Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-489-08.04.2014-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության  2010 թվականի դեկտեմբերի 22-ի  ՀՕ-243-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 35-րդ հոդվածի  6-րդ մասի առաջին պարբերությունը հանել:

Հոդված 2. Օրենքի 36-րդ հոդվածում՝

1)  1-ին մասի երկրորդ պարբերությունից  հանել «մեկ տարվա» բառերը.

2) 1-ին մասի երրորդ պարբերությունից հանել   «մեկ տարվա» բառերը:

Հոդված 3. Օրենքի 36-րդ հոդվածը   լրացնել  հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6. Հայաստանի Հանրապետությունից բացակայող Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող կենսաթոշակառուների  կենսաթոշակը կարող է վճարվել նրանց կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում ներկայացրած  դիմումում նշված հաշվառման վայրում:»:

Հոդված 4. Օրենքի 41-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

2)  2-րդ մասի 2-րդ, 2.1-ին, 3-րդ   կետերն  ուժը կորցրած ճանաչել.

3) 2-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) Կենսաթոշակ վճարելը դադարեցվում է կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվելու օրվանից: ».

4) 3-րդ մասի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

5) 3-րդ մասի 8-րդ կետի  «13-րդ» բառը փոխարինել «14-րդ» բառով.

6) 4-րդ մասի 1-ին կետի «3-րդ կետի «բ» ենթակետի»  եւ «սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 2.1-ին կետերի հիման վրա» բառերը հանել.

7) 4-րդ մասի 3-րդ կետի առաջին նախադասությունը հանել:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ տարածվում է  2014 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:

Հիմնավորում

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին»  ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության

Նախագծով առաջարկվում է վերանայել կենսաթոշակ վճարելու, չվճարված կենսաթոշակի գումարը վճարելու, կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու, կենսաթոշակ վճարելը դադարեցնելու դրույթները:

Առաջարկվում է կենսաթոշակառուին չվճարված կենսաթոշակի գումարը վճարել նրա՝ դիմելուն նախորդող ժամանակահատվածի համար:

Ելնելով նրանից, որ սկսած 2013 թվականի հունվարի 1-ից գործում է  «Եկամտային հարկի եւ պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքը եւ կենսաթոշակառուների ցուցակներն ու անձնական տվյալները վերահսկելի են դարձել՝ առաջարկության ընդունումը հնարավոր է դառնում: