Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-451-28.02.2014-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 մայիսի, 2001 թվական, ՀՕ-193) 43-րդ հոդվածի երկրորդ մասի աղյուսակի  «17.Քաղաքաշինության բնագավառ»  բաժնի 2-րդ եւ 3-րդ կետերը «աշխատանքների» բառից հետո լրացնել «գյուղական բնակավայրերում համապատասխան նպատակի համար նախատեսված հողամասի տարածքում ոչ ձեռնարկատիրական նպատակով սեփականատիրոջ կողմից կառուցվող` 300 քառ. մետր ընդհանուր մակերեսը չգերազանցող մինչեւ երկու վերգետնյա ու մեկ ստորգետնյա հարկ ունեցող անհատական բնակելի տների, հաստատված բազմակի օգտագործման օրինակելի նախագծերով կառուցվող բնակելի տների, 150 քառ. մետր ընդհանուր մակերեսը չգերազանցող օժանդակ շինությունների եւ 50 քառ. մետր ընդհանուր մակերեսը չգերազանցող ավտոտնակների, ինչպես նաեւ գյուղական բնակավայրերում համապատասխան նպատակի համար նախատեսված հողամասերում` 1000 քառ.մ ընդհանուր մակերեսը չգերազանցող ջերմոցների, 500 քառ. մետր ընդհանուր մակերեսը չգերազանցող գյուղատնտեսական արտադրական նշանակության այլ ոչ հիմնական շինությունների եւ 100 քառ. մետր ընդհանուր մակերեսը չգերազանցող հասարակական նշանակության ոչ հիմնական շինությունների» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ  ՆԱԽԱԳԾԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ

1. Անհրաժեշտությունը

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության գործունեության ծրագրում կարեւորված բնակելի շինարարության խթանման եւ գործարար միջավայրի բարելավման միջոցառումների պահանջներից:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Գործող օրենսդրությամբ, բացի շինարարության թույլտվություն չպահանջվող աշխատանքների`  այլ քաղաքաշինական օբյեկտների կառուցապատման գործառույթներն իրականացվում են լիցենզավորված անձնանց կողմից:

Կապալային եղանակով իրականացվող շինարարության գինը ձեւավորվում է կատարվելիք աշխատանքների ծավալների արժեքից` ներառյալ նյութերի արժեքները, վերադիր ծախսերը, հարկային պարտավորությունները, ընդ որում` հարկային պարտավորությունները եւ վերադիր ծախսերը կազմում են շինարարության գնի 35%-ը:

Հաշվի առնելով հանրապետությունում սոցիալական անբարենպաստ վիճակը, վերը նշված հանգամանքը լուրջ խոչընդոտ է հանդիսանում  ՀՀ-ում անհատական բնակելի շինարարության ոլորտում` ընդհանուր առմամբ խանգարելով շինարարության բնագավառում տնտեսության աճին:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Բնակելի, ինչպես նաեւ գյուղատնտեսական նշանակության արտադրական օբյեկտների շինարարության խթանման խնդիրը` ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության կարեւորագույն ոլորտներից մեկն է: Այդ ուղղությամբ իրականացվող միջոցառումները միտված են մասնավոր սեկտորի կողմից անհատական բնակարանաշինության եւ գյուղատնտեսական արտադրության`  հատկապես փոքր եւ միջին ձեռնարկատիրական գործունեության օբյեկտների շինարարության համար առավել նպաստավոր պայմանների ստեղծմանը` հնարավորինս պարզեցնելով կառուցապատման գործընթացը եւ նախադրյալներ ստեղծելով շինարարությանն ուղղվող ֆինանսական միջոցների խնայողության համար:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Նախագծի մշակման նպատակը` «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների ցանկից հանել ոչ ձեռնարկատիրական նպատակով կառուցվող անհատական բնակելի տների (այդ թվում` բազմակի օգտագործման օրինակելի նախագծերով կառուցվող), օժանդակ նշանակության կառույցների, ավտոտնակների, ինչպես նաեւ գյուղատնտեսական արտադրական նշանակության եւ հասարակական նշանակության ոչ հիմնական շինությունների համար նախատեսված հողամասի տարածքում, շինարարությունը եւ դրանց նկատմամբ իրականացվող շինարարության որակի տեխնիկական հսկողության իրականացումը` համարելով դրանք չլիցենզավորված գործունեություն:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք

Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից:

6. Ակնկալվող արդյունքը

Օրենքի նախագծի ընդունումով հնարավորություն կտրվի տնտեսական եղանակով /առանց լիցենզավորված կազմակերպությունների/ կառուցել անհատական բնակելի տներ, հողամասի տարածքում օժանդակ կառույցներ, ինչպես նաեւ նախագծով նախատեսված գյուղատնտեսական արտադրության ու հասարակական նշանակության փոքր եւ միջին ձեռնարկատիրական գործունեության օբյեկտներ` տնտեսելով կառուցման համար հաշվարկված նախահաշվային արժեքի 35%-ը եւ նպաստելով քաղաքաշինության բնագավառում տնտեսության էական աճին:

7. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)