Հոդված 1. «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-62-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածում լրացնել նոր 20-րդ եւ 21-րդ կետեր` հետեւյալ բովանդակությամբ.
«20) ինտերնատուրա` բարձրագույն մասնագիտական կրթության (մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի) հենքի վրա ինտերնի ծրագրով ընդհանուր պրակտիկ բժշկական գործունեություն իրականացնող մասնագետների պատրաստում.
21) օրդինատուրա` բարձրագույն մասնագիտական կրթության (մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի) հենքի վրա կլինիկական օրդինատորի ծրագրով բարձր որակավորմամբ մասնագետների պատրաստում:»:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ հետեւյալ բովանդակությամբ.
«Արգելվում է բարձրագույն ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում սովորող, ուսումնառող՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Վրաստանի Սամցխե-Ջավախք ու Քվեմո-Քարթլի նահանգներում գրանցված եւ բնակվող հայազգի, Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված եւ ապաստան ստացած ծագումով հայ քաղաքացիների, ինչպես նաեւ ծագումով հայ այն օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը, կիրառել ուսման վարձավճարի ավելի բարձր չափ, քան սահմանված է տվյալ ուսումնական հաստատության համանման պայմաններում սովորող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ:»։
Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետից հանել «(կլինիկական օրդինատորի)» բառերը եւ 2-րդ կետում լրացնել նոր պարբերություն` հետեւյալ բովանդակությամբ. «- կլինիկական օրդինատորի»:
Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասում`
1) 3-րդ կետից հանել «բժշկական մասնագիտությունների համար` մինչեւ 4 տարվա» բառերը,
2) լրացնել նոր 5-րդ եւ 6-րդ կետեր հետեւյալ բովանդակությամբ.
«5) բժշկական մասնագիտությունների համար կրթության տեւողություն սահմանել առնվազն 5 տարի` անընդհատ եւ ինտեգրացված կրթական ծրագրերով, որի արդյունքում շնորհված կրթական աստիճանը հավասարեցվում է մագիստրոսի կրթական աստիճանին.»,
«6) ռազմաբժշկական ֆակուլտետի «բուժական գործ զինված ուժերում» մասնագիտությամբ շրջանավարտների համար սահմանել 1 տարի տեւողությամբ հետբուհական ուսուցում` «ինտերնատուրա»:»:
Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետում լրացնել նոր տող հետեւյալ բովանդակությամբ` «օրդինատորի դիպլոմ:»:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: