Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-502-23.04.2014-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ` Oրենսգիրք)՝

1) 17-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ), ինչպես նաեւ ոչ նյութական վնասը:».

2) 17-րդ հոդվածում լրացնել 4-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.

«4. Ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման միայն սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում:»:

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 162.1-րդ հոդվածով.

«Հոդված 162.1. Ոչ նյութական վնասի հասկացությունը եւ դրա հատուցումը

1. Սույն օրենսգրքի իմաստով ոչ նյութական վնասը ֆիզիկական կամ հոգեկան տառապանք է, որն առաջացել է անձին ի ծնե կամ օրենքի ուժով պատկանող ոչ նյութական բարիքների դեմ ոտնձգող կամ նրա գույքային իրավունքները կամ անձնական ոչ գույքային իրավունքները խախտող որոշմամբ, գործողությամբ կամ անգործությամբ:

2. Եթե դատական կարգով հաստատվել է, որ պետական մարմնի կամ պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետեւանքով ֆիզիկական անձի նկատմամբ թույլ է տրվել «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 2-րդ, 3-րդ կամ 5-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքների խախտում (սույն օրենսգրքի իմաստով՝ կոնվենցիոն իրավունքների խախտում), ապա այդ անձը, իսկ նրա մահվան կամ անգործունակության դեպքում՝ նրա ամուսինը, ծնողը, որդեգրողը, երեխան, որդեգրվածն, խնամակալը, հոգաբարձուն իրավունք ունեն դատական կարգով պահանջելու պատճառված ոչ նյութական վնասի հատուցում:

3. Եթե դատապարտյալն արդարացվել է «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիային կից թիվ 7 Արձանագրության 3-րդ հոդվածով նախատեսված պայմաններում, ապա նա իրավունք ունի դատական կարգով պահանջելու իրեն պատճառված ոչ նյութական վնասի հատուցում (սույն օրենսգրքի իմաստով՝ հատուցում անարդարացի դատապարտման համար):

4. Պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասը հատուցվում է սույն օրենսգրքի 1087.1-րդ հոդվածով, իսկ կոնվենցիոն իրավունքների խախտման եւ անարդացացի դատապարտման հետեւանքով պատճառված ոչ նյութական վնասը՝ 1087.2-րդ հոդվածով սահմանված կարգին եւ պայմաններին համապատասխան»:

Հոդված 3. Օրենսգրքի 2.1-րդ պարագրաֆի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝ «« 2.1. ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ»:

Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1087.2-րդ հոդվածով.

«Հոդված 1087.2. Կոնվենցիոն իրավունքների խախտման եւ անարդարացի դատապարտման հետեւանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման կարգը եւ պայմանները

1. Կոնվենցիոն իրավունքների խախտման եւ անարդացացի դատապարտման հետեւանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման եղանակը, հիմքը եւ չափը որոշվում է սույն հոդվածին եւ սույն օրենսգրքի 162.1-րդ հոդվածին համապատասխան:

2. Ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման` անկախ հատուցման ենթակա գույքային վնասից:

3. Ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման` անկախ վնաս պատճառելիս պաշտոնատար անձի մեղքի առկայությունից:

4. Ոչ նյութական վնասը հատուցվում է պետական բյուջեի միջոցների հաշվին:

5. Ոչ նյութական վնասի հատուցման չափը որոշում է դատարանը՝ ողջամտության, արդարացիության (equitableness) եւ համաչափության սկզբունքներին համապատասխան:

6. Ոչ նյութական վնասի հատուցման չափը որոշելիս՝ դատարանը հաշվի է առնում ֆիզիկական կամ հոգեկան տառապանքի բնույթը, աստիճանը եւ տեւողությունը, պատճառած վնասի հետեւանքները, վնասը պատճառելիս մեղքի առկայությունը, ոչ նյութական վնաս կրած անձի անհատական հատկանիշները, ինչպես նաեւ այլ վերաբերելի հանգամանքներ:

7. Հատուցման չափը չի կարող գերազանցել`

1) նվազագույն աշխատավարձի հազարապատիկը` «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 2-րդ կամ 3?րդ հոդվածներով երաշխավորված իրավունքների խախտման պարագայում, ինչպես նաեւ սույն օրենսգրքի 162.1 հոդվածի 3-րդ մասում նախատեսված դեպքում.

2) նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը` «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 5-րդ հոդվածով երաշխավորված իրավունքի խախտման պարագայում:

8. Ոչ նյութական վնասի հատուցման չափը բացառիկ դեպքերում կարող է գերազանցել սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսած առավելագույն սահմանը, եթե պատճառված վնասի արդյունքում առաջացել են ծանր հետեւանքներ:

9. Ոչ նյութական վնասի հատուցման պահանջը կարող է ներկայացվել սույն օրենսգրքի 162.1-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված խախտումը հաստատող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու պահից՝ վեցամսյա ժամկետում:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի նոյեմբերի 1-ին:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չէ: 2010 թվականին Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում կատարված լրացման արդյունքում սահմանվեց պատվի, արժանապատվության, գործարար համբավի պաշտպանության մեխանիզմ, որը սակայն ոչ նյութական վնասի վերականգնման միայն մասնակի դրսեւորում է: Այդ մեխանիզմը վերաբերում է միայն պատվի, արժանապատվության կամ գործարար համբավի պաշտպանությանը, մինչդեռ պետական մարմինների որոշումների, գործողությունների կամ անգործության հետեւանքով անձի հիմնարար իրավունքների խախտման հետեւանքով առաջացած ոչ նյութական վնասի` ֆիզիկական կամ հոգեկան տառապանքի դրամական հատուցման հնարավորություն ՀՀ գործող օրենսդրությունը չի նախատեսում: Այդ բացի լրացումը կարեւոր է իրավական պաշտպանության ներպետական միջոցների համակարգն ամբողջացնելու դիտանկյունից` հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ Եվրոպայի խորհրդի անդամ գրեթե բոլոր պետությունների օրենսդրությամբ այդպիսի կառուցակարգ ամրագրված է:

Ոչ նյութական վնասի նյութական հատուցման առաջարկվող կառուցակարգի ամրագրումը կարեւոր է նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների պատշաճ կատարման առումով: Այսպես, 2002 թվականի ապրիլի 26-ին Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիան (այսուհետ՝ Եվրոպական կոնվենցիա), ինչը նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը պարտավորվել է իր տարածքում երաշխավորելու Եվրոպական կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու հիմնարար ազատությունները: Դա նաեւ նշանակում է, որ այն անձինք, ովքեր գտնում են, որ Հայաստանի Հանրապետության կողմից խախտվել են Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքները, կարող են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (այսուհետ՝ Եվրոպական դատարան), եթե Հայաստանում սպառել են միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերին համապատասխան իրավական պաշտպանության բոլոր ներպետական միջոցները: Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի (ազատության եւ անձնական անձեռնմխելության իրավունք) 5-րդ կետի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք, ով, ի խախտումն սույն հոդվածի դրույթների, ձերբակալման կամ կալանավորման զոհ է դարձել, իրավունք ունի հայցի ուժով օժտված փոխհատուցման»: Այս դրույթն իմպերատիվ կերպով պարտավորեցնում է Եվրոպական կոնվենցիան վավերացրած պետությանը, տվյալ դեպքում՝ Հայաստանին, ներպետական օրենսդրությամբ ամրագրել փոխհատուցման իրավունքը՝ անօրինական ձերբակալման կամ կալանավորման հետեւանքով պատճառված ոչ նյութական վնասի համար: Ավելին, ոչ նյութական վնասի հատուցման կառուցակարգի սահմանման անհրաժեշտության մասին է նշվել նաեւ Հայաստանի Հանրապետության վերաբերյալ վճռում: Մասնավորապես, Խաչատրյանը եւ այլոք ընդդեմ Հայաստանի գործով վճռում (2012թ.) Եվրոպական դատարանը գտել է, որ ոչ նյութական վնասի հատուցման մեխանիզմների բացակայությունը, որի հետեւանքով Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ կամ 4-րդ կետերով սահմանված երաշխիքների խախտման արդյունքում տառապանք կրած անձը զրկվում է նման փոխհատուցում ստանալու հնարավորությունից, ինքնին 5-րդ հոդվածի 5-րդ կետի խախտում է: Հետեւաբար ներպետական օրենսդրությամբ պետք է նախատեսվի նման հնարավորություն («« 155-159):

Հատկանշական է, որ Եվրոպական կոնվենցիայով ամրագրված ոչ նյութական վնասի հատուցման իրավունքից օգտվելու հնարավորությունը կարեւոր պայման է նաեւ դրա 13-րդ հոդվածով սահմանված՝ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի երաշխավորման համար: Այդ մասին են վկայում Եվրոպական դատարանի՝ տարբեր վճիռներում արտահայտված դիրքորոշումները: Այս դիրքորոշումն արտահայտվել է նաեւ Պողոսյանը եւ Բաղդասարյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռում (2012թ.), որտեղ Եվրոպական դատարանն արձանագրել է, որ «Եվրոպական կոնվենցիայի առավել հիմնարար դրույթներ հանդիսացող 2-րդ եւ 3-րդ հոդվածների խախտման դեպքում խախտման հետեւանքով պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցումը պետք է սկզբունքորեն հասանելի լինի իրավական պաշտպանության հնարավոր միջոցների շարքում» (« 46): Այն միաժամանակ եզրահանգել է, որ «դիմումատուն պետք է հնարավորություն ունենար դիմելու վատ վերաբերմունքի հետեւանքով իրեն պատճառված ոչ նյութական վնասի հատուցման համար: Քանի որ Հայաստանի օրենսդրությամբ նման հատուցում չի նախատեսում, դիմումատուն զրկված է եղել իրավական պաշտպանության արդյունավետ միջոցից… Հետեւաբար, տեղի է ունեցել Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտում» (« 47-48):

Բացի դրանից, նույն Պողոսյանը եւ Բաղդասարյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանը ոչ նյութական վնասի հատուցման կառուցակարգի բացակայությունը, հետեւաբար նաեւ՝ քաղաքացուն նման հնարավորությունից զրկելը, խախտում է նաեւ Եվրոպական կոնվենցիային կից թիվ 7 Արձանագրության 3-րդ հոդվածը, որով երաշխավորվում է սխալ դատապարտման դեպքում փոխհատուցման իրավունքը: Նշված գործով իր վճռում Եվրոպական դատարանը գտնել է, որ «թիվ 7 Արձանագրության 3?րդ հոդվածի նպատակը ոչ միայն սխալ դատապարտման դեպքում նյութական վնասի վերականգնումն է, այլ նաեւ դատական սխալի հետեւանքով դատապարտված անձին փոխհատուցման տրամադրումն է ցանկացած ոչ նյութական վնասի, օրինակ՝ տագնապի, անհանգստության, անհարմարության եւ կյանքի նկատմամբ հետաքրքրության կորստի համար: Տվյալ գործով դիմումատուին նման փոխհատուցում, այնուամենայնիվ, չի տրվել… Հետեւաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի թիվ 7 Արձանգրության 3-րդ հոդվածի խախտում» (« 51-52):

Վերը նշված կոնվենցիոն դրույթներով ու Եվրոպական դատարանի վճիռներով են պայմանավորված օրենքի նախագծում Եվրոպական կոնվենցիայի 2-րդ, 3-րդ եւ 5-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքների խախտման դեպքում քաղաքացուն, իսկ թիվ 7 Արձանագրության 3-րդ հոդվածում նախատեսված պայմաններում արդարացված դատապարտյալին ոչ նյութական վնասի հատուցում ստանալու իրավունքի նախատեսման հիմնավորումը:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Օրենքի նախագծով առաջարկվում է ներդնել ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտը: Ոչ նյութական վնասի հատուցման կառուցակարգի ամրագրմամբ, կապահովվի Եվրոպական կոնվենցիան վավերացնելու արդյունքում ստանձնած պարտավորության կատարումը, իսկ քաղաքացիների համար հնարավորություն կտրվի կոնկրետ դեպքերում ստանալու հատուցում՝ ոչ նյութական վնասի համար:

Բացի դրանից, նախատեսվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի «Վնաս պատճառելու հետեւանքով ծագած պարտավորություններ» գլխում (պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգը եւ պայմանները սահմանող դրույթների հետ մեկտեղ) ամրագրել ոչ նյութական վնասի հատուցման կարգը եւ պայմանները:

Նախատեսվում է սահմանել, որ եթե պետական մարմնի կամ պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետեւանքով ֆիզիկական անձի նկատմամբ թույլ է տրվել Եվրոպական կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք), 3-րդ (խոշտանգման արգելք) կամ 5-րդ (ազատության իրավունք) հոդվածներով երաշխավորված իրավունքների խախտում, ապա այդ ֆիզիկական անձն իրավունք ունի դատական կարգով պահանջելու իրեն պատճառված ոչ նյութական վնասի հատուցում: Բացի դրանից, հատուցման իրավունք ունի նաեւ այն դատապարտյալը, ով արդարացվել է Եվրոպական կոնվենցիային կից թիվ 7 Արձանագրության 3-րդ հոդվածում նախատեսված պայմաններում:

Մասնավորապես, առաջարկվող օրենքի գործողությունը նախատեսվում է տարածել հետեւյալ դեպքերի վրա`

1) իրավասու պետական մարմինների կողմից քաղաքացուն խոշտանգման ենթարկելը կամ անիրավաչափորեն կյանքից զրկելը.

2) կյանքից զրկված անձի մահվան կամ ենթադրյալ խոշտանգման փաստի առթիվ պետական մարմինների կամ պաշտոնատար անձանց որոշման, գործողության կամ անգործության արդյունքում պատշաճ քննություն չիրականացնելը.

3) անձին ազատությունից անիրավաչափորեն զրկելը.

4) նոր կամ նոր ի հայտ եկած հանգամանքներով դատապարտյալի արդարացումը (բացառությամբ` եթե դատապարտումը ամբողջովին կամ մասնակիորեն տեղի է ունեցել դատապարտյալի մեղքով, օրինակ` ինքնախոստովանական ցուցմունքի հետեւանքով):

Ոչ նյութական վնասի հատուցման անհրաժեշտ պայման է համարվում Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքի խախտման փաստի դատական հաստատումը:

Օրենքի նախագիծն ուժի մեջ է մտնելու 2014 թվականի նոյեմբերի 1-ից:

3. Նախագծի մշակման ընթացքում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումները

Օրենքի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից: Օրենքի նախագիծը վերամշակվել է շահագրգիռ պետական մարմինների, ինչպես նաեւ ԵԽ Վենետիկի հանձնաժողովի կարծիքների հիման վրա:

4. Ակնկալվող արդյունքը

Օրենքի ընդունմամբ ակնկալվում է ապահովել Եվրոպական կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարումը, Պողոսյանը եւ Բաղդասարյանն ընդդեմ Հայաստանի եւ Խաչատրյանը եւ այլոք ընդդեմ Հայաստանի գործերով Եվրոպական դատարանի կայացրած վճիռների պատշաճ կատարումը: Բացի այդ, ակնկալվում է բարձրացնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավական պաշտպանվածության մակարդակը` նրանց տրամադրելով իրավական պաշտպանության նոր արդյունավետ գործիք, ինչպես նաեւ մեծացնել իրավասու պետական մարմինների եւ պաշտոնատար անձանց պատասխանատվությունը՝ մարդու հիմնարար իրավունքներին առնչվող որոշումներ կայացնելիս, գործողություններ կատարելիս կամ անգործություն դրսեւորելիս:

Ակնկալվում է նաեւ, որ օրենքի ընդունմամբ կնվազի Հայաստանի Հանրապետության կողմից Եվրոպական կոնվենցիայի խախտում արձանագրող Եվրոպական դատարանի վճիռների թիվը: