Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-5012-23.04.2014-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի Ընտրական օրենսգրքի 28-րդ հոդվածի 4-րդ մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություն.

«Սույն մասում նշված աուդիտորների վերահսկողական իրավասությունը չի տարածվում իրենց նշանակած խմբակցությունների մուծումների, դրանց հաշվարկման եւ ծախսերի նկատմամբ:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 28-րդ հոդվածի 4-րդ մասը չի սահմանում կառուցակարգեր առ այն, որ կուսակցության կողմից ներկայացված հաշիվները չեն վերանայվի հենց նույն կուսակցության կողմից ներկայացված աուդիտորի կողմից: Թեպետ վերահսկողության արդյունքում աուդիտորների մոտ ձեւավորված կարծիքները կամ եզրահանգումները կրում են ոչ պարտադիր բնույթ, սակայն անվիճելի է, որ աուդիտորների կողմից այլ հայտարարագրերի հետ միասին իրենց նշանակած կուսակցությունների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների եւ դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագրերի եւ կից փաստաթղթերի ուսումնասիրությունը անխուսափելիորեն հանգեցնելու է շահերի բախման:

Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) 2012 թվականի դեկտեմբերի 7-ի 58-րդ լիագումար նիստում ընդունված Հայաստանի Հանրապետության կատարման երրորդ փուլի զեկույցում (այսուհետ՝ Զեկույց) գնահատվել են Հայաստանի իշխանությունների կողմից ձեռնարկված միջոցառումները՝ ուղղված Հայաստանի մասին երրորդ փուլի գնահատման զեկույցում (ԳՐԵԿՈ-ի 2010 թվականի նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 3-ը Ստրասբուրգում կայացած 49-րդ լիագումար նիստում) ներկայացված առաջարկությունների իրականացմանը: Զեկույցի 68-րդ կետով ԳՐԵԿՈ-ն առաջարկել է ապահովել քաղաքական կուսակցությունների եւ նախընտրական քարոզչությունների ֆինանսավորման դիտանցման համար անկախ եւ միասնական կառուցակարգ, որին կտրվեն իրավասություն, լիազորություն, ինչպես նաեւ ֆինանսական եւ կադրային ռեսուրսներ այդ ֆինանսավորումն արդյունավետորեն եւ ակտիվորեն վերահսկելու, քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման կանոնակարգերի ենթադրյալ իրավախախտումների գործերով քննություն իրականացնելու եւ, անհրաժեշտության դեպքում, պատժամիջոցներ կիրառելու համար:

ԳՐԵԿՈ-ի մտավախությունները վերաբերում են նրան, որ աշխատանքի մի մասն իրականացնում են կուսակցությունների կողմից նշանակված աուդիտորները, եւ չկա որեւէ դրույթ, որով կերաշխավորվի, որ աուդիտորը չի վերանայի իրեն նշանակած կուսակցության կողմից ներկայացված հաշիվները։ Հետեւաբար, ԳՐԵԿՈ-ն կոչ է արել Հայաստանի իշխանություններին վերանայել համապատասխան նորմերի բովանդակությունը եւ, միաժամանակ, Զեկույցի 90-րդ կետով հանձնարարականի կատարման վերջնաժամկետ է սահմանվել սույն թվականի հունիսի 30-ը:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Հաշվի առնելով, որ ՀՀ ընտրական օրենսգրքի 28-րդ հոդվածի 4-րդ մասից բխող դրույթը անխուսափելիորեն հանգեցնելու է շահերի բախման: Հաշվի առնելով ՀՀ միջազգային պարտավորություններ կատարելու անհրաժեշտությունը՝ անհրաժեշտ է ՀՀ ընտրական օրենսգրքի 28-րդ հոդվածի 4-րդ մասում ավելացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություն. «Սույն մասում նշված աուդիտորների վերահսկողական իրավասությունը չի տարածվում իրենց նշանակած խմբակցությունների մուծումների, դրանց հաշվարկման եւ ծախսերի նկատմամբ»:

3. Նախագծի մշակման ընթացքում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումները

Օրենքի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից: Օրենքի նախագիծը վերամշակվել է շահագրգիռ պետական մարմինների կարծիքների հիման վրա:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում նախ նույն կուսակցության կողմից ներկայացված հաշիվներն այդուհետ չեն վերանայվի հենց այդ նույն կուսակցության կողմից ներկայացված աուդիտորի կողմից, ինչ հետեւանքով աուդիտորների կողմից այլ հայտարարագրերի հետ միասին իրենց նշանակած կուսակցությունների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների եւ դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագրերի եւ կից փաստաթղթերի ուսումնասիրությունը այլեւս չի հանգեցնի շահերի բախման: