման վրա, սոցիալական վիճակի հաշվառմամբ:

Հոդված 28. Սկսած 2006-2007 ուսումնական տարվանից վերացվում են սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետի 3-րդ եւ 16-րդ հոդվածի 2-րդ կետի 10-րդ ենթակետերով նախատեսված կրթաթոշակները եւ իրականացվում է անցում ուսանողական վարկերի համակարգին:
 

ԳԼՈՒԽ VII

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ

Հոդված 29. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: