Հոդված 1. «Էներգետիկայի մասին» 2001 թվականի մարտի 7-ի ՀՕ-148 օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածում՝
1) 20-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«20) հաշվեկշռող էլեկտրաէներգիա՝ էլեկտրական էներգիայի ուղիղ պայմանագրերի եւ օր առաջ շուկաներում վաճառված եւ գնված էլեկտրական էներգիայի քանակությունների տարբերությունն իրական ժամանակում՝ միեւնույն հաշվարկային ժամանակահատվածում փաստացի առաքված եւ ստացված (ներառյալ՝ ներկրված եւ արտահանված կամ տարանցիկ փոխադրված) էլեկտրական էներգիայի քանակություններից, որը որոշվում է շուկայի կանոններով սահմանված կարգով.».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 20.1-ին կետով.
«20.1) հաշվեկշռման ծառայություն՝ հաշվեկշռող էլեկտրական էներգիայի արտադրության նպատակով շուկայի կանոններով սահմանված կարգով մատուցվող ծառայություն.».
3) 25-րդ կետը «ճանաչված սպառող» բառերից հետո լրացնել «(ենթասպառող)՝ շուկայի կանոններով սահմանված առանձնահատկություններով» բառերով:
Հոդված 2. Օրենքի 17-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ի» կետով.
«ի) հաշվեկշռման ծառայության մատուցման իրավունք եւ պարտավորություն տալու էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող այն անձին, որն էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի դրական եզրակացության հիման վրա հնարավորություն ունի էլեկտրաէներգետիկական շուկայում մատուցելու հաշվեկշռման ծառայություն:»:
Հոդված 3. Օրենքի 35-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը «այդ» բառից հետո լրացնել «կամ սեփական կարիքի բավարարման» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.4-րդ եւ 1.5-րդ մասերով.
«1.4. Հաշվեկշռման ծառայության մատուցման իրավունք ստացած՝ արտադրության լիցենզիա ունեցող անձին իրավունք է տրվում եւ պարտավորեցվում է էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում մատուցելու հաշվեկշռման ծառայություն հետեւյալ գործառույթներով.
1) հաշվեկշռման շուկայում կատարել հաշվեկշռող էլեկտրական էներգիայի առեւտուր,
2) շուկայի կանոնների համաձայն՝ գնել էլեկտրական էներգիա (հզորություն) եւ վաճառել էլեկտրական էներգիա էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի այլ հատվածներում,
3) շուկայի կանոնների համաձայն՝ արտահանել եւ ներկրել էլեկտրական էներգիա,
4) լիցենզիայի պայմաններով եւ շուկայի կանոններով նախատեսված այլ գործառույթների իրականացման իրավունք:
1.5. Էլեկտրական էներգիայի հաշվեկշռման ծառայության մատուցման իրավունք ստացած՝ արտադրության լիցենզիա ունեցող անձը ենթարկվում է էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի՝ էլեկտրական էներգիայի հաշվեկշռման նպատակով տրված կարգավարական հրահանգներին:»:
Հոդված 4. Օրենքի 39.1-ին հոդվածի 2-րդ մասում «ինչպես նաեւ էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման ու էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձը» բառերը փոխարինել «էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման լիցենզիա ունեցող անձը, էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձը, ինչպես նաեւ հաշվեկշռման ծառայության մատուցման իրավունք ստացած՝ արտադրության լիցենզիա ունեցող անձը» բառերով:
Հոդված 5. Օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասը «կամ բնակելի տարածքների օգտագործման տրամադրում» բառերից հետո լրացնել «, էլեկտրամոբիլների լիցքավորման ծառայության մատուցում» բառերով:
Հոդված 6. Օրենքի 59-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Հաշվեկշռման ծառայության մատուցման իրավունքը մինչեւ 2027 թվականի դեկտեմբերի 31-ը էլեկտրաէներգետիկական շուկայում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձին տրվում է որպես բացառիկ իրավունք եւ պարտականություն՝ սույն մասում նշված ամսաթիվը չգերազանցող ժամկետով:»:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: