Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հունիսի 24-ի ՀՕ-200 օրենքը լրացնել նոր` 8.2-րդ հոդվածով.
«Հոդված 8.2. Ուսանողների եւ երիտասարդների օր` նշվում է մայիսի 16-ին:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
1.Իրավական ակտի անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում ուսանողների օր սահմանելու վերաբերյալ առաջարկը նոր չէ, դեռեւս 2010 թվականի ապրիլին Երեւանի պետական համալսարանի ուսանողական խորհուրդը դիմել է ՀՀ կառավարություն եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն` ուսանողության օր ունենալու առաջարկությամբ:
2. Ընթացիկ իրավիճակը եւ տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Հայաստանի Հանրապետությունում ուսանողության օր նշվում է նոյեմբերի 17-ին, քանի որ դա ներառված է ՄԱԿ-ի տոնական օրերի ցանկում, սակայն միջազգային օրերի եւ տոների ցանկը մեծ է (միայն ՄԱԿ-ի տոնական օրերի ցանկում տոնական օրերի թիվը հասնում է շուրջ 116-ի), եւ թեպետ մի շարք միջազգային տոնական օրեր ներառված են «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, սակայն դրանք ավանդաբար են նշվել Հայաստանի Հանրապետությունում: ՀՀ-ում ուսանողների եւ երիտասարդների օր սահմանելը պետք է դիտարկել ազգային կրթական համակարգի պատմության համատեքստում:
3. Կարգավորման նպատակը եւ բնույթը.
Ուսանողների եւ երիտասարդների օրը մայիսի 16-ին նշելու օրվա ընտրությունը պայմանավորված է նրանով, որ այն հանդիսանում է Երեւանի պետական համալսարանի` մայր բուհի, հիմնադրման օրը: Հայաստանի առաջին Հանրապետության նախարարների խորհուրդը 1919 թ-ի մայիսի 16-ին որոշում է ընդունել Երեւանում համալսարան հիմնելու վերաբերյալ:
Կարեւորելով պետական համալսարանի հսկայական ավանդն ու նշանակությունը հայ կրթական եւ գիտական, մշակութային կյանքում, օրենքով ամրագրելով նրա հիմնադրման օրը` որպես ուսանողների` պետականորեն նշվող տոն, եւս մեկ անգամ կարժեւորվի մայր բուհի դերը մեր պետության կրթական գիտական, ինչպես նաեւ սոցիալ տնտեսական զարգացման գործում: Համալսարանական ավանդույթներ ունեցող մեր երկրում մայր բուհի հիմնադրմամբ սկիզբ է առնել նաեւ ուսանողական կյանքը, ձեւավորվել են ուսանողական ավանդույթներ:
4. Ակնկալվող արդյունքը
Տոնացույցում ուսանողների ու երիտասարդների օր ամրագրելը կխթանի ուսնողների եւ երիտասարդների մասնակցությունը սոցիալական, տնտեսական, բնապահպանական եւ քաղաքական հարցերի լուծմանը, նրանց ստեղծագործական կարողությունների, հսկայական ներուժի եւ շնորհների` երկրի զարգացման գործընթացներում ներգրավելուն, որը կնպաստի մեր երկրի առաջընթացին: