Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-513-07.05.2014-ԱՄ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածում՝

1) 1-ին մասը «բնակչությանը» բառից հետո լրացնել «խորհրդատվական,» բառով, «կանխարգելիչ» եւ «բուժական» բառերը տարանջատել ստորակետով.

2) 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«2. Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված, բժշկական օգնության եւ սպասարկման որոշակի տեսակ կամ տեսակներ իրականացնող անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ՝ անկախ կազմակերպական-իրավական տեսակից, իրավական վիճակից եւ սեփականության ձեւից, կամ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին չհանդիսացող պետական կամ համայնքի հիմնարկ:».

3) հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ մասերով.

«5. Առողջապահության բնագավառ` ոլորտ, որտեղ իրականացվում է մարդու եւ հանրության առողջության պահպանմանն, ապահովմանն ու բարելավմանն ուղղված գործունեություն:

6. Բուժաշխատող` առողջապահության բնագավառում գործունեություն իրականացնող, իսկ սույն օրենքով նախատեսված դեպքերում նաեւ մասնագիտական գործունեություն իրականացնող ու դրա համար համապատասխան մասնագիտական կրթություն, որակավորում, մասնագիտացում եւ նախատեսված շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր ունեցող, ինչպես նաեւ ոչ մասնագիտական օժանդակող գործունեություն իրականացնող ֆիզիկական անձ:

7. Առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեություն` բուժաշխատողի կողմից իր կրթությանը եւ որակավորմանը համապատասխան, իր իրավասությունների շրջանակներում, Հայաստանի Հանրապետության օրենքներին, այլ իրավական ակտերին, չափորոշիչներին, ուղեցույցներին եւ իր աշխատանքային պարտականություններին համապատասխան աշխատանքների իրականացում:

8. Շարունակական մասնագիտական զարգացում՝ առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձանց մասնագիտական կարողությունների, ունակությունների եւ հմտությունների զարգացման անընդհատությունն ապահովող գործընթաց:

9. Շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր (այսուհետ` ՇՄԶ հավաստագիր)` բուժաշխատողի մասնագիտական (այդ թվում` ինքնուրույն) գործունեություն իրականացնելու թույլտվություն, որը տրվում է սույն օրենքով նախատեսված դեպքերում` շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտներ հավաքելու եւ վերջին հինգ տարիների ընթացքում նվազագույն աշխատանքային ստաժ ունենալու դեպքում:

10. Հավաստագրում` շարունակական մասնագիտական զարգացման արդյունքների գնահատման եւ ՇՄԶ հավաստագրի տրամադրման (մերժում) ընթացակարգ:

11. Աշխատանքային տեղում մասնագիտական կատարելագործում՝ բուժաշխատողի կողմից այլ բժշկական կազմակերպությունում կամ բուժաշխատողի աշխատանքային վայր հանդիսացող բժշկական կազմակերպությունում այլ բժշկական կազմակերպություններից հրավիրված մասնագետների մասնակցությամբ նոր գործնական գիտելիքների եւ հմտությունների ձեռքբերման գործընթաց:

12. Պացիենտ` բժշկական օգնության եւ սպասարկման սուբյեկտ հանդիսացող ֆիզիկական անձ:»:

Հոդված 2. Օրենքում «հիվանդներ», «հիվանդ» բառերը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «պացիենտ» բառով` համապատասխան հոլովաձեւերով:

Հոդված 3. Օրենքի 18-րդ հոդվածում`

1) 2-րդ եւ 3-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.

2) 4-րդ մասի`

ա. «ա» կետում՝ «բժշկական գործունեության» բառերը փոխարինել «բժշկական օգնության եւ սպասարկման» բառերով, «լիցենզավորմանը» բառից հետո լրացնել «բժշկական շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող միջոցառումների կազմակերպմանը, իրականացմանը» բառերը.

բ. «բ» կետում «պաշտպանել իրենց մասնագիտական պատիվը եւ արժանապատվությունը» բառերը փոխարինել «օրենքով սահմանված կարգով պաշտպանել իրենց գործարար համբավը» բառերով:

Հոդված 4. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասում`

1) «ա» կետում «անհետաձգելի» բառից հետո հանել ստորակետը.

2) «գ» կետում «տեղյակ պահել» բառերը փոխարինել «ապահովել» բառով, «մասին» բառից հետո լրացնել «տեղեկատվության տրամադրումը» բառերը.

3) «է» կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«է) ապահովել հոգատար եւ հարգալից վերաբերմունքը պացիենտների նկատմամբ».

4) «է» կետից հետո լրացնել նոր «ը» կետ.

«ը) ՇՄԶ հավաստագիր չունեցող անձին չթույլատրել իրականացնել իր մասնագիտական գործունեությամբ պայմանավորված աշխատանքային պարտականությունները, իսկ վերապահումով տրված հավաստագիր ունեցող անձին չթույլատրել ինքնուրույնաբար իրականացնել իր մասնագիտական գործունեությամբ պայմանավորված աշխատանքային պարտականությունները:»:

Հոդված 5. Օրենքը լրացնել նոր 3.1-րդ եւ 3.2-րդ գլուխներով.

«ԳԼՈւԽ 3.1 ԲՈւԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ, ՆՐԱՆՑ ԻՐԱՎՈւՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐԸ

Հոդված 19.1. Բուժաշխատողներին ներկայացվող պահանջները

1. Ըստ կրթության մակարդակի եւ առողջապահության բնագավառում իրականացվող գործունեության, բուժաշխատողները բաժանվում են խմբերի եւ համապատասխանաբար կոչվում են ավագ կամ միջին կամ կրտսեր բուժաշխատողներ:

2. Ավագ բուժաշխատողը առողջապահության բնագավառում որոշակի մասնագիտական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձն է, ով ունի համապատասխան բարձրագույն կրթություն ու որակավորում, մասնագիտացում եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացել է ՇՄԶ հավաստագիր:

3.Միջին բուժաշխատողը առողջապահության բնագավառում որոշակի մասնագիտական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձն է, ով ունի բարձրագույն կամ միջին մասնագիտական կամ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ու որակավորում եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացել է ՇՄԶ հավաստագիր:

4.Կրտսեր բուժաշխատողը առողջապահության բնագավառում ոչ մասնագիտական` օժանդակող գործունեություն իրականացնող ֆիզիկական անձն է, ում, կախված բժշկական օգնության եւ սպասարկման տեսակից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողի կողմից կարող են ներկայացվել որոշակի գիտելիքների կամ հմտությունների տիրապետելու պահանջներ: Կրտսեր բուժաշխատողները շարունակական մասնագիտական զարգացման գործընթաց չեն անցնում եւ ՇՄԶ հավաստագիր չեն ստանում:

5. Առողջապահության բնագավառի մասնագիտական գործունեության, բժշկական եւ ոչ բժշկական մասնագիտությունների, ինչպես նաեւ բժշկական նեղ մասնագիտությունների ցանկերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. Հայաստանի Հանրապետությունում գործող կազմակերպությունների նախաձեռնությամբ կամ հրավերով օտարերկրացի բուժաշխատողների մասնագիտական կարճաժամկետ գործունեության թույլտվությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով` առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից: Սույն օրենքի իմաստով օտարերկրացի բուժաշխատողի մասնագիտական կարճաժամկետ գործունեություն է համարվում մուտքի վիզայով կամ առանց մուտքի վիզայի Հայաստանի Հանրապետությունում օրացուցային 180 օր գտնվելու ընթացքում բժշկական մասնագիտական գործունեության իրականացումը:

7. Այլ պետություններում բժշկական կրթություն ստացած անձինք (ներառյալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եւ Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները) Հայաստանի Հանրապետությունում բժշկական մասնագիտական գործունեություն կարող են իրականացնել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա բժշկական կրթության փաստը հավաստող փաստաթղթերի փոխադարձ ճանաչման կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բժշկական կրթության փաստը հավաստող փաստաթղթերի ճանաչման եւ սույն օրենքով սահմանված կարգով ՇՄԶ հավաստագրի առկայության դեպքում:

Հոդված 19.2. Բուժաշխատողների իրավունքները

1. Բուժաշխատողներն իրավունք ունեն`

1) ավագ եւ միջին բուժաշխատողները` օրենքով սահմանված կարգով, իրենց կրթությանը, որակավորմանը եւ մասնագիտացմանը համապատասխան` իրենց իրավասությունների շրջանակներում իրականացնել առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեություն, իսկ կրտսեր բուժաշխատողներն իրենց իրավասությունների շրջանակում ոչ մասնագիտական` օժանդակող գործունեություն.

2) ապահովագրել իրենց գործունեության հետ կապված քաղաքացիական պատասխանատվության ռիսկը.

3) օրենքով սահմանված կարգով մասնակցել շարունակական մասնագիտական զարգացման գործընթացին.

4) պաշտպանել մասնագիտական պատիվը եւ արժանապատվությունը.

5) օրենքով սահմանված կարգով ստեղծել միավորումներ կամ անդամակցել դրանց.

6) օգտվել օրենքով սահմանված այլ իրավունքներից:

Հոդված 19.3. Բուժաշխատողների պարտականությունները

1. Բուժաշխատողները պարտավոր են`

1) առողջապահության բնագավառում գործունեություն իրականացնելիս առաջնորդվել պացիենտի շահերով.

2) յուրաքանչյուր մարդու ցուցաբերել անհետաձգելի առաջին բժշկական օգնություն.

3) հոգատար եւ հարգալից վերաբերմունք ցուցաբերել պացիենտի նկատմամբ.

4) պացիենտին եւ (կամ) նրա օրինական ներկայացուցչին տեղյակ պահել իր առողջությանը վերաբերող հետազոտությունների արդյունքների, հիվանդության ախտորոշման եւ բուժման մեթոդների, դրանց հետ կապված ռիսկերի, բժշկական միջամտության հնարավոր տարբերակների, հետեւանքների ու բուժման արդյունքների մասին.

5) բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնելիս կիրառել Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղեր, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի.

6) օրենսդրությամբ սահմանած կարգով վարել բժշկական փաստաթղթերը.

7) պահպանել բժշկական գաղտնիքը, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի.

8) կատարելագործել իր մասնագիտական գիտելիքները եւ հմտությունները, մասնագիտական որակավորման պահանջներին համապատասխան մասնակցել շարունակական մասնագիտական զարգացման գործընթացին.

9) օրենքով սահմանված այլ պարտականություններ:

ԳԼՈՒԽ 3.2 ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ

Հոդված 19.4. Շարունակական մասնագիտական զարգացման կազմակերպման գործընթացը

1. Շարունակական մասնագիտական զարգացումն իրականացվում է այդ գործընթացի անընդհատության եւ բազմաձեւության սկզբունքների համակցմամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Շարունակական մասնագիտական զարգացման գործընթացի անընդհատությունն ապահովվում է յուրաքանչյուր հնգամյա շրջափուլով` այդ տարիների ընթացքում իրականացված մասնագիտական գործունեության, ինչպես նաեւ ձեռք բերված գիտելիքների եւ մասնագիտական հմտությունների գնահատման հիման վրա: Շարունակական մասնագիտական զարգացման, ինչպես նաեւ ձեռք բերված գիտելիքների եւ մասնագիտական հմտությունների համար շնորհվում են շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտներ` (այսուհետ` ՇՄԶ կրեդիտներ):

3. Շարունակական մասնագիտական զարգացման բազմաձեւությունն ապահովելու համար շարունակական մասնագիտական զարգացումը ներառում է հետեւյալ տեսակները`

1) տեսական գիտելիքների զարգացում՝ մասնագիտական դասընթացներին, սեմինարներին, սիմպոզիումներին, գիտական, գիտագործնական գիտաժողովներին եւ համագումարներին մասնակցության եւ (կամ) իրականացման միջոցով.

2) գործնական հմտությունների զարգացում՝ աշխատանքային տեղում մասնագիտական կատարելագործման, գիտագործնական միջոցառումներին մասնակցության եւ (կամ) իրականացման միջոցով.

3) ինքնակրթություն եւ ինքնազարգացում` առցանց դասընթացների մասնակցության եւ (կամ) իրականացման, կամ գիտական աշխատանքների, աշխատությունների հրատարակման եւ (կամ) գործնական ուսումնասիրությունների արդյունքների ներկայացման միջոցով:

4. Շարունակական մասնագիտական զարգացման գործունեությունը եւ շնորհվող ՇՄԶ կրեդիտները յուրաքանչյուր հնգամյա փուլում պետք է լրացվեն սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված գործունեության երեք տեսակներից եւ կազմեն`

1) ավագ բուժաշխատողների համար` առնվազն 220 ՇՄԶ կրեդիտ, բացառությամբ դեղագետների եւ ոչ բժշկական այլ մասնագիտություններով որակավորված մասնագետների, որոնց համար սահմանվում է առնվազն 160 ՇՄԶ կրեդիտ.

2) միջին բուժաշխատողների համար` առնվազն 140 ՇՄԶ կրեդիտ, բացառությամբ դեղագործների եւ ոչ բժշկական այլ մասնագիտություններով որակավորված մասնագետների, որոնց համար սահմանվում է առնվազն 100 ՇՄԶ կրեդիտ:

5.Սույն հոդվածի 3-րդ մասում թվարկած շարունակական մասնագիտական զարգացման միջոցառումների համար կրեդիտներ կարող են տրամադրվել մասնակցության եւ (կամ) իրականացման համար:

6. Շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող միջոցառումների կազմակերպմանը, իրականացմանը եւ մասնակցությանը ներկայացվող պահանջները, շարունակական մասնագիտական զարգացման յուրաքանչյուր տեսակի գծով շնորհվող ՇՄԶ կրեդիտների քանակը եւ դրանց շնորհման կարգը սահմանում է առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը:

7. Սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված շարունակական մասնագիտական զարգացման տեսակները, առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով, կարող են իրականացնել հետեւյալ տեղական, օտարերկրյա եւ (կամ) միջազգային կազմակերպությունների կողմից`

1) օրենքով սահմանված կարգով բժշկական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ.

2) բժշկական մասնագիտական հասարակական կազմակերպություններ.

3) առողջապահական կամ բժշկական կազմակերպություններ.

4) առողջապահության բնագավառում գործունեություն ծավալող այլ կազմակերպություններ:

8. Առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում շարունակական մասնագիտական զարգացման առանձին տեսակները կարող են իրականացվել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

Հոդված 19.5. Հավաստագրմանը ներկայացվող հիմնական պահանջները

1. Շարունակական մասնագիտական զարգացման գնահատումն իրականացվում է հավաստագրման միջոցով:

2. ՇՄԶ հավաստագիրը տրվում է հինգ տարի ժամկետով: ՇՄԶ հավաստագրի ժամկետի ավարտից առնվազն երեք ամիս առաջ բուժաշխատողը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դիմում է հաջորդ հինգ տարիների համար ՇՄԶ հավաստագիր ստանալու նպատակով:

3. ՇՄԶ հավաստագիրը տրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների բավարարման եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով եւ չափով պետական տուրք վճարելու դեպքում:

4. Հավաստագիրը տրվում է, եթե բուժաշխատողը լրացրել է սույն օրենքով սահմանված ՇՄԶ կրեդիտների նվազագույն քանակը եւ վերջին հինգ տարում ունի առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:

5. Վերջին հինգ տարում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ չունենալու դեպքում հավաստագիրը տրվում է վերապահումով` ոչ ինքնուրույն, հսկողության ներքո իրականացվող` չբավարարող աշխատանքային մասնագիտական ստաժի առնվազն կեսը լրացնելու պայմանով, որի փաստը հավաստող համապատասխան փաստաթուղթ ներկայացնելու դեպքում տրվում է ՇՄԶ հավաստագիր:

6. Վերջին հինգ տարում ՇՄԶ կրեդիտների նվազագույն քանակը չհավաքելու դեպքում հավաստագիրը տրվում է վերապահումով` չբավարարող ՇՄԶ կրեդիտների քանակը լրացնելու պայմանով:

7. Հավաստագիր չի տրվում եթե բուժաշխատողը չի ապահովել սույն հոդվածի 3-րդ, 4-րդ, 5-րդ եւ 6-րդ մասերով սահմանված պահանջները:

8. ՇՄԶ հավաստագրի, այդ թվում` վերապահումով տրվող հավաստագրի մերժումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կամ դատական կարգով:

9. Հավաստագրման կազմակերպման եւ իրականացման կարգը, ինչպես նաեւ հավաստագրի եւ վերապահումով տրվող հավաստագրի ձեւերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

10. Հավաստագրումը իրականացվում է առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից` այդ նպատակով ստեղծված մշտապես գործող հանձնաժողովի եզրակացության հիման վրա: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են բժշկական մասնագիտական հասարակական միավորումների, բժշկական ուսումնական հաստատությունների, բժշկական կազմակերպությունների եւ առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի ներկայացուցիչներ: Իր գործառույթների իրականացման համար հանձնաժողովն իրավունք ունի ստեղծել մասնագիտական ենթահանձնաժողովներ: Հանձնաժողովի անհատական կազմը եւ աշխատակարգը սահմանում է առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը:

11. Ավագ եւ միջին բուժաշխատողների վերաբերյալ առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը վարում է շտեմարան, որի ձեւավորման եւ վարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

12. Շտեմարանում առնվազն պետք է ներառվի ավագ եւ միջին բուժաշխատողների անհատական տվյալների (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարի), կրթության, որակավորման, մասնագիտացման, ՇՄԶ հավաստագրերի վերաբերյալ տեղեկատվություն:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասինե եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասինե եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում միջազգային չափանիշներին համապատասխանող բժշկական շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) համակարգի ներդրման միջոցով բուժաշխատողների մասնագիտական ունակությունների եւ գիտելիքների բարձրացման եւ բնակչությանը տրամադրվող բժշկական ծառայությունների որակի անընդհատ բարելավման անհրաժեշտությամբ:

Հայտնի է, որ բուժաշխատողների մասնագիտական կրթության եւ շարունակական մասնագիտական զարգացման գործընթացները գտնվում են բոլոր երկրների առողջապահական համակարգերի զարգացման եւ բնակչությանը որակյալ բժշկական ծառայությունների տրամադրման հիմքում: Միջազգային փորձը փաստում է, որ շարունակական մասնագիտական զարգացումը նպաստում է բժշկական ծառայությունների որակի բարձրացմանը, հիվանդացության եւ մահացության նվազեցմանը եւ այլ առողջապահական ցուցանիշների բարելավմանը:

Բազմաթիվ զարգացած երկրներում սահմանված է ՇՄԶ համակարգին անցնելու ընդհանուր պահանջներ, մասնավորապես՝ բուժաշխատողների համար պարտադիր է համարվում տեսական գիտելիքների զարգացումը մասնագիտական դասընթացներին, սեմինարներին, սիմպոզիումներին մասնակցության միջոցով, գործնական հմտությունների զարգացումը գիտագործնական միջոցառումներին մասնակցության միջոցով, ինչպես նաեւ ինքնազարգացումը` օրինակ առցանց դասընթացների մասնակցության միջոցով, ինչի գնահատման համար սահմանված է կրեդիտային համակարգ: Վերոնշյալ միջոցառումները կազմակերպվում են բժշկական մասնագիտական հասարակական կազմակերպությունների, առողջապահական կազմակերպությունների կամ առողջապահության բնագավառում գործունեություն իրականացնող այլ կազմակերպությունների կողմից: ՇՄԶ պահանջները չկատարելը կարող է ունենալ տարբեր հետեւանքներ՝ նախազգուշացումից մինչեւ մասնագիտական գործունեության թույլտվության կասեցում կամ ետ կանչում։

Մասնագիտական գործունեության թույլտվությունը որոշակի ժամանակային պարբերականությամբ պետք է թարմացվի եւ դա կապակցվում է ՇՄԶ կրեդիտների պահանջների կատարման հետ: Օրինակ, Բելգիայում, Իտալիայում եւ մի շարք այլ երկրներում ՇՄԶ-ն դարձել է իրավական պարտավորություն։ Գերմանիայում ՇՄԶ պահանջված կրեդիտների չլրացնելը կարող է հանգեցնել տվյալ բժշկի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցվող գումարի նվազեցմանը կամ բժշկական ապահովագրության շրջանակում նրա գործունեության իրավունքի ետ կանչմանը։ Շվեյցարիայում «Բժշկական մասնագիտությունների մասինե օրենքը սահմանում է «ցկյանս ուսուցմանե պահանջ եւ նախատեսում է ֆինանսական ներգործման միջոցներ ՇՄԶ պահանջները չկատարելու դեպքում։ Գործունեության իրավունքի վերագրանցման համար բուժաշխատողները պետք է ներկայացնեն փաստաթղթեր ՇՄԶ ծրագրերին մասնակցության եւ պահանջվող քանակի ՇՄԶ կրեդիտների վերաբերյալ։

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում չի իրականացվում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների (բժիշկների եւ բուժքույրերի) լիցենզավորման գործընթաց, որը դադարեցվել է դեռեւս 2001 թվականին: Ներդրված չէ բժշկական շարունակական մասնագիտական զարգացման օբյեկտիվ եւ արդյունավետ համակարգ, չի իրականացվում բուժաշխատողների որակական մակարդակի գնահատման գործընթաց:

Ներկայացված նախագծերի փաթեթից ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով սահմանվում են օրենքում բացակայող մի շարք հիմնական հասկացություններ, ինչպիսիք են «բուժաշխատող», «շարունակական մասնագիտական զարգացում», «հավաստագրում», «պացիենտ» եւ այլն, բուժաշխատողները դասակարգվում են ըստ խմբերի՝ ավագ, միջին եւ կրտսեր, սահմանվում են օտարերկրացի բուժաշխատողների եւ այլ պետություններում կրթություն ստացած անձանց համար Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնելու պահանջները: Վերոնշյալ նախագծով սահմանվում են նաեւ բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները, ՇՄԶ կազմակերպման գործընթացը եւ հավաստագրմանը ներկայացվող հիմնական պահանջները:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով պատասխանատվություն է սահմանվում ՇՄԶ հավաստագիր չունեցող անձին աշխատանքային պարտականություններ իրականացնել թույլատրելու, ինչպես նաեւ վերապահումով տրված ՇՄԶ հավաստագիր ունեցող անձին ինքնուրույն մասնագիտական աշխատանքային պարտականություններ իրականացնել թույլատրելու համար:

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով սահմանվում է ՇՄԶ հավաստագիր ստանալու համար պետական տուրքի չափաբաժիններ ավագ եւ միջին բուժաշխատողների համար:

Հաշվի առնելով, որ շարունակական մասնագիտական զարգացումը համարվում է որակյալ բժշկական օգնության եւ սպասարկման տրամադրման, հիվանդին չվնասելու եւ նրա առողջական խնդիրներն անհրաժեշտ մակարդակով լուծելու համար պարտադիր պայման, անհրաժեշտ է Հայաստանում եւս ներդնել վերոնշյալ համակարգը, ինչի կապակցությամբ մշակվել եւ ներկայացվում է ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: