Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-5161-08.05.2014-ԳԲ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ 232-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 5-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 5. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ

Հայաստանի Հանրապետության ջրային հաշվեկշռի տարրերի բաշխումը` ըստ 14 խոշոր գետային ավազանների, գետավազանային կառավարման տարածքների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսները, ներառյալ` օգտագործելի ջրային ռեսուրսները, ռազմավարական պաշարը, ազգային ջրային պաշարը (ընդհանուր եւ ըստ գետավազանային կառավարման տարածքների), եւ էկոլոգիական թողքերի մեծությունները ներառվում են ջրավազանային կառավարման պլաններում եւ սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:»:

Հոդված 2. 6-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 6. ՕԳՏԱԳՈՐԾԵԼԻ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ

1. Օգտագործելի ջրային ռեսուրսները ներառում են Հայաստանի Հանրապետության տարածքում ձեւավորվող գետային հոսքը, անդրսահմանային Արաքս եւ Ախուրյան գետերի հոսքի Հայաստանի մասնաբաժինը եւ վերականգնվող ստորերկրյա ջրային ռեսուրսները, բացառությամբ էկոլոգիական թողքի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ջրավազանային կառավարման պլաններում սահմանված օգտագործելի ջրային ռեսուրսների մեծությունները ըստ առանձին գետավազանների ենթակա են գրանցման ջրային պետական կադաստրում:

3. Ջրօգտագործման թույլտվությամբ տրվող ջրօգտագործման ծավալների գումարային մեծությունները` ըստ առանձին ջրային ռեսուրսների չեն կարող գերազանցել ջրավազանային կառավարման պլաններում սահմանված դրանց օգտագործելի ջրային ռեսուրսների ծավալները:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգիրքն ընդունվել է 2002 թվականին: «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի նպատակը հասարակական հարաբերությունների հետագա զարգացամբ ու դրան համապատասխան նոր օրենքների ընդունմամբ պայմանավորված նոր պահանջներին համապատասխանեցնելն է, ինչպես նաեւ օրենսգրքում առկա թերությունները շտկելն է, կապված՝ ջրային ռեսուրսների մոնիտորինգի ու ջրային ռեսուրսների պետական կադաստրի վարման, ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման գործընթացների եւ ջրային ռեսուրսների ջրօգտագործման հուսալիության երաշխիքի հետ:

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակումը բխում է 2013 թվականի սեպտեմբերի 6-ի Հայաստանի Հանրապետության Նախագահի մոտ կայացած խորհրդակցության N ՀՆԱ-7 արձանագրությամբ նախատեսված պահանջներից:

«Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով սահմանվող նոր պահանջներին համապատասխան դրույթներ սահմանելու անհրաժեշտությամբ:

« Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման նպատակը ստորերկրյա ջրերի արդյունահանման համար հորատման գործընթացի վերահսկելիության ապահովումն է:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը կհանգեցնի մակերեւութային եւ ստորերկրյա ջրերի առանձնահատկությունների հստակեցմանը, մասնավորապես կապված` ջրային հաշվեկշռի, ջրային ռեսուրսների մոնիտորինգի, ջրային ռեսուրսների պետական կադաստրի, ջրօգտագործման թույլտվությունների, ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման եւ պահպանման, ջրային ռեսուրսների կրկնակի (երկրորդային) օգտագործման հետ:

3. Ակնկալվող արդյունքը

«Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունմամբ կկարգավորվեն կարգավորումից դուրս մնացած հարաբերություններ, կհստակեցնի որոշակի դրույթներ, կհանգեցնի օրենքի առավել հասցեագրված կիրառմանը եւ կբացառի օրենքի տարաբնույթ մեկնաբանությունները: