Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-448-21.02.2014--011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 73-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20-ի ՀՕ-308 օրենքի (այսուհետ՝ Կանոնակարգ) 22-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ՈՐՈՇՈՒՄ Է.

1.Ստեղծել Հայաստանի Հանրապ»տության գազամատակարարման համակարգի գործուն»ությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով):

2.Հանձնաժողովի խնդիրներն են`

1) բնական գազի մատակարարման եւ օգտագործման բնագավառում սպառողների շահերի պաշտպանության ներկայիս վիճակի (բնական գազի ջերմատվության, գազի հաշվիչների ստուգաչափման, կորուստների հիմնավորվածության, ներտնային համակարգի սպասարկման եւ այլնի վերաբերյալ) ուսումնասիրությունը,

2) 2011-ից 2013 թվականների ընթացքում գազի դիմաց կուտակված պարտքի ձեւավորման օրինականության եւ չափի հիմնավորվածության ուսումնասիրությունը,

3) «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում Հայաստանի Հանրապետության ունեցած բաժնեմասի գնահատման գործընթացի ուսումնասիրությունը,

4) բնական գազի այլընտրանքային ներկրման (Ռուսաստանի Դաշնության այլ արդյունահանողներից, այլ երկրների արդյունահանողներից, Ռուսաստանի Դաշնության կամ Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով եւ այլն) հնարավորությունների կանխատեսումները,

5) Հայաստանի Հանրապետության տարածքով բնական գազի տարանցիկ փոխադրման հնարավորությունների կանխատեսումները,

6) ՀՀ օրենսդրությամբ Հայաստանի Հանրապետության համար Վրաստանի սահմանում բնական գազի գնի ձեւավորման գործոնների հիմնավորվածության ուսումնասիրությունը:

7) ՀՀ օրենսդրությամբ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների`

ա) սահմանման մեխանիզմի համապատասխանությունը միջազգային պրակտիկային,

բ) ազդեցությունը էլեկտրաէներգիայի սակագնի վրա:

3. Հանձնաժողովը գործում է Կանոնակարգի 27-րդ, 28-րդ, 29-րդ, 31-րդ եւ 32-րդ հոդվածներով նախատեսված կարգով հետեւյալ տարբերությամբ.

1) Հանձնաժողովի նիստերը դռնփակ են, բացառությամբ Հանձնաժողովի որոշմամբ նախատեսված դեպքերի.

2) Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է (գրանցվել է) նրա անդամների ընդհանուր թվի առնվազն կեսը, եւ այն վարում է Հանձնաժողովի նախագահը կամ Կանոնակարգի 26-րդ հոդվածի 9-րդ կետով նախատեսված դեպքում՝ նրա տեղակալը կամ Հանձնաժողովի որոշմամբ լիազորված Հանձնաժողովի անդամը.

3) Հանձնաժողովի որոշումները եւ եզրակացություններն ընդունվում են հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ.

4) հարցերի քննարկման ժամանակ որպես հիմնական կամ հարակից զեկուցող հանդես են գալիս Հանձնաժողովի սահմանած անձինք.

5) Հանձնաժողովի եզրակացությունը պետք է լինի գրավոր.

6) Հանձնաժողովի եզրակացության առնչությամբ նրա անդամի հատուկ կարծիքը  կցվում է եզրակացությանը:

4. Կանոնակարգի 30.1-րդ հոդվածով սահմանված լիազորություններից բացի, Հանձնաժողովը կարող է՝

1) իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից, պետական կամ համայնքային հիմնարկից, պետական կամ համայնքային կազմակերպությունից կամ դրանց պաշտոնատար անձանցից, բացառությամբ դատարանների, դատավորների, դատախազների եւ քննիչների, պահանջել Հանձնաժողովի ուսումնասիրման ընթացքում բացահայտման ենթակա հանգամանքների վերաբերյալ անցկացնել ուսումնասիրություններ, փորձագիտական հետազոտություններ եւ ներկայացնել դրանց արդյունքները.

2) օրենսդրությամբ սահմանված կարգով ծանոթանալ իր առջեւ դրված խնդիրներին վերաբերվող ցանկացած փաստաթղթի, այդ թվում՝ պետական, ծառայողական, առեւտրային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկություններին.

3) իր գործունեությունն իրականացնելիս ներգրավել մասնագետների եւ փորձագետների.

4) իր աշխատանքներին` խորհրդակցական ձայնի իրավունքով հրավիրել սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ գազամատակարարման համակարգում գործունեություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներին:

5. Հանձնաժողովի աշխատանքներին մասնացող այլ անձինք իրավունք չունեն հրապարակել Հանձնաժողովի աշխատանքների ընթացքում իրենց հայտնի դարձած տեղեկությունները:

6.Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են 4 պատգամավոր «Հանրապետական» խմբակցությունից, 2 պատգամավոր  «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից եւ մեկական պատագամավոր՝ մյուս խմբակցություններից:

7. Խմբակցության անդամները Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են խմբակցության ղեկավարի ներկայացմամբ՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում:

8. Հանձնաժողովն իր կազմից ընտրում է նախագահ եւ տեղակալ:

9.Հանձնաժողովի առաջին նիստը գումարվում է նրա կազմավորման օրվան հաջորդող առաջին երկուշաբթի օրը՝ ժամը 11-ին:

10.Ազգային Ժողովի աշխատակազմը մշտական հանձնաժողովների համար սահմանված կարգով ապահովում է Հանձնաժողովի գործունեության համար անհրաժեշտ պայմաններ:

11.Հանձնաժողովն իր գործունեության արդյունքների վերաբերյալ եզրակացությունն Ազգային ժողովին է ներկայացնում մինչեւ 2014 թվականի նոյեմբերի 8-ը:

12.Հանձնաժողովի գործունեությունը դադարում է նրա եզրակացությունն Ազգային ժողովում քննարկվելուց հետո, կամ սույն որոշման 11-րդ մասով սահմանված ժամկետում եզրակացություն չներկայացնելու դեպքում՝ եթե Ազգային ժողովի որոշմամբ եզրակացության ներկայացման այլ ժամկետ չի սահմանվում:
 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

ՀՀ Ազգային ժողովի կողմից վավերացված՝ «2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երեւանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին», ինչպես նաեւ «2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երեւանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձեւավորման կարգի վերաբերյալ» համաձայնագրերն Ազգային ժողովում քննարկելու ընթացքում  հանրության լայն շրջանում առաջացել են բազմաթիվ հարցադրումներ, որոնք ուսումնասիրության եւ պարզաբանման կարիք ունեն:

«ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ՀՀ Ազգային ժողովի որոշման նախագծով առաջարկվում է ստեղծել ժամանակավոր հանձնաժողով՝ նրա առջեւ խնդիր դնելով ուսումնասիրել եւ եզրակացություն ներկայացնել նշված հարցադրումների կապակցությամբ, որոնք ամփոփ ձեւով ներկայացված են հանձնաժողովի խնդիրներում: