Հոդված 1. «Մաքսային կարգավորման մասին» 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-241-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր պարբերությունով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Սահմանային վերահսկողության կամ սահմանային հսկողության այլ գործառույթի իրականացում՝ օրենքով պետական այլ մարմիններին վերապահված եւ օրենքով նախատեսված դեպքում մաքսային մարմիններին վերապահված վերահսկողական կամ հսկողական գործառույթների իրականացում մաքսային մարմինների կողմից:»:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 30-րդ եւ 31-րդ կետերով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«30) Որպես սահմանային վերահսկողության կամ սահմանային հսկողության այլ գործառույթի իրականացում՝ պետական սահմանի անցման կետերում իրականացնում են սանիտարահիգիենիկ, հակահամաճարակային, անասնաբուժական, բուսասանիտարական վերահսկողության գործառույթներ.
31) օրենքով նախատեսված դեպքում իրականացնում են սույն մասի 30-րդ կետով չնախատեսված սահմանային վերահսկողության կամ սահմանային հսկողության այլ գործառույթներ:»:
Հոդված 3. Օրենքը լրացնել 12.1-ին հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 12.1. Սահմանային վերահսկողության կամ սահմանային հսկողության այլ գործառույթի իրականացում
1. Մաքսային մարմինները սահմանային վերահսկողության կամ սահմանային հսկողության այլ գործառույթ իրականացնելիս առաջնորդվում են տվյալ գործառույթի ոլորտը կարգավորող օրենսդրությամբ:
2. Սահմանային վերահսկողության կամ սահմանային հսկողության այլ գործառույթը մաքսային մարմինն իրականացնում է գործառույթի ոլորտը կարգավորող օրենքով ուղղակի նախատեսված լինելու դեպքում:
3. Մաքսային մարմինները սույն հոդվածով նախատեսված գործառույթն իրականացնում են մաքսային մարմնի անունից:
4. Սույն հոդվածով նախատեսված գործառույթի իրականացման կարգը սահմանում է Կառավարությունը:»:
Հոդված 4. Օրենքի 249-րդ հոդվածը՝
1) Վերնագրից հանել «կողմից» բառը:
2) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Միության անդամ չհանդիսացող պետություններից ֆիզիկական անձանց անձնական օգտագործման ապրանքները միջազգային փոստային առաքումներով կամ փոխադրողի կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվում են առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման, եթե ապրանքների արժեքը չի գերազանցում 200 հազար դրամը եւ (կամ) քաշը չի գերազանցում 31 կիլոգրամը:»:
Հոդված 5.
1.Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 3-րդ հոդվածով լրացվող 12.1-ին հոդվածի 4-րդ մասով սահմանված իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում: