Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-505-28.04.2014-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի դեկտեմբերի 19-ի ՀՕ-236 օրենքը լրացնել նոր 7.1 հոդվածով` հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 7.1 Շրջանառության հարկի արտոնությունները

1. Շրջանառության հարկ վճարողները այդպիսին համարվելու հաշվետու շրջանի առաջին օրացուցային օրվանից երեք անընդմեջ տարով ազատվում են առեւտրական (առք ու վաճառքի) եւ արտադրական գործունեությունից եկամուտների մասով շրջանառության հարկ վճարելուց:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հոկտեմբերի 1-ից եւ տարածվում դրանից հետո հաշվեգրված եկամուտների վրա:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
 
«ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սույն օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է տարեկան մինչեւ 58.35 մլն. դրամ շրջանառություն ունեցող ՀՀ առեւտրի ոլորտի ձեռնարկությունների գործունեության հետագա խթանման, շահութաբերության բարձրացման, ինչպես նաեւ այդ տնտեսվարող սուբյեկտներում առկա աշխատատեղերի պահպանման, նոր աշխատատեղերի ստեղծման, առավել բարենպաստ ձեռնարկատիրական միջավայրի ձեւավորման  անհրաժեշտությամբ:

Ակնհայտ է, որ 2013թ. հունվարի 1-ից ՀՀ-ում «Շրջանառության հարկի մասին» օրենքի գործողության մեջ դնելուց հետո հանրապետության փոքր եւ միջին ձեռնարկատիրության տարբեր ոլորտներում, այդ թվում՝ առեւտրի, ծառայությունների եւ արդյունաբերության բնագավառներում, շուրջ 4000 փոքր օբյեկտներ փակվել են, տասնյակ հազարավոր տնտեսավորող սուբյեկտներ գործում են կամ վնասով, կամ ցածր շահութաբերությամբ: Ի  թիվս այլ գործոնների՝ այս իրավիճակի ստեղծման վրա իր բացասական ազդեցությունն են թողել շրջանառության հարկի գործող դրույքաչափերը:

Ուստի, ներկայացվող օրենքի նախագծով առաջարկվում է երեք տարով՝ սկսած 2014թ. հոկտեմբերի 1-ից՝ առեւտրի, ծառայությունների եւ արտադրության ոլորտի տարեկան մինչեւ 58.35 մլն դրամ շրջանառություն ունեցող տնտեսավարող սուբյեկտներին ազատել շրջանառության հարկից: Միաժամանակ նշենք, որ 2014թ. ՀՀ պետական բյուջեի մասին օրենքում, շրջանառության հարկի գծով մուտքերը նախատեսված են շուրջ 16 մլրդ դրամ: Կարծում ենք, որ հարկային այսպիսի արտոնության կիրառումը էապես կխթանի գործող աշխատատեղերի պահպանման եւ նոր աշխատատեղերի ստեղծման գործընթացները, որի արդյունքում էլ միայն եկամտային հարկերի լրացուցիչ մուտքերը կգերազանցեն 16 մլրդ դրամը: Դրա հետ միասին էապես կբարելավվի ՓՄՁ ոլորտի ներդրումային միջավայրը:

Ինչ վերաբերում է արդեն իսկ գործող 2014թ. վերջին եռամսյակի շրջանառության հարկից ակնկալվող մուտքերի կրճատմանը, ապա այն առավելագույնը կկազմի 2 մլրդ դրամ, որը կփոխհատուցվի վերոնշյալ գործոններով, նաեւ այլ աղբյուրների հաշվին: