Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-452-28.02.2014-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 123.1-ին հոդվածում`

1)   1-ին մասի սանկցիայի «տասնապատիկի չափով`» բառերը փոխարինել «քսանապատիկի չափով`» բառերով.

2)   լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման oրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով` ստանդարտներին չհամապատասխանող լուսային եւ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումների բռնագրավմամբ:»:

Հոդված 2. Օրենսգիրքի 124-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 19.1 մասով.

«19.1. Սույն հոդվածի 19-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է գիշերային ժամանակ (ժամը 23.00-ից մինչեւ 7.00-ն)`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:»:

Հոդված 3. Օրենսգրքի 190-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«Այն քաղաքացին, ով առանց թույլտվության ձեռք է բերել կամ պահում է ողորկափող որսորդական հրազեն եւ զինամթերք, ապա այն կամովին հանձնելու դեպքում ազատվում է վարչական պատասխանատվությունից:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ստանդարտին չհամապատասխանող լուսային եւ ձայնային ազդանշանների կիրառման համար նախատեսված պատասխանատվության միջոցների խստացման անհրաժեշտությամբ: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123.1 հոդվածը տրանսպորտային միջոցների վրա ստանդարտին չհամապատասխանող լուսային եւ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ տեղադրելու կամ շարժման ընթացքում դրանք օգտագործելու համար սահմանում է տուգանքի 10.000 դրամ չափ:

 Ստանդարտներին չհամապատասխանող լուսային եւ ձայնային ազդանշանների կիրառումը վերջին տարիներին լայն տարածում է ստացել, բացի այդ, ձայնային ազդանշանների արձակումը հանրային վնասակարության բարձր աստիճան ունի. վերջիններիս կիրառման կանոնները խախտելու արդյունքում, մասնավորապես գիշերային ժամերին, վտանգվում է ճանապարհային երթեւեկությունը, առաջանում են վթարային իրադրություններ, ինչպես նաեւ խախտվում է քաղաքացիների անդորրը: Պրակտիկան ցույց է տալիս, որ տրանսպորտային միջոցների վարորդները հիմնականում շրջանցում են օրենքի նորմերի պահանջները սանկցիայի ոչ այնքան բարձր լինելու պատճառով: Այսինքն` այս դեպքերում սանկցիան խստացնելով, միաժամանակ, կանխվում է նաեւ վարորդների հնարավոր օրինազանց վարքագիծը:

Նախագծով նախատեսվում է բարձրացնել նշված իրավախախտումների համար նախատեսված տուգանքների չափերը դրանց հանրային վնասակարության աստիճանին համապատասխան: Մասնավորապես, գիշերային ժամերին տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ձայնային ազդանշանների կիրառման կանոնները խախտելու համար պատասխանատվություն է սահմանվում 20.000 դրամ տուգանքի ձեւով:  Միաժամանակ, տրանսպորտային միջոցների վրա ստանդարտին չհամապատասխանող լուսային եւ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ տեղադրելու կամ շարժման ընթացքում դրանք օգտագործելու համար նախատեսվում է պատասխանատվությունը խստացնել` տուգանքի չափ սահմանելով 20.000 դրամը, իսկ նույն արարքը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում պատասխանատվություն է սահմանվում 50.000 դրամ տուգանքի ձեւով:

Օրենսգրքի 190-րդ հոդվածով նախատեսվում է վարչական պատասխանատվություն առանց թույլտվության քաղաքացիների կողմից ողորկափող հրազեն ձեռք բերելու եւ պահելու համար: Նախատեսված վարչական պատասխանատվության պատճառով շատերը խուսափում են իրենց տներում սերնդեսերունդ պահվող կամ հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակներից մնացած որսորդական հրազենները հանձնելուց: Հետեւաբար անհրաժեշտություն է առաջացել օրենսգրքում նախատեսել խրախուսող նորմ նշված զենքերը կամավոր հանձնող անձանց համար:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ նախատեսվում է խստացնել պատասխանատվությունը տրանսպորտային միջոցների վրա ստանդարտին չհամապատասխանող լուսային եւ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ տեղադրելու կամ շարժման ընթացքում դրանք օգտագործելու համար` դրանց արդյունավետությունը բարձրացնելու, ինչպես նաեւ վարորդների հակաօրինական վարքագիծը կանխելու նպատակով: Նախագծով նախատեսվում է վարչական պատասխանատվությունից ազատել այն քաղաքացիներին, ովքեր կամավոր կհանձնեն իրենց մոտ եղած առանց թույլտվության ձեռք բերված եւ պահվող ողորկափող որսորդական հրազենը:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման արդյունքում պատասխանատվություն կնախատեսվի նաեւ գիշերային ժամերին անհարկի ձայնային ազդանշաններ արձակելու համար: Միաժամանակ, կխստացվի տրանսպորտային միջոցների վրա ստանդարտին չհամապատասխանող լուսային եւ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ տեղադրելու կամ շարժման ընթացքում դրանք օգտագործելու կամ նույն խախտումը մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կատարելու համար: Օրենքի ընդունմամբ վարչական պատասխանատվությունից կազատվեն այն քաղաքացիները, ովքեր կամովին կհանձնեն առանց թույլտվության իրենց կողմից ձեռք բերված եւ պահվող որսորդական ողորկափող  հրազենը: