Հոդված 1. «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 8-ի ՀՕ-9-Ն օրենքը (այսուհետ` Օրենք) լրացնել 9.1-րդ եւ 9.2-րդ հոդվածներով.
«Հոդված 9.1. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգը եւ միասնական էլեկտրոնային գրանցամատյանը
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում գործում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգ, որը հասանելի է ՔԿԱԳ մարմիններին համացանցի միջոցով:
2. ՔԿԱԳ մարմինները սույն օրենքով նախատեսված բոլոր քաղաքացիական կացության ակտերը, ինչպես նաեւ գրանցման արդյունքում տրամադրվող բոլոր վկայականները պատրաստում են բացառապես էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով:
3. Միասնական էլեկտրոնային գրանցամատյանը պաշտոնական էլեկտրոնային փաստաթուղթ է, որտեղ էլեկտրոնային եղանակով գրառվում եւ պահպանվում են սույն օրենքի համաձայն կատարվող բոլոր ակտային գրանցումներում գրանցման ենթակա՝ սույն օրենքով նախատեսված բոլոր տեղեկությունները, ինչպես նաեւ գրանցման համար հիմք հանդիսացած փաստաթղթերի, տրամադրվող վկայականների եւ քաղաքացիական կացության ակտերի էլեկտրոնային պատճենները:
Հոդված 9.2. Քաղաքացիական կացության ակտերի համար դիմելը
Սույն օրենքով նախատեսված՝ ՔԿԱԳ մարմիններ դիմում ներկայացնելու պահանջը համարվում է կատարված, երբ դիմող անձը ՔԿԱԳ մարմնի աշխատակցին է տրամադրում դիմումը պատրաստելու համար անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը եւ ստորագրում է էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով պատրաստված դիմումը:»:
Հոդված 2. Անցումային եւ եզրափակիչ դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թ. օգոստոսի 3-ին:
2. Մինչեւ 2018 թ. հունվարի մեկը էլեկտրոնային համակարգով փաստաթղթեր պատրաստելու տեխնիկական անհնարինության, ինչպես նաեւ գրանցումները միասնական էլեկտրոնային համակարգի միջոցով կատարելու տեխնիկական անհնարինության դեպքում ՔԿԱԳ մարմինը գրանցումը կատարում է թղթային տարբերակով եւ գրանցման տվյալները մուտքագրում է էլեկտրոնային կառավարման համակարգ ոչ ուշ, քան համապատասխան գրանցումը կատարելուց մեկ շաբաթվա ընթացքում:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման վերաբերյալ
Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում ՔԿԱԳ էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման անհրաժեշտությամբ, ինչը պայմանավորած է Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012թ. հունիսի 30-ի ՆԿ-96-Ա կարգադրությամբ հաստատված ռազմավարական ծրագրից բխող միջոցառումների ցանկի 8.4 կետով եւ ՀՀ ԵՄ միջեւ գործող Թիվ ԵՀՔԳ/2012/23600 ֆինանսավորման համաձայնագրով (բյուջետային աջակցության ծրագիր) նախատեսված առավել արդյունավետ քաղաքացիական կացության ակտերի գրանցման հետ կապված 8-րդ պայմանով նախատեսված ՀՀ պարտավորությունով: Վերոգրյալ օրենսդրական նախագիծը ուղղված է համապատասխան լրացումներ կատարել գործող օրենսդրությունում` նպատակ ունենալով ներդնել անհրաժեշտ ընթացակարգեր եւ ապահովել ՔԿԱԳ ոլորտի բարեփոխումների անխափան իրագործումը։
Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
Այժմ գործում է ՔԿԱԳ թղթային համակարգ, կիրառվում են թղթային գրանցամատյաններ (չնայած որոշակի տեղեկատվական բազաներ եւ համակարգեր սահմանափակ կիրառվել են նախկինում, սակայն համակարգը այժմ գործում է բացառապես որպես թղթային), փաստաթղթերը եւ դիմումները պատրաստվում են ձեռագիր: ԵՄ աջակցությամբ մշակվել եւ փորձարկվել է ծրագրային ապահովում եւ էլեկտրոնային գրանցման նոր համակարգ: Նշված համակարգն արդեն գործում է Երեւան քաղաքի ՔԿԱԳ մարմիններում եւ Գյումրիում: ՀՀ ամբողջ տարածքում նշված համակարգի ներդրումը նախատեսվում է ավարտել 2014 թ. մայիս-հունիս ամիսներին: Միեւնույն ժամանակ, գործող օրենսդրության մեջ բացակայում է որեւէ դրույթ, որը նախատեսում է էլեկտրոնային գրանցամատյանների ստեղծում եւ համակարգի կիրառման պարտավորություն:
Կարգավորման նպատակը եւ ակնկալվող արդյունքը
Առաջարկվող լրացումներով նախատեսվում է օրենսդրություն ներմուծել ՔԿԱԳ էլեկտրոնային համակարգի եւ էլեկտրոնային գրանցամատյանի հասկացությունը, ինչպես նաեւ ՔԿԱԳ մարմինների նշված համակարգերն օգտագործելու պարտավորությունը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ստեղծված էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով հնարավորություն է ստեղծվել պատրաստել բոլոր անհրաժեշտ դիմումները, ապա օրենքով նախատեսվել է նաեւ դրույթ, համաձայն որի դիմում ներկայացնելու պահանջը համարվում է կատարված, երբ անձը ներկայացնում է դիմում պատրաստելու համար անհրաժեշտ տեղեկատվություն եւ ստորագրում է համակարգի միջոցով ՔԿԱԳ մարմնի աշխատակցի կողմից պատրաստված դիմումը:
Վերոնշյալ օրենքի նախագծի ընդունումը հնարավորություն կտա կանոնակարգելով իրավական դաշտը հստակեցնել ՔԿԱԳ համակարգը եւ ներդրել էլեկտրոնային գրանցման համակարգ:
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն կառաջանա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2007 թ. մայիսի 14-ի N 97-Ն հրամանում փոփոխություն կատարել, որը կընդունվի երկու ամսվա ընթացքում: