Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-459-12.03.2014-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆԱՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի սեպտեմբերի 16-ի ՀՕ-250 օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը «սովորողներին» բառից հետո լրացնել «`Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում եւ կարգով» բառերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

ՏԵՂԵԿԱՆՔ - ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

1.Իրավական ակտի անհրաժեշտությունը. Նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի նոյեմբերի 24-ի ՀՆԱ-12 հանձնարարականի կատարումն ապահվելու նպատակով հաստատված միջոցառումների ծրագրի /ՀՀ վարչապետի 2013 թվականի հունվարի 24-ի N 55-Ա որոշման հավելված/ 6-րդ կետով նախատեսված միջոցառումների կիրարկումն ապահովելու անհրաժեշտությունից:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները. Գործող «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում տրվում է միջպետական եւ միջգերատեսչական համաձայնագրերով օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին, օրդինատուրայում, ինտերնատուրայում, մագիստրատուրայում կամ ասպիրանտուրայում սովորողներին:

Վերջին ժամանակներում ՀՀ-ում միջպետական եւ միջգերատեսչական համաձայնագրերի շրջանակներում սովորելու ցանկություն հայտնողների գերակշռող մասը արական սեռի քաղաքացիներ են: Երեւույթի շարժառիթը հիմնականում հանդիսանում է պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու հնարավորությունը, որն էլ իր հերթին խթանում է բնակչության արտագաղթին, ինչպես նաեւ հայրենիք չվերադառնալու հիմքեր է առաջացնում:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը. Կարգավորման նպատակը եւ բնույթը.

Միջպետական համաձայնագրերով Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարությանը հատկացված կրթաթոշակային տեղերի շրջանակներում օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական կամ գիտակրթական հաստատություններ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընդունելության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարի 2011 թվականի հոկտեմբերի 31-ի N 1205-Ն հրամանով հաստատված «Օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում միջպետական համաձայնագրերով Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարությանը հատկացված կրթաթոշակային տեղերի մրցույթի անցկացման (բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի, ասպիրանտուրայի /ինտերնատուրա, օրդինատուրա/ եւ դոկտորանտուրայի կրթական ծրագրերով)» կարգով: Միջպետական համաձայնագրերով սահմանված կրթաթոշակային տեղերի մրցույթն(ներն) իրականացվում է երկու փուլով` մասնագիտական քննություններ եւ հարցազրույց /մրցույթի առաջին փուլը անցկացվում է համաձայն Հայաստանի Հանրապետությունում համապատասխան կրթական ծրագրերով ընդունելության գործող կարգերի/: Միջպետական եւ միջգերատեսչական համաձայնագրերի շրջանակներում կրթաթոշակային ծրագրեր իրականացվում են նաեւ Հայաստանի Հանրապետությունում «Ռուսհամագործակցություն» դաշնային գործակալության եւ Հայաստանում Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) կենտրոնի կողմից: Հաղթողների ցուցակները ներկայացվում ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը ՀՀ պաշտպանության նախարարության հետ համաձայնեցնելով` հաղթողների ներկայացված ցուցակներից ՀՀ արական սեռի քաղաքացիներին տրամադրում է տեղեկանք` «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի համաձայն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքից օգտվելու վերաբերյալ:

Միաժամանակ, օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական կամ գիտակրթական հաստատություններ ընդունված ՀՀ քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու հարցը կանոնակարգելու նպատակով՝ ՀՀ կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշմամբ հաստատվել է կարգ: Այն տարածվում է օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններ /անձնական նախաձեռնությամբ/ ընդունված ՀՀ այն քաղաքացիների վրա, ում «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի երկրորդ մասին համապատասխան ուսումնառության ամբողջ ժամանակահատվածի համար ՀՀ կառավարության անհատական որոշումներով տրվում է տարկետում` ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հետ պարտավորությունների կատարումն ապահովող գրավի պայմանագիր /գրավ դրվող գույքի նվազագույն գինը սահմանվում է 8,5 մլն դրամ/ կնքելու պայմանով:

Նախագծի ընդունմամբ նպատակ է հետապնդվում միջպետական համաձայնագրերի շրջանակում օտարերկրյա բուհերում սովորող ՀՀ քաղաքացիներին ՀՀ կառավարության սահմանած կարգով տարկետում տրամադրել, որը ենթադրում է ՀՀ կառավարության համապատասխան անհատական որոշումների ընդունում, որոնք իրավական առումով կունենան ավելի բարձր իրավաբանական ուժ, քան տեղեկանքները:

Առաջարկվող օրենսդրական փոփոխությամբ «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի համաձայն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունք տրամադրելը ՀՀ կառավարության սահմանած կարգով սահմանելու միջոցով, կրթության հիմքով տարկետում տրամադրելու իրավահարաբերությունները կբերվեն միասնական համակարգման դաշտ` ՀՀ կառավարության 2002 թվականի 1394-Ն որոշման կարգավորման ոլորտ` միաժամանակ հավասար պայմաններ սահմանելով օտարերկրյա բուհերում սովորողների համար:

Պարտավորությունների կատարումն ապահովող գրավի պայմանգիր կնքելով տարկետում տրամադրելը երաշխիք կապահովի ՀՀ վերադառնալու, հայրենիքի նկատմամբ սահմանադրական պարտավորությունները կատարելու եւ ձեռք բերված գիտելիքները ՀՀ-ում ներդնելու համար:

4. Ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ձեւավորել համապատասխան օրենսդրական հիմքեր՝ օտարերկրյա բուհերում ուսում ստանալը պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու միջոցի վերածելու դեպքերը բացառելու նպատակով, ակնկալելով, որ օտարերկրյա բուհում սովորելը ուղղված կլինի անձի՝ միայն կրթական կարիքները բավարարելուն: Միաժամանակ, զորակոչիկների սահմանափակ ռեսուրսների առկայության պայմաններում նախագծի ընդունումը որոշ չափով կնպաստի զորակոչի կազմակերպման արդյունավետության բարձրացմանը: