Հոդված 1. «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-62-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 20-րդ եւ 21-րդ կետերով.
«20) ինտերնատուրա` բարձրագույն մասնագիտական կրթության (մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի) հենքի վրա ինտերնի ծրագրով ընդհանուր պրակտիկ բժշկական գործունեություն իրականացնող մասնագետների պատրաստում.
21) օրդինատուրա` բարձրագույն մասնագիտական կրթության (մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի) հենքի վրա կլինիկական օրդինատորի ծրագրով բարձր որակավորմամբ մասնագետների պատրաստում:»:
Հոդված 2 . Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Արգելվում է բարձրագույն ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում սովորող, ուսումնառող՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Վրաստանի Սամցխե - Ջավախք ու Քվեմո - Քարթլի նահանգներում գրանցված եւ բնակվող հայազգի, Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված եւ ապաստան ստացած ծագումով հայ քաղաքացիների, ինչպես նաեւ ծագումով հայ այն օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը սպառնացող արտակարգ իրավիճակ, կիրառել ուսման վարձավճարի ավելի բարձր չափ, քան սահմանված է տվյալ ուսումնական հաստատության համանման պայմաններում սովորող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ:»։
Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետից հանել «(կլինիկական օրդինատորի)» բառերը, եւ 2-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողով.
«- կլինիկական օրդինատորի.»:
Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասում`
1) 3-րդ կետից հանել «, բժշկական մասնագիտությունների համար` մինչեւ 4 տարվա» բառերը.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ եւ 6-րդ կետերով.
«5) բժշկական մասնագիտությունների համար կրթության տեւողություն սահմանել առնվազն 5 տարի` անընդհատ եւ ինտեգրացված կրթական ծրագրերով, որի արդյունքում շնորհված կրթական աստիճանը հավասարեցվում է մագիստրոսի կրթական աստիճանին.
6) Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա այլ պետությունների ռազմաբժշկական բարձրագույն ուսումնական հաստատությունների կամ ստորաբաժանումների շրջանավարտների համար սահմանել մեկ տարի տեւողությամբ հետբուհական ուսուցում՝ «ինտերնատուրա:»:
Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողով.
«- օրդինատորի դիպլոմ:»:
Հոդված 6 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: