Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-4081-29.11.2013,08.05.2014-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 184-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 184. Ապօրինի գործողություններ պետական պարգեւների նկատմամբ

Հայաստանի Հանրապետության եւ ԽՍՀՄ շքանշան, մեդալ, պատվավոր կոչման կրծքանշան կամ դրանց շերտաձողիկները կրելը դրա իրավունքը չունեցող անձի կողմից՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից քսանապատիկի չափով:

Հայաստանի Հանրապետության եւ ԽՍՀՄ շքանշան, մեդալ, պատվավոր կոչման կրծքանշան կամ դրանց շերտաձողիկներ գնելը, վաճառելը, փոխանակելը կամ այլ կերպ իրացնելը դրա իրավունքը չունեցող անձի կողմից`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հիսնապատիկի չափով:

Հայաստանի Հանրապետության եւ ԽՍՀՄ շքանշան, մեդալ, պատվավոր կոչման կրծքանշան կամ դրանց շերտաձողիկներ պատրաստելը դրա իրավունքը չունեցող անձի կողմից՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից յոթանասունապատիկի չափով:

Հայաստանի Հանրապետության շքանշանների, մեդալների եւ պատվավոր կոչման կրծքանշանների հետ շփոթության աստիճանի արտաքին նմանություններ ունեցող նշաններ, հուշադրամներ եւ կրծքանշաններ կրելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից քսանապատիկի չափով:

Հայաստանի Հանրապետության շքանշանների, մեդալների եւ պատվավոր կոչման կրծքանշանների հետ շփոթության աստիճանի արտաքին նմանություններ ունեցող նշաններ, հուշադրամներ եւ կրծքանշաններ գնելը, վաճառելը, փոխանակելը կամ այլ կերպ իրացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հիսնապատիկի չափով:

Հայաստանի Հանրապետության շքանշանների, մեդալների եւ պատվավոր կոչման կրծքանշանների հետ շփոթության աստիճանի արտաքին նմանություններ ունեցող նշաններ, հուշադրամներ եւ կրծքանշաններ պատրաստելը`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից յոթանասունապատիկի չափով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 219-րդ եւ 220-րդ հոդվածներից հանել «184» թվերը:

Հոդված 3. Օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասում եւ 2-րդ մասի 1-ին կետում «183» թվերից հետո լրացնել «184,» թվերը:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ընթացիկ իրավիճակը եւ առկա խնդիրները.

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի 16-րդ կետի համաձայն` ՀՀ Նախագահը պարգեւատրում է Հայաստանի Հանրապետության շքանշաններով եւ մեդալներով, շնորհում բարձրագույն զինվորական եւ պատվավոր կոչումներ, բարձրագույն դիվանագիտական եւ այլ դասային աստիճաններ:

«Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների մասին» գործող ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությանը, հասարակությանը մատուցած ակնառու եւ բացառիկ ծառայությունները նշելու համար հիմնվում են պետական պարգեւներ` Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում, ՀՀ շքանշանների եւ մեդալներ: Համաձայն ՀՀ Սահմանադրության եւ «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների մասին» ՀՀ օրենքի` պետական պարգեւներ շնորհում է ՀՀ Նախագահը` հրապարակելով հրամանագրեր, ՀՀ Ազգային Ժողովը պետական պարգեւների վերաբերյալ ընդունում է օրենքներ, իսկ շքանշանների, մեդալների նկարագրությունները եւ նմուշները հաստատում է ՀՀ կառավարությունը` ըստ իր կողմից անցկացված մրցույթի:

Սակայն ներկայումս գործող «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների մասին» ՀՀ օրենքում եւ ՀՀ տարբեր շքանշանների եւ մեդալների մասին առանձին օրենքներում առկա են մի շարք օրենսդրական բացեր, հակասություններ եւ թերի կարգավորումներ:

Այսպես օրինակ մինչ օրս «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանի մասին» ՀՀ օրենքում, «Մխիթար Գոշի մեդալի մասին» օրենքում եւ այլ օրենքներում որպես համապատասխան շքանշանով կամ մեդալով պարգեւատրելու միջնորդություն հարուցող մարմին նախատեսված է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը:

Բացի այդ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար մեդալի մասին» օրենքով, «Մխիթար Գոշի մեդալի մասին» ՀՀ օրենքով, պարգեւների առանձին տեսակների բնագավառը կարգավորող այլ օրենքներում սահմանված չեն այն անձանց շրջանակը, որոնք կարող են պարգեւատրվել համապատասխան մեդալներով եւ շքանշաններով:

Առկա են նաեւ մի շարք դրույթներ եւ ձեւակերպումներ, որոնք չեն համապատասխանում «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքի պահանջներին: Այսպես, «Մարտական խաչ» շքանշանի մասին» ՀՀ օրենքի, «Մովսես Խորենացու մեդալի մասին» ՀՀ օրենքի, «Արիության մեդալի մասին» ՀՀ օրենքի, «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար մեդալի մասին» եւ նաեւ նշված բնագավառը կարգավորող այլ օրենքներում որպես պարգեւատրման միջնորդություն հարուցող կամ պարգեւատրում ստացող մարմիններ նախատեսված են ներքին գործերի, լուսավորության եւ բարձրագույն կրթության ու գիտության նախարարություններ, ազգային անվտանգության եւ արտակարգ իրավիճակների պետական վարչությունների, մաքսային վարչություն եւ այլեւս գոյություն չունեցող այլ մարմիններ, որոնցից անհասկանալի են դառնում, թե ներկայումս այդ տեսակի պետական պարգեւով ներկայումս կոնկրետ որ պետական մարմինները կարող են պարգեւատրվել կամ պարգեւատրման միջնորդություն հարուցել:

«Պետական պարգեւների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածը սահմանում է, որ ՀՀ պետական պարգեւների նկատմամբ ապօրինի գործողությունները առաջացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն: Իսկ պետական պարգեւների նկատմամբ ապօրինի գործողություններ եւ դրանց կատարման համար պատասխանատվությունը նախատեսված են ՀՀ քրեական եւ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերով: Նման ձեւակերպումները չեն բխում ՀՀ Սահմանադրության եւ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներից, համաձայն որոնց` բացառապես օրենքով են սահմանվում անձանց պատասխանատվության տեսակները, չափերը, պատասխանատվության ենթարկելու կարգը: Հետեւաբար անհրաժեշտություն է առաջացել նաեւ վերանայել նման դրույթները եւ համապատասխանաբար փոփոխություններ կատարել նաեւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում եւ ՀՀ քրեական օրենսգրքում:

Միեւնույն ժամանակ անհրաժեշտություն է առաջացել «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների մասին» ՀՀ օրենքով նախատեսել դրույթներ նաեւ նախկին ԽՍՀՄ եւ ՀԽՍՀ պետական պարգեւների վերաբերյալ, որոնցով պարգեւատրել են ՀՀ քաղաքացիները: Նախկինում շնորհված ԽՍՀՄ եւ ՀԽՍՀ պետական պարգեւները պետք է պահպանեն իրենց ուժը:

Առաջարկվող լուծումները

Առաջարկվում է ընդունել «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» մեկ միասնական օրենքի նախագիծը, որով կմիավորվեն գործող «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների մասին» եւ «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» ՀՀ գործող օրենքները: Նախագծով կատարվում են լայնածավալ փոփոխություններ նշված երոկւ օրենքներում, համապարփակ կարգավորման են ենթարկվում պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների տեսակների, պետական պարգեւներ հիմնելու, պետական պարգեւներով պարգեւատրելու եւ պատվավոր կոչումներ շնորհելու կարգի ու պայմանների, պետական պարգեւները եւ պատվավոր կոչումները կրելու կանոնների եւ դրանց հերթականության հետ կապված հարաբերությունները: Սահմանվել են պետական պարգեւներով պարգեւատրվող եւ պատվավոր կոչումներով շնորհվող անձինք եւ մարմինները, պարգեւատրված եւ շնորհված անձանց իրավունքները եւ պարտականությունները:

Միաժամանակ նախատեսվել են նաեւ մի շարք նոր կարգավորումներ, այդ թվում՝ պարգեւների նոր տեսակներ՝ Երախտագիտության մեդալը, Աշխատանքային վաստակի համար մեդալը, Ծնողական փառքի մեդալը: Այսպես օրինակ սահմանվել է, որ Ծնողական փառքի մեդալ շնորհվում է Հայաuտանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող այն ծնողներին (ծնողին), որդեգրողներին (որդեգրողին), որոնք դաստիարակել եւ դաստիարակում են 6 եւ ավելի զավակ։

Նախագծով նախատեսվել են դրույթներ նաեւ նախկին ԽՍՀՄ եւ ՀԽՍՀ պետական պարգեւների վերաբերյալ, որոնցով պարգեւատրել են ՀՀ քաղաքացիները: Սահմանվել է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին նախկինում շնորհված ԽՍՀՄ եւ ՀԽՍՀ պետական պարգեւները պահպանում են իրենց ուժը:

Միաժամանակ նախագծով սահմանվել է Հայաuտանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչման կրծքանշանների նկատմամբ ապօրինի գործողություններ կատարելու արգելքը: Նախատեսվել է նաեւ արգելք այնպիuի նշաններ, հուշադրամներ, հուշամեդալներ եւ կրծքանշաններ կրելու, գնելու, վաճառելու, պատրաuտելու, փոխանակելու կամ այլ կերպ իրացնելու, որոնք շփոթության աստիճան նման են Հայաuտանի Հանրապետության շքանշաններին, մեդալներին եւ պատվավոր կոչման կրծքանշաններին։ Վերոհիշյալ գործողությունների համար նախատեսվել է վարչական պատասխանատվություն: Իսկ բուն պատասխանատվության չափի հետ կապված կարգավորումները նախատեսվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում:

«Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» ՀՀ նոր օրենքի նախագծից բխող առաջարկվում է ընդունել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», ինչպես նաեւ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը:

Ակնկալվող արդյունք

Օրենքի ընդունմամբ ակնկալվում է կարգավորել ՀՀ պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների հետ կապված հարաբերությունները, օրենսդրորեն ամրագրել ՀՀ պետական պարգեւներով` մեդալներով եւ շքանշաններով պարգեւատրելու, ինչպես նաեւ պատվավոր կոչումներ շնորհելու, շքանշանները, մեդալները, պատվավոր կոչման կրծքանշանը կրելու հետ կապված հարաբերությունները, որի արդյունքում կշտկվի ներկայումս պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների ոլորտում առկա թերի կամ ոչ հստակ կարգավորումները: