Գլուխ 1
Ընդհանուր դրույթներ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
Սույն օրենքը կարգավորում է բույսերի սերմերի արտադրության, վերարտադրության, իրացման, փոխադրումների, պահպանության եւ օգտագործման հետ կապված հարաբերությունները:
Սույն օրենքը չի տարածվում գենային ինժեներիայի եղանակով ստացված, գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ հանդիսացող բույսերի սերմերի արտադրության, վերարտադրության, իրացման, փոխադրումների, պահպանության եւ օգտագործման հետ կապված հարաբերությունների վրա:
Հոդված 2. Սերմնաբուծության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը
Բույսերի սերմերի արտադրության, վերարտադրության, իրացման, փոխադրումների, պահպանության եւ օգտագործման բնագավառում իրավական հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» ՀՀ օրենքով, ՀՀ այլ օրենսգրքերով եւ իրավական ակտերով:
Եթե Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերը նախատեսում են այլ նորմեր, քան սահմանված են սույն օրենքով, ապա գործում են միջազգային պայմանագրերի նորմերը:
Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
ա) սերմնաբուծություն՝ բույսերի սերմերի արտադրության, վերարտադրության, պահպանության, օգտագործման, ինչպես նաեւ սորտային ու սերմնային հատկանիշների գնահատման եւ կազմակերպման ուղղությամբ կատարվող աշխատանքները եւ միջոցառումները.
բ) սերմեր՝ բույսերի սորտերի պահպանության, վերարտադրության եւ բույսերի նոր սորտերի բուծման նպատակով օգտագործվող բույսի մաս.
գ) սորտային պատկանելիություն՝ ցուցանիշների ամբողջական համախումբ, որը բնութագրում է տվյալ սորտի սերմերի գենետիկական մաքրությունն ու միատարրություն.
դ) ցանքային որակ՝ ցուցանիշների ամբողջական համախումբ (ցանքային պիտանիության ցուցանիշներ), որը բնութագրում է սերմերի պիտանիությունը ցանքի համար եւ համապատասխանությունը պետական չափորոշիչներին.
ե) սերմերի խմբաքանակ՝ համասեռ սերմերի քանակություն, որը ձեւավորվում է մշակաբույսի, սորտի, վերարտադրության, սորտային մաքրության, արտադրության տարվա հատկանիշների եւ հատկությունների ընդհանրության վրա.
զ) ապրոբացիա՝ դաշտային հետազոտություններ սերմադաշտերի սորտային մաքրությունը, սորտային միատարրությունը, մոլախոտերով աղբոտվածությունը, հիվանդություններով ու վնասատուներով բույսերի վարակվածությունը որոշելու նպատակով.
է) արտոնագրատեր՝ բույսի սորտի սեփականատեր, որն այդ իրավունքը ձեռք է բերել «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով.
ը) սորտային հատկանիշների գնահատում - գյուղատնտեսական մշակաբույսերի սերմերի սորտային պատկանելիության եւ սորտային մաքրության որոշում ցանքերի ապրոբացիայի, դաշտային հետազոտությունների եւ լաբորատոր փորձարկումների միջոցով.
թ) սերմնային հատկանիշների գնահատում սերմնաբուծության բնագավառում պետական չափորոշիչների եւ այլ նորմատիվ փաստաթղթերի պահանջների պահպանման նպատակով սերմերի ցանքային պիտանիության ցուցանիշների որոշման միջոցառումներ.
ժ) բուսաբանական հատկանիշների գնահատում հատուկ հողակտորների վրա սերմերի ցանքի եւ գյուղատնտեսական մշակաբույսերի հետագա սորտային ստուգումների միջոցով սերմերի որոշակի սորտին պատկանելիության եւ ցանքային պիտանիության որոշման միջոցառումներ.
ժա) լիզորված մարմին - գյուղատնտեսության բնագավառում պետական կառավարումն իրականացնող մարմին.
ժբ) հավաստագրված սերմեր - «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով արտոնագրված, արտոնագրության թույլտվություն ունեցող նվաճումների պետական գրանցամատյանում գրանցված բույսերի սերմեր, որոնց ծագումը, ցանքային որակը, պետական եւ ճյուղային չափորոշիչներին, նորմատիվային այլ փաստաթղթերի պահանջներին համապատասխանությունը վավերացված է հավաստագրով.
ժգ) հավաստագիր - օգտագործման թույլտվություն ունեցող սելեկցիոն նվաճումների պետական գրանցամատյանում գրանցված բույսերի սորտերի սերմերի ծագումը, ցանքային որակը ցանքային, պետական եւ ճյուղային չափորոշիչներին, նորմատիվային այլ փաստաթղթերի պահանջներին համապատասխանությունը հավաստող փաստաթուղթ.
ժդ) ինքնատիպ (օրիգինալ) սերմեր - սերմնաբուծության բնագավառում գործող պետական չափորոշիչների եւ նորմատիվային այլ փաստաթղթերի պահանջներին համապատասխանող հավաստագրված սերմեր:
ժե) բարձրակարգ (էլիտային) սերմեր (էլիտա) - սերմնաբուծության բնագավառում գործող պետական չափորոշիչների եւ այլ նորմատիվային փաստաթղթերի պահանջներին համապատասխանող՝ ինքնատիպ (օրիգինալ) սերմերից ստացված հավաստագրված սերմեր:
ժզ) վերարտադրված սերմեր - սերմնաբուծության բնագավառում գործող պետական չափորոշիչների եւ այլ նորմատիվային փաստաթղթերի պահանջներին համապատասխանող, բարձրակարգ (Էլիտային) սերմերից ստացված (հիբրիդային առաջին սերնդի, առաջին եւ հաջորդ սերունդների) հավաստագրված սերմեր.
ժէ) հիբրիդային սերմեր - սորտի արտոնագրատիրոջ, ինչպես նաեւ «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» ՀՀ օրենքով այդ իրավունքը ձեռք բերած ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից արտադրված, սերմնաբուծության բնագավառում գործող պետական չափորոշիչների եւ այլ նորմատիվային փաստաթղթերի պահանջներին համապատասխանող, ծնողական տարբեր ձեւերի տրամախաչման միջոցով ստացված հավաստագրված սերմեր:
ժը) անտառային բույսերի սերմեր.
սովորական սերմեր՝ բուսական համակեցություններում բնական պայմաններում ստացված, հավաստագրված սերմեր.
բարելավված սերմեր՝ բուսական համակեցություններում բնական պայմաններում ստացված, օգտագործման նպատակով ծլունակությունն ու ծլման էներգիան բարձրացնող տեխնոլոգիաներով ցանքի պատրաստաված հավաստագրված սերմեր.
սորտային սերմեր՝ «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով արտոնագրված բույսերի սորտերի հավաստագրված սերմեր:.
Գլուխ 2
Հոդված 4. Գյուղատնտեսական մշակաբույսերի սերմնաբուծության հերթագայությունը (սխեման)
1. Գյուղատնտեսական մշակաբույսերի սերմնաբուծության հերթագայությունը (սխեման) իր մեջ ներառում է գիտականորեն հիմնավորված մեթոդների կիրառմամբ գյուղատնտեսական մշակաբույսերի սերմերի վերարտադրության հաջորդական միջոցառումների համալիր:
2. Գյուղատնտեսական մշակաբույսերի սերմնաբուծության հերթագայության կարգը (սխեման) սահմանում է լիազորված մարմինը:
3. Բույսերի սերմերի սորտային եւ ցանքային հատկանիշների գնահատման նպատակով օգտագործվում են միասնական մեթոդներ, հասկացություններ, ցանքային պիտանիության չափորոշիչներ, որակի ամրագրման փաստաթղթերի ձեւեր, այլ նորմատիվային փաստաթղթեր:
4. Բույսերի սերմերի սորտային եւ ցանքային հատկանիշների ամրագրման փաստաթղթերի ձեւերը հաստատում է լիազորված մարմինը:
Հոդված 5. Սերմնաբուծության հիմնական խնդիրները
Սերմնաբուծության հիմնական խնդիրներն են.
ա) բույսերի սերմերի արտադրության եւ վերարտադրության բարձր արտադրողական համակարգի ստեղծումը.
բ) սորտաթարմացման եւ սորտափոխանակության գործընթացում բույսերի սորտերի սերմերի տնտեսական եւ կենսաբանական արժեքավոր հատկանիշների պահպանությունն ու վերարտադրությունը.
գ) հանրահայտ սորտերի գենետիկական պաշարների պահպանությունն ու վերարտադրությունը.
դ) Հայաստանի Հանրապետության բնակլիմայական պայմաններին լավ հարմարվող բույսերի նոր սորտերի արագացված բազմացումը.
ե) երկրի պարենային անվտանգության ապահովման նպատակով սերմերի պահուստային ֆոնդերի ստեղծումը.
զ) սերմնաբուծության գիտական ապահովումը:
Հոդված 6. Սերմերի որակի որոշումը
Սերմերի սորտային պատկանելիությունն ու ցանքային պիտանիությունը որոշվում են դաշտային հետազոտությունների եւ լաբորատոր փորձարկումների միջոցով ստացված արդյունքների հիման վրա: Հետազոտությունների կամ փորձարկումների միջոցով սերմերի սորտային պատկանելիության եւ ցանքային պիտանիության ցուցանիշները որոշվում են ՀՀ պետական չափորոշիչներով եւ սերմնաբուծության բնագավառում գործող նորմատիվային այլ փաստաթղթերով սահմանված կարգով:
Հոդված 7. Սերմերի հավաստագրումը
1. Հավաստագրման ենթակա են բույսերի այն սորտերի սերմերը, որոնք արտոնագրվել են «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով եւ գրանցված են օգտագործման թույլտվություն ունեցող սելեկցիոն նվաճումների պետական գրանցամատյանում:
2. Հետագա վերարտադրության կամ իրացման համար կարող են օգտագործվել միայն հավաստագրված սերմերը: Ոչ ձեռնարկատիրական գործունեության նպատակով կարող են արտադրվել եւ օգտագործվել նաեւ չհավաստագրված սերմերը:
3. Բույսերի սերմերի հավաստագրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
4. Սերմերի հավաստագրման ընթացակարգով ցանքային պիտանիության հասցված սերմերին ու նրանց խմբաքանակներին տրվում է հավաստագիր, իսկ ցանքային պիտանիության ցուցանիշներին չբավարարող սերմերին՝ որակի վկայական:
5. Արտահանվող սերմերի խմբաքանակների հավաստագրումը կատարվում է միջազգային իրավասու կազմակերպությունների կողմից սահմանված պահանջներին համապատասխան:
Հոդված 8. Գյուղատնտեսական մշակաբույսերի սերմերի սորտային պատկանելիության որոշումը
1. Գյուղատնտեսական մշակաբույսերի սերմերի սորտային պատկանելիությունը որոշվում է ցաքատարածությունների ապրոբացիայի, բուսաբանական հատկանիշների գնահատման եւ լաբորատոր փորձարկումների միջոցով:
2. Գյուղատնտեսական մշակաբույսերի ապրոաբացիան կատարվում է սերմարտադրողների հայտի հիման վրա:
3. Ապրոբատորների հավատարմագրման կարգը եւ հայտի ձեւը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
4. Բուսաբանական հատկանիշների գնահատման ենթակա են իրացման համար նախատեսված օրիգինալ, էլիտային եւ վերարտադրված սերմերը:
5. Բուսաբանական հատկանիշների գնահատման ենթակա գյուղատնտեսական մշակաբույսերի սերմերի ցանկը սահմանում է լիազորված մարմինը:
6. Լաբորատոր սորտային գնահատման ենթակա են իրացման եւ հետագա վերարտադրության համար նախատեսված ինքնատիպ (օրիգինալ), բարձրակարգ (էլիտային) եւ վերարտադրված սերմերի բոլոր խմբաքանակները:
7. Լաբորատոր սորտային գնահատման ենթակա բույսերի ցանկը սահմանում է լիազորված մարմինը:
Հոդված 9. Սերմերի ցանքային պիտանիության ցուցանիշների որոշումը
1. Սերմերի ցանքային պիտանիության ցուցանիշները (որակական հատկանիշներ) որոշվում են սերմերի խմբաքանակից միջին նմուշ վերցնելու եւ նմուշի լաբորատոր փորձարկումների միջոցով:
2. Սերմերի խմբաքանակից նմուշ առանձնացնելու կարգը եւ նմուշի առանձնացման ակտի ձեւը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Սերմերի ցանքային պիտանիության ցուցանիշների լաբորատոր փորձարկումները կազմակերպում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով արտոնագրված փորձարարական լաբորատորիաները:
Հոդված 10. Հավաստագրված սերմերի պահպանությունը, փոխադրումներն ու իրացումը
1. Հավաստագրված սերմերի պահպանությունը, փոխադրումներն ու իրացումը կատարվում է սերմերի սորտային եւ ցանքային հատկությունները վավերացնող հավաստագրի առկայության դեպքում:
2. Հավաստագրված սերմերի պահպանության, փոխադրումների եւ իրացման համար նախատեսված յուրաքանչյուր խմբաքանակ փաթեթավորվում եւ դրոշմվում է՝ ուղեկցող պիտակի եւ այլ փաստաթղթերի կամ բեռնարկղի վրա նշելով սերմերի մասին տեղեկատվությունը՝ գրված, տպված կամ գրաֆիկական տեսքով:
3. Ինքնատիպ (օրիգինալ), բարձրակարգ (էլիտային) եւ հիբրիդային սերմերը պահպանվում, փոխադրվում եւ իրացվում են միայն փաթեթավորված (բեռնարկղերով):
4. Քիմիական եւ կենսաբանական միջոցներով մշակված սերմերը, պահպանվում, փոխադրվում եւ իրացվում են միայն փաթեթավորված վիճակում: Բեռնարկղը (փաթեթը) պետք է ունենա համապատասխան նախազգուշացնող գրություն եւ ուղեկցվի սերմերի անվտանգ օգտագործման հրահանգով, մարդու եւ կենդանիների առողջության վրա հնարավոր հետեւանքներ թողնելու մասին համառոտ տեղեկատվությամբ:
5. Փաթեթավորման համար օգտագործվող բեռնարկղերը պետք է ապահովեն սերմերի որակի եւ քանակի պահպանումը, իսկ քիմիական եւ կենսաբանական միջոցներով մշակված սերմերի համար նաեւ առողջության համար անվտանգությունն ու պաշտպանեն շրջապատող միջավայրի վարակներից:
6. Սերմերի պահպանության, փոխադրումների եւ իրացման ընթացքում արգելվում են այնպիսի գործողությունների իրականացումը,
ա) որոնց հետեւանքով տեղի է ունենում սերմերի հավաստագրում ամրագրված ցանքային պիտանիության ցուցանիշների անկում.
բ) վնասվում կամ ոչնչանում են սերմերի որակի հավաստագրերն ու պիտակները.
Գլուխ 3
Սերմերի ներմուծումն ու արտահանումը
Հոդված 11. Սերմերի ներմուծումն ու արտահանումը
1. Բույսերի սերմերի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն թույլատրվում է, եթե՝
ա) ներմուծվող սորտը արտոնագրվել եւ գրանցվել է սելեկցիոն նվաճումների պետական գրանցամատյանում.
բ) ներկայացվում է ներկրված գյուղատնտեսական մշակաբույսերի սերմերի կամ նրանց խմբաքանակի սորտային պատկանելիության եւ ցանքային պիտանիության արտահանող երկրի իրավասու կազմակերպության կողմից տրված հավաստագիրը.
2. Հայաստանի Հանրապետություն գյուղատնտեսական մշակաբույսերի սերմերի ներկրման եւ Հայաստանի Հանրապետությունից արտահանման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Գիտահետազոտական նպատակով եւ սորտափորձարկումների համար Հայաստանի Հանրապետություն ներմուծվող եւ Հայաստանի Հանրապետությունից արտահանվող գյուղատնտեսական մշակաբույսերի սերմերի թույլատրելի առավելագույն քանակները սահմանում է լիազորված մարմինը:
4. Սույն հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերի դրույթները չեն տարածվում «տարանցիկ փոխադրում», «ներմուծում մաքսային պահեստ» եւ «ներմուծում ազատ մաքսային պահեստ» մաքսային ռեժիմներով ՀՀ ներմուծվող սերմերի խմբաքանակների վրա:
Գլուխ 4
Սերմնաբուծության բնագավառում պետական քաղաքականության հիմնական սկզբունքները
Հոդված 12. Իրացման ենթակա սերմերի որակի երաշխիքները
1. Գյուղատնտեսական մշակաբույսերի սերմերի արտադրությամբ, վերարտադրությամբ, իրացմամբ զբաղվող ֆիզիկական եւ իրավաբանական անձինք երաշխավորում են սերմերի որակի փաստաթղթերում արձանագրված սերմերի սորտային պատկանելիության եւ ցանքային պիտանիության ցուցանիշների համապատասխանությունը իրացվող սերմերի համապատասխան ցուցանիշներին եւ դրանց խախտման դեպքում պատասխանատվություն են կրում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. Գյուղատնտեսական մշակաբույսերի սերմերի ձեռք բերման երաշխիքները գործում են այն ժամկետների ընթացքում, որոնք նշված են հավաստագրում:
Հոդված 13. Սերմերի պահուստային խմբաքանակ
1. Միջազգային պայմանագրերով ամրագրված պարտավորությունների կատարումն ապահովելու, բազմացման փուլում գտնվող գյուղատնտեսական մշակաբույսերի արժեքավոր սորտերի պահպանության եւ տարերային աղետների հետեւանքները մեղմելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ստեղծում է գյուղատնտեսական մշակաբույսերի սերմերի պահուստային խմբաքանակներ:
2. Գյուղատնտեսական մշակաբույսերի սերմերի պահուստային խմբաքանակների բուսաբանական կազմը, ձեւավորման, օգտագործման, համալրման եւ նորացման կարգը սահմանում է Հայաստանի Հանարապետության կառավարությունը:
Հոդված 14. Սերմնաբուծության գիտական ապահովումը
Սերմնաբուծության գիտական ապահովումն իրականացնում են լիազորված մարմինը, նրա համակարգի գիտակրթական եւ գիտահետազոտական հաստատությունները, գիտական, փորձարարական կազմակերպությունները, հետազոտողները, որոնք մշակում են՝
ա) բույսերի նոր սորտերի բուծման եւ սերմնաբուծության վերաբերյալ գիտատեխնիկական ծրագրեր.
բ) սերմնաբուծության եւ սորտագիտության վերաբերյալ գիտականորեն հիմնավորված արդյունավետ համակարգեր.
գ) նոր եւ հեռանկարային սորտերի ներդրման, տեղաբաշխման երաշխավորություններ.
դ) սերմարտադրության արդյունավետ մեթոդներ, տեղեկատվական համակարգեր.
ե) արժեքավոր սորտերի պահպանության եւ բազմացման ծրագրեր:
Հոդված 15. Սերմնաբուծության մասին օրենսդրությունը խախտելու համար պատասխանատվությունը եւ սերմնաբուծության բնագավառում վեճերի լուծման կարգը
1. Սերմնաբուծության մասին օրենսդրության խախտումն առաջ է բերում պատասխանատվություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. Սերմնաբուծության բնագավառում առաջացող վիճելի հարցերը լուծվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հիմնավորում
«Սերմնաբուծության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության մասին
«Սերմնաբուծության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը կկարգավորի բույսերի սերմերի արտադրության, վերարտադրության, իրացման, փոխադրումների, պահպանության եւ օգտագործման հետ կապված հարաբերությունները:
Հանրապետությունում տարեկան օգտագործվում է 25-28 հազար տոննա աշնանացան ցորենի, 14-16 հազար տոննա գարնանացան գարու, 125-135 հազար տոննա կարտոֆիլի տնկանյութ, մի քանի հարյուր տոննա գյուղատնտեսական այլ մշակաբույսերի սերմեր: Այդ կապակցությամբ, օրենքի ընդունումը հնարավորություն է տալիս սերմերի որակի գնահատման հանրապետական նոր ծառայություն ձեւավորել, որը բուսաբուծության բնագավառում սերմերի որակի գլխավոր երաշխիքն է լինելու՝ կանխելով անորակ սերմերի օգտագործման հետեւանքով բուսաբուծությանը հասցվող վնասները:
Սերմերի արտադրությունը պահանջում է առանձնահատուկ տեխնոլոգիաներ, որոնք անհրաժեշտ է վերահսկել արտադրության փուլում: Օրենքի նախագիծը հնարավորություն է տալիս ՀՀ-ում կիրառել սերմերի այն դասակարգումն ու որակի գնահատման ընթացակարգը, որը կիրառվում է ՀՀ սերմեր արտահանող երկրներում: Սերմերի ծագումնաբանության եւ ցանքային պիտանիության ցուցանիշների որաշման մեթոդների նույնականացումը արտերկրներում կիրառվող նշված գործընթացների հետ հնարավորություն է տալիս վիճելի հարցեր առաջանալու դեպքում ապահովել դրանց կարգավորումը:
Նախագիծը ներառում է բնագավառն ամբողջությամբ, այն փորձաքննության է ենթարկվել հանրապետության սելեկցիոն կենտրոններում, քննարկվել է խոշոր սերմարտադրողների կողմից եւ արժանացել հավանության: