Հոդված 1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգիրքի (6 դեկտեմբերի 1985 թվական) այսուհետեւ Օրենսգիրք, 124 հոդվածի՝
1) 1-ին մասում «հնգապատիկի» բառը փոխարինել «կրկնապատիկի» բառով:
2) 2-րդ մասում «տասնապատիկի» բառը փոխարինել «եռապատիկի» բառով:
3) 5-րդ մասում «հնգապատիկի» բառը փոխարինել «կրկնապատիկի» բառով:
4) 21-րդ մասում «հնգապատիկի» բառը փոխարինել «կրկնապատիկի» բառով:
5) 22-րդ մասում «տասնապատիկի» բառը փոխարինել «եռապատիկի» բառով:
6) 23-րդ մասում «քառասնապատիկի» բառը փոխարինել «տասնապատիկի» բառով:
Հոդված 2. Օրենսգրքի 124.4 հոդվածի՝
1) 1-ին մասում «տասնապատիկի» բառը փոխարինել «եռապատիկի» բառով:
2) Ավելացնել նոր՝ 1.1 մաս` հետեւյալ բովանդակությամբ. «Երթեւեկության սահմանված արագությունը 11-20 կմ/ժ-ով գերազանցելը` առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի վեցապատիկի չափով»:
3) 2-րդ մասի «11-30» թվերը փոխարինել «21-30» թվերով:
Հոդված 3. Օրենսգրքի 124.7 հոդվածից հանել «հնգապատիկի» բառը:
Հոդված 4. Օրենսգրքի 305 հոդվածում՝
1) Երրորդ պարբերության «եռապատկվում է» բառերը փոխարինել «ավելանում է հիսուն տոկոսով» բառերով:
2) Չորրորդ պարբերության «հնգապատկվում է» բառերը փոխարինել «կրկնապատկվում է» բառերով:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության օրենքը Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանում տեսանկարահանող եւ լուսանկարահանող սարքերի միջոցով երթեւեկության կանոնների խախտումներ արձանագրելու պրակտիկայի կիրառումը հանգեցրել է վարչական տուգանքների համախառն ծավալի գրեթե եռակի աճի:
Այսպես՝ 2011 թվականի արդյունքներով Ճանապարհային ոստիկանության տեսուչների կողմից երթեւեկության կանոնների խախտման համար նշանակվել է 2 մլրդ 925 մլն 153 հազար դրամի համախառն տուգանք:
2012 թվականին, երբ արդեն գործարկվել են տեսանկարահանող եւ լուսանկարահանող սարքերը՝ պատկերը կտրուկ փոխվել է: Ճանապարհային ոստիկանության տեսուչների կողմից նշանակված տուգանքների համախառն չափը կազմել է 1 մլրդ 997 մլն 757 հազար դրամ, իսկ արագաչափերի եւ տեսախցիկների կիրառմամբ նշանակվել է 5 մլրդ 061 միլիոն 300 հազար դրամի տուգանք: 2013-ին այդ թվերը համապատասխանաբար կազմել են՝ 2 մլրդ 397 մլն 752 հազար դրամ եւ 8 մլրդ 950 մլն 165 հազար դրամ:
Վերը բերված վիճակագրությունը հիմնավորում է այն տեսակետը, որ տեսանկարահանող եւ լուսանկարահանող սարքերով երթեւեկության կանոնների խախտումներ արձանագրելու պրակտիկան գոնե առայժմ չի զարգացնում երթեւեկության կարգապահությունը: Փոխարենը առաջացնում է լրացուցիչ էական ֆինանսական բեռ՝ ՀՀ քաղաքացիների վրա, ինչի ազդեցությունը ընդգծվում է էլեկտրաէներգիայի, բնական գազի սակագների թանկացման, 32.5 տոկոս աղքատության ֆոնի վրա:
Ներկայացված նախագծով առաջարկվում է՝
ա) էականորեն կրճատել երթեւեկության կանոնների մի շարք նվազ վտանգավոր խախտումների համար նախատեսված տուգանքի չափերը: Խոսքը վերաբերվում է առավելապես այն խախտումներին, որոնք առավել հաճախակի արձանագրվում են տեսանկարահանող եւ լուսանկարահանող սարքերի կողմից:
բ) սահմանված առավելագույն արագության գերազանցմումը 11-ից 20 կմ/ժ-ով դիտարկել որպես առանձին իրավախախտում:
գ) էականորեն կրճատել վարչական տուգանքը օրենքով սահմանված ժամկետներում չվճարելու պարագայում նախատեսված՝ տուգանքի հավելաճի չափերը:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք. Նախագիծը մշակել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: