Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-464-19.03.2014-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 124-րդ հոդվածում՝

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ 1.1-ին եւ 1.2-րդ մասերով.

«1.1. Լուսացույցի (կարգավորողի) արգելող ազդանշանի առկայության դեպքում, վարորդի կանգ առնելու տեղը ցույց տվող գծանշման պահանջները չկատարելը, բացառությամբ սույն հոդվածի 2.1-ին մասով եւ սույն օրենսգրքի 124.3-րդ հոդվածով նախատեսված դեպքերի՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

1.2. Առանց կանգառ կատարելու երթեւեկությունն արգելող ճանապարհային նշանի առկայության դեպքում վարորդի կանգ առնելու տեղը ցույց տվող գծանշման կամ այդ նշանի պահանջները չկատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:»:

2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Տրանսպորտային միջոցների երթեւեկության հանդիպակաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը բաժանող գծանշումների պահանջները չկատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:»:

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Լուսացույցի (կարգավորողի) արգելող ազդանշանի առկայության դեպքում, հետիոտնային անցման վրա կանգնելը, բացառությամբ սույն օրենսգրքի 124.3-րդ հոդվածով նախատեսված դեպքերի՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Ընթացիկ իրավիճակը եւ առկա խնդիրները

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 124-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տրանսպորտային միջոցների երթեւեկության հակադիր հոսքերն իրարից բաժանող, ինչպես նաեւ լուսացույցի (կարգավորողի) արգելող ազդանշանի կամ առանց կանգառ կատարելու երթեւեկությունն արգելող ճանապարհային նշանի առկայության դեպքում վարորդի կանգ առնելու տեղը ցույց տվող գծանշումների կամ նշանների պահանջները չկատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

Օրենսգրքի վերը նշված մասի դիսպոզիցիայում առկա են տարբեր վտանգավորության աստիճանի հետեւյալ արարքները՝

1) տրանսպորտային միջոցների երթեւեկության հակադիր հոսքերն իրարից բաժանող գծանշումների պահանջները չկատարելը.

2) լուսացույցի (կարգավորողի) արգելող ազդանշանի առկայության դեպքում վարորդի կանգ առնելու տեղը ցույց տվող գծանշման պահանջները չկատարելը.

3) առանց կանգառ կատարելու երթեւեկությունն արգելող ճանապարհային նշանի առկայության դեպքում վարորդի կանգ առնելու տեղը ցույց տվող գծանշման կամ նշանի պահանջները չկատարելը:

Եթե 1-ին կետով նախատեսված խախտումը կարող է հանգեցնել վթարային իրավիճակի կամ խոչընդոտ ստեղծել երթեւեկության մյուս մասնակիցների համար, ապա 2-րդ կամ 3-րդ կետով նախատեսված խախտումն ունի նվազ վտանգավորություն: Սակայն, պետք է հաշվի առնել, որ 2-րդ կետով նախատեսված խախտումը վտանգավոր է հետեւյալ դեպքերում՝

1) եթե այդ խախտումը զուգորդվել է լուսացույցի (կարգավորողի) ազդանշանով արգելվող ուղղությամբ երթեւեկությամբ, որն առաջացնում է Օրենսգրքի 124.3-րդ հոդվածով (Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվելը) նախատեսված պատասխանատվությունը.

2) եթե այդ խախտումը զուգորդվել է հետիոտնային անցման վրա կանգնելով, դրանով իսկ խոչընդոտելով հետիոտնային անցումով երթեւեկելի մասը հատող հետիոտներին:

Այդպիսով, Օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասի դիսպոզիցիայում առկա են տարբեր վտանգավորության խախտումներ, որոնց համար նախատեսված է նույն պատասխանատվությունը՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով տուգանք, մինչդեռ Օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջները չկատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

Բացի այդ, եթե լուսացույցի (կարգավորողի) արգելող ազդանշանի առկայության դեպքում վարորդի կանգ առնելու տեղը ցույց տվող գծանշումների պահանջները չկատարելը զուգորդվել է լուսացույցի (կարգավորողի) ազդանշանով արգելվող ուղղությամբ երթեւեկությամբ, ապա Օրենսգրքի 124.3-րդ հոդվածի համաձայն՝ այդ խախտումն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

Առաջարկվող լուծումները

Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է Օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասի դիսպոզիցիայով ամրագրված խախտումները տարանջատել տարբեր մասերում, սահմանելով, որ՝

1) տրանսպորտային միջոցների երթեւեկության հակադիր հոսքերն իրարից բաժանող գծանշումների կամ նշանների պահանջները չկատարելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով (տուգանքի չափը թողնվում է նույնը).

2) լուսացույցի (կարգավորողի) արգելող ազդանշանի առկայության դեպքում, վարորդի կանգ առնելու տեղը ցույց տվող գծանշման պահանջները չկատարելը, բացառությամբ Օրենսգրքի 124-րդ հոդվածի՝ լրացվող 2.1-ին մասով եւ Օրենսգրքի 124.3-րդ հոդվածով նախատեսված դեպքերի՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով (տուգանքի չափը կրկնակի նվազեցվում է).

3) առանց կանգառ կատարելու երթեւեկությունն արգելող ճանապարհային նշանի առկայության դեպքում վարորդի կանգ առնելու տեղը ցույց տվող գծանշման կամ նշանի պահանջները չկատարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով (տուգանքի չափը կրկնակի նվազեցվում է)

4) լուսացույցի (կարգավորողի) արգելող ազդանշանի առկայության դեպքում, հետիոտնային անցման վրա կանգնելը, բացառությամբ Օրենսգրքի 124.3-րդ հոդվածով նախատեսված դեպքերի՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով (տուգանքի չափը թողնվում է նույնը):

Ակնկալվող արդյունքը

Օրենքով ապահովվում է նվազ վտանգավորություն ունեցող խախտման համար համարժեք պատասխանատվության կիրառումը, ինչպես նաեւ հասարակության լայն շրջանակի շահերի պաշտպանությունը: