Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 154-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 154. Ինքնակամ շինարարական կամ առանց քանդման թույլտվության քանդման աշխատանքներ իրականացնելը
1. Սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա, ինչպես նաեւ անհատական բնակելի տներում կամ ստորաբաժանված կամ բազմաբնակարան շենքերում օրենքով եւ այլ իրավական նորմատիվ ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի եւ կանոնների էական խախտումներով շենք, շինություն կառուցելը, վերակառուցելը, կամ առանց թույլտվության այնպիսի շինարարական աշխատանքներ կատարելը, որոնք իրականացնելու համար պահանջվում է շինարարության թույլտվություն`
- առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով:
2. Հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքներ կատարելը պետությանը կամ համայնքներին կամ քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա`
- առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից մինչեւ վեցհարյուրապատիկի չափով:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասերով նախատեսված արարքներ կատարել շարունակելը սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասերով նախատեսված կարգով տուգանք նշանակելուց հետո`
- առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարահինգհարյուրապատիկի չափով:
4. Առանց քանդման թույլտվության քանդման աշխատանքներ իրականացնելը`
- առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով:
5. Սույն հոդվածի չորրորդ մասով նախատեսված արարքներ կատարել շարունակելը սույն հոդվածի չորրորդ մասով նախատեսված կարգով տուգանք նշանակելուց հետո`
- առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով: »։
Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 154.2-րդ հոդվածով.
«Հոդված 154.2 Առանց ավարտված շինարարության շահագործման փաստագրման ակտի շինարարական օբյեկտի շահագործումը
1. Առանց ավարտված շինարարության շահագործման ընդունումը փաստագրող շահագործման ակտի շինարարական օբյեկտի շահագործումը`
- առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով:
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքներ կատարել շարունակելը սույն հոդվածի առաջին մասով նախատեսված կարգով տուգանք նշանակելուց հետո`
- առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:»։
Հոդված 3. Օրենսգրքի 219.1-ին հոդվածի 2-րդ մասը «152.2-րդ հոդվածի 1-ին մասով,» բառերից հետո լրացնել «154.2-րդ,» բառով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից ինքնակամ շենքեր եւ շինություններ կառուցելու համար պատասխանատվությունը նախատեսվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածով: Սակայն, բազմաթիվ դեպքերում ինքնակամ շինարարական աշխատանքներն իրականացվում է ոչ թե սեփականատիրոջ, այլ մեկ ուրիշ անձի կողմից: Վարչական պատասխանատվության մեղմ պատժամիջոցները լիարժեք եւ արդյունավետ չեն դարձնում նշված իրավախախտման դեմ պայքարը: Բացի այդ, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն շենքեր եւ շինություններ քանդելու համար անհրաժեշտ է ունենալ համապատասխան քանդման թույլտվություն, սակայն առանց դրա շենքեր կամ շինություններ քանդելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով որեւէ պատասխանատվություն նախատեսված չէ: «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի «ժ» կետի համաձայն կառուցապատողները պարտավոր են ապահովել ավարտված շինարարական օբյեկտի շահագործման փաստագրումը, սակայն, բազմաթիվ դեպքերում կառուցապատողները շինարարական օբյեկտը շահագործում են առանց ավարտված շինարարության շահագործման ընդունումը փաստագրող շահագործման ակտի, որի համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նույնպես որեւէ պատասխանատվություն նախատեսված չէ: Նշված իրավախախտման դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելը եւ դրանք կանխարգելելը, ինչպես նաեւ քաղաքացիների եւ կառուցապատողների կողմից նրանց պարտականությունների պատշաճ կատարման ապահովումը հնարավոր է միայն նշյալ օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու միջոցով:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Սույն իրավական ակտի ընդունման նպատակը իրավախախտներին վարչական պատասխանատվության ենթարկելիս հնարավոր ակնկալվող դրական արդյունքի հասնելն է, քաղաքացիների եւ կառուցապատողների օրենքով սահմանված պարտականությունները նրանց կողմից պատշաճ կատարելու ապահովումն է:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը
Նախագծի մշակման գործում այլ ինստիտուտներ կամ անձինք չեն ներգրավվել:
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման եւ կիրառման արդյունքում ակնկալվում է ապահովել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածով նախատեսված ինքնակամ շինարարական աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ իրավախախտումների կատարման դեպքերի հնարավորինս նվազումը եւ հետագայում ի սպառ վերացումը, ինչպես նաեւ «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասով եւ նույն օրենսգրքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի «ժ» կետով սահմանված քաղաքացիների եւ կառուցապատողների պարտականությունները վերջիններիս կողմից պատշաճ կատարումը: