Armenian ARMSCII Armenian
Կ-351-03.08.2022-ԳԿ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻՆՉԵՎ 2030 ԹՎԱԿԱՆԸ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կրթության մինչեւ 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը»՝ համաձայն հավելվածի :

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ՀՀ կառավարությունը պետք է հաստատի «Հայաստանի Հանրապետության կրթության մինչեւ 2030 թվականը զարգացման պետական ծրագրից» բխող գործողությունների ծրագիրը, որը կարող է վերանայվել յուրաքանչյուր տարի:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻՆՉԵՎ 2030 ԹՎԱԿԱՆԸ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Կրթության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջով, համաձայն որի կրթության բանագավառում պետական քաղաքականության կազմակերպական հիմքը կրթության զարգացման պետական ծրագիրն է, որը Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացմամբ հաստատում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները

Կրթության ոլորտի զարգացման նախորդ պետական ծրագիրն ընդունվել է 2011 թվականին 2011-2015 թվականների համար («Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման 2011-2015 թվականների պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենք (ՀՕ-246-Ն)):

Կրթության զարգացման հաջորդ պետական ծրագիրը մշակվել եւ ՀՀ կառավարություն էր ներկայացվել 2017 թվականին, որից հետո այն վերադարձվել էր լրամշակման:

Ներկայում հետպատերազմյան իրադրությունը եւ Քովիդ-19 համավարակի հետեւանքով առաջացած մարտահրավերներն անխուսափելի են դարձնում կրթության ոլորտի վերափոխման ու նոր ուղեգծերի սահմանման անհրաժեշտությունը, եւ դրանք զարգացման պետական ռազմավարական փաստաթղթով ամրագրելը:

Միաժամանակ, ՀՀ կառավարության 2021 օգոստոսի 18-ի թիվ 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրի «6.10 Պետական ծախսեր» բաժնի 3-րդ պարբերությամբ սահմանված է, որ ծախսերի նպատակայնության բարձրացման առումով անցում է կատարվելու ռազմավարական պլանավորման. վերանայվելու են առկա ռազմավարությունները, վերջիններս եւ մշակվելիք ռազմավարական բոլոր փաստաթղթերը համակցվելու են ՀՀ Կառավարության հնգամյա ծրագրերի, միջնաժամկետ ծախսերի ծրագրերի եւ ամենամյա ծրագրային բյուջեի հետ:

1.2 Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Հիմք ընդունելով առկա մարտահրավերները եւ կրթության համակարգում արդեն իսկ արձանագրված ձեռքբերումները՝ Նախագծում սահմանվել են ՀՀ կրթության ոլորտի զարգացման գերակայությունները, ռազմավարության սկզբունքներն ու ծրագրային ուղղությունները:

2. Կարգավորման առարկան

Նախագծով նախատեսվում է ռազմավարական այնպիսի մոտեցումների որդեգրում, որոնք կապահովեն կրթության կայուն զարգացման առավել նպատակամղվածություն, որակ, արդյունավետություն եւ արդյունավորություն:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Կրթության առաջընթացն առավել նպատակային եւ արդյունավետ դարձնելու համար հետագա զարգացումները կիրականացվեն՝ ըստ սահմանված գերակա ուղղությունների եւ զարգացման նպատակային ցուցանիշների, որոնք կնպաստեն Հայաստանի ընդհանուր մրցունակության բարձրացմանը:

4. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից:

5. Նախագծի ընդունման առնչությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

Նախագծի ընդունման կապակցությամբ առաջանում է այլ իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն, մասնավորապես՝ Նախագիծն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում նախատեսվում է ՀՀ կառավարության որոշմամբ հաստատել «Հայաստանի Հանրապետության կրթության մինչեւ 2030 թվականը զարգացման պետական ծրագրից» բխող գործողությունների ծրագիրը:

6. Կապը Ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծի ընդունումը կապված է հետեւյալ ռազմավարական փաստաթղթերի հետ.

«Հայաստանի մինչեւ 2050թ. վերափոխման ռազամավարության» 1-ին՝ «Կիրթ եւ կարողունակ քաղաքացի, ժողովուրդ» մեգանպատակ: Վերջինիս հետ Նախագծի փոխկապակցվածությունը պայմանավորված է նրանով, որ մեգանպատակով ակնկալվող՝ գիտելիքի, մշակույթի, գիտակցության ու հմտությունների համատարած, ներառական, նորարարական եւ հանրամատչելի զարգացման եւ յուրացման համար անհրաժեշտ է նախեւառաջ ունենալ ոլորտի հեռանկարային զարգացման ռազմավարական փաստաթուղթ, որում հստակ կուրվագծվեն գլխավոր նպատակադրումները եւ բարեփոխումների ուղղությունները:

ՀՀ կառավարության 2021 օգոստոսի 18-ի թիվ 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրի՝ «4.3 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» բաժնի 1-ին պարբերություն, որով նախատեսված է, որ ոլորտի զարգացումը սերտորեն կապակցվելու է պետության զարգացման ռազմավարությանը եւ գերակայություններին: Իսկ վերջիններիս հետ փոխկապակցվածության համար անհրաժեշտ է ունենալ ոլորտի զարգացման ռազմավարական փաստաթուղթ, որն էլ սույն Նախագիծն է:

ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N 1 հավելվածով հաստատված՝ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի (այսուհետ՝ Միջոցառումների ծրագիր) «Փոխվարչապետ Մ. Գրիգորյանի գրասենյակ» բաժնի 1.1 կետից՝ «Հանրային կառավարման բարեփոխումների մինչեւ 2030 թվականը ռազմավարության ընդունում»՝ նկատի ունենալով, որ ոլորտային (այս դեպքում՝ կրթության ոլորտի) ռազմավարական փաստաթղթերը պետք է աներկբաորեն փոխկապակցված եւ ներդաշնակ լինեն հանրային բարեփոխումների ընդհանուր տրամաբանությանը:

Միջոցառումների ծրագրի «Կրթություն» բաժնի 1.1 կետ, որով նախատեսված է սույն Նախագծի ընդունումը՝ որպես կրթության բոլոր մակարդակների զարգացման ռազմավարական նպատակներն ու բարեփոխումների ուղղությունները ամրագրող փաստաթուղթ:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻՆՉԵՎ 2030 ԹՎԱԿԱՆԸ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության կրթության մինչեւ 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
 

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն