Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 37-րդ հոդվածի 5-րդ մասում «մեկ» բառը փոխարինել «երկու» բառով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 37-րդ հոդվածի 5-րդ մասում թվարկված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը հայտնաբերվելուց հետո` երկու ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան իրավախախտումը կատարվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, բացառությամբ նույն հոդվածի 4-րդ մասի՝ համաձայն որի՝ եթե վարչական իրավախախտումը հնարավոր չէր հայտնաբերել առանց համապատասխան ստուգումներ կատարելու, ապա վարչական տույժը կարող է նշանակվել վարչական իրավախախտումը ստուգմամբ բացահայտելու օրվանից հետո` ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում:
Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) 2012 թվականի դեկտեմբերի 7-ի 58-րդ լիագումար նիստում ընդունված Հայաստանի Հանրապետության կատարման երրորդ փուլի զեկույցում (այսուհետ՝ Զեկույց) գնահատվել են Հայաստանի իշխանությունների կողմից ձեռնարկված միջոցառումները՝ ուղղված Հայաստանի մասին երրորդ փուլի գնահատման զեկույցում (ԳՐԵԿՈ-ի 2010 թվականի նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 3-ը Ստրասբուրգում կայացած 49-րդ լիագումար նիստում) ներկայացված առաջարկությունների իրականացմանը: Զեկույցի 83-րդ կետով ԳՐԵԿՈ-ն առաջարկել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 5-րդ մասում թվարկած վարչական իրավախախտումների համար երկարաձգել վաղեմության ժամկետը։ ԳՐԵԿՈ-ի կողմից պարբերաբար արտահայտվել է այն կարծիքը, որ մեկ տարին բավարար չէ քաղաքական ֆինանսավորման բոլոր իրավախախտումների բարդությունը հաշվի առնելու համար, հատկապես, եթե վերահսկողությունը ենթակա է կատարելագործման։ Ավելին, ԳՐԵԿՈ-ն նկատել է, որ Օրենսգրքի 37-րդ հոդվածի 4-րդ մասում առաջարկված լրացուցիչ հնարավորությունը բավարար ճկունություն չի ապահովում, որպեսզի հաշվի առնվեն բոլոր հնարավոր իրավիճակները։ Ըստ ԳՐԵԿՈ-ի՝ եթե իրավախախտումը կատարվելուց ավելի քան մեկ տարի անց ոչ թե Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, այլ լրատվամիջոցների կամ, օրինակ մեկ այլ կուսակցության կողմից իրավախախտում է հայտնաբերվում, ապա կասկածելի է, թե արդյոք Հանձնաժողովը համապատասխան հսկողություն կիրականացնի կամ կարող է իրականացնել, որպեսզի կարողանա տուգանք սահմանել։ Հետեւաբար, ԳՐԵԿՈ-ն կոչ է արել Հայաստանի իշխանություններին վերանայել վերոնշյալ իրավախախտումների դեպքում կիրառվող վաղեմության ժամկետը եւ, միաժամանակ, Զեկույցի 90-րդ կետով հանձնարարականի կատարման վերջնաժամկետ է սահմանվել սույն թվականի հունիսի 30-ը:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Հաշվի առնելով քաղաքական ֆինանսական բնույթի իրավախախտումների առանձնահատկություններն ու դրանց բացահայտման բարդությունը եւ դրանով պայմանավորված՝ վարչական պատասխանատվության ենթարկելու մեկ տարվա վաղեմության ժամկետի նախատեսելու ոչ նպատակահարմարությունը, ինչպես նաեւ ՀՀ միջազգային պարտավորությունները կատարելու անհրաժեշտությունը՝ առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 5-րդ մասը փոփոխել եւ համապատասխան իրավախախտումների համար նախատեսել վարչական պատասխանատվության ենթարկելու երկու տարվա վաղեմության ժամկետ:
3. Նախագծի մշակման ընթացքում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումները
Օրենքի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից: Օրենքի նախագիծը վերամշակվել է շահագրգիռ պետական մարմինների կարծիքների հիման վրա:
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում կերկարացվի համապատասխան վարչական իրավախախտումների համար պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը եւ հնարավորություն կընձեռվի բացահայտված իրավախախտումների համար տույժ նշանակել դրանք կատարելուց հետո երկու տարվա ընթացքում: