Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-5092-05.05.2014-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆԱՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Զինապարտության մասին » Հայաստանի Հանրապետության` 1998 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ ՀՕ-250 օրենքի (այսուհետ` օրենք) 4-րդ հոդվածի 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«6. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական եւ հյուպատոսական մարմինները պարտավոր են`

ա) Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատից ստացված իրազեկման հիման վրա իրենց հյուպատոսական տարածաշրջանում հյուպատոսական հաշվառման կանգնած զորակոչիկին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով ծանուցել դիվանագիտական մարմին կամ հյուպատոսական հիմնարկ ներկայանալու համար եւ ներկայացած անձանց ստորագրությամբ ծանուցագիր հանձնել պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու մասին.

բ) իրենց հյուպատոսական տարածաշրջանում հյուպատոսական հաշվառման կանգնած զինապարտի վերաբերյալ տվյալները երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով տրամադրել Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատին.

գ) իրենց իրավասությունների շրջանակներում աջակցել նախազորակոչիկների եւ զորակոչիկների վերադարձին Հայաստանի Հանրապետություն:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հայաստանի Հանրապետությունում ըստ բնակության վայրի հաշվառում չունեցող եւ հյուպատոսական հաշվառման կանգնած զինապարտների զինվորական հաշվառումը կատարում է Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատը»:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի՝

1) 1-ին եւ 4-րդ կետերում «կոմիսարիատ» բառից հետո «(դիվանագիտական, հյուպատոսական մարմիններ)» բառերը հանել:

2) 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Հաշվառման (հաշվառում չունեցողները՝ փաստացի բնակության) վայրը փոխելու դեպքում զինապարտները զինվորական հաշվառման կանգնելու համար պարտավոր են ներկայանալ համապատասխան զինվորական կոմիսարիատ` հաշվառման (հաշվառում չունեցողները՝ փաստացի բնակության) նոր վայր ժամանելուց հետո` յոթնօրյա ժամկետում:

Զինվորական ծառայության ընթացքում դատապարտված եւ ազատազրկման ձեւով պատիժ կրած անձինք պարտավոր են պատժի կրումից ազատվելու պահից յոթնօրյա ժամկետում ներկայանալ հաշվառման (հաշվառում չունեցողները՝ փաստացի բնակության) վայրի զինվորական կոմիսարիատ:»

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման անհրաժեշտության մասին

Անհրաժեշտությունը

ՀՀ օրեսնդրությամբ հստակ սահմանված չէ հյուպատոսական հաշվառման իմաստն ու նշանակությունը, դրա իրականացման կարգը: Մյուս կողմից «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքով եւ փոխկապակցված այլ իրավական ակտերով սահմանված են նորմեր, որոնք ուղղակիորեն կապված են հյուպատոսական հաշվառման հետ, սակայն հանդիսանում են բնակչության պետական ռեգիստրի (այսուհետ՝ ԲՊՌ) համակարգի ամբողջականության եւ միասնականության ապահովման գործիքներ:

Այս իմաստով, անհրաժեշտ է հյուպատոսական հաշվառման եւ ԲՊՌ-ի վարմանը վերաբերվող իրավահարաբերություններն օրենդրությամբ սահմանել եւ կարգավորել միասնականության եւ փոխկապակցվածության սկզբունքների հիման վրա:

Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Գործող օրենսդրությամբ, մասնավորապես «Հյուպատոսական ծառայության մասին» ՀՀ օրենքով, միայն սահմանված է, որ հյուպատոսը իրականացնում է իր հյուպատոսական տարածաշրջանում բնակվող ՀՀ քաղաքացիների հյուպատոսական հաշվառում, սակայն թե ինչպես է դա իրականացվում սահմանված չէ: Սահմանված չէ նաեւ, թե ինչ կարգով են հյուպատոսական հաշվառման կանգնում այն ՀՀ քաղաքացիները, որոնց գտնվելու երկրում ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ չկա: Նախատեսված չէ, որ քաղաքացին կարող է հյուպատոսական հաշվառման կանգնել հեռակա կարգով, ինչը նշանակում է, որ դա հնարավոր է միայն անձամբ ներկայանալու դեպքում: Ենթադրել, որ օտարերկրյա պետություններում գտնվող բոլոր քաղաքացիները պետք է ներկայանան համապատասխան դեսպանություններ եւ հյուպատոսական հիմնարկներ միայն նրա համար, որ դա օրենքով պարտադիր է՝ իրատեսական չէ, հատկապես այն պատճառով, որ այդ պահանջը տրամաբանությունը պարզ չէ: Դրա վառ ապացույցը վերջին 20 տարիների փորձն է: Այս պարտավորությունը կատարելու համար մի շարք դեպքերում քաղաքացիները պետք է կատարեն զգալի ֆինանսական ծախսեր: Մեկ պետությունից մյուս պետություն մեկնելու դեպքում ծախսերն ու ժամանակի կորուստն էլ ավելի են մեծանում: Այս պարտականության կատարումը, բացի քաղաքացիների օբյեկտիվ դժգոհությունից որեւէ այլ դրական կամ օգտակար ազդեցություն չի ունեցել եւ որեւէ խնդիր չի լուծել:

Առանձին նշանակություն ունի հյուպատոսական հաշվառման, ԲՊՌ եւ զինվորական հաշվառման ընդհանուր կապը, որն անհրաժեշտ է սահմանել ելնելով այն սկզբունքից, որ ցանկացած նորմ պետք է արդյունավետորեն ծառայի իր նպատակին եւ չկրի միայն ֆորմալ բնույթ: Գործող օրենսդրության մեջ առկա են այդպիսի նորմեր, որոնք նույնպես առաջարկվում է փոխել:

«Զինապարտության մասին» ՀՀ օրենք

Նախագծով առաջարկվող փոփոխությունների արդյունքում կվերանա զինապարտ քաղաքացիների` Հայաստանի Հանրապետությունում զինվորական հաշվառումից դուրս գալու եւ օտարերկրյա պետություն մշտական բնակության մեկնելու դեպքում անձամբ դիվանագիտական մարմին կամ հյուպատոսական հիմնարկ ներկայանալու պահանջը: Զինվորական հաշվառման գործընթացը հիմնված է զինապարտ քաղաքացու բնակության վայրի ամրագրման վրա, որը Հայաստանի Հանրապետության տարածքում համարվում է քաղաքացու ԲՊՌ-ում հաշվառման հասցեն, ինչի մասին կատարվում է համապատասխան նշում քաղաքացու անձնագրում (սկսած 2011թ. հունիսից նաեւ նույնականացման քարտի եւ կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրի չիպում): Օտարերկրյա պետություններում բնակվող քաղաքացիների դեպքում նման մեխանիզմ չկա, քանի որ խոսքը գնում է աշխարհի բոլոր երկրների մասին, որոնց համար հնարավոր չէ սահմանել մեկ միասնական չափորոշիչ` անձի մշտական բնակության վայրի որոշման համար: Օտարերկրյա պետությունները քաղաքացիների անձնագրերում բնակության վայրի մասին նշում չեն կատարում: Հետեւաբար, ստացվում է, որ օտարերկրյա պետություններում բնակվող քաղաքացիների թե հյուպատոսական հաշվառման, թե զինվորական հաշվառման դեպքում պետք է հիմք ընդունել այն հասցեն, որը քաղաքացին համարում եւ հայտարարում է որպես իր կացարան: Այս սկզբունքը ամրագրված է նաեւ «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին կետում: Հետեւաբար, քաղաքացու անձամբ դիվանագիտական մարմին կամ հյուպատոսական հիմնարկ ներկայանալու պահանջը դառնում է ոչ միայն անիմաստ, այլեւ ոչ իրատեսական հետեւյալ պատճառներով.

1) Քաղաքացին իր մշտական բնակության վայրը կարող է հայտնել նաեւ հեռակա կարգով, ինչի հնարավորությունները ընձեռվելու են հյուպատոսական հաշվառման հարցերը կարգավորող օրենսդրական բարեփոխումների փաթեթով,

2) Ի տարբերություն ՀՀ տարածքի, որտեղ հիմք է ընդունվում քաղաքացու անձնագրում (նույնականացման քարտում) ամրագրված հաշվառման հասցեն, օտարերկրյա պետություններում նման գործառույթ չի իրականացվում` բնօրինակ փաստաթուղթ տեսնելու եւ ստուգելու պահանջ սահմանված չէ,

3) ՀՀ զինապարտ քաղաքացիները մեկնում են մշտական բնակության այնպիսի երկրներ, որտեղ ՀՀ դիվանագիտական մարմիններ եւ հյուպատոսական հիմնարկներ չկան, ինչպես նաեւ

4) ՀՀ զինապարտ քաղաքացիները մեկնում են մշտական բնակության տարածությամբ շատ մեծ երկրներ եւ այնպիսի վայրեր, որտեղից մոտակա դիվանագիտական մարմինը կամ հյուպատոսական հիմնարկը հազարավոր կիլոմետրեր հեռու է գտնվում: Այս եւ 3-րդ կետում նշված դեպքերում համապատասխան ՀՀ դիվանագիտական մարմին կամ հյուպատոսական հիմնարկ ներկայանալը բավականին դժվարին (ծախսատար եւ ժամանակատար) խնդիր է:

Մաքսային օրենսգրքի 105-րդ հոդված:

Նախ նշենք, որ օրենքի սույն հոդվածի նպատակն է խրախուսել Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող քաղաքացիներին:

Մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածով նախատեսված արտոնությունը (այժմ գործող տարբերակով) կարող է կիրառվել, եթե հոդվածում նշված պայմաններից բացի քաղաքացին կանգնած է եղել հյուպատոսական հաշվառման եւ անձնագրում առկա է «Վերցված է հյուպատոսական հաշվառման մշտական բնակության համար» դրոշմը եւ (կամ) օտարերկրյա պետության պետական լիազոր մարմնի կողմից տրված մշտական բնակության փաստը հավաստող տեղեկանք, որի իսկության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից տրվել է դրական եզրակացություն:

Ելնելով սույն օրենսդրական փոփոխությունների տրամաբանությունից ակնհայտ է, որ այսուհետ հյուպատոսական հաշվառման կանգնած լինելը չի կարող դիտարկվել որպես անհրաժեշտ պայման, քանի որ այն լինելու է կամավոր:

Մյուս կողմից, անհրաժեշտ է հստակ սահմանել այնպիսի պայմաններ, որ այս հոդվածով նախատեսվող արտոնությունը հնարավոր չլինի չարաշահել այն քաղաքացիների կողմից, որոնք իրականում Հայաստանում մշտապես ապրելու նպատակ չեն ունենալու:

Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության կողմից, քաղաքացիների անձնագրերում հատուկ պիտակներ չեն փակցվում, ինչպես նախկինում (դա համարվում էր օրենքով սահմանված կարգով մշտական հաշվառումից դուրս գալ), հետեւաբար հոդվածում առկա «Հայաստանի Հանրապետության տարածքից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով այլ պետություն մշտական բնակության մեկնած` Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայրի հաշվառումից դուրս եկած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները» ձեւակերպումն այլեւս արդիական չէ, քանի որ Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ նման կարգ սահմանված չէ:

Նախագծից առաջարկվում է հանել նաեւ «եւ եւ (կամ) օտարերկրյա պետության պետական լիազոր մարմնի կողմից տրված մշտական բնակության փաստը հավաստող տեղեկանք, որի իսկության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից տրվել է դրական եզրակացություն:» ձեւակերպումը, քանի որ արտաքին գործերի նախարարության կողմից նշված բովանդակությամբ տեղեկանքների մասին դրական եզրակացություն տալը չի մտնում նախարարությանն օրենքով վերապահված լիազորությունների մեջ, նման գործառույթի համար սահմանված ընթացակարգ չկա:

Նախագծով առաջարկվում է կառավարության որոշմամբ սահմանել, թե որ լիազոր մարմնի կողմից եւ ինչպես է տրամադրվում քաղաքացու Հայաստանի Հանրապետությունում գտնվելու մասին տեղեկությունները (օրինակ, ՍԷԿՏ համակարգի միջոցով), ինչպես նաեւ արտոնություն սահմանելու կարգը:

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Հյուպատոսական հաշվառման մասով նոր սկզբունքների որդեգրման անհրաժեշտությունը ՀՀ արտաքին գործերի նախարարության օրակարգում է հայտնվել 2010թ.: Այնուհետեւ, 2011թ. մարտին կազմվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, ներկայացվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքները (միջազգային փորձը), օրենսդրական փոփոխությունների փաթեթի նախագիծը եւ քննարկվել են խնդրի հետ կապված մի շարք ասպեկտներ, այդ թվում զինապարտության հետ կապված առանձնահատկությունները:

Հիմնական գաղափարը եղել է այն, որ հյուպատոսական հաշվառման կանգնելը պետք է լինի կամավորության սկզբունքով, ինչը նշանակում է, որ դա պետք է լինի անվճար եւ հասանելի նաեւ հեռակա կարգով, այսինքն պետք է գործի համապատասխան էլեկտրոնային կայք:

Այս մոտեցումը քննարկվել է ՀՀ կառավարության կողմից եւ ընդունվել :

Կարգավորման նպատակը եւ բնույթը

Նախագծով առաջարկվում է ՀՀ տարածքից դուրս գտնվող ՀՀ քաղաքացիների կողմից հյուպատոսական հաշվառման կանգնելը (ԲՊՌ-ին անհատական տվյալներ հայտնելը) իրականացնել կամավորության եւ անվճարության սկզբունքների հիման վրա՝ քաղաքացիներին հնարավորություն ընձեռելով հաշվառվել հեռակա կարգով՝ համապատասխան կայքի միջոցով: Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այս կերպ են վարվում աշխարհի գրեթե բոլոր զարգացած երկրներում, որտեղ հյուպատոսական հաշվառման հիմնական իմաստը հանդիսանում է քաղաքացիներին արտակարգ իրավիճակներում աջակցություն ցուցաբերելու եւ նրանց շահերը պաշտպանելու անհրաժեշտությունը: Առաջարկվող փոփոխություններով հնարավոր կլինի ոչ միայն ապահովել այդ սկզբունքները, այլեւ հնարավորինս նպաստել ԲՊՌ համակարգի միասնականության, ամբողջականության եւ հավաքագրվող տվյալների ճշգրտության ապահովմանը:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք

Նախագծերը մշակվել են ՀՀ ԱԳՆ եւ ՀՀ ոստիկանության հետ համատեղ:

Ակնկալվող արդյունքը

Իրավական ակտերի ընդունմամբ կկանոնակարգվի հյուպատոսական հաշվառման ոլորտը՝ այն դարձնելով հանրամատչելի եւ դյուրին գործընթաց: Քաղաքացիները կկարողանան կանգնել հյուպատոսական հաշվառման ցանկացած վայրից՝ մուտք գործելով համապատասխան էլեկտրոնային կայք:

Հյուպատոսական հաշվառման կանգնած քաղաքացիների տվյալները կարեւոր նշանակություն կունենան մի շարք պետական մարմինների համար իրենց ոլորտի պետական քաղաքականության մշակման համար (վիճակագրություն, սոցիալական հարցեր, միգրացիա, ընտրական իրավունք, օպերատիվ տեղեկատվություն, սփյուռքի հարցեր եւ այլն):

Այլ իրավական ակտերում փոփոխությունների եւ/կամ լրացումների անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրությունը եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին» N 821 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշում ( փաթեթը ընդունելուց հետո երկամսյա ժամկետում)

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի «Հայաստանի Հանրապետությունում բնակչության պետական ռեգիստրի համակարգ ներդնելու մասին» N 1231-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշում ընդունում (փաթեթը ընդունելուց հետո երկամսյա ժամկետում)

«Հյուպատոսական հաշվառման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում: (փաթեթը ընդունելուց հետո վեցամսյա ժամկետում)

«Հայաստանի Հանրապետության  եւ օտարերկրյա քաղաքացիների Հայաստանի Հանրապետության տարածքում գտվելու ժամկետների մասին լիազոր մարմնի կողմից տեղեկատվություն տրամադրելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում: (փաթեթը ընդունելուց հետո վեցամսյա ժամկետում),

«Մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածով նախատեսված արտոնություն սահմանելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում: (փաթեթը ընդունելուց հետո վեցամսյա ժամկետում)