Հոդված 1. «Օտարերկրյա ներդրումների մասին» Հայաստանի Հանրապետության 1994 թվականի հուլիսի 31-ի ՀՕ-115 օրենքի 7-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
«Օտարերկրյա ներդրումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով սահմանվում է, որ «Օտարերկրյա ներդրումները կարգավորող` Հայաստանի Հանրապետության օրենսդրության փոփոխության դեպքում ներդրման պահից սկսած 5 տարվա ընթացքում, օտարերկրյա ներդրողի ցանկությամբ, կիրառվում է ներդրումների իրականացման պահին գործող օրենսդրությունը»:
Այս դրույթը ոչ միայն անհավասար պայմաններ է ստեղծում տեղական եւ օտարերկրյա ներդրողների միջեւ՝ հօգուտ վերջիններիս, այլեւ, ըստ էության, պետությանը զրկում է իր շահերից բխող քաղաքականություն վարելու, մասնավորապես հակամենաշնորհային գործողություններ իրականացնելու հնարավորությունից: Նախորդ տասնամյակի սկզբին նման դրույթի առկայության եւ կիրառման պատճառով տարիներ շարունակ հնարավոր չէր «ԱրմենՏել» ՓԲԸ-ի զրկումը մենաշնորհից, ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետությունում հեռահաղորդակացության ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը ուշացավ մի քանի տարով:
Առաջարկվող նախագծով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել վերոնշյալ հոդվածը, ինչը հիմք կհանդիսանա Հայաստանի Հանրապետության անվտանգության ամրապնդման, տնտեսական առաջընթացի եւ մի շարք սոցիալական խնդիրների լուծման համար: