Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-295-10.05.2004-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՍԵՐՄԵՐԻ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

1. Սույն օրենքը կարգավորում է բույսերի օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի գրանցման, սերմերի արտադրության, վերարտադրության, վերամշակման, հավաստագրման, փոխադրումների, պահպանության, իրացման եւ օգտագործման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն օրենքը տարածվում է բազմացման կամ վերարտադրության համար նախատեսված տեղական ու ներկրված բոլոր տեսակի մշակաբույսերի, անտառային եւ դեկորատիվ բույսերի սերմերի վրա:

3. Սույն օրենքը չի տարածվում գենային ինժեներիայի եղանակով ստացված եւ գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմ հանդիսացող սորտերի գրանցման, սերմերի արտադրության, վերարտադրության, վերամշակման, հավաստագրման, փոխադրման, պահպանության, իրացման եւ օգտագործման վրա:

Հոդված 2. ՍԵՐՄԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

1. Սերմերի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը բաղկացած է սույն օրենքից եւ Հայաստանի Հանրապետության այլ օրենքներից ու իրավական ակտերից:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ դրույթներ, ապա գործում են միջազգային պայմանագրերի դրույթները:

Հոդված 3. ՕՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.

ա) սերմեր` բույսերի սորտերի պահպանության, վերարտադրության եւ նոր սորտերի բուծման նպատակով օգտագործվող բույս կամ բույսի առանձին մաս.

բ) սերմնաբուծություն` բույսերի սերմերի արտադրության, վերարտադրության, պահպանության, օգտագործման, սորտային պատկանելության եւ ցանքային պիտանիության ցուցանիշների որոշման նպատակով կատարվող աշխատանքների եւ միջոցառումների համալիր.

գ) նախահիմնային (օրիգինալ) սերմեր` արտոնագրատիրոջ (սելեկցիոների) կողմից արտադրված,սերմնաբուծության բնագավառում գործող տեխնիկական կանոնակարգերի, պետական չափորոշիչների եւ նորմատիվային այլ փաստաթղթերի պահանջներին համապատասխանող, տվյալ սորտի առանձնահատկություններն ամբողջությամբ կրող սերմեր.

դ) հիմնային (էլիտային) սերմեր (էլիտա)` սերմնաբուծության բնագավառում գործող տեխնիկական կանոնակարգերի, պետական չափորոշիչների եւ նորմատիվային այլ փաստաթղթերի պահանջներին համապատասխանող, նախահիմնային սերմերից ստացված սերմեր.

ե) վերարտադրված սերմեր` սերմնաբուծության բնագավառում գործող տեխնիկական կանոնակարգերի, պետական չափորոշիչների եւ նորմատիվային այլ փաստաթղթերի պահանջներին համապատասխանող հիմնային սերմերից ստացված սերմեր.

զ) հիբրիդային սերմեր` սերմնաբուծության բնագավառում գործող տեխնիկական կանոնակարգերի, պետական չափորոշիչների եւ նորմատիվային այլ փաստաթղթերի պահանջներին համապատասխանող, ծնողական տարբեր ձեւերի տրամախաչման միջոցով ստացված սերմեր.

է) անտառային բույսեր եւ սերմեր` բուսական համակեցություններում բնական պայմաններում ստացված անտառային բույսեր եւ սերմեր.

է1 ) սովորական սերմեր` բուսական համակեցություններում բնական պայմաններում ստացված եւ այդ վիճակում օգտագործվող անտառային բույսեր եւ սերմեր.

է2 ) բարելավված սերմեր` բուսական համակեցություններում բնական պայմաններում ստացված, օգտագործման նպատակով ծլունակությունն ու ծլման էներգիան բարձրացնող տեխնոլոգիաներով նախապատրաստված անտառային բույսեր եւ սերմեր.

է3 ) սորտային սերմեր` արտոնագրատիրոջ (սելեկցիոների) կողմից արտադրված` սերմնաբուծության բնագավառում գործող տեխնիկական կանոնակարգերի, պետական չափորոշիչների եւ նորմատիվային այլ փաստաթղթերի պահանջներին համապատասխանող, տվյալ սորտի առանձնահատկություններն ամբողջությամբ կրող անտառային բույսերի սերմեր.

ը) տնտեսական օգտակարության պետական փորձարկում` լիազորված մարմնի կողմից բույսերի սորտերի` տարբերիչ առանձնահատկությունը, միատարրությունը, կայունությունը, հանրապետության բնակլիմայական պայմաններին նրանց հարմարվողականությունը, մշակության գոտում (gwtiներում) հանրաճանաչ սորտերի համեմատությամբ նրանց տնտեսական օգտակարությունն ու արդյունավետությունը որոշելու նպատակով կատարվող դաշտային եւ լաբորատոր համալիր փորձարկումներ.

թ) օգտագործման թույլտվություն ունեցող սորտ` տնտեսական օգտակարության պետական փորձարկումներ անցած, օգտագործման թույլտվություն ունեցող բույսերի սորտերի ցանկում գրանցված սորտ.

ժ) սերմերի արտադրության հերթագայություն` բույսի տվյալ տեսակի օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի ցանկում գրանցված սորտի սերմերի արտադրության եւ հավաստագրման նպատակով կիրառվող կանոնների, հրահանգների, ցուցումների եւ երաշխավորությունների համալիր.

ժա) սերմերի հավաստագրում` սերմերի սորտային պատկանելիության եւ ցանքային պիտանության ցուցանիշների համապատասխանությունը տեխնիկական կանոնակարգերի, պետական չափորոշիչների եւ սերմնաբուծության բնագավառում գործող նորմատիվային այլ փաստաթղթերի պահանջներին որոշելու նպատակով սերմերի արտադրության հերթագայությամբ սահմանված միջոցառումների համալիր (դաշտային հետազոտություններ, լաբորատոր փորձարկումներ).

ժբ) հավաստագիր` օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի սերմերի ծագումը, ցանքային պիտանությունը եւ տեխնիկական կանոնակարգերին, պետական չափորոշիչներին եւ սերմնաբուծության բնագավառում գործող նորմատիվային այլ փաստաթղթերին դրանց համապատասխանությունը հավաստող փաստաթուղթ.

ժգ) բուսաբանական հատկանիշների ստուգիչ փորձարկում` հատուկ հողակտորների վրա սերմերի ցանքի եւ մշակաբույսերի սորտային պատկանելիության հետագա ստուգումների միջոցով սերմերի որոշակի սորտի պատկանելության եւ ցանքային պիտանության ցուցանիշների որոշման նպատակով լիազորված մարմնի կողմից իրականացվող դաշտային փորձարկումների եւ միջոցառումների համալիր.

ժդ) դաշտային հետազոտություններ (ապրոբացիա)` սերմադաշտերի տեսակային եւ սորտային մաքրության ու միատարրության, մոլախոտերով աղբոտվածության, հիվանդություններով ու վնասատուներով մշակաբույսերի վարակվածության որոշման միջոցառումներ.

ժե) սորտային հատկանիշներ` սերմերի տվյալ սորտին պատկանելիությունը բնորոշող հատկանիշների եւ հատկությունների համալիր.

ժզ) ցանքային պիտանություն ` տվյալ սորտի սերմերի սորտային պատկանելիության, վերարտադրողական հատկությունների եւ ցուցանիշների համալիր.

ժէ ) մշակաբույսեր` արտադրությունում օգտագործվող հացահատիկային, հատիկաընդեղեն, կերային, յուղատու, եթերայուղատու, տեխնիկական, բանջարաբոստանային բույսեր, ծաղկաբույսեր, դեղաբույսեր, հատապտղային բույսեր, խաղող, ծառեր, թփեր, սնկեր.

ժը) լիազորված մարմին ` գյուղատնտեսության բնագավառում պետական կառավարում իրականացնող մարմին:

ԳԼՈՒԽ 2

ՍԵՐՄԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԵՎ ՈՐԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 4. ՍԵՐՄՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Սերմնաբուծության հիմնական խնդիրներն են`

ա) մշակաբույսերի սերմերի արտադրության եւ վերարտադրության արդյունավետ համակարգերի ստեղծումը.

բ) սորտաթարմացման եւ սորտափորձարկման գործընթացում մշակաբույսերի սորտերի տնտեսական եւ կենսաբանական արժեքավոր հատկանիշների պահպանությունն ու վերարտադրությունը.

գ) Հայաստանի Հանրապետության բնակլիմայական պայմաններին լավ հարմարվող մշակաբույսերի նոր սորտերի արագացված բազմացումը.

դ) հանրաճանաչ սորտերի գենետիկական պաշարների պահպանությունն ու վերարտադրությունը.

ե) սերմնաբուծության գիտական ապահովումը, տեղեկատվության ժամանակակից համակարգերի ստեղծումը:

Հոդված 5. ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԲՈՒՅՍԵՐԻ ՍՈՐՏԵՐԻ ՑԱՆԿ

1. Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործման եւ հետագա բազմացման նպատակով թույլատրվում են բույսերի այն սորտերը, որոնք անցել են տնտեսական օգտակարության պետական փորձարկում եւ գրանցվել են օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի ցանկում:

Օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի ցանկը վարում եւ տարեկան առնվազն մեկ անգամ հրապարակում է լիազորված մարմինը:

2. Հայաստանի Հանրապետությունում տնտեսական օգտակարության պետական փորձարկումների ենթակա բույսերի տեսակների ցանկը սահմանում է լիազորված մարմինը:

3. Տնտեսական օգտակարության պետական փորձարկումների կազմակերպման, օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի ցանկում դրանց գրանցման եւ գրանցումից հանելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 6. ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՍԵՐՄՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԳԱՅՈՒԹՅՈՒՆԸ (ՍԽԵՄԱՆ)

1. Մշակաբույսերի սերմնաբուծության հերթագայությունը (սխեման) սահմանում է լիազորված մարմինը:

2. Սերմերի սորտային պատկանելության եւ ցանքային պիտանության ցուցանիշների որոշման նպատակով հանրապետությունում օգտագործվում են միասնական մեթոդներ, հասկացություններ, տեխնիկական միջոցներ եւ կանոնակարգեր, չափորոշիչներ, նորմատիվային նույնականացված պահանջներ, որակի ամրագրման փաստաթղթերի ձեւեր, այլ նորմատիվային փաստաթղթեր:

3. Սերմերի սորտային պատկանելության եւ ցանքային պիտանության ցուցանիշների ամրագրման փաստաթղթերի ձեւերը սահմանում է լիազորված մարմինը:

4. Սերմնաբուծության հերթագայությամբ սահմանվում են սերմերի հետեւյալ դասերը.

ա) նախահիմնային (օրիգինալ) սերմեր,

բ) հիմնային (էլիտային) սերմեր,

գ) վերարտադրված սերմեր (առաջին եւ երկրորդ վերարտադրութունների, հիբրիդային առաջին եւ երկրորդ սերունդների սերմեր):

5. Հետագա ներկրումների նպատակով կարող են Հայաստանի Հանրապետությունից դուրս մշակաբույսերի սորտերի սերմեր արտադրվել լիազորված մարմնի հետ համաձայնեցված հերթագայության համաձայն:

6. Օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի ցանկում գրանցված սորտերի նախահիմնային սերմեր արտադրողները պարտավոր են բուսաբանական հատկանիշների ստուգիչ փորձարկումների անցկացման համար պահպանել լիազորված մարմնի կողմից սահմանված քանակությամբ սերմեր եւ նրա պահանջով անվճար հատկացնել փորձարկումների համար:

7. Մշակաբույսերի գենետիկական պաշարների պահպանության նպատակով լիազորված մարմինը սահմանում է հանրահայտ եւ տնտեսական մեծ արժեք ունեցող սորտերի պահպանության եւ վերարտադրության ընթացակարգեր:

Հոդված 7. ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՍԵՐՄԵՐԻ ՈՐԱԿԻ ՈՐՈՇՈՒՄԸ

Սերմերի որակը բնութագրվում է սորտային պատկանելությամբ, դասերով եւ ցանքային պիտանության ցուցանիշներով:

Սերմերի սորտային պատկանելությունն ու ցանքային պիտանությունը որոշվում են դաշտային հետազոտությունների եւ լաբորատոր փորձարկումների միջոցով ստացված արդյունքների հիման վրա:

Դաշտային հետազոտությունների եւ լաբորատոր փորձարկումների միջոցով սերմերի սորտային պատկանելությունն ու ցանքային պիտանությունը որոշվում են տեխնիկական կանոնակարգերով, պետական չափորոշիչներով եւ սերմնաբուծության բնագավառում գործող նորմատիվային այլ փաստաթղթերով սահմանված կարգով եւ դեպքերում:

Հոդված 8. ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՍԵՐՄԵՐԻ ՍՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ

1. Մշակաբույսերի սերմերի սորտային պատկանելությունը որոշվում է սերմադաշտերի (ցանքատարածությունների) դաշտային հետազոտությունների, բուսաբանական հատկանիշների ստուգիչ գնահատման եւ լաբորատոր փորձարկումների միջոցով` յուրաքանչյուր մշակաբույսի եւ սերմերի դասի համար առանձին:

2. Մշակաբույսերի սերմադաշտերի դաշտային հետազոտությունները կատարվում են սերմարտադրողի հայտի հիման վրա:

3. Սերմադաշտերի դաշտային հետազոտություններ կատարողի (ապրոբատոր) հավատարմագրման կարգը եւ սերմադաշտերի դաշտային հետազոտությունների հայտի ձեւը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 9. ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՍԵՐՄԵՐԻ ՑԱՆՔԱՅԻՆ ՊԻՏԱՆՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄԸ

1. Մշակաբույսերի սերմերի ցանքային պիտանության ցուցանիշները որոշվում են սերմերի խմբաքանակից նմուշ վերցնելու, միջին նմուշ առանձնացնելու եւ առանձնացված միջին նմուշի լաբորատոր փորձարկումների միջոցով:

2. Սերմերի խմբաքանակից նմուշ վերցնելու, միջին նմուշ առանձնացնելու կարգը եւ նմուշառման ակտի ձեւը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Սերմերի ցանքային պիտանության ցուցանիշների լաբորատոր փորձարկումները կազմակերպում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված փորձարկման լաբորատորիաները:

Հոդված 10. ՍԵՐՄԵՐԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՈՒՄԸ

1. Պարտադիր հավաստագրման ենթակա բույսերի տեսակների ցանկը եւ հավաստագրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Պարտադիր հավաստագրման գործընթացն իրականացնում է լիազորված մարմինը (նրա կողմից հավատարմագրված անձինք):

3. Պարտադիր հավաստագրման ընթացակարգով ցանքային պիտանության հասցված սերմերին եւ նրանց խմբաքանակներին տրվում է ծագումը եւ ցանքային պիտանության ցուցանիշները վավերացնող հավաստագիր, իսկ այդ պահանջները չբավարարող սերմերին` փորձարկումների արդյունքների մասին արձանագրություն:

4. Հայաստանի Հանրապետությունից արտահանման համար նախատեսված սերմերի ցանքային պիտանության ցուցանիշները գնահատվում են միջազգային իրավասու կազմակերպությունների կողմից սահմանված ընթացակարգով եւ որակի գնահատման կանոնների համաձայն:

5. Հայաստանի Հանրապետությունից արտահանման համար նախատեսված սերմերի խմբաքանակներն ուղեկցվում են համապատասխանության միջազգային հավաստագրով:

6. Համապատասխանության հավաստագրի տրամադրման իրավասությունը պատկանում է միայն Լիազորված մարմնին:

7. Սեփական կարիքների համար արտադրվող եւ օգտագործվող սերմերը կարող են չհավաստագրվել, չունենալ սորտային պատկանելության եւ ցանքային պիտանության ցուցանիշները հավաստող փաստաթղթեր:

8. Լիազորված մարմինն իրականացնում է սերմերի արտադրողների, ներկրողների եւ արտահանողների հաշվառում:

Սերմեր արտադրողների, ներկրողների եւ արտահանողների հաշվառման համար լիազորված մարմինը վարում է գրանցամատյան:

Սերմեր արտադրողների, ներկրողների եւ արտահանողների հաշվառման գրանցամատյանի վարման կարգը եւ ձեւը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 11. ՀԱՎԱՍՏԱԳՐՎԱԾ ՍԵՐՄԵՐԻ ՊԻՏԱԿԱՎՈՐՈՒՄԸ, ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄԸ, ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ

1. Հավաստագրված սերմերի փաթեթավորումը, պիտակավորումը, պահպանությունը, փոխադրումն ու իրացումը կատարվում է հավաստագրի առկայության դեպքում:

2. Փոխադրման եւ իրացման համար նախատեսված հավաստագրված սերմերի յուրաքանչյուր խմբաքանակ փաթեթավորվում, տարավորվում եւ դրոշմվում է` պիտակի կամ տարայի վրա նշելով սերմերի ծագման եւ որակի մասին տեղեկատվությունը` գրված, տպված կամ գրաֆիկական տեսքով:

3. Իրացման համար նախատեսված սերմերի ցանկացած տարողության վրա փակցվում է սերմերի որակի վերաբերյալ ամբողջական եւ ճշգրիտ տեղեկություններ պարունակող պիտակ:

4. Պիտակների միջոցով հաղորդվող տեղեկությունների բովանդակությունը սահմանում է լիազորված մարմինը:

5. Քիմիական եւ կենսաբանական միջոցներով մշակված սերմերը պահպանվում, փոխադրվում եւ իրացվում են միայն փաթեթավորված վիճակում: Փաթեթը (տարան) պետք է ունենա համապատասխան նախազգուշացնող գրություն եւ ուղեկցվի սերմերի անվտանգ օգտագործման հրահանգով, մարդկանց, կենդանիների առողջության եւ շրջակա միջավայրի վրա հնարավոր հետեւանքներ ունենալու մասին համառոտ տեղեկատվությամբ:

6. Փաթեթավորման համար օգտագործվող տարաները պետք է ապահովեն հավաստագրում ամրագրված սերմերի որակի եւ քանակի պահպանությունը, իսկ քիմիական եւ կենսաբանական միջոցներով մշակված սերմերի համար նաեւ մարդկանց, կենդանիների առողջության եւ շրջակա միջավայրի անվտանգությունը:

Հոդված 12. ՍԵՐՄԵՐ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ԵՎ ԻՐԱՑՆՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Սերմարտադրողները`

ա) ինքնուրույն են որոշում արտադրվող սերմերի տեսականին եւ քանակությունը.

բ) սերմնաբուծության հերթագայությամբ սահմանված ընթացակարգով եւ ժամկետներում կարող են հայտ (եր) ներկայացնել սերմադաշտերի դաշտային հետազոտություններ, սերմերի ցանքային պիտանության ցուցանիշների լաբորատոր փորձարկումներ կատարելու եւ համապատասխան փաստաթղթեր ստանալու համար.

գ) սերմերի արտադրությունն իրականացնում են սերմնաբուծության հերթագայության խստիվ պաշտպանությամբ.

դ) հինգ տարվա ընթացքում գրանցում եւ պահպանում են արտադրված, օգտագործված եւ իրացված սերմերի ծագումը հաստատող եւ քանակությունները հավաստող փաստաթղթերը.

ե) ապահովում են լիազորված մարմնի իրավասու աշխատակիցների ազատ մուտքը սերմադաշտեր, պահեստներ, սերմերի վերամշակման եւ փաթեթավորման տարածքներ, անհրաժեշտ պայմաններ են ստեղծում նրանց գործունեության իրականացման եւ պահանջվող փաստաթղթերին ծանոթանալու համար:

ԳԼՈՒԽ 3

ՍԵՐՄԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆ ՈՒ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ

Հոդված 13. ՍԵՐՄԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆ ՈՒ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ

1. Մշակաբույսերի սերմերի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն թույլատրվում է, եթե`

ա) սերմերը նախատեսված են գիտահետազոտական աշխատանքների եւ սորտափորձարկման նպատակների համար.

բ) ներմուծվող սորտը գրանցված է օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի ցանկում եւ ներկայացվում են նրա սերմերի խմբաքանակի սորտային պատկանելության եւ ցանքային պիտանության ցուցանիշների` արտահանող երկրի իրավասու կազմակերպության կողմից տրված հավաստագրերը:

2. Հայաստանի Հանրապետություն մշակաբույսերի սերմերի ներկրման եւ Հայաստանի Հանրապետությունից դրանց արտահանման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Գիտահետազոտական աշխատանքների եւ սորտափորձարկումների համար Հայաստանի Հանրապետություն ներմուծվող եւ Հայաստանի Հանրապետությունից արտահանվող մշակաբույսերի սերմերի առավելագույն քանակները սահմանում է լիազորված մարմինը:

4. Սույն հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերի դրույթները չեն տարածվում «տարանցիկ փոխադրում», «ներմուծում մաքսային պահեստ» եւ «ներմուծում ազատ մաքսային պահեստ» մաքսային ռեժիմներով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սերմերի խմբաքանակների վրա:


ԳԼՈՒԽ 4

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՊՐԱՆՔԻ ՀԱՄԱՐ

Հոդված 14. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՊՐԱՆՔԻ ՀԱՄԱՐ

1. Մշակաբույսերի սերմերի արտադրությամբ, պահպանությամբ, փոխադրումներով, վերամշակմամբ, վերարտադրությամբ, իրացմամբ զբաղվող եւ հավաստագրման գործընթացն իրականացնող ֆիզիկական եւ իրավաբանական անձինք երաշխավորում են`

ա) սերմերի որակի փաստաթղթերում արձանագրված սորտային պատկանելության եւ ցանքային պիտանության ցուցանիշների համապատասխանությունը իրացվող սերմերի հավաստագրի համապատասխան ցուցանիշներին, որոնց խախտման դեպքում պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

բ) սերմերի սորտային պատկանելության եւ ցանքային պիտանության փաստաթղթերի պահպանությունը.

գ) սերմերի ցանքային պիտանության ցուցանիշների փոփոխությունների վերաբերյալ ողջամիտ ժամկետներում լիազորված մարմին համապատասխան տեղեկատվության ներկայացումը.

դ) հավաստագրման ընթացակարգի, սերմնաբուծության հերթագայության, տեխնիկական կանոնակարգերի, պետական չափորոշիչների եւ սերմնաբուծության բնագավառում գործող նորմատիվային այլ փաստաթղթերով սահմանված աշխատանքների ճշգրիտ իրականացումն ու համապատասխան փաստաթղթերի ձեւակերպումը:

2. Մշակաբույսերի սերմերի արտադրությամբ, պահպանությամբ, փոխադրումներով, վերամշակմամբ, վերարտադրությամբ, իրացմամբ զբաղվող եւ հավաստագրման գործընթացն իրականացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձինք պատասխանատվություն են կրում, եթե`

ա) ապացուցվում է, որ սերմերի ցանքային պիտանության ցուցանիշների փոփոխությունները տեղի են ունեցել իրենց մեղքով.

բ) լրացուցիչ դաշտային հետազոտությունների եւ լաբորատոր փորձարկումների արդյունքներով անհամապատասխանություն է հայտնաբերվում հավաստագրում ամրագրված ցուցանիշների եւ սերմերի խմբաքանակի համապատասխան փաստացի ցուցանիշների միջեւ.

գ) հավաստագիրը տրվել է հավաստագրման ընթացակարգի, սերմնաբուծության հերթագայության, տեխնիկական կանոնակարգերի, պետական չափորոշիչների եւ սերմնաբուծության բնագավառում գործող նորմատիվային այլ փաստաթղթերի պահանջների խախտումներով:

3. Սույն հոդվածի 2-րդ կետում նկարագրված պատասխանատվության հետեւանքով տնտեսավարողներին հասցված վնասներն ամբողջությամբ փոխհատուցվում են այն անձանց կողմից, որոնց մեղքով առաջացել են վնասները, եթե այլ բան չի նախատեսված կողմերի միջեւ կնքված պայմանագրով:

Հոդված 15. ՍԵՐՄՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

Սերմնաբուծության գիտական ապահովումն իրականացնում են լիազորված մարմինը, գիտակրթական, գիտահետազոտական, գիտաարտադրական հաստատությունները, փորձարարական, խորհրդատվական կազմակերպու-թյունները, հետազոտողները, որոնք մշակում են`

ա) բույսերի նոր սորտերի բուծման, սերմնաբանության եւ սերմնաբուծության վերաբերյալ գիտատեխնիկական ծրագրեր.

բ) սերմնաբանության, սերմնաբուծության եւ սորտագիտության վերաբերյալ գիտականորեն հիմնավորված, արդյունավետ համակարգեր.

գ) նոր սորտերի ներդրման եւ հանրապետության բնակլիմայական տարբեր գոտիներում դրանց մշակության երաշխավորություններ.

դ) սերմարտադրության արդյունավետ տեխնոլոգիաներ, տեղեկատվական ժամանակակից համակարգեր,

ե) հանրաճանաչ (արժեքավոր) սորտերի պահպանության եւ արագացված բազմացման ծրագրեր:

Հոդված 16. ՍԵՐՄԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ  ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

1. Սերմերի մասին օրենսդրության խախտումն առաջ է բերում պատասխանատվություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Լիազորված մարմնի (նրա՝ հավաստագրման գործընթացն իրականացնող ստորաբաժանումների կամ պաշտոնյաների), հավատարմագրված փորձարկման լաբորատորիաների եւ ապրոբատորների որոշումների հետ չհամաձայնելու դեպքում սորտերի օգտագործման թույլտվության գրանցման, սերմերի արտադրության, վերարտադրության, վերամշակման, հավաստագրման, փոխադրման, պահպանման, իրացման եւ օգտագոծման մեջ ներգրավված ֆիզիկական եւ իրավաբանական անձինք կարող են`

ա) համապատասխան որոշումն ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, բողոք ներկայացնել լիազորված մարմնին, որը բողոքը քննության է առնում այն ստանալուց հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում, եւ իր որոշումը տրամադրում է բողոքարկող կողմին՝ որոշումն ընդունելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում.

բ) սերմադաշտերի դաշտային լրացուցւիչ հետազոտությունների եւ սերմերի լաբորատոր կրկնական փորձարկումների անցկացման հայտ ներկայացնել լիազորված մարմնին, պահանջելով այդ աշխատանքների իրականացումն ապահովել այլ ապրոբատորների եւ փորձարկման լաբորատորիաների միջոցով.

գ) բողոքի առարկա հանդիսացող որոշման հավաստիությունը պարզաբանելու նպատակով կազմակերպել սերմադաշտերի դաշտային լրացուցւիչ հետազոտություններ եւ սերմերի լաբորատոր փորձարկումներ այդ իրավասություններն ունեցող անկախ ապրոբատորների եւ փորձարկման լաբորատորիաների միջոցով:

3. Բողոքարկման խորհրդի որոշմանը չհամաձայնելու դեպքում բողոքարկող կողմը կարող է դիմել դատարան՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 17. ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: