Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-490-10.04.2014-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան եւ գործողության ոլորտը

1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում ոչ պարենային արտադրանքը շրջանառության մեջ դնելու եւ այդ արտադրանքի անվտանգության ապահովման իրավական եւ կազմակերպական հիմքերի հետ կապված հարաբերությունները:

2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է ամբողջ արտադրանքի վրա, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված արտադրանքի տեսակների, եթե Հայաստանի Հանրապետության օրենքներով այլ բան նախատեսված չէ:

3. Սույն օրենքը չի տարածվում`

1) ծառայությունների եւ աշխատանքների.

2) սննդամթերքի, սննդային եւ կենսաբանական հավելումների, համային հավելումների, դիետիկ հավելումների եւ սննդամթերքի վերամշակման համար օժանդակ նյութերի.

3) կենդանական ծագման մթերքի.

4) անասնակերերի, դրանց հավելումների եւ խառնուրդների.

5) բույսերի, բուսական արտադրանքի, սերմանյութի եւ տնկանյութի եւ կենդանիների.

6) մարդկային, բուսական եւ կենդանական ծագման արտադրանքի, որոնք օգտագործվում են որպես վերարտադրողական նյութ.

7) ծխախոտի.

8) դեղամիջոցների եւ անասնաբուժական դեղամիջոցների.

9) թմրանյութերի, հոգեմետ միջոցների, դրանց անալոգների եւ պրեկուրսորների.

10) միջուկային նյութերի, հատուկ տրոհվող նյութերի, միջուկային էներգիայի բնագավառում օգտագործվող այլ արտադրանքի.

11) ռազմական նշանակության արտադրանքի.

12) քաղաքաշինության օբյեկտների.

13) օդանավեր եւ նրանցում տեղադրված սարքավորումների.

14) էներգետիկական տեղակայանքների (էներգատեղակայանքների) վրա:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված արտադրանքի անվտանգության ապահովումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմանական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվող հասկացությունները շուկայի վերահսկողության մասին օրենսդրության շրջանակներում ունեն հետեւյալ նշանակությունը.

անվտանգ ոչ պարենային արտադրանք (այսուհետ` անվտանգ արտադրանք) - ցանկացած ոչ պարենային արտադրանք (այսուհետ՝ արտադրանք), որն օգտագործման սովորական կամ հիմնավորված կանխատեսելի պայմաններում (ներառյալ երաշխիքային ժամկետը եւ, անհրաժեշտության դեպքում շահագործման մեջ դնելու, տեղադրման եւ տեխնիկական սպասարկման պայմանները) չի առաջացնում ոչ մի ռիսկ կամ նման արտադրանքի օգտագործմամբ պայմանավորված կարող են առաջանալ միայն նվազագույն ռիսկեր, որոնք համարվում են ընդունելի եւ վտանգ չեն առաջացնում մարդու կյանքին, առողջությանը եւ/կամ գույքին` մասնավորապես հաշվի առնելով.

1) արտադրանքի բնութագրերը, այդ թվում դրա բաղադրությունը, փաթեթավորումը, հավաքման հրահանգը եւ, անհրաժեշտության դեպքում, նաեւ տեղադրման եւ տեխնիկական սպասարկման վերաբերյալ ուղեցույցերը.

2) ատադրանքի ազդեցությունը այլ արտադրանքի վրա, եթե ենթադրվում է, որ դրանք օգտագործվելու են միասին.

3) արտադրանքի պիտակի վրա, դրա օգտագործման եւ ոչնչացման հրահանգներում եւ արտադրանքի վերաբերյալ այլ տեղեկատվության մեջ առկա նախազգուշացումները.

4) բնակչության որոշակի ռիսկային խմբի կողմից (երեխաներ, հղի կանայք, տարեցներ եւ այլն) արտադրանքի օգտագործման կամ կիրառման վերաբերյալ նախազգուշացումները.

արտադրանքը շրջանառության մեջ դնելը - տնտեսական գործունեության իրականացման շրջանակներում արտադրանքի ցանկացած վճարովի կամ անվճար մատակարարում Հայաստանի Հանրապետության շուկա` այն տեղակայելու, սպառելու կամ օգտագործելու նպատակով.

արտադրանքը շրջանառությունից հանելը - ցանկացած միջոցառում` ուղղված վտանգավոր արտադրանքը տարածելը, սպառողներին առաջարկելը եւ ցուցադրելը կանխելուն.

արտադրող`

1) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով ռեզիդենտ հանդիսացող ցանկացած ֆիզիկական անձ, անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ, որը հանդիսանում է արտադրանքը պատրաստող կամ իրեն հայտարարում է, որպես պատրաստող` արտադրանքի վրա իր անվանումը, առեւտրային նշանը կամ այլ տարբերակիչ նշան տեղադրելով, կամ վերականգնում է արտադրանքը.

2) Հայաստանի Հանրապետությունում արտադրողի լիազոր ներկայացուցիչ այն դեպքում, երբ արտադրանքի պատրաստող է հանդիսանում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով ոչ ռեզիդենտ ֆիզիկական կամ իրավաբանական անձը.

3) արտադրանքի ներմուծող այն դեպքում, երբ արտադրանքի պատրաստող է հանդիսանում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով ոչ ռեզիդենտ ֆիզիկական կամ իրավաբանական անձը, որը Հայաստանի Հանրապետությունում չունի լրազոր ներկայացուցիչ.

արտադրանքի հետկանչում - ցանկացած միջոցառում` ուղղված Հայաստանի Հանրապետության շուկայում արդեն իսկ արտադրողի կամ դիստրիբյուտորի կողմից սպառողին մատակարարված կամ հասանելի դարձված վտանգավոր արտադրանքը վերադարձնելուն.

արտադրանքի վերականգնում - օգտագործված արտադրանքին նոր արտադրանքի հատկանիշների տրամադրում` այն շուկային կրկնակի մատուցելու նպատակով.

արտադրանքի անվտանգության ապահովում - արտադրողի, դիստրիբյուտորի, շուկայի վերահսկողության պետական մարմնի կողմից կիրառվող միջոցառումների ամբողջություն` Հայաստանի Հանրապետությունում շուկայահանված արտադրանքը ոչ պարենային արտադրանքի անվտանգության վերաբերյալ ընդհանուր պահանջներին համապատասխանեցնելու նպատակով.

արտադրանքի մատակարարման շղթա - տնտեսավարող սուբյեկտների հաջորդականություն, որով ապահովվում է արտադրանքի մատակարարումը արտադրողից սպառողին.

արտադրանքի շուկայահանում - արտադրանքի առաջին մուտքը Հայաստանի Հանրապետության շուկա.

վտանգավոր արտադրանք - ցանկացած արտադրանք, որը չի համապատասխանում սույն հոդվածով նախատեսված «անվտանգ արտադրանք» սահմանմանը.

արտադրանք - ցանկացած արտադրանք (ներառյալ այն, որը ծառայությունների մատուցման ընթացքում մատակարարվում կամ տրամադրվում է սպառողներին օգտագործման համար), որը նախատեսված է սպառողների համար կամ հիմնավորված կանխատեսելի պայմաններում կարող է օգտագործվել սպառողների կողմից, նույնիսկ եթե այն նախատեսված չէ վերջիններիս համար, եւ եթե տնտեսկան գործունեության շրջանակներում մատակարարվել կամ տրամադրվել է սպառողներին վճարի դիմաց կամ անվճար` անկախ այն բանից, հանդիսանում է այն նոր, օգտագործված թե վերականգնված: Սույն սահմանումը չի կիրառվում օգտագործման մեջ գտնվող արտադրանքի նկատմամբ, որը մատակարարվել է, որպես հնաոճ իր կամ արտադրանք, որն օգտագործումից առաջ ենթակա է վերանորոգման կամ վերականգնման` պայմանով, որ մատակարարը վերանորոգման եւ վերականգնման անհրաժեշտության մասին հստակ տեղեկացնում է այն անձին, ում նման արտադրանքը տրամադրվում է.

արտադրանքի տեղակայում - արտադրանքը Հայաստանի Հանրապետության շուկայում շրջանառության մեջ դնելը` այն շուկայահանելուց հետո.

դիստրիբյուտոր - արտադրանքը շրջանառության մեջ դնող` արտադրանքի մատակարարման շղթայի ցանկացած ֆիզիկական անձ, անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ, բացառությամբ արտադրողի,

լուրջ ռիսկ - արտադրանքի օգտագործումից ապառողի կյանքին, առողջությանը, շրջակա միջավայրին վնաս հասցնելու վտանգ, ներառյալ այնպիսի վտանգ, որի հետեւանքները կարող են ի հայտ գալ նաեւ ոչ անմիջապես.

Հոդված 3. Ոչ պարենային արտադրանքի ընդհանուր անվտանգության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը

1. Ոչ պարենային արտադրանքի ընդհանուր անվտանգության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը կազմված է սույն օրենքից, «Շուկայի վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից, այլ օրենքներից եւ ոլորտի հարաբերությունները կարգավորող այլ նորմատիվ իրավական ակտերից:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ դրույթներ, քան սույն օրենքով, ապա գործում են միջազգային պայմանագրերի դրույթները:

Հոդված 4. Արտադրանքի անվտանգությանը ներկայացվող ընդհանուր պահանջը

Արտադրողները պարտավոր են շուկայահանել միայն անվտանգ արտադրանք:

Հոդված 5. Արտադրանքի ընդհանուր անվտանգությունն ապահովելու չափանիշները

1. Արտադրանքը համարվում է անվտանգ, եթե այն համապատասխանում է օրենքներով եւ այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված արտադրանքի անվտանգության պահանջներին:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արտադրանքի անվտանգության վերաբերյալ պահանջների բացակայության դեպքում արտադրանքի համապատասխանությունն ընդհանուր անվտանգության պահանջին որոշվում է` հաշվի առնելով.

1) միջազգային ստանդարտներին ներդաշնակեցված կամավոր ազգային ստանդարտներում առկա արտադրանքի անվտանգության ապահովման դրույթները.

2) ազգային ստանդարտներում առկա արտադրանքի անվտանգության դրույթները:

3. Արտադրանքը չի կարող համարվել վտանգավոր միայն այն պատճառով, որ առկա են արտադրանքի անվտանգության ավելի բարձր մակարդակի հասնելու հնարավորություններ կամ առաջարկվում է այլ արտադրանք, որն ունի ռիսկի ավելի ցածր աստիճան:

Հոդված 6. Տեղեկատվության մատչելիությունը արտադրանքի անվտանգության ապահովման բնագավառում

1. Շուկայում առկա` սպառողների անվտանգությանն ու առողջությանը վտանգավոր կամ լուրջ ռիսկ առաջացնող արտադրանքի վերաբերյալ շուկայի վերահսկողության մարմնի կողմից իր լիազորությունների իրականացման ընթացքում հայտնի դարձած ցանկացած տեղեկատվություն պետք է մատչելի լինի հանրությանը: Նման տեղեկատվության մատչելիությունն ապահովվում է տեղեկատվության ազատության վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան` չխախտելով շուկայի վերահսկողություն իրականացնելու համար նախատեսված սահմանափակումները:

2. Հանրությանը մատչելի է, մասնավորապես, հետեւյալ տեղեկատվությունը.

1) տվյալ, որը հնարավորություն է տալիս նույնականացնել համապաստասխան արտադրանքը.

2) տվյալներ արտադրանքի անվտանգության հատկությունների, ներառյալ այդ արտադրանքի օգագործման հետ կապված հնարավոր ռիսկերի բնույթի վերաբերյալ.

3) տվյալներ արտադրանքից առաջացած լուրջ ռիսկերի կամ վտանգի կանխմանն ուղղված միջոցառումների ձեռնարկման վերաբերյալ.

3. Շուկայի վերահսկողության մարմինը համացանցի միջոցով ապահովում է լուրջ ռիսկ պարունակող կամ վտանգավոր արտադրանքի վերաբերյալ տեղեկատվության օպերատիվ փոխանակման համակարգում առկա տեղեկատվության անվճար հասանելիությունը հանրությանը սույն հոդվածի երկրորդ մասով սահմանված ծավալով:

4. Շուկայում վտանգավոր արտադրանքի զանգվածային տարածման դեպքում այդ արտադրանքի վերաբերյալ տեղեկատվությունը սույն հոդվածի երկրորդ մասով սահմանված ծավալով կարող է տարածվել զանգվածային լրատվության միջոցներով եւ շուկայի վերահսկողության մարմնի ու տնտեսական քաղաքականության բնագավառում լիազորված պետական մարմնի պաշտոնական ինտերնետային կայքերում տեղադրելու միջոցով:

5. Շուկայի վերահսկողության մարմնին շուկայի վերահսկողության իրականացման ընթացքում հայտնի դարձած տնտեսավարող սուբյեկտների առեւտրային գաղտնիքների եւ անհատական տվյալների պաշտպանությունն իրականացվում է «Շուկայի վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Հոդված 7. Սպառողների դիմումը` կապված արտադրանքի անվտանգության իրավունքի պաշտպանության հետ

1. Սպառողներն իրավունք ունեն դիմել շուկայի վերահսկողության մարմին կամ դատարան` արտադրանքի անվտանգության ապահովման հետ կապված իրենց խախտված իրավունքների պաշտպանության նպատակով:

2. Շուկայի վերահսկողության մարմինը սույն հոդվածի առաջին մասով նախատեսված դիմումների պատճառների եւ քանակի մոնիթորինգն իրականացնելու նպատակով վարում է դրանց հաշվառում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

3. Սպառողների դիմումների հիման վրա անվտանգության ապահովման պահանջներին արտադրանքի հատկանիշների համապատասխանության ստուգման կարգը սահմանվում է «Շուկայի վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

4. Շուկայի վերահսկողության մարմինն իր տարածքում եւ պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է տեղեկատվություն սպառողների կողմից արտադրանքի անվտանգության իրենց խախտված իրավունքների պաշտպանության օրենքով սահմանված ընթացակարգերի վերաբերյալ եւ էլեկտրոնային հասցե, որով սպառողները կարող են ներկայացնել իրենց բողոքները:

Գլուխ 2. ԴԻՍՏՐԻԲՅՈՒՏՈՐԻ ԵՎ ԱՐՏԱԴՐՈՂԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 8. Արտադրողի պարտականությունները

Արտադրողը իր գործունեության շրջանակներում պարտավոր է .

1) սպառողներին արտադրանքի հետ տրամադրել դրա վերաբերյալ տեղեկատվություն պարունակող բնութագրեր, թերթիկներ կամ ուղեցույցներ, որոնք հնարավորություն կտան նրանց գնահատել արտադրանքից առաջացող հնարավոր ռիսկերը դրանց նորմալ եւ հիմնավորված կանխատեսելի օգտագործման ժամանակահատվածում եւ զգուշանալ դրանցից, եթե նման ռիսկերն ակնհայտ չեն առանց համապատասխան նախազգուշացումների: Նման նախազգուշացումների առկայությունը չի ազատում անձանց սույն օրենքով սահմնաված այլ պահանջները պահպանելու պարտականությունից.

2) սույն օրենքի 11-րդ հոդվածի պահանջներին համապատասխան անմիջապես ծանուցել շուկայի վերահսկողության մարմնին, եթե նա, իր տրամադրության տակ գտնվող տեղեկատվության հիման վրա կամ զուտ որպես ոլորտի մասնագետ, գիտի կամ պետք է իմանա, որ իր կողմից շուկայահանված արտադրանքը սպառողների համար առաջացնում է լուրջ ռիսկեր:

Հոդված 9. Դիստրիբյուտորի պարտականությունները

1. Դիստրիբյուտորը իր գործունեության շրջանակներում պարտավոր է.

1) պատշաճ կերպով աջակցել արտադրանքը դրա անվտանգությունն ապահովող կարգավորումներին համապատասխանեցնելուն, մասնավորապես, չմատակարարել այնպիսի արտադրանք, որի վերաբերյալ, իր տրամադրության տակ գտնվող տեղեկատվության հիման վրա կամ իրեն, զուտ որպես մասնագետի, հայտնի է կամ պետք է հայտնի լինի, որ չի համապատասխանում նշված կարգավորումներին.

2) սույն օրենքի 10-րդ հոդվածին համապատասխան անմիջապես ծանուցել շուկայի վերահսկողության համապատասխան մարմնին, եթե իր տրամադրության տակ գտնվող տեղեկատվության հիման վրա կամ զուտ որպես մասնագետ, գիտի կամ պետք է իմանա, որ իր կողմից մատակարարված արտադրանքը չի համապատասխանում արտադրանքի անվտանգության ընդհանուր պահանջին.

3) իր գործունեության շրջանակներում համագործակցել շուկայի վերահսկողության մարմնի հետ` իր կողմից մատակարարված արտադրանքից առաջացող ռիսկերի կանխմանն ուղղված միջոցառումների ձեռնարկման վերաբերյալ պահանջի հիման վրա:

Հոդված 10. Արտադրանքի անվտանգության ընդհանուր պահանջին չհամապատասխանող արտադրանքի մասին ծանուցման տրամադրումը

1. Արտադրանքի անվտանգության ընդհանուր պահանջին չհամապատասխանող արտադրանքի մասին ծանուցման մեջ այդ արտադրանքն արտադրողը կամ դիստրիբյուտորը նշում է սպառողների համար ռիսկերի կանխման ուղղությամբ իր կողմից ձեռնարկված գործողությունները:

2. Եթե արտադրանքի անվտանգության ընդհանուր պահանջին չհամապատասխանող արտադրանքն իրենից լուրջ ռիսկ է ներկայացնում, այդ մասին ծանուցումը պարունակում է.

1) տեղեկատվություն, որը հնարավորություն է տալիս հստակ նույնականացնել արտադրանքը կամ դրա խմբաքանակը, ներառյալ` արտադրանքի անվանումը, նույնականացման կոդը.

2) արտադրանքից առաջացող լուրջ ռիսկի ամբողջական նկարագրությունը.

3) առկա ողջ տեղեկատվությունը, որն անհրաժեշտ է արտադրանքի ծագումը եւ դրա հետագծելիությունը պարզելու համար.

4) այլ անհրաժեշտ տեղեկատվություն` արտադրանքի անվտանգության ընդհանուր պահանջին չհամապատասխանող արտադրանքի մասին ծանուցման բովանդակությանը համապատասխան:

3. Արտադրանքի անվտանգության ընդհանուր պահանջին չհամապատասխանող արտադրանքի մասին ծանուցման բովանդակությունը եւ ձեւը, ինչպես նաեւ շուկայի վերահսկողության մարմնին դրա ներկայացման կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

Գլուխ 3. Արտադրանքի անվտանգության նկատմամբ պետական վերահսկողությունը

Հոդված 11. Արտադրանքի անվտանգության ընդհանուր պահանջին համապատասխանության պետական վերահսկողությունը

1. Արտադրանքի անվտանգության ընդհանուր պահանջին համապատասխանության պետական վերահսկողությունն արտադրողների եւ դիստրիբյուտորների նկատմամբ իրականացվում է շուկայի վերահսկողության մարմնի կողմից:

2. Շուկայի վերահսկողության կազմակերպումն եւ իրականացման կարգը, ինչպես նաեւ շուկայի վերահսկողության մարմնի իրավասությունը եւ նրա կողմից արտադրանքի անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ որոշումների ընդունման կարգը սահմանվում է սույն օրենքով եւ «Շուկայի վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

3. Արտադրանքի անվտանգության ապահովման եւ շուկայի վերահսկողության իրականացման բնագավառում շուկայի վերահսկողության մարմինների եւ այլ պետությունների կամ միջազգային կազմակերպությունների համապատասխան մարմինների միջեւ համագործակցության կազմակերպումը սահմանվում է «Շուկայի վերահսկողության մասին» ՀՀ օրենքով:

Հոդված 12. Շուկայի վերահսկողության արդյունավետության ապահովումն արտադրանքի անվտանգության ապահովման բնագավառում

1. Արտադրանքի անվտնագության ապահովման բնագավառում շուկայի վերահսկողության արդյունավետությունն ապահովվում է.

1) արտադրանքի կատեգորիաների եւ դրանց ռիսկերի վերլուծության հիման վրա շուկայի վերահսկողության ոլորտային ծրագրի մշակման եւ իրականացման, ինչպես նաեւ դրա մոնիթորինգի իրականացման եւ պարբերաբար վերանայման միջոցով.

2) արտադրանքի անվտանգության վերաբերյալ գիտական եւ տեխնիկական գիտելիքների շարունակականությունը եւ նորացումն ապահովելու միջոցով.

3) շուկայի վերահսկողության համակարգի գործունեության եւ դրա արդյունավետության եւ, անհրաժեշտության դեպքում, շուկայի վերահսկողության կազմակերպման մոտեցումների վերանայման միջոցով:

Հոդված 13. Շուկայի վերահսկողության մարմնի իրավասությունը` կապված արտադրանքի անվտանգության ապահովման հետ

1. Սույն օրենքի նպատակներից ելնելով` շուկայի վերահսկողության մարմինը լիազորված է անհրաժեշտության դեպքում ձեռնարկել միջոցներ` ուղղված արտադրանքի անվտանգության ապահովմանը, ինչպիսիք են.

1) ցանկացած արտադրանքի դեպքում.

ա) բավարար ծավալով անցկացնել շուկայահանած արտադրանքի հատկանիշների ստուգում, ներառյալ, օրենքով նախատեսված դեպքերում, արտադրանքի օգտագործման կամ սպառման փուլերում.

բ) սույն օրենքի նպատակների իրագործման համար անհրաժեշտ տեղեկատվություն պահանջել մատակարարման շղթայի արտադրողներից կամ դիստրիբյուտորներից.

գ) կատարել շուկայահանած արտադրանքի նմուշառումներ` արտադրանքի հատկանիշների ստուգման եւ դրանց փորձաքննության (փորձարկման) նպատակով.

2) ցանկացած արտադրանքի դեպքում, որը կարող է լուրջ ռիսկ առաջացնել կոնկրետ պայմաններում.

ա) պահանջել, բացակայության դեպքում, կիրառելի, հստակ բառերով նշագրում եւ դյուրին ընկալելի նախազգուշացում կատարել այդ արտադրանքից առաջացող հնարավոր ռիսկի վերաբերյալ: Արտադրողը կամ դիստրիբյուտորը կարող են իրենց ցանկությամբ նախատեսել նման նախազգուշացումները նաեւ այլ լեզվով.

բ) համապատասխան արտադրանքի շուկայահանումը համապատասխանեցնել արտադրանքի անվտանգության ապահովման պարտականությանը.

3) սպառողների կոնկրետ կատեգորիայի համար ռիսկ առաջացնելու հավանականություն ունեցող արտադրանքի դեպքում` պահանջել, որպեսզի այս կատեգորիայի սպառողներին ռիսկի մասին նախազգուշացումները տրվեն ժամանակին եւ պատշաճ ձեւով, ներառյալ հատուկ նախազգուշացումների հրապարակումը.

4) ցանկացած վտանգավոր արտադրանքի դեպքում` արգելել այդ արտադրանքի շուկայահանումը կամ տեղակայումը եւ ներկայացնել միջոցներ, որոնք պահանջվում են արգելքը հիմնավորելու համար.

5) արդեն իսկ շուկայահանած ցանկացած արտադրանքի դեպքում, փորձաքննության արդյունքների հիման վրա.

ա) հրաման տալ կամ կազմակերպել դրա արդիական եւ անհապաղ հանումը շուկայից եւ նախազգուշացնել սպառողներին այդ արտադրանքի ներկայացրած ռիսկերի մասին.

բ) հրաման տալ կամ համակարգել, կամ, անհրաժեշտության դեպքում, կազմակերպել արտադրողների եւ դիստրիբյուտորների հետ համատեղ դրա հետկանչումը սպառողներից եւ դրա ոչնչացումը համապատասխան պայմաններում: Հետկանչումը կիրառվում է, որպես ծայրահեղ միջոցառում, երբ այլ միջոցառումները չեն բավարարում առաջացող ռիսկերը կանխելուն, այն դեպքերում, երբ արտադրողը այդ միջոցը համարում է անհրաժեշտ կամ երբ նա պարտավոր է այդպես գործել շուկայի վերահսկողության մարմնի որոշմանը համապատասխան:

2. Շուկայի վերահսկողության մարմնի սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված միջոցառումները արտադրանքի անվտանգությունն ապահովելու նպատակով ձեռնարկելու վերաբերյալ պահանջներն ուղղվում են համապատասխանաբար.

1) արտադրողին.

2) դիստրիբյուտորին իր գործունեության շրջանակներում, մասնավորապես, այն անձին, որը պատասխանատու է Հայաստանի Հանրապետության շուկայում արտադրանքի տարածման նախնական փուլի համար.

3) անհրաժեշտության դեպքում, ցանկացած այլ անձի` արտադրանքից առաջացող ռիսկերից խուսափելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների իրականացման ընթացքում համագործակցությունն ամրապնդելու նպատակով.

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արտադրանքի անվտանգության ապահովմանն ուղված միջոցառումները կիրառվում են շուկայի վերահսկողության մարմնի կողմից ռիսկի լրջությանը համաչափ եւ հաշվի առնելով կանխարգելման սկզբունքը: Այդ նպատակով շուկայի վերահսկողության մարմինները խրախուսում եւ աջակցում են արտադրողների եւ դիստրիբյուտորների` սույն օրենքով իրենց վրա դրված պարտականություններին համապատասխան ձեռնարկվող կամավոր գործողություններին:

4. Եթե արտադրողի կամ դիստրիբյուտորի իրենց պարտականությունների կատարմանն ուղղված գործողությունները անբավարար են կամ անհամապատասխան, շուկայի վերահսկողության մարմինը, անհրաժեշտության դեպքում կազմակերպում է կամ հրաման է արձակում ձեռնարկել սույն հոդվածի առաջին մասի 5-րդ կետով նախատեսված միջոցառումները:

5. Եթե արտադրանքը ներկայացնում է լուրջ ռիսկ, շուկայի վերահսկողության մարմինն անմիջապես իրականացնում է սույն հոդվածի 1-ին մասի 2-5-րդ կետերով նախատեսված լիազորությունները:

Հոդված 14. Լուրջ ռիսկ պարունակող արտադրանքի վերաբերյալ տեղեկատվության արագ փոխանակման համակարգը

1. Լուրջ ռիսկ առաջացնող արտադրանքի վերաբերյալ տեղեկատվության արագ փոխանակման համակարգը ստեղծվում եւ գործում է պետական մարմինների միջեւ լուրջ ռիսկ առաջացնող արտադրանքի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման նպատակով:

2. Եթե հայտնաբերվում է լուրջ ռիսկ առաջացնող արտադրանք, շուկայի վերահսկողության մարմինը, իր իրավասությունների շրջանակում համապատասխան ծանուցումներ է ուղարկում լուրջ ռիսկ առաջացնող արտադրանքի վերաբերյալ տեղեկատվության արագ փոխանակման համակարգին:

3. Լուրջ ռիսկ առաջացնող արտադրանքի վերաբերյալ ծանուցումը պարունակում է.

1) տեղեկատվություն, որը հնարավորություն է տալիս նույնականացնել համապատասխան արտադրանքը.

2) արտադրանքի կողմից առաջացող ռիսկի նկարագրությունը, ներառյալ տեղեկատվությունը փորձաքննության եւ փորձարկման արդյունքների մասին եւ դրանց հիման վրա կատարված եզրակացությունները.

3) տեղեկատվություն ռիսկը կանխելու նպատակով ձեռնարկված միջոցառումների բնույթի եւ տեւողության վերաբերյալ (եթե նման միջոցառումներ կամ գործողություններ ձեռնարկվել են), ներառյալ արտադրողների եւ/կամ դիստրիբյուտորների կողմից իրենց սեփական նախաձեռնությամբ ձեռնարկված միջոցառումները.

4) տեղեկատվություն շուկայահանած արտադրանքի ծագման եւ մատակարարման շղթայի վերաբերյալ.

5) լուրջ ռիսկ առաջացնող արտադրանքի վերաբերյալ տեղեկատվության արագ փոխանակման համակարգին ծանուցումների տրամադրման կանոններով նախատեսված այլ անհրաժեշտ տեղեկատվություն:

4. Լուրջ ռիսկ առաջացնող արտադրանքի վերաբերյալ տեղեկատվության արագ փոխանակաման համակարգը ներառում է նաեւ լուրջ ռիսկ առաջացնող արտադրանքի վերաբերյալ տեղեկատվություն` ստացված լուրջ ռիսկ առաջացնող արտադրանքի վերաբերյալ տեղեկատվության միջազգային, տարածքային եւ օտարերկրյա համակարգերից կամ այլ պետությունների իրավասու մարմիններից:

5. Լուրջ ռիսկ առաջացնող արտադրանքի վերաբերյալ տեղեկատվության արագ փոխանակաման համակարգում ներառված տեղեկատվությունը հասանելի է շուկայի վերահսկողության մարմիններին, մաքսային մարմիններին եւ տնտեսական քաղաքականության բնագավառում, ՀՀ առողջապահության բնագավառում լիազորված եւ սպառողների իրավունքների պաշտպանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնին:

6. Լուրջ ռիսկ առաջացնող արտադրանքի վերաբերյալ տեղեկատվության արագ փոխանակաման համակարգի վարումն իրականացվում է տնտեսական քաղաքականության բնագավառում պետական կառավարման լիազորված մարմինը:

Հոդված 15. Լուրջ ռիսկ առաջացնող արտադրանքի վերաբերյալ տեղեկատվության արագ փոխանակաման միջազգային, տարածքային եւ օտարերկրյա համակարգերի հասանելիությունը Հայաստանի Հանրապետությանը

1. Միջազգային պայամանագրերին համապատասխան Հայաստանի Հանրապետությանը մատչելի կարող են լինել լուրջ ռիսկ առաջացնող արտադրանքի վերաբերյալ տեղեկատվության արագ փոխանակման միջազգային, տարածաշրջանային եւ օտարերկրյա համակարգերը:

2. Լուրջ ռիսկ առաջացնող արտադրանքի վերաբերյալ տեղեկատվության արագ փոխանակման միջազգային, տարածաշրջանային եւ օտարերկրյա համակարգերին Հայաստանի Հանրապետության մատչելիությունն ապահովվում է այդ համակարգերի միջեւ տվյալների փոխանակումն ապահովելու նպատակով:

3. Լուրջ ռիսկ առաջացնող արտադրանքի վերաբերյալ տեղեկատվության արագ փոխանակման միջազգային, տարածաշրջանային եւ օտարերկրյա համակարգերին Հայաստանի Հանրապետության մատչելիության ապահովման հետ կապված գործունեության համակարգումն իրականացնում է տնտեսական քաղաքականության բնագավառում պետական կառավարման լիազորված մարմինը:

4. Լուրջ ռիսկ առաջացնող արտադրանքի վերաբերյալ տեղեկատվության արագ փոխանակման միջազգային, տարածաշրջանային եւ օտարերկրյա համակարգերի միջեւ տվյալների փոխանակման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:


ԳԼՈՒԽ 4 ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

Հոդված 16. Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջների խախտման համար

1. Սույն օրենքի պահանջների խախտումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

ԳԼՈՒԽ 5. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 17. Օրենքն ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Անհրաժեշտությունը

«Շուկայի վերահսկողության մասին» եւ «Ոչ պարենային արտադրանքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի նպատակը 2011 թվականի հունվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը եւ գերակա խնդիրները հաստատելու մասին» ՀՀ կառավարության N 111-Ն որոշման, ինչպես նաեւ «Հայաստանի Հանրապետության եվ Եվրոպական միության միջեւ խոր եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի բանակցությունների մեկնարկի նպատակով մինչեւ 2011 թվականի հունիս ամիսը կատարվելիք միջոցառումների ժամանակացույցի» կատարման ապահովումն է, համաձայն որի ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարված է իրականացնել բարեփոխումներ որակի ենթակառուցվածքների բնագավառում:

Շուկայի վերահսկողության հարաբերությունների կարգավորման եւ ոչ պարենային արտադրանքի անվտանգության ապահովման նպատակով անհրաժեշտություն է առաջացել մշակելու «Շուկայի վերահսկողության մասին» եւ «Ոչ պարենային արտադրանքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը, որոնք հստակ կարգավորում են ոչ պարենային արտադրանքի անվտանգության ապահովման ոլորտի հարաբերությունները` սահմանելով տնտեսավարող սուբյեկտների եւ շուկայի վերահսկաղության մարմնի իրավունքներն ու պարտականությունները նշված ոլորտում, շուկայի վերահսկողության իրականացման միջոցառումները, արտադրանքի հատկանիշների ստուգման ընթացակարգերը, սահմանափակիչ միջոցառումների իրականացման ընթացակարգերը, վտանգավոր արտադրանքի շուկայից դուրս բերման եւ հետկանչման միջոցառումները, ինչպես նաեւ ոչ պարենային արտադրանքը շրջանառության մեջ դնելու եւ այդ արտադրանքի անվտանգության ապահովման իրավական եւ կազմակերպական հիմքերը:

Միեւնույն ժամանակ նշված օրենքների նախագծերի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում շուկայի վերահսկողության ոլորտը միջազգային ստանդարտներին` եվրոպական դիրեկտիվներին ու կանոնակարգերին, ինչպես նաեւ միջազգային լավագույն փորձին համահունչ կարգավորելու հրամայականով:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Ներկայում արտադրանքի վերահսկողության ոլորտը կարգավորվում է “Համապատասխանության գնահատման մասին” ՀՀ օրենքով, որը սակայն համակողմանի չի կարգավորում արտադրանքի անվտանգության ապահովման համար անհրաժեշտ բոլոր միջոցառումները: Արտադրանքի անվտանգության ապահովումը եւ շուկայի վերահսկողությունը իրավական կարգովրման կարիք ունեն, որի նպատակն է սպառողների շահերի պաշտպանության մակարդակի բարձրացումը` միջազգային լավագույն փորձի ներդրման եւ եվրոպական ստանդարտներին համապատասխանության ապահովման միջոցով:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Բնագավառում իրականացվող քաղաքականությունը հանգում է շուկայի վերահսկողության միջոցառումների պատշաճ կերպով իրականացմանը եւ ներքին շուկան վտանգավոր արտադրանքներից պաշտպանվածությանը:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Օրենքների նախագծերի կարգավորման նպատակն է վտանգավոր եւ սահմանված պահանջներին չհամապատասխանող արտադրանքից ներքին շուկայի պաշտպանությունն ապահովելու նպատակով շուկայի վերահսկողության իրավական եւ կազմակերպական հիմքերի, շուկայի վերահսկողության հարաբերությունների կարգավորումը, ինչպես նաեւ որ պարենային արտադրանքի անվտանգության ապահովման իրավական եւ կազմակերպական հիմքերի սահմանումը:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք

Նախագծերի մշակմանը ներգրավված են եղել Տեսչական բարեփոխումների քարտուղարությունը եւ ՎԶԵԲ-ը:

6. Ակնկալվող արդյունքը

Եվրոպական չափանիշներին համապատասխան օրենքների առկայություն, որոնք հիմք կստեղծեն շուկան վտանգավոր արտադրանքներից պաշտպանելու եւ վերջինիս վերահսկողության ուղղությամբ համապատասխան միջոցառումների իրականացման համար:

7. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

Չկան