Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-508-30.04.2014-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մարտի 7-ի ՀՕ-148 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածում.

1 .«շուկայի կանոններ» հասկացությունում «էլեկտրաէներգետիկական համակարգում» բառերը փոխարինել «էներգետիկայի բնագավառում» բառերով, իսկ «համակարգի» բառը փոխարինել «բնագավառի» բառով.

2. հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«Վթարային կամ անհաղթահարելի ուժի հետեւանքով առաջացած իրավիճակ՝ էլեկտրաէներգետիկական համակարգում առաջացած իրավիճակ, երբ պատվիրված պահուստային հզորություններով հնարավոր չէ իրականացնել տնտեսական կարգավարում.

«Տարանցիկ փոխադրում՝ Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով էլեկտրական էներգիայի (հզորության) տարանցիկ փոխադրում Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք` մուտքի մաքսային մարմնից մինչեւ ելքի մաքսային մարմին.

«Հավասարակշռում՝ Էլեկտրական էներգիայի (հզորության) ներկրման, արտահանման կամ տարանցիկ փոխադրման ընթացքում Էլեկտրական էներգիայի (հզորության) պակասուրդի կամ ավելցուկի տնտեսական կարգավարում:»:

Հոդված 2. Օրենքի 17-րդ հոդվածում

1. ժ) կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ժ) լիցենզիայի պայմանների կատարման, վերահսկման, հանձնաժողով ներկայացված հաշվետվությունների ու տեղեկությունների հավաստիության ուսումնասիրության նպատակով իրականացնում կամ կազմակերպում է լիցենզավորված անձանց գործունեության մոնիթորինգ (մշտադիտարկումներ)` Հանձնաժողովի կողմից ընդունված կարգով:».

2. Լրացնել հետեւյալ բովանդակությամբ ժզ) եւ ժէ) կետերով.

«ժզ) սահմանում է էլեկտրաէներգետիկական համակարգում Հայաստանի Հանրապետության տարածքով էլեկտրական էներգիայի (հզորության) տարանցիկ փոխադրման եւ հավասարակշռման կարգը,

ժէ) սահմանում է էլեկտրաէներգետիկական համակարգում վթարային կամ անհաղթահարելի ուժի հետեւանքով առաջացած իրավիճակների ժամանակ էլեկտրական էներգիայի (հզորության) ներկրման եւ արտահանման կարգը:»:

Հոդված 3. Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Էլեկտրական էներգիայի (հզորության) արտահանման լիցենզիա ունեցող անձին տրվում է էլեկտրական էներգիա (հզորություն) գնելու եւ (կամ) իր կողմից արտադրված էլեկտրական էներգիան (հզորությունը) շուկայի կանոններին եւ լիցենզիայի պայմաններին համապատասխան արտահանելու իրավունք:»:

Հոդված 4. Օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի գ) կետի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ունեցող անձի համար Հանձնաժողովի կողմից էլեկտրական էներգիայի սակագնի սահմանման վերաբերյալ առաջին որոշումն ուժի մեջ մտնելու պահից տասնհինգ տարվա ընթացքում փոքր հիդրոէլեկտրակայանների կողմից եւ էներգիայի վերականգնվող այլ ռեսուրսների (հողմային, արեգակնային, երկրաջերմային եւ կենսազանգվածի) կիրառմամբ էլեկտրակայանների կողմից քսան տարվա ընթացքում արտադրվող ամբողջ էլեկտրաէներգիան (հզորությունը) ենթակա է գնման` շուկայի կանոններով սահմանված կարգով:

Հոդվածի 1-ին մասի գ) կետով սահմանված ժամկետի ավարտից հետո փոքր հիդրոէլեկտրակայաններից եւ էներգիայի վերականգնվող այլ աղբյուրների կիրառմամբ արտադրվող ամբողջ էլեկտրաէներգիան (հզորությունը) ենթակա է գնման մինչեւ 2016 թվականի հուլիսի 1-ը: Մինչեւ 2016 թվականի հուլիսի 1-ը Հանձնաժողովը, քննարկելով էներգետիկայի բնագավառում լիազոր պետական կառավարման մարմնի հետ, մշակում եւ ներդնում է փոքր հիդրոէլեկտրակայաններից եւ էներգիայի վերականգնվող այլ աղբյուրների կիրառմամբ արտադրվող էլեկտրաէներգիայի (հզորության) վաճառքի եւ գնման վերաբերյալ շուկայի մասնակի ազատականացման կանոնները:»:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

««Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ` Օրենք) փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում (այսուհետ` Նախագիծ) փոփոխություններն ու լրացումներն անհրաժեշտ են ՀՀ էներգետիկ համակարգի տարածաշրջանային ինտեգրացման, էլեկտրական էներգիայի հուսալի եւ արդյունավետ մատակարարման ու օգտագործման մակարդակի բարձրացման տեսակետից:

Նախագծի մշակման անհրաժեշտությունը առաջացել է`

ա. Նախագծի 1-ին հոդված. Շուկայի կանոնները կանոնակարգում են ոչ միայն էլեկտրաէներգետիկական համակարգը, այլեւ ամբողջ էներգետիկ բնագավառը (էլեկտրաէներգետիկա, ջերմաէներգետիկա եւ գազի ոլորտներ): Օրենքի «շուկայի կանոններ» հասկացությունում դրանք կանոնակարգում են միայն էլեկտրաէներգետիկական համակարգը:

բ. նախագծի 2-րդ եւ 3-րդ հոդվածներ Օրենքի 17-րդ հոդվածի ժ) կետում օգտագործված <ուսումնասիրություն» հասկացությունը հակասության մեջ է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման» մասին ՀՀ օրենքով տրված սահմանման հետ: «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման» մասին ՀՀ օրենքում օգտագործված հասկացությունը չի նկարագրում այն գործառույթները, որոնք իրականացվում են ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետեւ` Հանձնաժողով) կողմից լիցենզիայի պայմանների կատարման, վերահսկման եւ ներկայացված ֆինանսատնտեսական հաշվետվությունների ու տեղեկատվությունների հավաստիության ճշգրտման նպատակով, քանի որ Հանձնաժողովի կողմից իրականացվող աշխատանքները կրում են մշտադիտարկման բնույթ: Այդ նպատակով նաեւ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածում (որում սահմանված են հանրային կազմակերպությունների գնումների լրացուցիչ պահանջների կատարման նկատմամբ հանձնաժողովի կողմից իրականացվող գործառույթները) «ուսումնասիրություն» հասկացության փոխարեն օգտագործվել է «մոնիթորինգ (դիտարկում)» եզրույթը, ինչը եւ առաջարկվում է կիրառել «Էներգետիկայի մասին» ՀՀօրենքում:

Ըստ Օրենքի գործող դրույթի սահմանափակվում է Էլեկտրական էներգիայի (հզորության) արտահանման լիցենզիա ունեցող անձի հնարավորությունները` էլեկտրաէներգիա (հզորություն) գնելու աղբյուրի ընտրության հարցում` էլեկտրական էներգիան (հզորությունը) շուկայի կանոնների եւ լիցենզիայի պայմաններին համապատասխան արտահանելու համար: Գոյություն ունեցող մոտեցումը ՀՀ էլեկտրաէներգիան տարածաշրջանում դարձնում է ոչ մրցունակ:

Օրենքով եւ այլ իրավական ակտերով կարգավորված չէ համապատասխան համաձայնագրերի/պայմանագրերի հիման վրա այլ երկրների հետ իրականացվող էլեկտրական Էներգիայի փոխհոսքերի ժամանակ եւ ՀՀ տարածքով էլ.էն. տարանցման դեպքում էներգետիկ համակարգում վթարային կամ ֆորս մաժորային իրավիճակներում ՀՀ լիցենզավորված անձանց եւ պայմանագրային կողմերի փոխհարաբերությունները:

գ. նախագծի 4-րդ հոդված. Առաջիկայում լրանում է Օրենքի 59-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով սահմանված մի շարք փոքր հիդրոէլեկտրակայաններում արտադրվող էլեկտրաէներգիայի պարտադիր գնման երաշխիքի տասնհինգամյա ժամկետը:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծի նպատակն է կարգավորել ռազմավարական խնդիրների լուծման ուղիների սահմանումը եւ էներգահամակարգի հուսալիության ապահովման համար լիցենզավորված անձանց նոր գործառույթների սահմանումը, ինչպես նաեւ որոշ ոլորտների համար խթանիչ մեխանիզմների ստեղծումը, մասնավորապես

ա.Նախագծի 1-ին հոդված. Առաջարկվում է «շուկայի կանոններ» հասկացությունում «էլեկտրաէներգետիկական համակարգում» բառակապակցությունը փոխարինել «էներգետիկայի բնագավառում» բառակապակցությամբ:

բ. նախագծի 2-րդ եւ 3-րդ հոդվածներ. Առաջարկվում է «ուսումնասիրություններ» հասկացության փոխարեն օգտագործել «մոնիթորինգ (մշտադիտարկումներ)» եզրույթը եւ հստակեցնել գործառույթը:

Առաջարկվում է էլեկտրական էներգիայի (հզորության) արտահանման լիցենզիա ունեցող անձին տալ իրավունք` էլեկտրաէներգիան (հզորությունը) գնել ոչ միայն էլեկտրաէներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձանցից:

Առաջարկվում է նաեւ էլեկտրաէներգետիկական համակարգում վթարային եւ ֆորս մաժորային իրավիճակների ժամանակ էլեկտրական էներգիայի (հզորության) փոխհոսքերը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցվող էլեկտրական էներգիայի (հզորության) փոխանակումը իրականացնել Հանձնաժողովի կողմից սահմանված կարգով:

գ նախագծի 4-րդ հոդված. նոր կառուցվող, վերակառուցվող եւ վերազինվող ՓՀԷԿ-րում հիդրոէներգետիկ ներուժն առավելագույնս արդյունավետ օգտագործելու նպատակով առաջարկվում է էլեկտրաէներգիայի արտադրության գործունեության լիցենզիա ունեցող տնտեսավարող սուբյեկտների համար սահմանել նոր պայմաններ, մասնավորապես էներգիայի վերականգնվող որոշ ռեսուրսների (հողմային, արեգակնային, երկրաջերմային եւ կենսազանգվածի) կիրառմամբ էլեկտրակայանների կողմից արտադրվող ամբողջ էլեկտրաէներգիայի (հզորության) գնման համար սահմանել քսան տարվա երաշխիքային ժամկետ: Սույն մոտեցումը պայմանավորված է հողմային, արեգակնային, երկրաջերմային եւ կենսազանգվածի էլեկտրակայանների սարքավորումների եւ տեխնոլոգիաների բարձր արժեքով, ինչի հետեւանքով այդ տիպի կայանների կառուցումը ՀՀ էներգահամակարգում դեռեւս կիրառություն չեն գտնում: Երաշխիքի նոր ժամկետի (20 տարի) սահմանումը ներդրողների համար ոլորտը ավելի գրավիչ է դարձնում, մյուս կողմից այն հնարավորություն կտա այդ կայանների համար սահմանել ոչ բարձր սակագներ:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք եւ նրանց դիրքորոշումը

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության աշխատակազմի զարգացման վարչություն

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն

4. Ակնկալվող արդյունքը

Ակնկալվում է, որ կկատարելագործվեն սեփական վերականգնվող էներգետիկ ռեսուրսների առավելագույնս, տնտեսապես ողջամիտ եւ էներգաարդյունավետ օգտագործման հնարավորությունները, կբարձրանա ՀՀ էներգետիկ համակարգում էլեկտրական էներգիայի հուսալի եւ արդյունավետ մատակարարման ու օգտագործման մակարդակը` սպառողների շահերի հավասարակշռմամբ: