Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-472-24.03.2014--011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ 2012-2013ԹԹ. ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՐԱԳԱՉԱՓԵՐԻ ԵՎ ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ՍԱՐՔԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ, ՎՃԱՐՈՎԻ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ԵՐԵՎԱՆԻ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՈՒՂԵՎԱՐՁԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԹԱՆԿԱՑՄԱՆ, ՉՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ ԳՈՐԾԱԴՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 73-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20-ի ՀՕ-308 օրենքի (այսուհետ՝ Կանոնակարգ) 22-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ՈՐՈՇՈՒՄ Է՝

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության ֆիզիկական եւ իրավաբանական անձանց նկատմամբ 2012-2013թթ. ընթացքում արագաչափերի եւ տեսանկարահանող սարքերի կիրառման, վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման, Երեւանի ուղեւորափոխադրումների ուղեւարձի հնարավոր թանկացման, չշահագործվող ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության տուգանքների գործադրման ազդեցությունն ուսումնասիրող Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով):

2. Հանձնաժողովի խնդիրներն են`

1) Հանրապետության ավտոճանապարհներին տեղադրված արագաչափերի եւ տեսանկարահանող սարքերի, Երեւան քաղաքում ձեւավորված վճարովի ավտոկայանատեղերի գործողության արդյունքում 2012-2014 թվականների ընթացքում սպառողների հարկային բեռի փոփոխության եւ նրանց շահերի պաշտպանության ներկայիս վիճակի ուսումնասիրությունը.

2) արագաչափերի եւ տեսանկարահանող սարքերի տեղադրման, ինչպես նաեւ՝ վճարովի ավտոկայանատեղերի սպասարկման գծով ՀՀ գերատեսչությունների եւ Երեւանի քաղաքապետարանի կողմից տնտեսվարող սուբյեկտների հետ կնքված պայմանագրերի հիմնավորվածության ուսումնասիրությունը.

3) Երեւանի ուղեւորափոխադրումների ուղեւարձի հնարավոր վերանայման օբյեկտիվ պատճառների առկայության ուսումնասիրությունը.

4) չշահագործվող ավտոմեքենաների սեփականատերերի նկատմամբ պարտադիր ապահովագրության գծով կիրառված տուգանքների հետեւանքների գնահատման եւ դրանց վերանայման հնարավորությունների ուսումնասիրությունը.

5) սույն որոշման 2-րդ մասի 1-4 կետերում նշված խնդիրների հետ կապված եզրակացությունների եւ առաջարկությունների ներկայացումը:

3. Հանձնաժողովը գործում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ, 28-րդ, 29-րդ, 31-րդ եւ 32-րդ հոդվածներով նախատեսված հետեւյալ կարգով.

1) Հանձնաժողովի նիստերը դռնբաց են, բացառությամբ Հանձնաժողովի որոշմամբ նախատեսված դեպքերի.

2) Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է (գրանցվել է) նրա անդամների ընդհանուր թվի կեսից ավելին: Հանձնաժողովի նիստը վարում է Հանձնաժողովի նախագահը կամ ?Ազգային ժողովի կանոնակարգ’ Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 9-րդ կետով նախատեսված դեպքում՝ նրա տեղակալը կամ Հանձնաժողովի որոշմամբ լիազորված Հանձնաժողովի անդամը.

3) Հանձնաժողովի որոշումները եւ եզրակացություններն ընդունվում են Հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ.

4) հարցերի քննարկման ժամանակ որպես հիմնական կամ հարակից զեկուցող հանդես են գալիս Հանձնաժողովի սահմանած անձինք.

5) Հանձնաժողովի եզրակացությունը պետք է լինի գրավոր.

6) Հանձնաժողովի եզրակացության առնչությամբ նրա անդամի հատուկ կարծիքը կցվում է եզրակացությանը:

4. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 30.1-րդ հոդվածով սահմանված լիազորություններից բացի, Հանձնաժողովը կարող է՝

1) իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից, պետական կամ համայնքային հիմնարկից, պետական կամ համայնքային կազմակերպությունից կամ դրանց պաշտոնատար անձանցից, բացառությամբ դատարանների, դատավորների, դատախազների եւ քննիչների, պահանջել Հանձնաժողովի ուսումնասիրման ընթացքում բացահայտման ենթակա հանգամանքների վերաբերյալ անցկացնել ուսումնասիրություններ, փորձագիտական հետազոտություններ եւ ներկայացնել դրանց արդյունքները.

2) օրենսդրությամբ սահմանված կարգով ծանոթանալ իր առջեւ դրված խնդիրներին վերաբերող ցանկացած փաստաթղթի, այդ թվում՝ պետական, ծառայողական, առեւտրային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկությունների.

3) իր գործունեությունն իրականացնելիս ներգրավել մասնագետների եւ փորձագետների.

4) իր աշխատանքներին խորհրդակցական ձայնի իրավունքով հրավիրել սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների:

5. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում է մեկական պատգամավոր Ազգային Ժողովի խմբակցություններից, ինչպես նաեւ Ազգային ժողովի որոշմամբ՝ խմբակցություններում չընդգրկված մեկ պատգամավոր:

6. Խմբակցության անդամները Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են խմբակցության ղեկավարի ներկայացմամբ՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում:

7. Հանձնաժողովն իր կազմից ընտրում է նախագահ եւ տեղակալ:

8. Հանձնաժողովի առաջին նիստը գումարվում է նրա կազմավորման օրվան հաջորդող առաջին երկուշաբթի օրը՝ ժամը 11-ին: Հանձնաժողովը կազմավորված է համարվում նրա անդամների կեսից ավելիի նշանակման օրը:

9. Ազգային ժողովի աշխատակազմը մշտական հանձնաժողովների համար սահմանված կարգով ապահովում է Հանձնաժողովի գործունեության համար անհրաժեշտ պայմաններ:

10. Հանձնաժողովն իր գործունեության արդյունքների վերաբերյալ եզրակացությունն Ազգային ժողովին է ներկայացնում մինչեւ Ազգային ժողովի հինգերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի ավարտը:

11. Հանձնաժողովի գործունեությունը դադարում է նրա եզրակացությունն Ազգային ժողովում քննարկվելուց հետո կամ սույն որոշման 10-րդ մասով սահմանված ժամկետում եզրակացություն չներկայացնելու դեպքում, եթե Ազգային ժողովի որոշմամբ եզրակացության ներկայացման համար այլ ժամկետ չի սահմանվում: