Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-3741-30.10.2013,06.03.2014-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 31-րդ հոդվածի 2-րդ մասում «դատարանների նախագահների խորհրդին` «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարցին ընթացք տալու համար» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարան» բառերով, իսկ 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«6. Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված հիմքով կասեցված գործով վարույթը վերսկսվում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կողմից որոշում կայացնելուց հետո:»:

Հոդված 2. Օրենսգրքի 381-րդ հոդվածի 1-ին մասում 5.1-րդ կետում «հիմնավորումները» բառից հետո լրացնել «` վկայակոչելով ՀՀ սահմանադրական դատարանի, ՀՀ վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այն որոշումները, որոնք վերաքննիչ բողոք բերած անձը վերաբերելի է համարում` մեջ բերելով դրանց հակասող մասերը եւ կատարելով համեմատական վերլուծություն» բառերը։

Հոդված 3. Օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-րդ կետով.

«1.1) մեղադրական դատավճիռը կայացվել է ապացույցների բավարար ամբողջությամբ չհիմնավորված խոստովանական ցուցմունքի հիման վրա»։

Հոդված 4. Օրենսգրքի 404-րդ հոդվածում լրացնել 4-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ`

«4. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված անձինք վճռաբեկ բողոք կարող են ներկայացնել միայն փաստաբանի միջոցով»։

Հոդված 5. Օրենսգրքի 407-րդ հոդվածում

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.2-րդ եւ 2.3-րդ մասերով.

«2.2. Վճռաբեկ բողոքը սույն օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով ներկայացնելու դեպքում բողոքը բերած անձը պետք է հիմնավորի, որ դրա վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կնպաստի օրենքի միատեսակ կիրառության ապահովմանը, մասնավորապես վճռաբեկ բողոքում հիմնավորելով, որ`

1) տարբեր գործերով ստորադաս դատարանների առնվազն երկու դատական ակտերում միեւնույն նորմը կիրառվել է հակասական մեկնաբանությամբ` կցելով այդ դատական ակտերը եւ մեջբերելով դրանց հակասող մասերը` կատարելով համեմատական վերլուծություն` բողոքարկվող դատական ակտի եւ նույնանման փաստական հանգամանքներով մեկ այլ գործով ստորադաս դատարանի դատական ակտի միեւնույն նորմի` իրար հակասող մեկնաբանության վերաբերյալ.

2) բողոքարկվող դատական ակտում որեւէ նորմի մեկնաբանությունը հակասում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասում բացահայտված` տվյալ նորմի սահմանադրաիրավական բովանդակությանը` կցելով ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը եւ մեջբերելով ստորադաս դատարանի դատական ակտի այն մասը, որը հակասում է ՀՀ սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասին, կատարելով համեմատական վերլուծություն` բողոքարկվող դատական ակտի եւ ՀՀ սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասի միջեւ առկա հակասության վերաբերյալ.

3) բողոքարկվող դատական ակտում որեւէ նորմի մեկնաբանությունը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը` կցելով այդ դատական ակտերը եւ մեջբերելով դրանց հակասող մասերը, կատարելով համեմատական վերլուծություն` բողոքարկվող դատական ակտի եւ որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հակասության վերաբերյալ։

4) բողոքարկվող դատական ակտում որեւէ նորմի մեկնաբանությունը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը` կցելով այդ դատական ակտերը եւ մեջբերելով դրանց հակասող մասերը, կատարելով համեմատական վերլուծություն` բողոքարկվող դատական ակտի եւ նույնանման փաստական հանգամանքներ ունեցող գործով ՀՀ վճռաբեկ դատարանի դատական ակտի միջեւ առկա հակասության վերաբերյալ.

5) բողոքարկվող դատական ակտի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։

2.3. Վճռաբեկ բողոքը սույն օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով ներկայացնելու դեպքում վճռաբեկ բողոքը բերած անձը վճռաբեկ բողոքում պետք է նշի այն նյութական կամ դատավարական նորմը, որը խախտվել է` հիմնավորելով, որ այդ խախտումն ազդել է գործի ելքի վրա»։

2) ուժը կորցրած ճանաչել 3-րդ եւ 4-րդ մասերը։

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մաս.

«5. Վճռաբեկ բողոքը ստորագրում է բողոք ներկայացնող անձի ներկայացուցիչը, գլխավոր դատախազը կամ նրա տեղակալը։ Բողոքին կցվում է ներկայացուցչի` սույն օրենսգրքով սահմանված կարգով ձեւակերպված լիազորագիրը: Վճռաբեկ բողոքին կցվում է նաեւ վճռաբեկ բողոքի էլեկտրոնային տարբերակը (էլեկտրոնային կրիչը):»։

Հոդված 6. Օրենսգրքի 414.1-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 414.1 Վճռաբեկ բողոքը վերադարձնելը կամ առանց քննության թողնելը

1.Վճռաբեկ բողոքը վերադարձվում է, եթե վճռաբեկ բողոքը չի համապատասխանում սույն օրենսգրքի 407-րդ հոդվածի պահանջներին։

2. Վճռաբեկ բողոքը թողնվում է առանց քննության, եթե

1) վճռաբեկ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, եւ բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը բացակայում է կամ մերժվել է.

2) վճռաբեկ բողոքը ներկայացրել է այն անձը, որը վճռաբեկ բողոք ներկայացնելու իրավունք չուներ.

3) բողոքարկվել է այն դատական ակտը, որը ենթակա չէ բողոքարկման վճռաբեկության կարգով.

4) վճռաբեկ բողոք ներկայացրած անձը մինչեւ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշման կայացումը դիմում է ներկայացրել վճռաբեկ բողոքը հետ վերցնելու մասին.

5) բողոքում նշված հիմքով նույն գործով վճռաբեկ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել։

6) բողոքը բերվել է սույն օրենսգրքի 375.4-րդ հոդվածի պահանջի խախտմամբ։

3. Վճռաբեկ բողոքը վերադարձնելու կամ առանց քննության թողնելու մասին վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում` գործը վճռաբեկ դատարանում ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում` նշելով առկա թերությունները։ Վճռաբեկ բողոքը կրկին ներկայացվելու դեպքում ժամկետները հաշվարկվում են վերստին։

4. Վճռաբեկ դատարանը բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ սահմանում է մինչեւ մեկամսյա ժամկետ` սխալները շտկելու եւ վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար»։

Հոդված 7. Օրենսգրքի 414.2-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 414.2.Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը

1. Վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե վճռաբեկ դատարանը հանգում է այն հետեւության, որ `

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ oրենքի միատեսակ կիրառության համար,

2) առերեւույթ թույլ է տրվել դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, կամ

3) առկա է նոր կամ նոր երեւան եկած հանգամանք։

2. Սույն հոդվածի իմաստով` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ oրենքի միատեսակ կիրառության համար, մասնավորապես եթե`

1) տարբեր գործերով ստորադաս դատարանների առնվազն երկու դատական ակտերում միեւնույն նորմը կիրառվել է իրար հակասող մեկնաբանությամբ.

2) բողոքարկվող դատական ակտում որեւէ նորմի մեկնաբանությունը հակասում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասում բացահայտված` տվյալ նորմի սահմանադրաիրավական բովանդակությանը.

3) բողոքարկվող դատական ակտում որեւէ նորմի մեկնաբանությունը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը

4) բողոքարկվող դատական ակտում որեւէ նորմի մեկնաբանությունը հակասում է վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը.

5) վճռաբեկ դատարանը համարում է, որ բողոքարկվող դատական ակտի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։

3. Սույն հոդվածի իմաստով դատական սխալ են համարվում սույն օրենսգրքի 395-րդ հոդվածով նախատեսված դեպքերը։

4. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում` գործը վճռաբեկ դատարանում ստանալու պահից երեք ամսվա ընթացքում։

5. Վճռաբեկ դատարանի որոշումները պատշաճ ձեւով ուղարկվում են բողոք բերող անձին, իսկ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումները՝ դատավարության մասնակիցներին (բացառությամբ քննիչի եւ հետաքննության մարմնի)»։

Հոդված 8. Օրենսգրքի 414.3-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 414.3.Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելը

1.Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվում է, եթե բացակայում են սույն օրենսգրքի 414.1-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով եւ 414.2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերը։

2. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը պետք է լինի պատճառաբանված։ Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշման մեջ վճռաբեկ դատարանը պետք է հիմնավորի վճռաբեկ բողոքում վկայակոչված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` սույն օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 4-րդ կետերով նախատեսված յուրաքանչյուր հիմքի բացակայությունը։

3.Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում` գործը վճռաբեկ դատարանում ստանալու պահից երեք ամսվա ընթացքում։

4. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը կայացվում է հանուն Հայաստանի Հանրապետության»։

Հոդված 9. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 414.4-րդ հոդվածով.

«Հոդված 414.4. Վճռաբեկ բողոքի պատասխանը

1.Դատավարության մասնակիցը, ստանալով վճռաբեկ բողոքի պատճենը, մինչեւ վճռաբեկ դատարանում գործի քննությունն սկսելը իրավունք ունի իր պատասխանն ուղարկելու վճռաբեկ դատարան։ Դատավարության մասնակիցը վճռաբեկ դատարան պատասխան ուղարկելու հետ միաժամանակ պետք է պատասխանի պատճենն ուղարկի նաեւ դատավարության մասնակիցներին (բացառությամբ քննիչի եւ հետաքննության մարմնի)։ Պատասխանը ստորագրում է այն ներկայացնող դատավարության մասնակիցը կամ նրա լիազորած անձը»։

Հոդված 10. Օրենսգրքի 422-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-րդ կետը.

«5.1) վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` սույն օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերից առնվազն մեկի առկայության հիմնավորումը »։

Հոդված 11. Օրենսգրքի 423-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 423.Վճռաբեկ դատարանի որոշման օրինական ուժի մեջ մտնելը

1. Վճռաբեկ դատարանի` գործի քննության արդյունքներով կայացված որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է եւ ենթակա չէ բողոքարկման։

2.Վճռաբեկ դատարանի` սույն օրենսգրքի 414.1-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով եւ 414.3-րդ հոդվածով նախատեսված որոշումներն օրինական ուժի մեջ են մտնում կայացման պահից, վերջնական են եւ ենթակա չեն բողոքարկման»։

Հոդված 12. Սույն օրենքի 2-ից 11-րդ հոդվածների գործողությունը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանների կողմից կայացվող դատական ակտերի, դրանց դեմ բերվող վերաքննիչ բողոքների եւ այդ բողոքների քննարկման արդյունքում կայացվող դատական ակտերի, վերաքննիչ դատարանի ակտերի դեմ բերվող վճռաբեկ բողոքների եւ այդ բողոքների քննարկման արդյունքում կայացվող դատական ակտերի վրա։

Հոդված 13. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ