Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 73-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Ստեղծել ժամանակավոր հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով)` Հայաստանի Հանրապետության գազամատակարարման ոլորտում 2011 թվականից պետական պարտքի եւ գազի գների ձեւավորման ուսումնասիրության վերաբերյալ Ազգային Ժողովին եզրակացություն ներկայացնելու համար:
2. Հանձնաժողովի խնդիրն է`
ա) ուսումնասիրել Հայաստանի Հանարապետություն Ռուսաստանի Դաշնությունից ներմուծվող գազի դիմաց 2011 թվականից ձեւավորված Հայաստանի Հանրապետության պետական պարտքի հիմնավորվածությունը, չափը եւ դրա մարման օրինականությունը,
բ) ուսումնասիրել գազի մեծածախ եւ մանրածախ գների կազմը, կառուցվածքը եւ դրանց վրա ազդեցություն ունեցող գործոնները,
3. Հանձնաժողովն իր առջեւ դրված խնդիրներն իրականացնելիս իրավունք ունի
ա) հարցումներով դիմելու պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, որոնք հնարավորինս սեղմ, բայց ոչ ուշ, քան օրենքով սահմանված ժամկետներում պետք է տրամադրեն անհրաժեշտ տեղեկություններ ու փաստաթղթեր (պայմանագրեր, որոշումներ եւ այլ փաստաթղթեր, որոնք վերաբերում են գազի պարտքի ձեւավորմանն ու գնագոյացմանը).
բ) Հանձնաժողովի որոշմամբ հրավիրել պաշտոնատար անձանց` նրանցից պարզաբանումներ ստանալու Հանձնաժողովում քննարկվող հարցերի վերաբերյալ.
գ) իր աշխատանքներում ներգրավել համապատասխան մասնագետների եւ փորձագետների, այդ թվում` միջազգային:
4. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են մեկական պատգամավոր Ազգային ժողովի խմբակցություններից, եւ մեկ` դրանց կազմում չընդգրկված պատգամավորներից: Հանձնաժողովն իր կազմից ընտրում է նախագահ եւ տեղակալ:
5. Ձեւավորվելուց հետո` եռօրյա ժամկետում, Հանձնաժողովը իր աշխատանքներին` խորհրդակցական ձայնի իրավունքով, կարող է հրավիրել սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ գազամատակարարման համակարգում գործող կազմակերպությունների ներկայացուցիչներին:
6. Պատգամավորները Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են համապատասխան խմբակցության ղեկավարի (քարտուղարի) ներկայացմամբ՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում: Հանձնաժողովը համարվում է կազմավորված եւ կարող է գործել, եթե նշանակված են հանձնաժողովի առնվազը չորս անդամ: Հանձնաժողովի առաջին նիստը գումարվում է հանձնաժողովի կազմավորման օրվան հաջորդող առաջին երկուշաբթի օրը՝ ժամը 11:00-ին:
7. Հանձնաժողովի կազմում ընդգրկելու համար խմբակցության կազմում չընդգրկված պատգամավորների թեկնածուներին Ազգային Ժողովի նիստում առաջարկում են պատգամավորները: Նշանակված է համարվում այն պատգամավորը, որը բաց քվեարկությամբ ստանում է առավել թվով ձայներ:
8. Ազգային Ժողովի աշխատակազմը Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների համար սահմանված կարգով ապահովում է Հանձնաժողովի գործունեության համար օրենքով սահմանված անհրաժեշտ պայմաններ:
9. Հանձնաժողովը իր գրավոր եզրակացությունը Ազգային ժողովի նիստում ներկայացնում է մինչեւ 2014 թվականի մայիսի 22-ը: Եզրակացության առնչությամբ առարկություններ ունեցող անդամները կարող են ներկայացնել հատուկ կարծիք, որը կցվում է եզրակացաությանը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության գազամատակարարման ոլորտում 2011 թվականից պետական պարտքի եւ գազի գների ձեւավորման ուսումնասիրության ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագծի ընդունման անհրաժեշտության մասին
Հանրությանը անհայտ պատճառներով 2011 թվականի ապրիլից ՌԴ-ից ՀՀ ներմուծված գազի դիմաց ձեւավորվել է ՀՀ պետական պարտք, որի առաջացման եւ մարման հիմնավորվածությունն ու օրինականությունը խիստ վիճարկելի է:
Հարցի պարզաբանման վերաբերյալ բազմաթիվ գործողություններ՝ գրավոր հարցումներ, հարցեր ու պատասխանններ, լրագրողական հետաքննություններ եւ այլն, չեն տվել հանրությանը հետաքրքրող հարցերի պատասխանները: Ավելին` ձեւավորվել է ակնհայտ անվստահության մթնոլորտ:
Նման անորոշությունը վերացնելու գործում, պառլամենտի սահմանադրական լիազորությունները իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված, առաջարկվում է ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, որը կուսումնասիրի ինչպես վերը նշված հարցը, այնպես էլ գազի մեծածախ եւ մանրածախ գների կազմը, կառուցվածքը եւ դրանց վրա ազդեցություն ունեցող գործոնները: