Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-495-18.04.2014-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (1 փետրվարի 1999 թվականի,
ՀՕ-285, այսուհետ՝ օրենք) 17.1 հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ չորրորդ մասով.

«4. Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում ստուգումները պլանավորվում եւ իրականացվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, այդ թվում նաեւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անվտանգության ստանդարտներով, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ սույն օրենքով սահմանված կարգով:»:

Հոդված 2. Օրենքի 31.6 հոդվածի 3-րդ մասում «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով»  բառերը փոխարինել «օրենքի 17.1 հոդվածի 4-րդ մասով» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:  

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ  ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Անհրաժեշտությունը

Վերոհիշյալ օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորություններից բխող՝ ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում իրականացվող ստուգումների առանձնահատկություններով:

 Համաձայն «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքի, կարգավորող մարմինը՝ ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն (կոմիտե) իրականացնում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի անվտանգության պետական կարգավորում՝ կիրառելով կարգավորող վերահսկողության համար անհրաժեշտ տեսչական ստուգումներ, դիտարկումներ, չափումներ, փորձարկումներ, վերլուծություններ, որակավորման ստուգումներ, հետազոտություններ:

Միաժամանակ, համաձայն «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 2-րդ հոդվածի, կոմիտեն հանդիսանում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում՝ իր իրավասությունների շրջանակներում ստուգումներ իրականացնող մարմին:

Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում իրականացվող ստուգումները, տեսչական գործառույթները, որակավորման ստուգումները իրականացվում են նաեւ ՀՀ կողմից ստանձնած  միջազգային պայմանագրերի (Միջուկային զենքի չտարածման պայմանագրի հետ կապված երաշխիքների կիրառման մասին» ՀՀ եւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջեւ կնքված Համաձայնագրի («Միջուկային զենքի չտարածման պայմանագրի հետ կապված երաշխիքների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության եւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջեւ Համաձայնագրին կից լրացուցիչ արձանագրություն, «Միջուկային անվտանգության մասին» կոնվենցիա եւ այլն),  Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անվտանգության ստանդարտների պահանջների, մեթոդաբանության  հիման վրա:

Վերոհիշյալ հանգամանքով է պայմանավորված «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» եւ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքներում համապատասխան լրացումներ եւ փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը, որով կապահովվի ՀՀ միջազգային պարտավորությունների կատարումը, եւ վերոհիշյալ օրենքների՝ միմյանց համապատասխանությունը:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Ատոմային էներգիայի  օգտագործման օբյեկտներում իրականացվում են տեսչական ստուգումներ անվտանգության տեսակետից կարեւոր համակարգերի (մի քանի տասնյակ) ստուգման նպատակով, անվտանգության բարձրացման միջոցառումների համապատասխանությունը անվտանգության նորմերին ու կանոններին ստուգելու նպատակով,  «Միջուկային զենքի չտարածման մասին»  պայմանագրից բխող պարտավորությունների կատարման համար ԱԷՄԳ-ի տեսուչների հետ համատեղ անցկացվում են մի քանի տեսչական ստուգումներ, ըստ միջուկային նյութի (վառելիքի) շարժի («Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ, «Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» ՊՈԱԿ, «Գյումրու ուռուցքաբանական դիսպանսեր» ՓԲԸ եւ այլ օբյեկտներ, որոնք աշխատանքներ են իրականացնում միջուկային նյութերի հետ), օբյեկտների պլանային նախազգուշական վերանորոգման աշխատանքներից առաջ, եւ այլ դեպքերում, որոնք հանրավոր չէ նախօրոք պլանավորել (օրինակ՝ նորմալ շահագործման ռեժիմից շեղումների, վթարային իրավիճակների դեպքում):

Ըստ գործունեության տեսակների, նշված վերահսկողությունն ու ստուգումներն իրականացվում են ԱԷՄԳ կողմից սահմանված անվտանգության ստանդարտներով՝ որոնք ներառում են ստուգումների մեթոդաբանությունը, ընթացակարգերը, հարցաթերթերը եւ այլն:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Բնագավառում իրականացվող քաղաքականությունը բխում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության պետական կարգավորման պահանջից:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը

«Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքների ընդունումը հնարավորություն կտա ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում  իրականացվող ստուգումների գործընթացը համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված միջազգային չափանիշներին, միաժամանակ ապահովելով դրանցով ստանձնած պարտավորությունների կատարումը:

5. Ակնկալվող արդյունքը

Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում ստուգումների գործընթացի համապատասխանեցում միջազգային չափանիշներին: