Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-444-12.02.2014-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի մայիսի 14-ի ՀՕ-118 օրենքի 14-րդ հոդվածը 5-րդ մասից հետո լրացնել նոր մասով` հետեւյալ բովանդակությամբ.

«Հայաստանի Հանրապետության տարածքով օտարերկրյա պետության տարածք մատուցվող ինտերնետի տարանցիկ փոխադրման ծառայությունների համար ծառայության մատուցման վայր է համարվում այդ օտարերկրյա պետության տարածքը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ տարածվում է 2013 թվականի հունվարի 1-ից հետո ծագող (ծագած) հարաբերությունների վրա:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակման համար հիմք է հանդիսացել Հայաստանի տարածքով Վրաստանից Իրան ինտերնետի տարանցիկ փոխադրման ծառայությունները 20% ավելացված արժեքի հարկով հարկման հետ կապված խնդրի լուծման անհրաժեշտությունը:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Ներկայումս հայաստանյան հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունների   օպտիկամանրաթելային գծերի միջոցով Հայաստանի տարածքով Վրաստանից դեպի Իրան ինտերնետի տարանցիկ փոխադրման ծառայությունների մատուցումը հարկվում է ավելացված արժեքի հարկով:

Հաշվի առնելով այն, որ Հայաստանի Հանրապետությունում տեղեկատվական եւ հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտը ՀՀ կառավարության կողմից ճանաչվել է որպես երկրի տնտեսական առաջընթացի կարեւորագույն բաղադրիչներից մեկը, ինչպես նաեւ այն, որ ինտերնետի տարանցիկ փոխադրման ծառայությունների մատուցումը ռազմավարական բնույթ է կրում Հայաստանի Հանրապետության համար, նպատակահարմար է ինտերնետի տարանցիկ փոխադրման ծառայությունների մատուցումն ազատել ավելացված արժեքի հարկից:

Այդ նպատակով մշակվել է «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Առաջարկվում է ընդունել «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Հայաստանի տարածքով Վրաստանից դեպի Իրան ինտերնետի տարանցիկ փոխադրման ծառայությունների ազատումն ավելացված արժեքի հարկից`  «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունմամբ:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

6. Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը

Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի հետագա արդյունավետ զարգացման ապահովում: