Armenian ARMSCII Armenian
Կ-5094-05.05.2014-ՊԻ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 6-ի մաքսային օրենսգրքի  105-րդ հոդվածի 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձինք կարող են առանց մաքսատուրքի վճարման ներմուծել իրենց անձնական օգտագործման գույքը:

Սույն կետով նախատեսված արտոնությունից նույն անձը կարող է օգտվել հինգ տարվա ընթացքում մեկ անգամ:

Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձինք են համարվում մշտական բնակության ժամանելու օրվան նախորդող ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս առնվազն հինգ տարի մշտապես բնակված Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք:

Սույն օրենքի իմաստով Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մշտապես բնակված է համարվում այն անձը, որը դիտարկվող ժամանակահատվածի յուրաքանչյուր օրացուցային տարվա ընթացքում ընդհանուր առմամբ գտնվել է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս 183 օրից ավելի:

Սույն օրենքի իմաստով Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես բնակված է համարվում այն անձը, որը դիտարկվող ժամանակահատվածի յուրաքանչյուր օրացուցային տարվա ընթացքում ընդհանուր առմամբ գտնվել է Հայաստանի Հանրապետության տարածքում 183 օրից ավելի:

Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս եւ Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես բնակվելու հանգամանքը եւ ժամանակահատվածը որոշում է լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններին պաշտոնապես տրամադրած` տվյալ քաղաքացու՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու վերաբերյալ տեղեկատվության հիման վրա:

Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց անձնական օգտագործման գույքը պետք է ներմուծվի մշտական բնակության նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանելու օրվան նախորդող կամ հաջորդող 180 օրերի ընթացքում:

Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանելու օր է համարվում սույն հոդվածով նախատեսված արտոնությունը կիրառելու համար ֆիզիկական անձի կողմից մաքսային մարմին դիմելու օրվան նախորդած 180 օրերի ընթացքում` իր մշտական բնակության երկրից Հայաստանի Հանրապետություն ժամանելուց հետո` Հայաստանի Հանրապետությունում հաշվառվելու օրը, իսկ Հայաստանի Հանրապետությունում հաշվառում ունենալու դեպքում` մաքսային մարմին դիմելու օրը:

Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանելու օրվան նախորդող ժամանակահատվածը տվյալ օրվան նախորդած եւ չընդհատվող օրացուցային օրերը, ամիսները եւ տարիներն են:

Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանելու օրվան հաջորդող ժամանակահատվածը տվյալ օրվան հաջորդած եւ չընդհատվող օրացուցային օրերը, ամիսները եւ տարիներն են:

Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվելու հանգամանքը եւ ժամանակահատվածը ստուգելու, ինչպես նաեւ սույն մասով նախատեսված արտոնության կիրառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: