Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-486-07.04.2014-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 14-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
 
14. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ
1. Վտանգավոր թափոնների վերամշակում ՀՀԿ Բ - Փ - Ո Հ Վ
2.  Վտանգավոր թափոնների վնասազերծում ՀՀԿ Բ - Փ - Ո Հ Վ
3. Վտանգավոր թափոնների պահպանում ՀՀԿ Բ - Փ - Ո Հ Վ
4. Վտանգավոր թափոնների փոխադրում ՀՀԿ Բ - Փ - Ո Հ Վ
5. Վտանգավոր թափոնների տեղադրում ՀՀԿ Բ - Փ - Ո Հ Վ

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 
 

Հիմնավորում

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 14-րդ կետն իսկզբանե խմբագրվել է այնպես, ինչպես գործող օրենքն է: Այսինքն, օրենքի սկզբանական բովանդակության իմաստով՝ քննարկվող գործունեությունը դիտարկվել է որպես մեկ ամբողջություն, եւ դրա ցանկացած բաղադրիչի համար լիցենզիա ձեռք բերելու նպատակով տնտեսվարող սուբյեկտը հարկադրված է եղել ներկայացնելու նաեւ մյուս բաղադրիչներին վերաբյալ փաստաթղթերը, բավարարել այդ բոլոր բաղադրիչներին վերաբերող պահանջները:

2007 թվականին կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքում (22.02.2007, ՀՕ-116-Ն) քննարկվող դրույթը խմբագրվեց հետեւյալ կերպ.
 
 
1. վտանգավոր թափոնների`
-վերամշակում
-վնասազերծում
-պահպանում
-փոխադրում 
եւ տեղադրում
 ՀՀԿ Բ Ա Փ - Ո Հ Վ.

Փաստորեն, նշված օրենսդրական փոփոխության արդյունքում գործունեության բաղադրիչները տարանջատվեցին եւ արդյունքում տնտեսվարող սուբյեկտի համար ստեղծվեցին առավել բարենպաստ պայմաններ: Մասնավորապես՝ գործունեության բաղադրիչներից որեւէ մեկը նախաձեռնելու դեպքում, գործարարը պարտավորվեց ներկայացնել միայն տվյալ բաղադրիչին ներկայացվող պահանջները:

2010 թվականին կատարված օրենսդրական փոփոխություններով (08.12.2010, ՀՕ-227-Ն) կրկին անցում կատարվեց սկզբնական խմբագրությանը: Այսպիսով, փոփոխության արդյունքում տնտեսվարող սուբյեկտը կրկին հարկադրված է քննարկվող գործունեության որեւէ բաղադրիչով զբաղվելու նպատակով ապահովել նաեւ մյուս բաղադրիչներին ներկայացվող պահանջները:

Այսպես, օրինակ, այն դեպքում, երբ տնտեսվարող սուբյեկտը մտադիր է իրականացնելու միայն վտանգավոր թափոնների փոխադրում, վերջինս հարկադրված է լիցենզիա խնդրարկելիս ապահվել նաեւ վտանգավոր թափոնների վերամշակմանը, վնասազերծմանը, պահպանմանը, տեղադրմանը ներկայացվող փաստաթղթերը եւ պահանջները։ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2013 թվականի հոկտեմբերի 24-ի թիվ 2 «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 14-րդ կետի 1-ին ենթակետի կիրառության վերաբերյալ պաշտոնական պարզաբանման համաձայն՝ «Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 14-րդ կետի 1-ին ենթակետում նշված գործունեության բոլոր թվարկված տեսակներից յուրաքանչյուրով զբաղվելու համար անհրաժեշտ է լիցենզիայի ստացում, անկախ այն հանգամանքից՝ դրանք միավորված են մեկ միասնական լիցենզիայում, թե ոչ»:

Առկա օրենսդրական կարգավորումը հակասում է Օրենքի տրամաբանությանը: Օրենսդրի կողմից գործունեության առանձին տեսակներով զբաղվելու համար լիցենզիա նախատեսելը, ինչպես նաեւ դրանց ներկայացվող կոնկրետ պահանջները եւ փաստաթղթերը ինքնանպատակ չեն, այլ ուղղված են անձանց առողջության պաշտպանությանը, զարգացող շուկայական հարաբերությունների կարգավորմանը, հսկողության իրականացմանը եւ այլն։ Տվյալ պարագայում միայն, ասենք, փոխադրման գործունեություն նախաձեռնող տնտեսվարող սուբյեկտի համար լրացուցիչ պարտավորություն նախատեսելը (այն է ապահովել վտանգավոր թափոնների վերամշակմանը, տեղադրմանը, պահպանմանը վերաբերող պահանջներ եւ փաստաթղթեր) որեւէ կերպ չի ընդգրկվում Օրենքի նպատակների եւ տրամաբանության շրջանակներում, քանի որ լիցենզավորող մարմինը օժտված է նախնական հսկողության (որն իրականացվում է լիցենզիա տրամադրելիս Օրենքի նպատակներից բխող փաստաթղթեր եւ տեղեկություններ պահանջելու եւ դրանք ուսումնասիրելու միջոցով) եւ հետագա վերահսկողության իրավասությամբ, որն իրականացվում է լիցենզավորված գործունեության նկատմամբ օրենսդրությամբ սահմանված պահանջների եւ պայմանների պահպանման հետագա ստուգման միջոցով:

Հետեւաբար, նախատեսված լրացուցիչ պարտավորությունը չի կրում հիմնավորված բնույթ։

Առկա իրավակարգավորման պարագայում լրացուցիչ խոչընդոտներ ու ավելորդ բեռ է ստեղծվում տնտեսվարող սուբյեկտի համար տնտեսական գործունեություն նախաձեռնելիս. վերջինս պարտավորված է ապահովել որոշակի պահանջներ, որոնք կապված չեն իր կողմից նախաձեռնվող գործունեության հետ, չեն բխում դրանից։

Սույն նախագծի ընդունմամբ վերոնշյալ բացը շտկվում է: