Armenian ARMSCII Armenian
Պ-244-27.04.2022,01.06.2022-ԱՍ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-233-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Ներհամայնքային կանոնավոր երթուղիների մրցույթին ներկայացվող բոլոր ավտոբուսները պետք է մատչելի լինեն հաշմանդամություն ունեցող անձանց համար, իսկ միջմարզային եւ ներմարզային կանոնավոր երթուղիների մրցույթին ներկայացվող հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի տրանսպորտային միջոցների նվազագույն քանակը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի «նրանց իջեցումը:» բառերից հետո լրացնել նոր նախադասություն հետեւյալ շարադասությամբ.՝ «Կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնող ավտովարորդներն անհրաժեշտության դեպքում պետք է աջակցեն հաշմանդամություն ունեցող անձանց (ներառյալ նստեցնել, իջեցնել, տեղեկատվություն տրամադրել) օգտվելու տրանսպորտային սպասարկման իրենց իրավունքից:»:

Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածը լրացնել նոր մասով՝ հետեւյալ նախադասությամբ. «4. Ավտոկայարանային գործունեության կազմակերպումը պետք է համապատասխանի հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության պահանջներին, որոնք սահմանվում են Ավտոկայարանային գործունեության կազմակերպման կարգով:»:

Հոդված 4. Օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի «զամբյուղներով:» բառից հետո լրացնել նոր նախադասություն՝ հետեւյալ շարադասությամբ՝ «Մերձքաղաքային, միջքաղաքային, ներմարզային, միջմարզային եւ միջպետական փոխադրումնրերից օգտվելիս հաշմանդամություն ունեցող անձն իրավունք ունի ծանրոցից եւ ուղեբեռից բացի իր հետ անվճար փոխադրելու նաեւ աջակցող միջոցներ:»:

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 5.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:

3. Սույն օրենքի 5-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում օրենքի ուժի մեջ մտնելու պահից մեկ տարի հետո:

4. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը մրցութային եղանակով արդեն ընտրված եւ կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի, ինչպես նաեւ օպերատորների կողմից սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին շահագործվող ներհամայնքային կանոնավոր երթուղիները 2023 թվականի հունվարի 1-ից հետո ավտոտրանսպորտային միջոցներով համալրելու կամ փոխարինելու դեպքում դրանք պետք է մատչելի լինեն հաշմանդամություն ունեցող անձանց համար: