Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Կ-299-19.05.2004-ՖՎ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ I.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում արժութային գործարքների կնքման կարգն ու պայմանները, արժութային արժեքների տնօրինման, տիրապետման եւ օգտագործման դեպքերը, կարգն ու պայմանները, ինչպես նաեւ կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում արժութային կարգավորման ու վերահսկողության հետ կապված այլ հարաբերությունները:

Հոդված 2. Արժութային գործարքների եւ արժութային գործարքներ իրականացնող անձանց գործունեության իրավական կարգավորումը

Արժութային գործարքները, արժութային գործարքներ իրականացնող անձանց գործունեությունը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում արժութային կարգավորման ու վերահսկողության հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, իսկ օրենքով նախատեսված դեպքերում իրավական այլ ակտերով:

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքի իմաստով եւ սույն օրենքի հիման վրա ընդունված այլ իրավական ակտերի իմաստով՝

1. Արժութային արժեքներ համարվող գույքի տեսակներն են՝

ա) Հայաստանի Հանրապետության արժույթը՝ դրամը.

բ) Հայաստանի Հանրապետության արժույթով արտահայտված վճարային արժեթղթերը.

գ) օտարերկրյա արժույթը (արտարժույթը).

դ) արտարժույթով արտահայտված վճարային արժեթղթերը.

ե) բանկային ոսկին.

զ) սույն մասում նշված արժութային արժեքներից բխող իրավունքներն ու պարտավորությունները, որոնք ունեն փողային արտահայտություն:

2. Հայաստանի Հանրապետության արժույթն է՝

ա) շրջանառության մեջ գտնվող, ինչպես նաեւ շրջանառությունից հանված կամ հանվող, սակայն փոխանակման ենթակա Հայաստանի Հանրապետության օրինական վճարամիջոցը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) կողմից թողարկված թղթադրամների եւ մետաղադրամների տեսքով.

բ) Հայաստանի Հանրապետության բանկերի, Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող դրանց մասնաճյուղերի բանկային հաշիվներում եւ ավանդներում առկա միջոցները՝ արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով.

գ) Հայաստանի Հանրապետության արժույթը որպես վճարման օրինական միջոց օգտագործելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եւԿենտրոնական բանկի կողմից օտարերկրյա պետության համապատասխան մարմինների հետ կնքված համաձայնագրերի հիման վրա տվյալ պետության տարածքում գտնվող բանկերի եւ այլ ֆինանսավարկային կազմակերպությունների հաշիվներում առկա միջոցները՝ արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով.

դ) Հայաստանի Հանրապետության դրամով վճարման վճարային փաստաթղթերը:

3. Օտարերկրյա արժույթը (արտարժույթն) է՝

ա) օտարերկրյա մեկ կամ մի քանի պետությունների տարածքում շրջանառության մեջ գտնվող, ինչպես նաեւ շրջանառությունից հանված կամ հանվող, բայց փոխանակման ենթակա օրինական վճարամիջոց հանդիսացող թղթադրամներն ու մետաղադրամները.

բ) բանկային հաշիվներում եւ ավանդներում գտնվող օտարերկրյա պետությունների դրամական միավորներով եւ միջազգային դրամական միավորներով արտահայտված միջոցները եւ վճարման վճարային փաստաթղթերը:

4. Բանկային ոսկի՝ Լոնդոնի թանկարժեք մետաղների շուկայի ասոցիացիայի անդամ հանդիսացող զտարկող (աֆինաժային) կազմակերպություններում արտադրված, ոսկու ձուլակտորներն են, որոնք ունեն անհատական սերտիֆիկատ եւ որոնց վրա դաջված է զտարկող կազմակերպության անվանիշը, քաշը, հարգը եւ հերթական սերիական համարը: Ոսկու բանկային ձուլակտորների քաշը կազմում է 350-ից 450 տրոյական ունցիա (10886-13996 գր.), 99.50 ից ոչ պակաս ոսկու պարունակությամբ եւ իրենց վրա լրացուցիչ դաջված է արտադրության տարեթիվը.

5. Ռեզիդենտներն են՝

ա) ֆիզիկական անձինք (բացառությամբ անհատ ձեռնարկատերերի), որոնք հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը ներառյալ սկսվող կամ ավարտվող տասներկուամսյա ցանկացած ժամանակահատվածում գտնվել են Հայաստանի Հանրա՟պետությունում 183 օր եւ ավելի, կամ որոնց կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատող՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ժամանակավորապես աշխատող ֆիզիկական անձինք.

բ) Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած, հաշվառված կազմակերպություններըեւ անհատ ձեռնարկատերերը.

գ) օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դեսպանությունները, հյուպատոսական հիմնարկները, զորքերը.

դ) միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունները.

ե) սույն մասի «բ» ենթակետում նշված ռեզիդենտների Հայաս՟տանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող մասնա՟ճյու՟ղերը եւ ներկայացուցչությունները.

զ) սույն մասի «գ» եւ «դ» ենթակետերում նշված ռեզիդենտների Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող ղեկավարները, այլ աշխատակիցները եւ նրանց ընտանիքների անդամները:

6. Ոչ ռեզիդենտներն են՝

ա) ռեզիդենտ չհամարվող ֆիզիկական անձինք, այդ թվում օտարերկրյա պետության պետական ծառայության մեջ գտնվող՝ Հայաստանի Հանրապետությունում ժամանակավորապես աշխատող ֆիզիկական անձինք.

բ) օտարերկրյա պետություններում ստեղծված կազմակերպությունները ու դրանց մասնաճյուղերն ու ներկայացուցչությունները.

գ) Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող օտարերկրյա պետությունների դեսպանությունները, հյուպատոսական հիմնարկները, զորքերը եւ միջազգային կազմակերպությունները, ինչպես նաեւ դրանց Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող ղեկավարները, այլաշխատակիցները եւ նրանց ընտանիքների անդամները.

դ) սույն կետի «բ» ենթակետում նշված ոչ ռեզիդենտների մաս՟նա՟ճյուղերն ու ներկայացուցչությունները, որոնք գտնվում են Հա՟յաս՟տանի Հանրապետությունում.

ե) սույն մասի «ա»-«դ» կետերում չնշված այլ անձինք :

7. Կենսական շահերի կենտրոնը՝ այն վայրն է, որտեղ կենտրոնացված են անձի ընտանեկան կամ տնտեսական շահերը: Ընտանեկան կամ տնտեսական շահ է համարվում այն վայրը, որտեղ գտնվում է անձի բնակելի տունը (բնակարանը), ուր բնակվում է անձը կամ նրա ընտանիքը եւ գտնվում է նրա (ընտանիքի) անձնական կամ ընտանեկան հիմնական գույքը, կամ հիմնական տնտեսական (պրոֆեսիոնալ) գործունեության իրականացման վայրը.

8. Արժութային գործարքներն այն գործարքներ են, որոնք կապված են՝

ա) արժութային արժեքների սեփականության իրավունքի եւ այլ գույքային իրավունքների փոխանցման, ինչպես նաեւ որպես վճարման միջոց արտարժույթով վճարային փաստաթղթերի օգտագործման հետ.

բ) որպես վճարման միջոց արտարժույթի, ինչպես նաեւ, արտաքին տնտեսական գործունեություն իրականացնելիս, Հայաստանի Հանրապետության արժույթի օգտագործման հետ.

գ) արժութային արժեքների օտարերկրյա պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք փոխադրման, ներմուծման եւ առաքման, Հայաստանի Հանրապետության տարածքից դրանց փոխադրման, արտահանման եւ առաքման հետ:

9. Ընթացիկ արժութային գործարքներ են համարվում ռեզիդենտի եւ ոչ ռեզիդենտի միջեւ կատարվող գործարքները կամ վճարումները, անկախ դրանց գումարային մեծությունից (բացառությամբ սույն մասի «գ» ենթակետում նշված դեպքերից), դրանք են՝

ա) ապրանքների եւ ծառայությունների ներմուծման կամ արտահանման հետ կապված վճարումները, ինչպես նաեւ կարճաժամկետ վարկերի եւփոխառությունների տրամադրումը.

բ) վարկերի, փոխառությունների եւ ներդրումների դիմաց վճարվող տոկոսներն ու շահաբաժինները.

գ) վարկերի, փոխառությունների եւ ուղղակի ներդրումների մարմանն ուղղված փոքրածավալ գումարների վճարումները.

դ) ոչ առեւտրային բնույթի փոխանցումները Հայաստանի Հանրապետության տարածք եւ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, ներառյալ աշխատավարձի, կենսաթոշակների, ժառանգությունների, ֆինանսական օգնության, նվիրատվությունների փոխանցումները:

10. Կարճաժամկետ վարկերի ժամկետայնությունը եւ փոքրածավալ գումարների չափը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով՝ համաձայնեցնելով կառավարության լիազորված մարմնի հետ:

11. Կապիտալի շարժի եւ ֆինանսական արժութային գործարքներ են համարվում ռեզիդենտի եւ ոչ ռեզիդենտի միջեւ կատարվող այն գործարքները, որոնք չեն համարվում ընթացիկ արժութային գործարքներ:

12. Ֆիզիկական անձանց ռեզիդենտությունը կամ ոչ ռեզիդենտությունը որոշվում է սույն հոդվածի 5-րդ եւ 6-րդ կետերի հիման վրա՝ տվյալ ֆիզիկական անձի կողմից ներկայացնելով իր ոչ ռեզիդենտության անհրաժեշտ հիմնավորումները կամ փաստաթղթերը: Եթե ֆիզիկական անձը չի ներկայացնում իր ոչ ռեզիդենտության անհրաժեշտ հիմնավորումները կամ փաստաթղթերը, ապա նա համարվում է ռեզիդենտ ֆիզիկական անձ:

13. Մասնագիտացված անձինք են բանկերը, օտարերկրյա բանկերի Հայաստանի Հանրապետությունում գործող մասնաճյուղերը, վարկային կազմակերպությունները, ինչպես նաեւ Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված արտարժույթի դիլերային առուվաճառք իրականացնող անձինք (արժութային դիլերներ), արտարժույթի առուվաճառք իրականացնող անձինք (փոխանակման կետեր), արտարժույթի առուվաճառքի սակարկություններ կազմակերպող անձինք:

ԳԼՈՒԽ II.

ԸՆԹԱՑԻԿ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ, ԿԱՊԻՏԱԼԻ ՇԱՐԺԻ ՈՒ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

Հոդված 4. Ընթացիկ արժութային, կապիտալի շարժիու ֆինանսական արժութային գործարքների իրականացումը

1. Ընթացիկ արժութային գործարքների իրականացման նկատմամբ որեւէ սահմանափակում չի կարող կիրառվել:

2. Կենտրոնական բանկը ֆինանսական համակարգի անկայունության, հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների շրջանառության եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի, վիճակագրական կամ տնտեսական ռիսկերի կանխարգելման նպատակով կարող է սահմանել կապիտալի շարժի ու ֆինանսական արժութային գործարքների իրականացման համար կարգ եւ պայմաններ:

3. Ռեզիդենտները Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կարող են առանց սահմանափակումների իրականացնել արժութային գործարքներ՝ օտարերկրյա պետությունների օրենսդրությանը համապատասխան:

4. Ոչ ռեզիդենտների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում ներդրումների հետ կապված գործարքները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ միջազգային պայմանագրերով:

Հոդված 5. Արժութային արժեքների փոխադրումը, առաքումը, ներմուծումը եւ արտահանումը

1. Ռեզիդենտներն ու ոչ ռեզիդենտները կարող են առանց որեւէ սահմանափակումների եւ առանց հայտարարագրման Հայաստանի Հանրապետության տարածք փոխադրել, առաքել, ներմուծել եւ Հայաստանի Հանրապետության տարածքից փոխադրել, առաքել, արտահանել արժութային արժեքներ, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:

2. Կենտրոնական բանկը ֆինանսական համակարգի կայունությունն ապահովելու, տնտեսական ռիսկերը կանխարգելելու, հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների շրջանառության եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի կամ վիճակագրական նպատակներով նորմատիվ իրավական ակտով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված մարմնի համաձայնությամբ կարող է սահմանել արժութային արժեքների փոխադրման, առաքման, ներմուծման, արտահանման եւ հայտարարագրման կարգ եւ պայմաններ:

ԳԼՈՒԽ III.
 
ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐՈՎ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

Հոդված 6. Հայաստանի Հանրապետության արժույթով գործարքների իրականացումը Հայաստանի Հանրապետությունում

1. Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքների (գույքի) իրացման, ծառայությունների մատուցման եւ աշխատանքների կատարման փողային գնանշումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության դրամով:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում ռեզիդենտների միջեւ ապրանքների (գույքի) իրացման, ծառայու՟թյուն՟ների մատուցման, աշխատանքների կատարման, գույքի օգտագործման դիմաց փողային վճարումները, ներառյալ՝ ֆինանսական գործառնությունների դիմաց վճարվող տոկոսավճարները, ընդունվում են եւ իրականացվում են Հայաստանի Հանրապետության դրամով:

3. Հայաստանի Հանրապետության տարածքում իրավաբանական անձանց կանոնադրական եւ բաժնեհավաք կապիտալում փողային ներդրումները իրականացվում են Հայաստանի Հանրապետության դրամով:

4. Հայաստանի Հանրապետության տարածքում փողային շահումները կարող են գովազդվել եւ տրվել միայն Հայաստանի Հանրապետության դրամով:

Հոդված 7. Հայաստանի Հանրապետությունում արտարժույթով գործարքների իրականացումը

1. Հայաստանի Հանրապետության տարածքում ռեզիդենտներն ու ոչ ռեզիդենտներն իրավունք ունեն առանց սահմանափակումների իրականացնել արտարժույթի առք ու վաճառք՝ անմիջապես կամ տարաժամկետ վճարելու պայմանով, որոշակի ժամկետից հետո որոշակի գնով հետ գնելու կամ այլ արժույթով փոխանակելու իրավունքով կամ պարտականությամբ կամ որեւէ այլ պայմանով:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում արտարժույթի առքի կամ վաճառքի գործարքները, այդ թվում՝ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պայմաններով գործարքները իրականացվում են մասնագիտացված անձանց միջոցով: Մասնագիտացված անձանց կողմից իրականացվող արտարժույթի առք ու վաճառքի գործարքների փոխարժեքը եւ ծավալները սահմանվում են մասնագիտական անձանց կողմից:

3. Հայաստանի Հանրապետության տարածքում, բացառությամբ օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դեսպանություն՟ների, հյուպատոսական հիմնարկների, ընթացիկ արժութային գործարքների դիմաց վճարումները եւ կապիտալի շարժի ու ֆինանսական արժութային գործարքները կանխիկ եւ անկանխիկ իրականացվում են Հայաստանի Հանրապետության դրամով, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ եւ 8-րդ մասերում նշված դեպքերի:

4. Հայաստանի Հանրապետության տարածքում ընթացիկ արժութային գործարքների դիմաց անկանխիկ վճարումները եւ կապիտալի շարժի ու ֆինանսական արժութային անկանխիկ գործարքները կարող են իրականացվել նաեւ արտարժույթով՝

ա) իրավաբանական անձանց միջեւ.

բ) անհատ ձեռնարկատերերի միջեւ.

գ) սույն մասի «ա» եւ «բ» կետերում նշված սուբյեկտների միջեւ:

5. Հայաստանի Հանրապետության տարածքում սույն օրենքի 3-րդ հոդվածի 9-րդ մասի «դ» ենթակետում նշված ոչ առեւտրային բնույթի գործարքները, բացառությամբ աշխատավարձի վճարումների, կարող են իրականացվել նաեւ արտարժույթով ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ եղանակով:

6. Ռեզիդենտների միջեւ նվիրաբերության, նվիրատվության գործարքները, ինչպես նաեւ ժառանգությունը կարող են իրականացվել արտարժույթով:

7. Միջազգային կազմակերպությունները կարող են Հայաստանի Հանրապետության տարածքում աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման համար վճարումներն իրականացնել արտարժույթով Կենտրոնական բանկի եւ կառավարության լիազորված մարմնի հետ համաձայնեցված կարգով սահմանված դեպքերում եւ կարգով:

8. Բանկերը, վարկային կազմակերպությունները, վճարահաշվարկային կազմակերպություններն իրավունք ունեն օրենքով իրենց վերապահված ֆինանսական գործառնություններն իրականացնել արտարժույթով, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

9. Մասնագիտացված անձինք պարտավոր են իրենց հաճախորդներին Կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգով, ձեւով եւ վավերապայմաններով տրամադրել արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունները հավաստիացնող փաստաթուղթ (անդորրագիր):

Հոդված 8. Արտարժույթի նկատմամբ հայկական դրամի փոխարժեքի որոշումը

Կենտրոնական բանկը սահմանում է արտարժույթի նկատմամբ հայկական դրամի պաշտոնական (հաշվարկային) փոխարժեքը:

ԳԼՈՒԽ IV.

ԱՐԺՈԻԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 9. Արժութային վերահսկողությունը

1. Մասնագիտացված անձանց կողմից սույն օրենքի եւ սույն օրենքի հիման վրա ընդունված այլ իրավական ակտերի պահանջների, ինչպես նաեւ լիցենզիաների պայմանների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Կենտրոնական բանկը տեղում կամ հեռակա ստուգումների միջոցով՝ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

2. Սույն հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերում չնշված անձանց կողմից սույն օրենքի եւ սույն օրենքի հիման վրա ընդունված այլ իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված մարմինը՝ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

3. Պետական ֆինանսների կառավարման լիազոր մարմնի կողմից լիցենզավորված անձանց կողմից արժութային օրենքների եւ դրանց հիման վրա ընդունված այլ իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է պետական ֆինանսների կառավարման լիազոր մարմինը:

ԳԼՈՒԽ V.

ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 10. Պատասխանատվությունը

1. Մասնագիտացված անձանց կողմից արժութային հարաբերությունները կարգավորող օրենքների եւ դրանց հիման վրա ընդունված այլ իրավական ակտերի պահանջները առաջին անգամ խախտելու դեպքում Կենտրոնական բանկը տալիս է նախազգուշացում՝ խախտումը վերացնելու կամ ապագայում նման խախտում թույլ չտալու հանձնարարականով կամ նշանակում է տուգանք նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով :

2. Մասնագիտացված անձանց կողմից արժութային օրենքների եւ դրանց հիման վրա ընդունված այլ իրավական ակտերի պահանջները երկրորդ անգամ խախտելու համար Կենտրոնական բանկը կասեցնում է գործունեության լիցենզիան կամ նշանակում է տուգանք՝ խախտման գումարի չափով կամ խախտման մեջ գումարի բացակայության դեպքում՝ նշանակում է տուգանք նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Սույն օրենքի եւ դրա հիման վրա ընդունված այլ իրավական ակտերի իմաստով արժութային օրենքների եւ դրանց հիման վրա ընդունված այլ իրավական ակտերի յուրաքանչյուր պահանջի մի քանի խախտումներ թույլ տալու դեպքում յուրաքանչյուր խախտումը համարվում է մեկ խախտում:

3. Մասնագիտացված անձի կողմից արժութային հարաբերությունները կարգավորող օրենքների եւ դրանց հիման վրա ընդունված այլ իրավական ակտերի պահանջների երեք եւ ավելի անգամ խախտումներ թույլ տալու դեպքում Կենտրոնական բանկը նշանակում է տուգանք նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով կամ ուժը կորցրած է ճանաչում գործունեության լիցենզիան:

4. Պետական ֆինանսների կառավարման լիազոր մարմնի կողմից լիցենզավորված անձանց նկատմամբ սույն հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով նախատեսված պատասխանատվության միջոցները կիրառում է պետական ֆինանսների կառավարման լիազոր մարմինը:

5. Սույն հոդվածի 1-ին եւ 4-րդ մասերում չնշված ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ անձանց կողմից արժութային հարաբերությունները կարգավորող օրենքների եւ դրանց հիման վրա ընդունված այլ իրավական ակտերի պահանջների խախտումների համար կառավարության լիազորված մարմինը կիրառում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված պատասխանատվության միջոցներ:

6. Արտարժույթի դիլերային առուվաճառք իրականացնող անձանց (արժութային դիլերների), արտարժույթի առուվաճառք իրականացնող անձանց (փոխանակման կետերի), արտարժույթի առուվաճառքի սակարկություններ կազմակերպող անձանց կողմից իրենց հաճախորդներին արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունները հավաստիացնող փաստաթուղթ (անդորրագիր) չտրամադրելու դեպքում Կենտրոնական բանկը նշանակում է տուգանք նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով կամ ուժը կորցրած է ճանաչում գործունեության լիցենզիան:

Հաճախորդներին արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունները հավաստիացնող փաստաթուղթ (անդորրագիր) չտրամադրելու համար բանկերը եւ վարկային կազմակերպությունները պատասխանատվություն են կրում «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» եւ «Բանկերի եւ վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:

7. Արտարժույթի դիլերային առուվաճառք իրականացնող անձանց (արժութային դիլերների), արտարժույթի առուվաճառք իրականացնող անձանց (փոխանակման կետերի), արտարժույթի առուվաճառքի սակարկություններ կազմակերպող անձանց կողմից Կենտրոնական բանկի կողմից տված լիցենզիաների պայմանները խախտելու համար Կենտրոնական բանկը կարող է կիրառել սույն հոդվածով սահմանված պատասխանատվության միջոցները:

8. Սույն հոդվածով սահմանված պատասխանատվության միջոցները Կենտրոնական բանկը կիրառում է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

9. Եթե անձը սույն հոդվածով սահմանված կարգով պատասխանատվությունը կրելուց հետո մեկ տարվա ընթացքում արժութային հարաբերությունները կարգավորող օրենքների եւ դրանց հիման վրա ընդունված այլ իրավական ակտերի պահանջների նոր խախտում թույլ չի տալիս, ապա անձը համարվում է սույն հոդվածով սահմանված պատասխանատվության չենթարկված:

Սույն օրենքի եւ դրա հիման վրա ընդունված այլ իրավական ակտերի իմաստով պատասխանատվություն կրելու պահ է համարվում անձի կողմից իր նկատմամբ պատասխանատվություն կիրառելու մասին որոշման պահանջները կատարելը:

10. Արտարժույթի դիլերային առուվաճառք իրականացնող անձի (արժութային դիլերի), արտարժույթի առուվաճառք իրականացնող անձի (փոխանակման կետի), արտարժույթի առուվաճառքի սակարկություններ կազմակերպող անձի գործունեության լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու դեպքում (լիցենզիայի պայմանները կամ արժութային հարաբերությունները կարգավորող օրենքների եւ դրանց հիման վրա ընդունված այլ իրավական ակտերի պահանջները խախտելու համար) անձն իրավունք չունի գործունեության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու պահից երեք տարի ժամկետով որեւէ կերպ (ուղղակիորեն կամ իրավաբանական անձ հիմնադրելով կամ իրավաբանական անձի կանոնադրական հիմնադրամում որեւէ մասնակցություն ունենալով կամ առանց մասնակցության իրավաբանական անձի որոշումները կանխորոշելու հնարավորություն ունենալով կամ արտարժույթի դիլերային առուվաճառքի, արտարժույթի առուվաճառքի եւ արտարժույթի առուվաճառքի սակարկությունների գործունեություն իրականացնող անձանց կողմից որպես աշխատակից ներգրավվելով) իրականացնել արտարժույթի դիլերային առուվաճառքի, արտարժույթի առուվաճառքի եւ արտարժույթի առուվաճառքի սակարկությունների գործունեություն:

ԳԼՈՒԽ VI.

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 11. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1993 թվականի սեպտեմբերի 2-ին ընդունված «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:

2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո: