Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-43215-23.01.2014,21.02.2014-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հոկտեմբերի 23-ի ՀՕ-247 օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասում «վճռաբեկ դատարանի նախագահը» բառերից հետո լրացնել նոր պարբերություն՝ հետեւյալ բովանդակությամբ.

«քննչական կոմիտեի դեպարտամենտ հիմնարկինը՝ Քննչական կոմիտեի նախագահը,» բառերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի  մասին»,  «Հայաստանի Հանրապետության քննչական դեպարտամենտում պետական ծառայության մասին», «Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի  Հանրապետության  քրեական  դատավարության օրենսգրքում  փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  փոփոխություններ  կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության  մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում  փոփոխություններ կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության  մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում  փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հանրային  ծառայության  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ  կատարելու  մասին», «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում  լրացումներ  կատարելու  մասին», «Կուսակցությունների  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  լրացում  կատարելու  մասին», «Պետական կառավարչական հիմնարկների  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  լրացում  կատարելու  մասին», «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում  լրացումներ կատարելու  մասին», «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի  Հանրապետության օրենքում  փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման

Ընթացիկ իրավիճակը եւ առկա խնդիրները

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ)  ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է քննչական մարմինների անկախությունն ամրապնդելու, քրեական գործերով նախաքննության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, ինչը միաժամանակ բխում է ՀՀ Նախագահի 2013թ. սեպտեմբերի 24-ի թիվ ՆԿ-159-Ա կարգադրության պահանջներից:

Ներկայումս քրեական գործերով նախաքննություն կատարում են հատուկ քննչական ծառայության, ոստիկանության, պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի, ազգային անվտանգության, հարկային եւ մաքսային մարմինների քննիչները:

Տարբեր մարմինների կողմից նախաքննության իրականացման պրակտիկան վկայում է այն մասին, որ նրանք չունեն կազմակերպման եւ գործունեության միասնական սկզբունքներ եւ աշխատաոճ: Շատ դեպքերում միեւնույն իրավական հարցերի վերաբերյալ ցուցաբերվում են տարբեր մոտեցումներ, որի հետեւանքով խաթարվում է օրենքի առջեւ հավասարության սկզբունքը:

Բացի այդ, գործադիր իշխանության մարմինների համակարգում քննչական մարմինների գործունեության հետեւանքով էապես սահմանափակվում է նախաքննության մարմինների դատավարական ինքնուրույնությունը, մի շարք դատավարական հարցերի լուծումն իրականացվում է վարչաիրավական հարաբերություններին հատուկ կառուցակարգերով, ինչն ինքնին հակասում է քննիչի դատավարական գործառույթների բնույթին: Գործադիր իշխանության մարմնի կազմում քննչական մարմինը գործում է տվյալ գործադիր իշխանության մարմնի նյութատեխնիկական բազայի հիման  վրա, ինչն ուղղակի ազդեցություն է ունենում քննչական մարմինների անկախության վրա:

Նախաքննության մարմնի դատավարական ինքնուրույնության սահմանափակման եւ նյութատեխնիկական անկախության բացակայության պայմաններում, էապես նվազում է գործադիր իշխանության համապատասխան մարմինների համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը:

Տարբեր քննչական մարմինների առկայության պարագայում էապես տարբերվում են նաեւ քննիչների նյութական եւ սոցիալական ապահովվածության երաշխիքները: Տարբեր գերատեսչություններում գործում են քննիչների տարբեր աշխատավարձի չափերը, սոցիալական ապահովության տարբերվող երաշխիքները: Մինչդեռ, սոցիալական արդարությունը պահանջում է միասնականացնել նույնաբնույթ աշխատանք կատարող քննիչիների աշխատավարձը եւ սոցիալական երաշխիքները:

Միաժամանակ նկատենք, որ ՀՀ քննչական կոմիտեի ստեղծմամբ անհրաժեշտություն է առաջանում վերջինիս օրենքով վերապահված լիազորությունների իրականացումն ապահովելու նպատակով ստեղծել մասնագիտական գործունեություն իրականացնող քննչական կոմիտեի դեպարտամենտ, հետեւաբար եւ կարգավորել այդ դեպարտամենտում պետական ծառայության հետ կապված հարաբերությունները՝ որպես պետական ծառայության հատուկ տեսակի:

Առաջարկվող լուծումները

 «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի  մասին», «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին» ՀՀ օրենքների նախագծերով առաջարկվում է ամրապնդել քննչական մարմինների անկախությունը, բարձրացնել քրեական գործերով նախաքննության արդյունավետությունը եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կառուցվածքում գործող քննչական մարմինների հենքի վրա կազմավորել միասնական քննչական մարմին:

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի  մասին» ՀՀ օրենքի նախագծով հստակ ամրագրվել է, որ քննչական կոմիտեում ծառայությունը պետական հատուկ ծառայության տեսակ է, որի առանձնահատկությունները սահմանվում են միայն այդ օրենքով:  Այսինքն, ստեղծվելիք քննչական կոմիտեում ծառայության որեւէ առանձնահատկություն այլ օրենքով սահմանելը բացառվում է, ինչը միասնական քննչական մարմնի ծառայողների համակարգված աշխատաոճն ապահովելու համար լրացուցիչ երաշխիք է: Բացի այդ, քննչական աշխատանքի միասնականությունն ապահովելու համար քննչական կոմիտեի նախագահին իրավասություն է վերապահվել սահմանելու նախաքննության արդյունավետության, այդ թվում՝ դրա պատշաճ կազմակերպման մեթոդական ցուցումներ:

Հստակորեն ամրագրվել է, որ քննչական կոմիտեն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր իրավասության սահմաններում կազմակերպում եւ իրականացնում է ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ նախաքննությունը:

Առանձին հոդվածով սահմանվել է քննչական կոմիտեի գործունեության հրապարակային լինելու պարտադիր պահանջ:

Այսպես, նախատեսվում է, որ քննչական կոմիտեն հանրությանը տեղեկացնում է իր գործունեության մասին՝ ապահովելով  նախաքննության գաղտնիությունը, ինչպես նաեւ պետական եւ ծառայողական, կամ օրենքով պաշտպանվող այլ գաղտնիքների պահպանությունը:

Կոմիտեի վրա պարտականություն է դրվել յուրաքանչյուր տարի հրապարակել տեղեկատվություն՝ իր գործունեության մասին: Միաժամանակ ամրագրվել է, որ քննչական կոմիտեի նախագահը յուրաքանչյուր տարի ՀՀ Նախագահին եւ ՀՀ կառավարություն է ներկայացնում գրավոր հաղորդում՝  քննչական կոմիտեի նախորդ տարվա գործունեության մասին:

Կոմիտեի գործունեության կազմակերպման հիմնարար հարցեր քննարկելու համար նախագծով նախատեսվում է քննչական կոմիտեի կոլեգիայի առկայություն՝ կոմիտեի նախագահի նախագահությամբ:

Քննչական կոմիտեի ծառայողներին օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննելու համար առաջրկվում է ստեղծել քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողով՝ բաղկացած 3 տարի ժամկետով նշանակված կամ ընտրված 8 անդամից: Կարգապահական հանձնաժողովի կազմի մեջ են մտնելու քննչական կոմիտեի նախագահի տեղեկալներից մեկը՝ կոմիտեի նախագահի որոշմամբ, վիճակահանությամբ ընտրվող քննչական կոմիտեի 3 ծառայող, ինչպես նաեւ ՀՀ Նախագահի եւ ՀՀ վարչապետի կողմից նշանակված երկուական իրավաբան-գիտնական:

Քննչական կոմիտեի ծառայողին կարգապահական պատասխանատվության ենթարկվելու համար սահմանվել են հետեւյալ հիմքերը.

. իր լիազորություններն իրականացնելիս օրենքը կոպիտ կամ պարբերաբար խախտելու դեպքում.

. օրենքով նախատեսված պարտականությունները չկատարելու, ոչ պատշաճ կատարելու դեպքում.

. քննչական կոմիտեում ծառայության  հետ օրենքով նախատեսված անհամատեղելի գործունեություն իրականացնելու դեպքում:

Կարգապահական զանցանքի ծանրությունից ելնելով էլ սահմանվել են կոմիտեի ծառայողի նկատմամբ կիրառման ենթակա հետեւյալ կարգապահական տույժերը.

. զգուշացում.

. նկատողություն.

. խիստ նկատողություն.

. կոչումի իջեցում` մեկ աստիճանով.

. պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով.

. լիազորությունների դադարեցում:

Քննչական կոմիտեում ծառայության պաշտոնները, պետական ծառայության առանձին տեսակներին համահունչ, դասակարգվել են չորս խմբերի (կրտսեր, առաջատար, գլխավոր եւ բարձրագույն պաշտոններ), որոնցից յուրաքանչյուրն իր հերթին բաժանվում է երեք ենթախմբի:

Զբաղեցրած պաշտոնի ենթախմբին համապատասխան սահմանվել են կոչումներ: Որպես սկզբնական կոչում նախատեսվել է արդարադատության լեյտենանտի կոչումը, որը շնորհվում է կոմիտեում պաշտոնի նշանակվելիս: Բարձրագույն կոչումներ սահմանվել են արդարադատության գեներալ-լեյտենանտի եւ արդարադատության գեներալ-մայորի կոչումները, որոնք շնորհում է ՀՀ Նախագահը:

Նկատի ունենալով նախաքննություն իրականացնող մարմինների գործառութային առանձնահատկությունները, նրանց գործունեության վտանգավորության աստիճանը, քննչական կոմիտեի ծառայողների համար սահմանվել են լրացուցիչ սոցիալական երաշխիքներ: Ըստ այդմ համապատասխան լրացումներ են կատարվել նաեւ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» եւ «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքներում:

Միաժամանակ ամրագրվել է, որ քննչական կոմիտեի ծառայողները ենթակա են պարտադիր պետական ապահովագրության իրենց պարտականությունները կատարելու հաշմանդամ դառնալու (բացառությամբ՝ պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ ճանաչվելու), առողջությանը վնաս պատճառելու դեպքերից:

Բացի այդ, նախատեսվել է դրույթ առ այն, որ պետությունն ապահովում է  քննչական կոմիտեի ծառայողի առողջական վիճակի անվճար հետազոտումն ու նրա բուժումը:   Քննչական կոմիտեի ծառայողի առողջական վիճակի հետազոտումն ու բուժումը իրականացվում է ՀՀ ոստիկանության բժշկական հաստատություններում:

Սահմանվել է, որ ապահովագրության եւ ապահովագրական գումարների չափերը, հաշվարկման, վճարման կարգը եւ պայմանները, ինչպես նաեւ առողջական վիճակի հետազոտման պայմանները, պարբերականությունը եւ կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Անհրաժեշտության դեպքում, պայմանավորված քննչական կոմիտեի ծառայողին այլ վայր ծառայության գործուղելու հետ,  քննչական կոմիտեի ծառայողն ապահովվում է բնակելի տարածությամբ:  Քննչական կոմիտեի ծառայողին բնակելի տարածությամբ ապահովելու անհնարինության դեպքում տրվում է դրամական փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ չափերով:

Որպես լրացուցիչ սոցիալական երաշխիք նախատեսվել է նաեւ ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամության դեպքում կոմիտեի ծառայողին, իսկ զոհվելու դեպքում նրա ընտանիքի անդամներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան վճարով ապահովում, իսկ մշտական բնակության վայրից դուրս գործուղվելիս օրենսդրությամբ սահմանած չափերով եւ կարգով գործուղման ծախսերի փոխհատուցում:

Նկատի ունենալով քննչական կոմիտեի ծառայողների աշխատանքային առանձնահատկությունները՝ նրանց համար սահմանվել ամենամյա հերթական վճարովի արձակուրդի իրավունք` 30 աշխատանքային օր տեւողությամբ:

Նախաքննություն իրականացնող միասնական մարմնի ծառայողի անկախությունն օրենքով ամրապնդելու, ինչպես նաեւ վերջինիս գործունեության նկատամամբ պետական այլ մարմինների կամ պաշտոնատար անձանց միջամտությունը բացառելու նպատակով սահմանվել է, որ քննչական կոմիտեի ծառայողն իր լիազորություններն իրականցնելիս անկախ է եւ ենթարկվում է միայն օրենքին, նրա լիազորությունների իրականացմանը միջամտելն արգելվում է:

Նախագծով նախատեսված կարգավորումները միաժամանակ նպատակ են հետապնդում հնարավորինս ապահովել միասնական քննչական մարմնի ծառայողների` գլխավորապես ղեկավար կազմի ինչպես արտաքին, այնպես էլ ներքին անկախությունը: Մասնավորապես, արտաքին անկախությունը ենթադրում է պետական իշխանության մյուս ճյուղերից համակարգի քննիչների անկախություն: Այդ կապակցությամբ նախատեսվել է, որ քննչական կոմիտեի նախագահին պաշտոնի նշանակում է ՀՀ Նախագահը՝ ՀՀ վարչապետի ներկայացմամբ: Կոմիտեի նախագահի տեղակալները նույնպես նշանակվելու են ՀՀ Նախագահի կողմից՝ քննչական կոմիտեի նախագահի ներկայացմամբ: Համապատասխան փոփոխություն է կատարվել նաեւ «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքում՝ նույն ընթացակարգը նախատեսելով հատուկ քննչական ծառայության պետի եւ նրա տեղակալների պաշտոնի նշանակման համար:

Քննչական կոմիտեի մյուս ծառայողներին պաշտոնի նշանակելու եւ պաշտոնից ազատելու իրավունքը վերապահվել է կոմիտեի նախագահին:

Քննչական կոմիտեի նախագահը կոմիտեի վարչությունների եւ բաժինների կազմում գործող քննչիներին պաշտոնի է նշանակելու բացառապես ցուցակում ընդգրկված այն անձանց թվից, որոնք, ավարտելով ուսումնառությունը արդարադատության ակադեմիայում, հաջողությամբ հանձնել են որակավորման քննությունը կամ օրենքով ազատված են եղել արդարադատության ակադեմիայում ուսումնառությունից: Իսկ քննչական կոմիտեի մյուս ծառայողներին կոմիտեի նախագահը նշանակելու է ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկված անձանց թվից:

Այսինքն, կոմիտեի նախագահի վերոնշյալ լիազորությունը չի ենթադրում նրա միանձնյա որոշում՝ քնչական կոմիտեի ծառայողների նշանակման հարցում: Նա քննիչների եւ կոմիտեի մյուս ծառայողների նշանակումները կատարելիս կաշկանդված է լինելու բացառապես օրենքով սահմանված ընթացակարգին համապատասխան քննիչների թեկնածությունների եւ ծառայողական առաջխաղացման ցուցակներում ընդգրկված անձանցով:

Նախագծով առաջարկվող նման մոտեցումը նպատակ է հետապնդում ստեղծվելիք միասնական քննչական մարմինը համալրել հնարավորինս մասնագիտական բարձր  պատրաստվածություն ունեցող եւ որակյալ ծառայողներով: Դրանից զատ, այդ հանգամանքը նպաստելու է հետագայում իրավական համակարգում ներկայացված դատավորների, դատախազների եւ քննիչների առավել արդյունավետ աշխատանքի ապահովմանը:

Քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակը համալրվելու է   քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովի կողմից՝ տարին մեկ անգամ, որպես կանոն, յուրաքանչյուր տարվա հունվար ամսին: Որակավորման հանձնաժողովը կազմված է լինելու 9 անդամից (քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, կոմիտեի 4 ծառայող, 4 իրավաբան-գիտնական), որոնց նշանակելու է քննչական կոմիտեի նախագահը՝ 3 տարի ժամկետով:

Բացի այդ, զբաղեցրած պաշտոնին քննչական կոմիտեի ծառայողի մասնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների համապատասխանությունը որոշելու, ինչպես նաեւ ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկվելու նպատակով սահմանվել է, որ քննչական կոմիտեի ծառայողը երեք տարին մեկ անցնում է ատեստավորում՝ բացառություն նախատեսելով քննչական կոմիտեի նախագահի եւ նրա տեղակալների, քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչությունների, վարչությունների պետերի, զինվորական քննչական վարչության պետի, Երեւան քաղաքի քննչական վարչության պետի, մարզային քննչական վարչության պետերի համար, ինչպես նաեւ հղի եւ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող քննչական կոմիտեի ծառայողների համար:

Միասնական քննչական մարմնի քննիչների մասնագիտական բարձր որակավորումն ապահովելու առումով միաժամանակ դրույթ է ամրագրվել առ այն, որ քննչական կոմիտեի ծառայողները (բացառությամբ քննչական կոմիտեի նախագահի եւ նրա տեղակալների) պարտավոր են անցնել տարեկան վերապատրաստում:

Ինչպես քննիչների թեկանածուների ուսումնառությունը, այնպես էլ քննչական կոմիտեի եւ հատուկ քննչական ծառայության ծառայողների վերապատրաստումն իրականցվելու է «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

Այդ կապակցությամբ հիշատակված օրենքում կատարվել են մասնավորապես հետեւյալ լրացումները:

Ամրագրվել է, որ արդարդատության ակադեմիայի գործունեության նպատակներից են նաեւ քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մեջ քննիչի պաշտոն զբաղեցնելու համար անհրաժեշտ հմտությունների ձեւավորումը, մասնագիտական գիտելիքների ընդլայնումը, ինչպես նաեւ քննչական հատուկ քննչական ծառայության (այսուհետ՝ հատուկ քննչական ծառայություն)  քննիչների մասնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների հետեւողական կատարելագործումը:

Սահմանվել է նաեւ, որ արդարդատության ակադեմիան կազմակերպում եւ անցկացնում է որակավորման ստուգման արդյունքներով դատավորների, դատախազների եւ քննիչների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումը, վերապատրաստումը, վերջիններիս հատուկ ուսուցումը՝ հատուկ միջոցների եւ հրազենի գործադրման ունակություններն ուսուցանելու նպատակով:

Նախատեսվել է նաեւ, որ քննիչների թեկնածությունների ցուցակում գտնվող անձանց, քննիչների, քննչական դեպարտամենտի պետական ծառայողների արդարադատության ակադեմիայում ուսուցումը ֆինանսավորվում է համապատասխանաբար քննչական կոմիտեի եւ հատուկ քննչական ծառայության կողմից:

Միաժամանակ առաջարկվում է ընդունել «ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը լիարժեք կերպով եւ ամբողջականորեն կկարգավորի ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտում (այսուհետ՝ դեպարտամենտ) պետական ծառայության հետ կապված հարաբերությունները:

Նախագծով նախատեսվում է, որ դեպարտամենտը պետական կառավարչական հիմնարկ է, որն ապահովում է քննչական կոմիտեին Հայաստանի Հանրապետության օրենքներով վերապահված լիազորությունների լիարժեք եւ արդյունավետ իրականացումը եւ քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մաuնակցությունը՝ իրեն վերապահված լիազորությունների իրականացման միջոցով:

Նախագծով սահմանվում են դեպարտամենտում պետական ծառայության հիմնական սկզբունքները՝ ՀՀ Սահմանադրության եւ օրենքների գերակայությունը, մարդու եւ քաղաքացու իրավունքների ու ազատությունների առաջնահերթությունը, պետական ծառայության կայունությունը, հրապարակայնությունը, օրենքի առջեւ պետական ծառայողների իրավահավասարությունը, պետական ծառայողների անկողմնակալությունը եւ այլն:

Քննչական կոմիտեի դեպարտամենտի պետական ծառայողների թվում նախատեսվել է նաեւ քննիչի օգնականի պաշտոնը` որպես քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերով քննիչներին եւ հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչներին ամրակցված պետական ծառայող:

Նախագծով կարգավորվում են դեպարտամենտում կառավարման եւ ղեկավարման, պետական ծառայության պաշտոնների դասակարգման, դասային աստիճանների հետ կապված հարաբերությունները: Մասնավորապես՝ նախատեսվում է, որ պետական ծառայության կառավարումն իրականացնում է քննչական կոմիտեի նախագահը, իսկ ղեկավարումն իրականացնում է՝ դեպարտամենտի ղեկավարը, ով պետական ծառայող է եւ նշանակվում է տվյալ պաշտոնում քննչական կոմիտեի նախագահի կողմից՝ 5 տարի ժամկետով:

Սահմանվում է դեպարտամենտի կառուցվածքը, որում ներառվում են կառուցվածքային եւ առանձնացված ստորաբաժանումները, որոնց գործառույթները հաստատում է քննչական կոմիտեի նախագահը:

Նախագծի համաձայն՝ պետական ծառայության պաշտոնները դասակարգվում են չորս խմբերի՝ բարձրագույն, գլխավոր, առաջատար եւ կրտսեր պաշտոններ, որից բարձրագույն պաշտոններն իրենց հերթին բաժանվում են երկու, իսկ գլխավոր, առաջատար եւ կրտսեր պաշտոններ՝ երեք ենթախմբերի, որոնց համապատասխան էլ պետական ծառայողներին տրվում են նախագծով նախատեսված դասային աստիճաններ:

Սահմանվում են նաեւ բոլոր չորս խմբերի պաշտոնների անձնագրերին ներկայացվող պահանջները, ինչպես նաեւ այն անձինք, ովքեր իրավունք ունեն պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու եւ իրավունք չունեն պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու:

Նախագծով սահմանվում են պետական ծառայության պաշտոնում նշանակման եւ ազատման կարգը, մասնավորապես նախատեսվում է, որ քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է քննչական կոմիտեի նախագահը, քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարի տեղակալներին, Քննչական կոմիտեի դեպարտամենտի կառուցվածքային եւ առանձնացված uտորաբաժանումների ղեկավարներին, քննիչի օգնականին՝ Կոմիտեի նախագահը` Քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարի ներկայացմամբ, իսկ պետական ծառայության մյուս ծառայողներին՝ դեպարտամենտի ղեկավարը:

Սահմանվել է նաեւ, որ պետական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցվում է մրցութային կամ արտամրցութային կարգով եւ նախատեսվել են համապատասխան դեպքերը, մրցույթի ձեւերը, մրցութային հանձնաժողովների ձեւավորման կարգը, մրցույթի արդյունքների ամփոփումը, նոր եւ կրկնակի մրցույթները, պետական ծառայության ստաժը, պետական ծառայողների կադրերի ռեզերվը, ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու կարգը, ինչպես նաեւ ատեստավորման կարգը:

Սահմանվել են նաեւ պետական ծառայողների հիմնական իրավունքները եւ պարտականությունները, այսպես օրինակ աշխատանքի համար համարժեք վարձատրություն ստանալը, իրավական պաշտպանվածությունը՝ այդ թվում քաղաքական հետապնդումներից, դասային աստիճանի սահմանված կարգով բարձրացումը եւ այլն, իսկ որպես պարտականություն՝ սահմանված կարգով տրված հանձնարարականները եւ ընդունված որոշումները կատարելը, սահմանված կարգով եւ ժամկետում ատեստավորում եւ վերապատրաստում անցնելը եւ այլն: Նախատեսվել են նաեւ պետական ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակումները, որոնց համաձայն՝ պետական ծառայողներին արգելվում է կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական, uտեղծագործական եւ ընտրական հանձնաժողովի անդամի կարգավիճակից բխող աշխատանքից, անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, հոնորար uտանալ ծառայողական պարտականությունների կատարումից բխող հրապարակումների կամ ելույթների համար:

Նախատեսվել են նաեւ պետական ծառայողների սոցիալական երաշխիքները, մասնավորապես՝ ծառայողական պարտականությունների կատարման համար անվտանգ եւ անհրաժեշտ աշխատանքային պայմանները, վարձատրություն եւ Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ նախատեuված այլ վճարները, ամենամյա վճարովի արձակուրդը եւ այլն:

Նախատեսվել են պետական ծառայողի նկատմամբ կիրառվող խրախուսանքի տեսակները եւ կարգապահական տույժերը, պաշտոնից ազատելու հիմքերը, պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը եւ այլն:

Նախագծի եզրափակիչ եւ անցումային դրույթներով սահմանվել է, որ նախագիծն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության,  պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի համապատասխան քննչական մարմիններում աշխատող պետական ծառայողները համարվում են դեպարտամենտի պետական ծառայողներ եւ նշանակվում են պաշտոնի արտամրցութային կարգով՝ նախագծով սահմանված կարգով: Իսկ մինչեւ մրցութային հանձնաժողովի կազմավորումը եւ աշխատակարգի հաստատումը պետական ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում պետական ծառայողները Քննչական կոմիտեի դեպարտամենտի պետական ծառայության պաշտոնի են նշանակվում արտամրցութային կարգով եւ նախագծով սահմանված կարգով: Նախատեսվել են նաեւ դրույթներ առաջին ատեստավորման, առաջին վերապատրաստման, անցումային փուլում պետական ծառայողների կենսաթոշակի իրավունքի մասին: Այսպես՝ 2014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի եւ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական մարմիններում պաշտոնավարման ընթացքում «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերած եւ նախագծով սահմանված կարգով քննչական դեպարտամենտում պաշտոնի նշանակված պետական ծառայողի կողմից մինչեւ 2017 թվականի հուլիսի 1-ը կենսաթոշակի անցնելու դիմում ներկայացվելու դեպքում նրան կենսաթոշակ նշանակվում  է «Պետական կենսաթոշակների մասին» եւ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքներով սահմանված կարգով եւ չափով:

Նախաքննություն իրականացնող ծառայողների ներքին անկախությունն ամրապնդելու նպատակով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում կատարվել է համապատասխան լրացում, ըստ որի՝ նախաքննություն իրականացնող քննիչին համապատասխան ցուցում տալու իրավունք այլեւս ունենալու է միայն նրա անմիջական վերադասը, այլ ոչ թե ցանկացած վերադաս:

Միաժամանակ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացվել է դրույթ առ այն, որ հատուկ քննչական ծառայության ծառայողների՝ իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների վերաբերյալ գործերով նախաքննությունը կատարում են ազգային անվտանգության մարմինների քննիչները:

ՀՀ ընտրական օրենսգրքի, «Կուսակցությունների մասին» եւ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքների այն դրույթներում, որոնցով որոշակի կարգավիճակ ունեցող անձանց համար սահմանված են կոնկրետ սահմանափակումներ լրացվել են նաեւ քննչական կոմիտեի եւ հատուկ քննչական ծառայության ծառայողները:

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացվել է դրույթ առ այն, որ պետական ծառայությունն ընդգրկում է նաեւ ՀՀ քննչական կոմիտեում եւ ՀՀ քննչական դեպարտամենտում ծառայությունը:

 Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունման արդյունքում կստեղծվի միասնական քննչական մարմին՝ ՀՀ քննչական կոմիտեն: Կապահովվի նախաքննության մարմինների գործունեության սկզբունքների միասնականությունը, աշխատանքի համակարգվածությունը՝ հետեւաբար եւ նախաքննության առավել արդյունավետ իրականացումը: Քննիչների թեկնածությունների ցուցակում ընգրկվելու եւ հետագայում քննիչի պաշտոնում նշանակվելու համար կսահմանվի կոնկրետ ընթացակարգ՝ ապահովելով ծառայողների մասնագիտական որակների հնարավորինս բարձր մակարդակ:

Քննչական կոմիտեի գործունեության հրապարակային լինելու արդյունքում կապահովվի հանրության իրազեկվածությունը, ինչն էլ իր հերթին կնպաստի նախաքննական մարմինների նկատմամբ հանրության վստահության բարձրացմանը:

Ի վերջո լուծում կտրվի առավել կարեւոր հիմնախնդրին, այն է՝ կերաշխավորվի քննչական մարմինների ինչպես արտաքին, այնպես էլ ներքին անկախությունը եւ դատավարական ինքնուրույնությունը, քննիչների կարգավիճակի միասնականությունը: