Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-453-28.02.2014-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 926-րդ հոդվածը «դադարելուց» բառից հետո լրացնել « կամ օրենքով նախատեսված այլ դեպքերից» բառերով:

Հոդված 2. Օրենսգիրքը 50-րդ գլխից հետո լրացնել 50.1 գլխով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«ԳԼՈՒԽ 50.1 ՀԱՏՈւԿ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐ

Հոդված 928.1 Հատուկ բանկային հաշվի պայմանագրի առանձնահատկությունները

1. Հատուկ բանկային հաշիվներ են հանդիսանում սույն գլխով նախատեսված էսքրոու հաշիվը, սոցիալական փաթեթի հաշիվը, անվանատիրոջ հաշիվը, նոտարի դեպոզիտ հաշիվը, ինչպես նաեւ նորմատիվ իրավական ակտերով որպես հատուկ բանկային հաշիվ նախատեսված այլ բանկային հաշիվները:

2. Հատուկ բանկային հաշիվները այն հաշիվներն են, որոնցում ներդրված միջոցները.

1) սույն գլխի կամ սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված նորմատիվ իրավական ակտերով սահմանված դրույթների համաձայն, կարող են օգտագործվել միայն սույն գլխի դրույթների հիման վրա պայմանագրերով կամ իրավական ակտերով նախատեսված ուղղություններով, դեպքերում, պայմաններով կամ գործառնություններով, եւ/կամ

2) չեն կարող գրավադրվել, արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել հաճախորդի պարտավորությունների դիմաց կամ հաճախորդի սնանկության դեպքում հանդիսանալ պարտավորությունների կատարման համար լուծարային միջոց, բացառությամբ սույն գլխով կամ սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված նորմատիվ իրավական ակտերով նախատեսված դեպքերի:

3. Հատուկ բանկային հաշվում ներդրված միջոցները կարող են գրավադրվել, արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել միայն այն դեպքերում, երբ՝

1) հատուկ բանկային հաշվի պայմանագրով հաճախորդ հանդիսացող անձի պարտավորությունները կապված են սույն հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված ուղղություններից, դեպքերից, պայմաններից կամ գործառնություններից բխող պարտավորությունների հետ, կամ

2) այդ միջոցները հանդիսանում են սույն հոդվածի 8-րդ կետով նախատեսված տոկոսներից ձեւավորված միջոցներ, բացառությամբ նոտարի դեպոզիտ հաշվի կամ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված այլ դեպքերի կամ

3) սոցիալական փաթեթի հաշվի դեպքում՝ այդ միջոցները հանդիսանում են տվյալ հաշվում առկա ոչ պետական բյուջեի միջոցների հաշվին մուտքագրված միջոցներ, կամ

4) էսքրոու հաշվի դեպքում՝ այդ միջոցները հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 5-րդ կետով նախատեսված գույք, կամ

5) էսքրոու հաշվի դեպքում՝ էսքրոու հաշվի պայմանագրի կնքման օրվանից անցել է 30 եւ ավելի օր:

4. Հատուկ բանկային հաշվի պայմանագրի լուծման դեպքում տվյալ հատուկ բանկային հաշվում եղած դրամական միջոցների մնացորդը ենթակա է փոխանցման տվյալ հաճախորդի համապատասխան այլ հատուկ բանկային հաշվին կամ վերադարձման համապատասխան դրամական միջոցները մուտք արած անձին, բացառությամբ պայմանագրով, այլ իրավական ակտերով եւ (կամ) սույն հոդվածով սահմանված դեպքերի: Հատուկ բանկային հաշվի պայմանագրով նման վերադարձ կարող է նախատեսվել նաեւ պայմանագրով նախատեսված այլ դեպքերում:

5. Անվանատիրոջ հաշվի պայմանագրի լուծման դեպքում անվանատիրոջ հաշվում եղած դրամական միջոցների մնացորդը կարող է վերադարձվել տվյալ անվանատիրոջը, փոխանցվել տվյալ անվանատիրոջ համապատասխան այլ հատուկ բանկային հաշվին եւ (կամ) փոխանցվել տվյալ անվանատիրոջ կողմից մատնանշված այլ անձի, եթե այլ բան նախատեսված չէ անվանատիրոջ հաշվի պայմանագրով:

6. Նոտարի դեպոզիտ հաշվի պայմանագրի լուծման դեպքում նոտարի դեպոզիտ հաշվում եղած դրամական միջոցների մնացորդը կարող է վերադարձվել տվյալ նոտարին, փոխանցվել տվյալ նոտարի համապատասխան այլ հատուկ բանկային հաշվին եւ (կամ) փոխանցվել տվյալ նոտարի կողմից մատնանշված այլ անձի, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նոտարի դեպոզիտ հաշվի պայմանագրով:

7. Պայմանագրով նախատեսված դեպքերում հաճախորդը բանկի ծառայությունների դիմաց վճարում է իր հատուկ բանկային հաշվով կատարվող գործառնությունների համար: Ընդ որում, բանկի ծառայությունների համար վճարը բանկը չի կարող վերցնել հաճախորդի հատուկ բանկային հաշվում եղած միջոցներից, բացառությամբ սույն հոդվածի 9-րդ կետով նախատեսված տոկոսների: Սույն կետով նախատեսված բացառությունը չի տարածվում նոտարի դեպոզիտ հաշիվների վրա:

8. Հաճախորդի հատուկ բանկային հաշվում եղած դրամական միջոցներն օգտագործելու համար բանկը տոկոսները վճարում է հաճախորդին, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Սույն կետում նախատեսված տոկոսների գումարը մուտքագրվում է հատուկ բանկային հաշվում, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

9. Սույն հոդվածի 8-րդ կետում նշված տոկոսները բանկը վճարում է հատուկ բանկային հաշվի պայմանագրով սահմանված չափով, իսկ պայմանագրում համապատասխան պայմանի բացակայության դեպքում` տվյալ բանկի կողմից ցպահանջ ավանդների համար սահմանված չափով (սույն օրենսգրքի հոդված 906):

10. Տոկոսների գումարը հաշվում մուտքագրվում է պայմանագրով նախատեսված ժամկետներում, իսկ պայմանագրում նման ժամկետների բացակայության դեպքում` յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո, բայց ոչ ուշ, քան պայմանագրի դադարմանը հաջորդող օրը:

11. Հատուկ բանկային հաշվի միջոցների հաշվին բանկի եւ հատուկ բանկային հաշվի տիրոջ հանդիպական պահանջների հաշվանց չի կարող իրականացվել: Սույն կետով նախատեսված սահմանափակումը չի վերաբերում սույն հոդվածի 9-րդ կետով նախատեսված տոկոսներից ձեւավորված միջոցների չափով հաշվանց կատարելուն, իսկ սոցիալական փաթեթի հաշվի դեպքում՝ նաեւ տվյալ հաշվում առկա ոչ պետական բյուջեի միջոցների հաշվին հաշվանց կատարելուն:

12. Սույն օրենսգրքի 50-րդ գլխով սահմանված պահանջները տարածվում են հատուկ բանկային հաշիվների վրա այնքանով, որքանով չեն հակասում սույն գլխի դրույթներին:

Հոդված 928.2 Էսքրոու հաշվի պայմանագիր

1. Էսքրոու հաշվի պայմանագրով բանկը, որպես էսքրոու գործակալ, պարտավորվում է ընդունել եւ որոշակի գործարքի կատարման նպատակով բացված հատուկ բանկային հաշվի վրա մուտքագրել տվյալ գործարքի իրականացման հետ կապված մուտքագրվող միջոցները եւ այդ միջոցների հետ կապված հաշվից փոխանցումներ կատարելու, համապատասխան գումարներ տալու եւ հաշվով այլ գործառնություններ իրականացնելու վերաբերյալ կարգադրություններն իրականացնել միայն էսքրոու հաշվին միջոցներ մուտքագրած անձի եւ այդ միջոցների հասցեատիրոջ միջեւ կնքված պայմանագրում կամ էսքրոու հաշվի պայմանագրում նշված դեպքերում, պայմաններով եւ ժամկետներում:

2. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված պայմանագրերով սահմանված ժամկետներում Էսքրոու հաշվին միջոցներ մուտքագրած անձի եւ այդ միջոցների հասցեատիրոջ կողմից միմյանց նկատմամբ ստանձնած պարտավորությունների կատարումը հավաստող փաստաթուղթ չներկայացվելու դեպքում Էսքրոու հաշվի միջոցները վերադարձվում են այդ միջոցները մուտքագրած անձին, իսկ վերադարձման անհնարինության դեպքում էսքրոու հաշիվը ձեւակերպվում է որպես սույն օրենսգրքի 50-րդ գլխով նախատեսված բանկային հաշիվ՝ այդ հաշվին միջոցներ մուտքագրած անձի անունով:

3. Էսքրոու հաշվի պայմանագիրը կարող է հաճախորդի պահանջով վաղաժամկետ լուծվել, միայն եթե առկա է էսքրոու հաշվին միջոցներ մուտքագրած անձի եւ այդ միջոցների հասցեատիրոջ գրավոր համաձայնությունը, կամ եթե լուծվել է էսքրոու հաշվին միջոցներ մուտքագրած անձի եւ այդ միջոցների հասցեատիրոջ միջեւ կնքված համապատասխան պայմանագիրը եւ այդ պայմանագրի լուծումից հետո անցել է ոչ պակաս քան 10 օր, բայց ոչ ավելի, քան էսքրոու հաշվում առկա ամբողջ միջոցների դուրսգրման ժամկետը:

4. Էսքրոու հաշվում առկա միջոցները չեն կարող գրավադրվել, արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել հաճախորդի պարտավորությունների դիմաց, բացառությամբ սույն օրենսգրքի 928.1 հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքերի:

Հոդված 928.3 Սոցիալական փաթեթի հաշվի պայմանագիր

1. Սոցիալական փաթեթի հաշվի պայմանագրով բանկը պարտավորվում է ընդունել եւ հաճախորդի (հաշվի տիրոջ) բացած հաշվի վրա մուտքագրել պետական մարմինների (հիմնարկների), պետական կազմակերպությունների աշխատողների եւ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված այլ անձանց համար որպես սոցիալական երաշխիք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին մուտքագրվող միջոցները եւ հաշվից փոխանցումներ կատարելու, համապատասխան գումարներ տալու եւ հաշվով այլ գործառնություններ իրականացնելու վերաբերյալ հաճախորդի կարգադրություններն իրականացնել միայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ուղղություններով, դեպքերում, պայմաններով եւ գործառնությունների համար:

2. Սոցիալական փաթեթի հաշվում առկա միջոցները չեն կարող գրավադրվել, արգելադրվել (դրվել արգելանքի), բռնագանձվել հաճախորդի պարտավորությունների դիմաց, բացառությամբ սույն օրենսգրքի 928.1 հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքերի:

Հոդված 928.4 Անվանատիրոջ հաշվի պայմանագիր

1. Անվանատիրոջ հաշվի պայմանագրով բանկը պարտավորվում է ընդունել եւ հաճախորդի (անվանատիրոջ) բացած հաշվի վրա մուտքագրել միայն ներդրումային ծառայությունների մատուցման կամ ներդրումային ֆոնդերի կառավարման հետ կապված անվանատիրոջ ծառայությունից օգտվողի (ֆոնդի) միջոցները, կատարել հաշվից փոխանցումներ կատարելու, համապատասխան գումարներ տալու եւ հաշվով այլ գործառնություններ իրականացնելու վերաբերյալ անվանատիրոջ կարգադրությունները:

2. Անվանատիրոջ հաշիվը կարող է օգտագործվել միայն ներդրումային ծառայություններ մատուցող անձի եւ ներդրումային ֆոնդի կառավարչի (պահառուի) կողմից ներդրումային ծառայությունների մատուցման կամ ներդրումային ֆոնդերի կառավարման (պահառության) հետ կապված գործառնությունների իրականացման համար:

1. Անվանատիրոջ հաշվում առկա միջոցները չեն կարող գրավադրվել, արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել անվանատիրոջ պարտավորությունների դիմաց կամ անվանատիրոջ սնանկության դեպքում հանդիսանալ պարտավորությունների կատարման համար լուծարային միջոց, բացառությամբ սույն օրենսգրքի 928.1 հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքերի: Ընդ որում՝ անվանատիրոջ հաշվում առկա միջոցները սույն օրենսգրքի 928.1 հոդվածի 3-րդ կետի 1-ին ենթակետի հիմքով կարող են գրավադրվել, արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել միայն նոտարի դեպոզիտ հաշվում առկա տվյալ ծառայությունից օգտվողին պատկանող միջոցների չափով:

Հոդված 928.5 Նոտարի դեպոզիտ հաշվի պայմանագիր

2. Նոտարի դեպոզիտ հաշվի պայմանագրով բանկը պարտավորվում է ընդունել եւ հաճախորդի (նոտարի) կողմից բացված հաշվին մուտքագրել մուտքագրվող դրամական միջոցները, կատարել հաշվից փոխանցումներ կատարելու, համապատասխան գումարներ տալու եւ հաշվով այլ գործառնություններ իրականացնելու վերաբերյալ նոտարի կարգադրությունները:

3. Նոտարի դեպոզիտ հաշիվը կարող է օգտագործվել միայն օրենքով նախատեսված նոտարի դեպոզիտ մուտքագրման ենթակա դրամական միջոցներով գործառնություններ իրականացնելու համար:

4. Նոտարի դեպոզիտ հաշվում առկա միջոցները չեն կարող գրավադրվել, արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել նոտարի պարտավորությունների դիմաց, բացառությամբ սույն օրենսգրքի 928.1 հոդվածի 3-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքերի: Ընդ որում՝ նոտարի դեպոզիտ հաշվում առկա միջոցները սույն օրենսգրքի 928.1 հոդվածի 3-րդ կետի 1-ին ենթակետի հիմքով կարող են գրավադրվել, արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել միայն նոտարի դեպոզիտ հաշվում առկա տվյալ ծառայությունից օգտվողին պատկանող միջոցների չափով:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման վերաբերյալ

Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում հատուկ բանկային հաշիվների համար համապատասխան իրավական դաշտի ապահովման անհրաժեշտությամբ: Ներկայումս ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը, կարգավորելով բանկային հաշվի հետ կապված հարաբերությունները, չի նախատեսում որոշակի առանձնահատկություններ այնպիսի հաշիվների համար, ինչպիսիք են սոցիալական փաթեթի հաշիվները, էսքրոու հաշիվները, անվանատիրոջ հաշիվները, նոտարի դեպոզիտ հաշիվները: Այս հաշիվների բնույթն էականորեն տարբերվում է հասարակ բանկային հաշվի էությունից: Հատուկ հաշիվների հիմնական առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այդ հաշվում առկա միջոցները պետք է օգտագործվեն եւ տնօրինվեն հաշվին միջոցներ մուտքագրած անձի եւ հաշվետիրոջ կողմից համաձայնեցված կարգով (ուղղություններով, սահմանափակումներով)՝ հաշվին միջոցներ մուտքագրած անձին հնարավորություն ընձեռելով նաեւ տալ վճարման կարգադրություններ եւ հատուկ հաշվում առկա միջոցների նկատմամբ արգելանք (բռնագանձում) տարածելու հնարավորությունը պետք սահմանափակված լինի:

Օրինակ՝ ներկայումս սոցիալական փաթեթների հաշիվները համալրվում են պետական բյուջեի միջոցներով եւ նախատեսված են միայն որոշակի նպատակներով օգտագործման համար: Այսինքն՝ դրանց օգտագործման ուղղությունները որոշում է պետությունը եւ սահմանափակում է այլ նպատակների, այդ թվում՝ հաշվետիրոջ պարտավորությունների կատարման համար դրանց օգտագործումը:

Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Գործող օրենսդրության պայմաններում հաշվետիրոջ հաշվին փոխանցված միջոցները հաշվետերը կարող է ազատորեն տնօրինել՝ առանց որեւէ երրորդ անձի համաձայնության: Այսինքն՝ որեւէ առանձնահատկություն հատուկ հաշիվների համար օրենսդրությամբ նախատեսված չէ, մինչդեռ հենց այդ առանձնահատկությունների սահմանումն է, որ հասարակ բանկային հաշիվներից առանձնացնում է հատուկ հաշիվները՝ քաղաքացիաիրավական հարաբերություներում իրավական կարգավիճակ տալով նոր տեսակի գործիքների:

Կարգավորման նպատակը եւ ակնկալվող արդյունքը

Հատուկ հաշիվների օրենսդրական կարգավորումը հնարավորություն կտա քաղաքացիաիրավական հարաբերությունների մասնակիցներին առավել լայնորեն, ինչպես նաեւ առավել արդյունավետ եւ ապահով օգտվել հատուկ հաշիվներից՝ հաշվի առնելով, որ իրավական դաշտի ապահովվածությունը կբարձրացնի հասարակության վստահությունը նման գործիքների նկատմամբ: