Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-439-07.02.2014-ՄԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի սեպտեմբերի 23-ի ՀՕ-11 օրենքի (այսուհետ` օրենք) 1-ին հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Սույն օրենքը սահմանում է տեղեկատվության ազատության իրավունքի ապահովման հիմքերը, կարգավորում է տեղեկատվության ազատության հետ կապված կողմերի իրավահարաբերությունները, ինչպես նաեւ տեղեկությունների հրապարակման, տրամադրման եւ դրանք ստանալու պայմանները:».

2) 2-րդ մասի «ինչպես նաեւ» բառերը հանել:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում «իրավական այլ ակտերից» բառերից առաջ լրացնել «տեղեկատվության ազատության իրավունքի հետ կապված» բառերով:

Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) առաջին, երրորդ եւ հինգերորդ պարբերություններում, 6-րդ հոդվածի 1-ին մասում, 7-րդ հոդվածի 2-րդ մասում, 8-րդ հոդվածի 1-ին մասում, 12-րդ հոդվածում, 13-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում «տեղեկատվություն տնօրինող» բառերը փոխարինել «տեղեկություն տնօրինող» բառերով,

2) երկրորդ պարբերությունը «տեղեկություն տնօրինողից» բառերից հետո լրացնել «կամ օրինական այլ աղբյուրից» բառերով,

3) չորրորդ պարբերության «ինչպես նաեւ» բառերը հանել,

4) վեցերորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրմամբ.

«հարցում՝ տեղեկություն փնտրելու եւ (կամ) դա ստանալու նպատակով սույն օրենքով սահմանված կարգով տեղեկություն տնօրինողին ուղղված գրավոր, (այդ թվում` էլեկտրոնային) կամ բանավոր դիմում ներկայացված հաղորդակցման ցանկացած միջոցով.»,

5) յոթերորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրմամբ.

«հրապարակում՝ տեղեկությունը պաշտոնական տեղեկատվության (պաշտոնական տեղեկագրեր, վեբկայք եւ այլ) եւ զանգվածային լրատվության միջոցներով, համացանցով եւ (կամ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներով հանրությանը մատչելիորեն տեղեկացնելը»:

Հոդված 4. Օրենքի 4-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրմամբ.

«Տեղեկատվության ազատության ապահովման հիմնական սկզբունքներն են՝

1) տեղեկություններ փնտրելու եւ ստանալու ազատության պաշտպանությունը.

2) տեղեկություններ տրամադրելու մատչելիության ապահովումը,

3) հրապարակայնությունը,

4) խտրականության բացառումը,

5) օրինականությունը,

6) հավաստիությունը։»:

Հոդված 5. Օրենքի 5-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրմամբ.

«Հոդված 5. Տեղեկությունների գրանցումը, դասակարգումը եւ պահպանումը

Տեղեկություն տնօրինողը սահմանում է իր կողմից մշակված կամ իրեն առաքված տեղեկությունների գրանցման, դասակարգման եւ պահպանման կարգը եւ հրապարակում հանրությանը մատչելի միջոցով։»:

Հոդված 6. Օրենքի 6-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «անձ» բառը փոխարինել «ոք» բառով,

2) 1-ին մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1 մասով.

«1.1. Յուրաքանչյուր ոք կարող է իր տնօրինության տակ գտնվող օրենքով չարգելված տեղեկությունն օգտագործել, փոխանցել եւ տարածել ցանկացած օրինական նպատակով եւ միջոցով:»,

3) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել,

4) 3-րդ մասում «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենքով նախատեսված դեպքերում» բառերը փոխարինել «միայն օրենքով՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված հիմքերով» բառերով:

Հոդված 7. Օրենքի 7-րդ հոդվածում՝

1) 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել,

2) 3-րդ մասի 1-ին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրմամբ.

«3. Տեղեկություն տնօրինողը տարին առնվազն մեկ անգամ հրապարակում է իր տնօրինության տակ գտնվող ներքոնշյալ տեղեկությունները, եթե Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենքներով դրանք սահմանափակող նորմ սահմանված չէ.»,

3) 3-րդ մասը 1-ին կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1 կետով.

«1.1) տեղեկություն տնօրինողի կողմից ընդունված իրավական ակտերը.»,

4) 3-րդ մասի 2-րդ կետը «բյուջե» բառից հետո լրացնել «եւ դրա կատարման հաշվետվությունները» բառերով,

5) 3-րդ մասը 2-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1 կետով.

«2.1) գործունեության տարեկան ծրագիրը եւ դրա կատարման հաշվետվությունը.»,

6) 3-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրմամբ,

«3) գրավոր հարցումների ձեւերը (այդ թվում` էլեկտրոնային) եւ դրանցից օգտվելու ցուցումները.»,

7) 3-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրմամբ.

«4) կազմակերպության կառուցվածքը, պաշտոնատար անձանց անունները, ազգանունները, պաշտոնը, ծառայողական հեռախոսային համարները, էլեկտրոնային փոստի հասցեները, ղեկավար անձնակազմի համառոտ կենսագրությունը.»,

8) 3-րդ մասի 9-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրմամբ.

«9) աշխատանքների եւ ծառայությունների գները (սակագները)՝ ըստ գնագոյացման.»,

9) 3-րդ մասի 10-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

10) 3-րդ մասի 11-րդ կետում «վիճակագրական եւ» բառերը փոխարինել «վիճակագրական» բառով,

11) 3-րդ մասի 12-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

12) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրմամբ.

«5. Տեղեկություն տնօրինողը ապահովում է սույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերում նշված տեղեկությունների հրապարակումը՝ հանրության համար մատչելի ձեւով։»,

13) 5-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1 մասով.

«5.1. Տեղեկություն տնօրինողի պաշտոնական կայքի առկայության դեպքում, սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված հրապարակման ենթակա տեղեկությունները տեղադրվում են հիմնական էջում եւ հրապարակվում մատչելի ձեւաչափով՝ պահպանելով 3-րդ մասում սահմանված բաղադրիչները։»,

14) 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրմամբ.

«6. Շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող կազմակերպությունները կարող են չհրապարակել սույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ, 4-րդ, 5-րդ եւ 11-րդ կետերում սահմանված տեղեկությունները:»:

Հոդված 8. Օրենքի 8-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը 5-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր կետով.

«5.1) համարվում է Հայաստանի Հանրապետության արխիվային կամ օրենսդրությամբ սահմանված կարգով պահպանվող այլ հավաքածուի հազվագյուտ եւ հատկապես արժեքավոր փաստաթուղթ կամ այլ մշակութային արժեքի բնագիր կամ ոչ բավարար պահպանվածության վիճակ ունեցող փաստաթուղթ։»,

2) 2-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.

«2.1. Եթե պահանջվող փաստաթղթում առակ է մերժման ենթակա տեղեկություն, ապա փաստաթուղթը տրամադրվում է առանց այդ տեղեկության (սեւացնելով, ջնջելով եւ այլն)` չմեկնաբանելով եւ չխմբագրելով փաստաթղթի մնացած հատվածը։»,

3) 3-րդ մասի 1-ին պարբերությունում «դա» բառը փոխարինել «տեղեկությունը» բառով,

4) 3-րդ մասի 2-րդ կետը «մշակույթի» բառից հետո լրացնել «, սպորտի, սոցիալական ապահովության, տրանսպորտի եւ կապի, կոմունալ» բառերով,

5) 3-րդ մասը 3-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-րդ եւ 3.2-րդ կետերով.

«3.1) վերաբերում է դիմողին կամ վերջինս լիազորված է այլ անձի անունից տեղեկություն ստանալու, օգտագործելու կամ տարածելու համար,

3.2) տվյալ իրավիճակում կարող է ունենալ հանրային իրական նշանակություն եւ չհրապարակելը ավելի մեծ վնաս կհասցնի հանրային շահին, քան հրապարակելը:»:

Հոդված 9. Օրենքի 9-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 9. Տեղեկություն ստանալու կարգը

1. Տեղեկություն փնտրելու եւ (կամ) ստանալու նպատակով տեղեկություն տնօրինողին կարող է ներկայացվել գրավոր (այդ թվում` էլեկտրոնային) կամ բանավոր հարցում:

2. Դիմողը պարտավոր չէ հիմնավորել հարցումը:

3. Բանավոր հարցումը ներկայացվում է տեղեկություն տնօրինող պաշտոնատար անձին կամ աշխատակցին` պաշտոնական պարտականությունների կատարման ժամանակահատվածում:

4. Գրավոր (այդ թվում` էլեկտրոնային) հարցումները եւ դրանց պատասխանները գրանցվում են դիմումների գործավարության համար օրենսդրությամբ սահմանված կարգով` հարցումը ստանալու օրը:

5. Բանավոր հարցմամբ դիմողը նախապես հայտնում է իր անունը եւ ազգանունը։

6. Բանավոր հարցման պատասխանը տրվում է բանավոր՝ հարցումը լսելուց հետո անհապաղ կամ հնարավորինս սեղմ ժամկետում։

7. Բանավոր հարցման պատասխանը տրվում է, եթե հարցումը վերաբերում է տեղեկություն տնօրինողի գործունեությանը կամ դրա պարզաբանմանը։

8. Բանավոր հարցում ստացած անձը կարող է հետաձգել պատասխանը կամ ուղղորդել այլ իրավասու անձի, եթե տվյալ պահին պատասխանելը խոչընդոտում է նրա հիմնական պարտականությունների կատարմանը, բացառությամբ սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի:

9. Եթե բանավոր հարցմանը հնարավոր չէ բանավոր պատասխանել, ապա տեղեկություն տնօրինողը առաջարկում է դիմել գրավոր հարցումով՝ հստակեցնելով պատճառը։

10. Գրավոր (այդ թվում` էլեկտրոնային) հարցումը պարունակում է.

1) դիմողի անունը, ազգանունը, իրավաբանական անձի դեպքում՝ նրա լրիվ անվանումը,

2) դիմողի հասցեն (իրավաբանական անձի գտնվելու վայրը) կամ այն հասցեն (այդ թվում` էլեկտրոնային), որով դիմողը պահանջում է ստանալ պատասխանը,

3) պահանջվող տեղեկության նկարագրությունը,

4) նյութական կրիչի տեսակը, որով դիմողը նախընտրում է ստանալ տեղեկությունը,

5) հարցման ամսաթիվը,

6) ստորագրությունը։

11. Էլեկտրոնային հարցման դեպքում դիմողի ստորագրությունը պարտադիր չէ:

12. Գրավոր (այդ թվում` էլեկտրոնային) հարցման պատասխանը պարունակում է.

1) հարցմանը համապատասխան տեղեկությունը,

2) տեղեկություն տնօրինողի անվանումը,

3) հարցմանը պատասխանող անձի անունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը, ծառայողական հեռախոսահամարը եւ էլեկտրոնային փոստի հասցեն,

4) պատասխանի ելքի ամսաթիվը եւ համարը,

5) կցվող նյութի անվանումը, ամսաթիվը, գրանցման տվյալները, գրավոր պատասխանի դեպքում` թերթերի քանակը, իսկ էլեկտրոնային պատասխանի դեպքում` նիշքի (ֆայլի) անվանումը,

6) գրավոր պատասխանի դեպքում` հարցմանը պատասխանողի ստորագրությունը։

13. Էլեկտրոնային պատասխանի դեպքում հարցմանը պատասխանողի ստորագրությունը պարտադիր չէ:

14. Գրավոր (այդ թվում` էլեկտրոնային) հարցման պատասխանը տրվում է հետեւյալ ժամկետներում.

1) եթե հարցման մեջ նշված տեղեկությունը հրապարակված չէ, ապա դա դիմողին է տրվում հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում.

2) եթե հարցման մեջ նշված տեղեկությունը հրապարակված է, ապա տվյալ հրապարակման միջոցի, վայրի եւ ժամկետի մասին տեղեկությունը դիմողին է տրվում հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում.

3) եթե հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը դիմողին է տրվում հարցումն ստանալուց հետո՝ 20-օրյա ժամկետում, որի մասին հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, գրավոր տեղեկացվում է դիմողին՝ նշելով հետաձգման պատճառները եւ տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը.

4) եթե հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել վճարում, ապա տեղեկություն տնօրինողը 3-օրյա ժամկետում այդ մասին տեղեկացնում է դիմողին` նշելով վճարման չափը, իսկ տեղեկությունը դիմողին տրամադրվում է վճարման անդորրագիրը (կամ վճարումը հավաստող այլ փաստաթուղթ) ներկայացվելուց հետո` 5-օրյա ժամկետում:

15. Գրավոր (այդ թվում` էլեկտրոնային) հարցման պատասխանները տրվում են հարցման մեջ նշված նյութական կրիչով, իսկ դրա մասին նշում չլինելու դեպքում՝ տեղեկություն տնօրինողի նախընտրած տարբերակով։

16. Էլեկտրոնային հարցումը ներկայացվում է տեղեկություն տնօրինողի կամ դրա պաշտոնատար անձի էլեկտրոնային փոստի հրապարակված հասցեով: Տեղեկություն տնօրինողը էլեկտրոնային փոստի հասցեի հետ հրապարակում է այն տեխնիկական պայմանները (էլեկտրոնային փոստի հասցեները, էլեկտրոնային հարցման նիշերի առավելագույն քանակ, էլեկտրոնային հարցման ֆայլի առավելագույն չափը), որոնց դեպքում էլեկտրոնային հարցումը չի կարող ստացվել:

17. Եթե հարցման մեջ նշված տեղեկությունը հրապարակված չէ, ապա դիմողն իր ցանկությամբ կարող է տեղում ծանոթանալ տեղեկությանը: Այդ դեպքում նրան տեղեկություն նյութական կրիչով չի տրամադրվում:

18. Եթե տեղեկություն տնօրինողը չունի փնտրվող տեղեկությունը, կամ դրա տրամադրումն իր լիազորությունների շրջանակից դուրս է, ապա նա հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, այդ մասին գրավոր տեղեկացնում է դիմողին, իսկ հարցումը վերահասցեագրում համապատասխան իրավասու տեղեկություն տնօրինողին (այդ թվում՝ արխիվին):

19. Եթե տեղեկություն տնօրինողը չունի փնտրվող տեղեկությանը վերաբերող բոլոր տվյալները, ապա նա հարցումն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում դիմողին տալիս է տվյալների այն մասը, որն ունի, իսկ մնացած մասով հարցումը վերահասցեագրում է համապատասխան իրավասու տեղեկություն տնօրինողին (այդ թվում՝ արխիվին)` այդ մասին գրավոր տեղեկացնելով դիմողին:

20. Գրավոր (այդ թվում` էլեկտրոնային) հարցմանը պատասխան չի տրվում, եթե՝

1) դա չի պարունակում սույն հոդվածի 10-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերում նշված տվյալները.

2) սույն հոդվածի 14-րդ մասի 4-րդ կետով սահմանված վճարումը չի կատարվել.

3) դրա հեղինակի ինքնությանը վերաբերող տվյալները կեղծ են:

21. Սույն օրենքով նախատեսված ժամկետները հաշվարկվում են աշխատանքային օրերով:»:

Հոդված 10. Օրենքի 10-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրմամբ.

«1. Տեղեկություն տրամադրելու համար կարող է օրենքով սահմանվել համապատասխան տուրք եւ վճար։

Բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունները եւ հանրային նշանակության կազմակերպություններն ինքնուրույն են որոշում տեղեկությունների տրամադրման համար գանձվող գումարի չափը, որը չի կարող գերազանցել այդ տեղեկության տրամադրման ծախսերը։»,

2) 1-ին մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1 մասով.

«1.1. Եթե պահանջվող տեղեկությունը Հայաստանի Հանրապետության արխիվային կամ օրենսդրությամբ սահմանված կարգով պահպանվող այլ հավաքածուի հազվագյուտ եւ հատկապես արժեքավոր փաստաթղթի կամ մշակութային արժեքի վերաբերյալ է, ապա տեղեկությունը կամ դրա կրկնօրինակը (պատճենը) տրամադրելու համար կարող են օրենսդրությամբ սահմանված կարգով գանձվել այլ վճարներ:»

3) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրմամբ.

«2. Տեղեկություն տնօրինողների կողմից տեղեկությունների տրամադրման համար տուրք կամ այլ վճար չի գանձվում հետեւյալ դեպքերում`

1) բանավոր հարցումներին պատասխանելիս.

2) մինչեւ 10 էջ տպագրված կամ պատճենահանված տեղեկություն տրամադրելիս.

3) տեղեկությունն էլեկտրոնային փոստով (ինտերնետային ցանցով) տրամադրելիս.

4) սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասում նշված տեղեկությունների տրամադրման մասին գրավոր (այդ թվում` էլեկտրոնային) հարցումներին պատասխանելիս.

4.1) երբ տեղեկությունը վերաբերում է դիմողի, ինչպես նաեւ դիմող ֆիզիկական անձի անձնական, ընտանեկան կամ նրա խնամարկյալի, հոգաբարձության տակ գտնվողի, մերձավոր հարազատների իրավունքներին, ազատություններին, պարտականություններին, իրավունքների սահմանափակումներին կամ պատասխանատվությանը:

4.2) երբ տեղեկությունը վերաբերում է տվյալ տեղեկություն տնօրինողի պաշտոնատար անձանց անուններին, ազգանուններին, կրթությանը, մասնագիտությանը, ծառայողական հեռախոսահամարներին, ծառայողական էլեկտրոնային փոստ եւ ծառայողական այլ հասցեներին:

5) սույն օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասի 2,-րդ, 3-րդ, 4-րդ կետով եւ 9-րդ հոդվածի 18-րդ մասով նախատեսված դեպքերում տեղեկություններ տրամադրելիս.

6) տեղեկության տրամադրումը մերժելիս։»:

Հոդված 11. Օրենքի 11-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրմամբ.

«Տեղեկություն տնօրինողի պաշտոնատար անձը կամ աշխատակիցը մերժում է բանավոր հարցմամբ տեղեկությունը տրամադրելը, եթե հարցմանը պատասխանելը տեղեկություն տնօրինողի իրավասության շրջանակներից դուրս է եւ (կամ) հարցումը չի համապատասխանում սույն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ եւ 5-րդ մասերով սահմանված պահանջներին:»,

2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել,

3) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրմամբ.

«Գրավոր (այդ թվում` էլեկտրոնային) հարցմամբ պահանջվող տեղեկության տրամադրումը մերժելու դեպքում տեղեկություն տնօրինող հարցումն ստանալուց հետո` 5-օրյա ժամկետում, այդ մասին գրավոր հայտնում է դիմողին՝ նշելով մերժման հիմքը, օրենքի համապատասխան նորմը, ինչպես նաեւ մերժումը բողոքարկելու կարգը։»,

4) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 12. Օրենքի 12-րդ հոդվածում՝

1) 1-ին պարբերության «պարտավոր է» բառերը հանել,

2) 1-ին կետում «ապահովել» բառը փոխարինել «ապահովում է» բառերով,

3) 2-րդ կետում «իրականացնել» բառը փոխարինել «իրականացնում է» բառերով,

4) 3-րդ կետում «տրամադրել» բառը փոխարինել «տրամադրում է» բառերով,

5) 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

6) 5-րդ կետում «նշանակել» բառը փոխարինել «նշանակում է» բառերով:

Հոդված 13. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում «կարգը, պայմանները եւ ձեւերը» բառերը փոխարինել «կարգը եւ պայմանները» բառերով:

Հոդված 14. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասը «ոչ հավաստի տեղեկություն տրամադրելը,» բառերից հետո լրացնել «տեղեկատվության մատչելիության եւ հրապարակայնության ապահովման` սույն օրենքով սահմանված պարտականությունները չկատարելը,» բառերով:

Հոդված 15. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ