Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-5094-05.05.2014-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի (2000 թվականի հուլիսի 6-ի) 105-րդ հոդվածի 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«6. Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձինք կարող են առանց մաքսատուրքի վճարման ներմուծել իրենց անձնական օգտագործման գույքը:

Սույն կետով նախատեսված արտոնությունից նույն անձը կարող է օգտվել հինգ տարվա ընթացքում մեկ անգամ:

Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձինք են համարվում մշտական բնակության ժամանելու օրվան նախորդող ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս առնվազն հինգ տարի մշտապես բնակված Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք:

Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մշտապես բնակված է համարվում այն անձը, որը դիտարկվող ժամանակահատվածի յուրաքանչյուր օրացուցային տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվել է ոչ ավել, քան 180 օր:

Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես բնակված է համարվում այն անձը, որը դիտարկվող ժամանակահատվածի յուրաքանչյուր օրացուցային տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվել է ավելի քան 180 օր:

Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս եւ Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես բնակվելու հանգամանքը եւ ժամանակահատվածը որոշվում է լիազոր մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններին տրամադրած տեղեկատվության հիման վրա:

Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց անձնական օգտագործման գույքը պետք է ներմուծվի մշտական բնակության նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանելու օրվան նախորդող կամ հաջորդող 180 օրերի ընթացքում:

Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանելու օր է համարվում սույն հոդվածով նախատեսված արտոնությունը կիրառելու համար ֆիզիկական անձի կողմից մաքսային մարմին դիմելու օրվան նախորդած 180 օրերի ընթացքում` իր մշտական բնակության երկրից Հայաստանի Հանրապետություն ժամանելու` վերջին անգամ մուտք գործելու օրը:

Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանելու օրվան նախորդող ժամանակահատվածը տվյալ օրվան նախորդած եւ չընդհատվող օրացուցային օրերը, ամիսները եւ տարիներն են:

Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանելու օրվան հաջորդող ժամանակահատվածը տվյալ օրվան հաջորդած եւ չընդհատվող օրացուցային օրերը, ամիսները եւ տարիներն են:

Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվելու հանգամանքը եւ ժամանակահատվածը ստուգելու, ինչպես նաեւ սույն մասով նախատեսված արտոնության կիրառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: