Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-498-23.04.2014-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-6-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի առաջին նախադասությունում «փետրվարի» բառը փոխարինել «մայիսի» բառով, իսկ «օգոստոսի» բառը փոխարինել «հոկտեմբերի» բառով:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություն.

«Սույն հոդվածի 4-րդ մասում նշված կարգով դիմումը հետ վերադարձնելու կամ սույն մասում նշված կարգով դիմումը կրկին անգամ չներկայացվելու, ինչպես նաեւ սույն օրենքի 8.1-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն դիմումը մերժվելու դեպքերում քաղաքացին ենթակա է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի:»:

ՀՈԴՎԱԾ 3. ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագծի ընդունման

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ավարտական եւ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության քննությունների ժամկետների երկարաձգման հետ կապված պարտադիր եւ այլընտրանքային զորակոչերի հայտարարման ժամկետների փոփոխության, ինչպես նաեւ օրենքով սահմանված դեպքերում այլընտրանքային ծառայության դիմումը հետ վերադարձնելու կամ մերժելու պարագայում քաղաքացու զորակոչի կարգավիճակի հստակեցման հանգամանքով:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Ներկայումս ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ավարտական եւ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության քննություններն իրականացվում են տվյալ տարվա հունիս-հուլիս ամիսներին, որի արդյունքում համապատասխան զորակոչերը հայտարարվում եւ անցկացվում են տվյալ տարվա մայիս-հուլիս եւ հոկտեմբեր-հաջորդ տարվա հունվար ամիսների ընթացքում: Քանի որ համապատասխան զորակոչային հանձնաժողովները կազմավորվում եւ իրենց գործունեությունն իրականացնում են հայտարարված զորակոչի ընթացքում, գործող օրենքում այլընտրանքային ծառայության անցնելու դիմումի հիման վրա 30-օրյա ժամկետում տվյալ քաղաքացու առողջական վիճակի փորձաքննությունն ու նրա պիտանիության որոշումը հնարավոր չի լինում ապահովել` համապատասխան զորակոչային եւ բժշկական հանձնաժողովների կազմավորված չլինելու պատճառով: Գործող օրենքում հստակեցված չէ նաեւ այն հարցը, թե զորակոչային ինչպիսի կարգավիճակ է ստանում այն քաղաքացին, ում այլընտրանքային ծառայություն անցնելու դիմումն օրենքով սահմանված դեպքերում հետ է վերադարձվել կամ մերժվել է:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է այլընտրանքային ծառայության կազմակերպման եւ անցկացման հետ կապված հարաբերությունների լիարժեք կարգավորմանը:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Օրենքի նախագծի կարգավորման առարկա են կազմում այլընտրանքային ծառայության անցնելու դիմումների ներկայացման ժամկետների փոփոխությունը եւ այլընտրանքային ծառայություն անցնելու դիմում հետ վերադարձնելու կամ մերժելու դեպքում դիմում ներկայացրած քաղաքացու զորակոչի կարգավիճակի հարցը, համաձայն որի նշված դեպքում անձը ենթակա է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ պաշտպանության նախարարության իրավաբանական վարչության եւ ՀՀ զինվորական կոմիսարիատի աշխատակիցների կողմից:

6. Ակնկալվող արդյունքը

Այլընտրանքային ծառայության դիմումների ներկայացման ժամկետների եւ դրանց քննարկման արդյունքներով զորակոչիկի կարգավիճակի հստակեցումը կնպաստի այլընտրանքային ծառայության կազմակերպման եւ անցկացման հետ կապված հարաբերությունների լիարժեք կարգավորմանը:

7. Այլ տեղեկություններ չկան: