Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-503-25.04.2014-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 76-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի N ՍԴՈ-1142 որոշման պահանջներն ապահովելու նպատակով, մինչեւ 2014 թվականի սեպտեմբերի 30-ը կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-244-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 76-րդ հոդվածի գործողությունը:

Հոդված 2. Պարտադիր կուտակային վճարը հաշվարկելու եւ փոխանցելու պարտավորություն ունեցող անձը ազատվում է մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածի համար պարտադիր կուտակային վճարը չկատարելու կամ ուշացումով կատարելու համար Օրենքով նախատեսված պատասխանատվությունից:

Հոդված 3. Օրենքի 76-րդ հոդվածի գործողության կասեցման ժամկետը լրանալուց հետո ծագած իրավահարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի N ՍԴՈ-1142 որոշման պահանջներն ապահովելու նպատակով ընդունվող Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ու պայմաններով:

Հոդված 4. Անցումային դրույթներ

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը կասեցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման


Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը կասեցնելու մասին» ՀՀ օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի 1142 որոշման ընդունմամբ:

Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Ներկայիս օրենսդրական կարգավորմամբ օրենքով սահմանված ժամկետում պարտադիր կենսաթոշակային վճար չկատարելու դեպքում անձը պարտավոր է վճարել օրենքով սահմանված տույժ` յուրաքանչյուր օրվա համար 0,15 %, ինչպես նաեւ հարկային մարմինը պարտավոր է դիմել դատարան՝ անձին սնանկ ճանաչելու պահանջով:

Կարգավորման նպատակը եւ ակնկալվող արդյունքը

Սույն նախագծի ընդունման դեպքում, մինչեւ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի N ՍԴՈ-1142 որոշման ամբողջական կատարումն ապահովող իրավական ակտերի ընդունումը կկասեցվի օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը, միաժամանակ, անձանց ազատելով նախկին ժամանակահատվածի համար պարտադիր կուտակային վճարը չկատարելու կամ ուշացումով կատարելու համար Օրենքով նախատեսված պատասխանատվությունից: