Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-441-07.02.2014-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի մայիսի 26-ի ՀՕ-82-Ն օրենքի 36-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 1.1-րդ մասով.

«1.1. Սննդամթերքը, սննդամթերքի հետ շփվող նյութերը, սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումները տեխնիկական կանոնակարգերով նախատեսված անվտանգության պահանջներին չհամապատասխանելու դեպքերում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգադրագրերը ընդունվում են օրենքով սահմանված կարգով իրականացվող ստուգման ընթացքում՝ ստուգում իրականացնող պաշտոնատար անձի (տեսուչի) գրավոր եզրակացության հիման վրա:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Համապատասխանության գնահատման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

«Համապատասխանության գնահատման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է պետական վերահսկողության արդյունքում վտանգավոր սննդամթերք հայտնաբերելու դեպքում դրա իրացումն անմիջապես կասեցման անհրաժեշտությամբ: Միաժամանակ  նախագծի մշակումը բխում է ՀՀ կառավարության 2013 թվականի հունվարի 10-ի N 70-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի 75-րդ կետի պահանջից:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները

Ներկայում վտանգավոր սննդամթերք հայտնաբերելիս պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձը իրացման կասեցման վերաբերյալ կարգադրագիր կարող է կազմել միայն ստուգման ակտի հիման վրա: Հետեւաբար մինչ ստուգման ավարտը եւ ՀՀ օրենսդրությամբ սահմանաված ժամկետում ստուգման ակտի կազմումը վտանգավոր սննդամթերքը կարող իրացվել:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.

Նախագիծը չի ներառում բնագավառում իրականացվող գործող քաղաքականության փոփոխություն:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Սույն իրավական ակտի ընդունման նպատակն է վտանգավոր սննդամթերք հայտնաբերելիս անմիջապես կասեցնել դրա իրացումը:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետների կողմից, եւ նախագծի մշակման գործընթացում այլ ինստիտուտներ եւ անձինք չեն ներգրավվել:

6.Ակնկալվող արդյունք

Իրավական ակտի նախագծի ընդունման դեպքում վտանգավոր սննդամթերք հայտնաբերելիս անմիջապես կկասեցվի դրա իրացումը, որը կնպաստի մարդու կյանքի, առողջության պահպանման նպատակով անվտանգ սննդամթերքի օգտագործմանը, ինչպես նաեւ սպառողների շահերի պաշտպանությանը: