Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-5041-08.05.2014-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 6-ի մաքսային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 2-րդ հոդվածում.

1. «ժա» կետում «հանդիսացող անձը» բառերից հետո լրացնել «իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքում փոստային կամ սուրհանդակային ծառայություն մատուցող անձը»  բառերը

2. «իա» կետի առաջին նախադասության մեջ «ավտոմեքենան» բառից առաջ լրացնել «մեկ» բառով եւ երկրորդ նախադասության մեջ «վերջին անգամ հաշվառումից հանված լինի այն երկրում» բառերը փոխարինել  «նախքան Հայաստանի Հանրապետություն ներմուծվելը վերջին անգամ հաշվառումից հանվելուց առաջ հաշվառված լինի Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձի անունով» բառերով

3. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասեր.

«իզ) ռիսկ է համարվում Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով տեղափոխվող ապրանքների եւ տրանսպորտային միջոցների ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման ժամանակ որեւէ դեպք տեղի ունենալու հավանականությունը, որը կապված է Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ եւ մաքսային մարմինների կողմից կիրառվող այլ իրավական ակտերով սահմանված  պահանջների խախտման  հետ, ինչպես նաեւ խոչընդոտում է Հայաստանի Հանրապետության անվտանգության, ներքին շուկայի եւ շրջակա միջավայրի պաշտպանության ապահովմանը».

իէ) ռիսկերի կառավարում է համարվում ռիսկերի ծագման հավանականությունը նվազեցնող ու կանխարգելող միջոցների համալիր կիրառումը

իը) մաքսային հայտարարագրում է համարվում այն գործողությունը, որով հայտարարատուն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահայտում է ապրանքները որոշակի մաքսային ռեժիմով հայտարարագրելու իր մտադրությունը.

իթ) արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող է համարվում  այն անձը, որը մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման կամ փոխադրման իր կողմից իրականացվող գործողություններով ներգրավված է Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ կարգավորվող իրավահարաբերություններում.

լ) լիազորված տնտեսական օպերատորը սույն օրենսգրքով սահմանված չափանիշներին համապատասխանող արտաքին տնտեսական գործությունեություն իրականացնող իրավաբանական անձանց մաքսային մարմինների կողմից տրամադրվող կարգավիճակ է, որը հաստատվում է վերադաս մաքսային մարմնի կողմից վարվող` լիազորված տնտեսական օպերատորներին միասնական էլեկտրոնային գրանցամատյանում այդ անձանց հաշվառմամբ եւ որի տրամադրման դեպքում անձը լիազորված է կիրառելու կամ, նրա նկատմամբ սույն օրենսգրքով սահմանված կարգով կիրառվում են հատուկ (այդ թվում պարզեցված) ընթացակարգեր.

լա) նախնական որոշումը սույն օրենսգրքով սահմանված կարգով մաքսային մարմինների կողմից տրամադրվող` ներմուծվող կամ արտահանվող ապրանքների դասակարգման վերաբերյալ տեղեկատվություն պարունակող փաստաթուղթն է:»:

Հոդված 2. Օրենսգրքի 5-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 5. Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքը եւ մաքսային սահմանը

Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքն ընդգրկում է Հայաստանի Հանրապետության ցամաքային, ջրային եւ օդային տարածքը, որոնց սահմանագծերը համարվում են Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը:»:

Հոդված 3. Օրենսգրքի 16-րդ հոդվածում լրացնել նոր մաս` հետեւյալ բովանդակությամբ.

«3. Մինչեւ ապրանքների եւ տրանսպորտային միջոցների` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատելը, տեղափոխողի կամ նրա լիազորած անձի կողմից վերադաս մաքսային մարմին էլեկտրոնային ձեւով կարող է ներկայացվել նախնական տեղեկատվություն` տեղափոխվող ապրանքների եւ տրանսպորտային միջոցների վերաբերյալ: Նախնական տեղեկատվության ցանկը, տրամադրման կարգը եւ ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»

Հոդված 4. Օրենսգրքի 17-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 17.. Մաքսային մարմինների կողմից նախնական որոշման  տրամադրումը

1. Յուրաքանչյուր անձ կարող է դիմել մաքսային մարմին` մաքսային օրենսդրության կիրառման ընթացակարգերի վերաբերյալ նախանական որոշում ստանալու նպատակով: Նախնական որոշումը մաքսային մարմնի կողմից կարող է չտրամադրվել, եթե կապված չէ կոնկրետ գործարքի հետ: Մաքսային մարմինների կողմից նախնական որոշման տրամադրումն իրականացվում է վճարովի` սույն օրենսգրքով սահմանված չափով, կարգով եւ ժամկետներում: Այն դեպքերում, երբ մաքսային մարմնի կողմից իրականացվում են նախնական որոշման տրամադրման հետ կապված ծախսեր, դիմումատուն նախքան մաքսային մարմինների կողմից նախնական որոշման տրամադրումը, վճարում է նաեւ մաքսային մարմնի կողմից իրականացված ծախսերը` դրանք հիմնավորող փաստաթղթերի առկայության դեպքում:

2. Դիմումատուի կողմից ներկայացված գրավոր հայտի հիման վրա մաքսային մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով կայացնում է որոշում՝ նախնական որոշման տրամադրման վերաբերյալ:

3. Մաքսային մարմնի նախնական որոշումը ենթակա է կիրառման մաքսային մարմնի եւ այդ տեղեկատվությունը տնօրինողի կողմից՝ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների ծածկագրերին համապատասխան:

4. Մաքսային մարմնի նախնական որոշումը ենթակա է կիրառման միայն տեղեկատվության տրամադրման պահից հետո իրականացվող գործարքների մասով:

5. Մաքսային մարմնի նախնական որոշումը գործում է տրամադրման պահից 3 տարվա ընթացքում եւ կարող է մաքսային մարմնի կողմից անվավեր ճանաչվել, եթե տրամադրվել է դիմումատուի կողմից ներկայացված ոչ ճշգրիտ կամ ոչ ամբողջական տվյալների հիման վրա:

6. Մաքսային մարմնի նախնական որոշումը դադարում է գործել, երբ.

ա) օրենսդրական փոփոխությունների արդյունքում փոխվում են որոշման մեջ  ներկայացված տեղեկատվությանն առնչվող դրույթները,

բ) արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի փոփոխության դեպքում,

գ) միջազգային պայմանագրերի անդամակցության շրջանակներում իրականացվող փոփոխությունների դեպքում, եթե այդպիսի փոփոխություններն առնչվում են նախնական որոշմանը,

դ) նախնական որոշման տնօրինողը եռօրյա ժամկետում տեղեկացվում է  այդպիսի որոշման անվավեր ճանաչվելու վերաբերյալ:

7. Սույն հոդվածի 6-րդ մասի «ա» եւ «գ» կետերում նշված դեպքերում նախնական որոշումը դիմումատուի կողմից կարող է օգտագործվել առավելագույնը դրա վերաբերյալ պաշտոնական հրապարակումից կամ դիմումատուին տեղեկացումից հետո եւս վեց ամիս, եթե մինչեւ տեղեկատվության գործողության դադարման վերաբերյալ պաշտոնական հրապարակումը կամ տեղեկացումը դիմումատուի կողմից կնքվել է համապատասխան ապրանքների ձեռքբերման կամ իրացման պայմանագիր:

8. Մաքսային մարմինների կողմից տրամադրված նախնական որոշումը կարող է կիրառվել հետեւյալ նպատակներով.

ա) արտահանման կամ ներմուծման ժամանակ վճարման ենթակա վճարների որոշման համար,

բ) արտահանման ժամանակ գերավճարները վերադարձնելու համար,

գ) մաքսային ձեւակերպումների նպատակներով պահանջվող ոչ սակագնային կարգավորման միջոցների որոշման համար:

Հոդված 5. Օրենսգրքում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր հոդվածներ.

Հոդված 171 . Մաքսային մարմինների կողմից նախնական որոշումների կայացումը

1. Սույն օրենսգրքի իմաստով նախնական որոշում է համարվում մաքսային մարմինների կողմից մաքսային օրենսդրությանը համապատասխան տրամադրվող  փաստաթուղթ, որը իրավական ուժ ունի ինչպես որոշումը ստացող, այնպես էլ այն անձանց համար, որոնք մաքսային մարմնից նախնական որոշում  ստանալու համար ներկայացնում են նույն տեղեկատվությունը: Մաքսային մարմինների եւ դրանց պաշտոնատար անձանց կողմից ընդունված նախնական որոշումների ստացման համար դիմում ներկայացրած անձը պետք է տրամադրի բոլոր այն տեղեկությունները եւ փաստաթղթերը, որոնք պահանջվում են մաքսային մարմինների կողմից այդ որոշման կայացման համար:

2. Մաքսային մարմինների կողմից նախնական որոշումը ընդունվում է մաքսային մարմնին դիմումը ներկայացնելու օրվանից երեք ամսյա ժամկետում: Եթե մաքսային մարմինները սույն օրենսգրքով սահմանված ժամկետում չեն կարող կայացնել համապատասխան որոշում, ապա ներկայացված դիմումի ուսումնասիրության ժամկետը կարող են երկարաձգել մինչեւ վեց ամիս ժամկետով: Այդ դեպքում մաքսային մարմինները մինչեւ ժամկետի ավարտը տեղեկացնում են դիմումատուին ժամկետի երկարաձգման եւ այդպիսի երկարաձգման պատճառների մասին, ինչպես նաեւ տեղեկացնում որոշման կայացման նոր ժամկետի վերաբերյալ:

3. Մաքսային մարմինների կողմից կայացրած նախնական որոշումը պետք է գրավոր հիմնավորված լինի, եւ  կարող է բողոքարկվել դիմումատուի կողմից սույն օրենսգրքով սահմանված կարգով` ստանալու օրվանից տասն օրվա ընթացքում:

4. Մաքսային մարմնի կողմից կայացված նախնական որոշումը կարող է անվավեր ճանաչվել, եթե այն ընդունվել է ոչ ճիշտ կամ ոչ լիարժեք տեղեկությունների հիման վրա եւ.

ա) առկա է հիմնավորված ապացույց, որ դիմումատուին հայտնի է եղել կամ պետք է հայտնի լիներ տեղեկությունների ոչ ճշգրիտ կամ ոչ լիարժեք լինելը,

բ) այդպիսի որոշում չէր կարող ընդունված լինել ճշգրիտ եւ ամբողջական տեղեկատվության հիման վրա:

5. Անվավեր ճանաչված որոշման գործողությունը դադարում է այն օրից, երբ ընդունվել է որոշում` նախնական որոշումը անվավեր ճանաչելու վերաբերյալ:

6. Նախնական որոշումն անվավեր ճանաչելու դեպքում մաքսային մարմինները մեկ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում են դրա վերաբերյալ այն անձանց, որոնց տրամադրվել է այդ որոշումը:

7. Մաքսային մարմինների կողմից կայացված նախնական որոշումը անվավեր է ճանաչվում կամ փոփոխվում է, սույն հոդվածով թվարկված դեպքերից բացի այլ դեպքերում, եթե այդպիսի որոշման ընդունման համար չեն պահպանվել  սույն օրենսգրքով սահմանված նախապայմաննները կամ այդ նախապայմանները չեն կարող պահպանվել:»:

Հոդված 172. Մաքսային մարմինների կողմից ընդունված որոշումների, գործողությունների եւ անգործության բողոքարկումը

Մաքսային մարմինների եւ դրանց պաշտոնատար անձանց կողմից ընդունված որոշումները, իրականացրած գործողությունները կամ անգործությունը կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Հոդված 6. Օրենսգրքի 471 -րդ հոդվածի 1-ին կետից հանել «այդ տարածքից ապրանքներ արտահանելը,» բառերը:

Հոդված 7. Օրենսգրքի 472 -րդ հոդվածի վերնագրում եւ բովանդակության մեջ «ներմուծում ազատ տնտեսական գոտի ռեժիմով բաց թողնված» իսկ 473-րդ հոդվածի վերնագրում եւ բովանդակության մեջ` «ներմուծում ազատ տնտեսական գոտի ռեժիմով» բառերը փոխարինել «Ազատ տնտեսական գոտում» բառերով:

Հոդված 8. Օրենսգրքի 53-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մաս.

«4. Միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող այն ապրանքները, որոնց ստացումից Համաշխարհային փոստային կոնվենցիայով սահմանված կարգով հրաժարվել են առաքողը եւ նրա կողմից լրացված հայտարարագրում նշված անձինք, ձեւակերպվում են «Սեփականության իրավունքից հրաժարում հօգուտ պետության» կամ «Ոչնչացում» մաքսային ռեժիմով` փոստային կամ սուրհանդակային ծառայություն մատուցող անձի կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած պարզեցված կարգի եւ ձեւի համապատասխան հայտարարագիր լրացնելու միջոցով:»:

Հոդված 9. Օրենսգրքի 674 -րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Ազատ տնտեսական գոտու սահմանագծով տեղափոխվող` Հայաստանի Հանրապետությունում ձեռք բերված ապրանքները, այդ թվում՝ շինարարություն, ինչպես նաեւ շենքերի շահագործում իրականացնելու նպատակով ձեռք բերված ապրանքները հաշվառվում են ազատ տնտեսական գոտու շահագործողի եւ կազմակերպչի կողմից` վերադաս մաքսային մարմնի սահմանած ձեւով, եւ ոչ ուշ քան յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող տասներորդ օրը ներկայացնում են վերադաս մաքսային մարմին:»:

Հոդված 10. Օրենսգրքի 675 -րդ հոդվածում.

1-ին եւ  2-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. «Ներմուծում ազատ տնտեսական գոտի» ռեժիմով բաց թողնված, ինչպես նաեւ ազատ տնտեսական գոտում արտադրված ապրանքները  Հայաստանի Հանրապետության ներքին շուկա կարող են մուտք գործել միայն «ներմուծում` ազատ շրջանառության համար» ռեժիմով ձեւակերպվելուց հետո:

2. «Ներմուծում ազատ տնտեսական գոտի» ռեժիմով բաց թողնված, ինչպես նաեւ ազատ տնտեսական գոտում արտադրված ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածքից կարող են արտահանվել «արտահանում ազատ շրջանառության համար» կամ «վերաարտահանում» ռեժիմներով:»:

Հոդված 11. Օրենսգրքի 68-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 68. Մաքսային միջնորդը (բրոքերը)

1. Մաքսային միջնորդը (բրոքերը) մաքսային ձեւակերպումների եւ մաքսային հսկողության հետ կապված գործունեություն իրականացնող Հայաստանի Հանրապետության անձն է, որը հանդես է գալիս իր եւ ապրանքներ տեղափոխող անձի միջեւ կնքված պայմանագրի հիման վրա:

2. Մաքսային միջնորդի գործունեություն իրականացնող անձը պարտավոր է ունենալ բանկային կամ վարկային կազմակերպության կողմից տրամադրված` մաքսային միջնորդի գործունեության արդյունքում առաջացած մաքսային վճարների, տույժերի եւ տուգանքների վճարման երաշխիք, կամ ապահովագրական ընկերության կողմից տրամադրված ծածկույթ` տարեկան առնվազն.

ա) 150 մլն. դրամի չափով` 2015 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2016 թվականի հունվարի 1-ը,

բ) 300 մլն. դրամի չափով` 2016 թվականի հունվարի 1-ից հետո յուրաքանչյուր տարվա համար:

3. Մաքսային միջնորդը իր եւ ապրանքներ տեղափոխող անձի միջեւ կնքված պայմանագրի հիման վրա կարող է հանդես գալ .

1) ուղղակի` երբ միջնորդը գործում է ապրանքներ տեղափոխող անձի անունից եւ նրա հաշվին, այսինք` միջնորդը հանդես է գալիս որպես հայտարարատու, իսկ հայտարարագրված տեղեկությունների ճշտության համար պատասխանատվություն է կրում տեղափոխողը,

2) անուղղակի` երբ միջնորդը գործում է իր անունից եւ տեղափոխողի միջոցների հաշվին, այսինքն` միջնորդը հանդես է գալիս որպես հայտարարատու եւ պատասխանատվություն է կրում հայտարարագրված տեղեկությունների ճշտության համար:

4. Նախքան մաքսային հսկողության հետ կապված գործունեություն իրականացնելը, միջնորդը մաքսային մարմիններին հայտարարում է իր` ուղղակի կամ անուղղակի հանդես գալու հանգամանքը` հաստատելով այն համապատասխան լիազորագրով: Մաքսային մարմիններին լիազորագիրը չներկայացնելու դեպքում միջնորդը համարվում է իր անունից եւ իր միջոցների հաշվին գործող:

5.  Ուղղակի հանդես գալու դեպքում միջնորդի կողմից իրականացվող մաքսային հսկողության հետ կապված գործունեության ընթացքում ի հայտ եկած մաքսային կանոնների խախտումների համար պատասխանատվությունը կրում է ապրանքներ տեղափոխող անձը, իսկ անուղղակի հանդես գալու դեպքում պատասխանատվությունը կրում է միջնորդը, ինչպես սույն օրենսգրքով նախատեսված` բանկային կամ վարկային կազմակերպության երաշխիքի կամ ապահովագրական ընկերության տրամադրած ծածկույթի այնպես էլ դրանցով նախատեսված միջոցների սպառման դեպքում` իր սեփական միջոցների հաշվին:

6. Մաքսային միջնորդի (բրոքերի) եւ ապրանքներ տեղափոխող անձի հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եւ նրանց միջեւ կնքված պայմանագրով:»:

Հոդված 12. Օրենսգրքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի «ա», «զ», «է» կետերը ուժը կորցրած ճանաչել, իսկ  «գ», «դ», «ե» կետերում լրացնել «, եթե միջնորդը հանդես է գալիս սույն օրենսգրքի 68-րդ հոդվածի 3-րդ մասի 2)-րդ կետի «բ» մասում սահմանված կարգավիճակով:» բառերով:

Հոդված 13. Օրենսգրքի 72-րդ հոդվածի 4-րդ մասում լրացնել նոր «ե» կետ` հետեւյալ բովանդակությամբ.

«ե) ունենալ բանկային կամ ապահովագրական կամ վարկային կազմակերպության կողմից տրամադրված երաշխիք, կամ ապահովագրական ընկերության կողմից տրամադրված ծածկույթ` տարեկան առնվազն  30 մլն. դրամի չափով:»

Հոդված 14. Օրենսգրքի 73-րդ հոդվածից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 12.1 -րդ գլուխ.

«ԳԼՈՒԽ 12.1 ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 73դ. Լիազորված տնտեսական օպերատորները

Լիազորված տնտեսական օպերատորների կարգավիճակ ստացած անձինք իրավունք ունեն կիրառել սույն օրենսգրքով սահմանված` արտահանման եւ ներմուծման պարզեցված ընթացակարգեր, ինչպես նաեւ օգտվում են մաքսային վճարների վճարման ժամկետի հետաձգման հնարավորությունից:

Լիազորված տնտեսական օպերատորների կարգավիճակ ստացած անձանց նկատմամբ կարող են կիրառվել անվտանգության նպատակով իրականացվող հսկողության նվազագույն միջոցառումներ:

Հոդված 732 . Մաքսային մարմինների կողմից լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ տրամադրելու կարգը

1. Լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ ստանալու նպատակով արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողը մաքսային մարմիններին պետք է ներկայացնի դիմում եւ նախորդ երեք տարիների ընթացքում իրականացրած գործունեության ինքնագնահատման թերթիկ, որի ձեւը, եւ լրացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Մաքսային մարմինների կողմից ուսումնասիրվում է անձի կողմից նախորդ տարիների ընթացքում իրականացված գործունեությունը, որի արդյունքում բացահայտված տվյալները համադրվում են անձի կողմից ներկայացված ինքնագնահատման թերթիկում ներառված տեղեկատվության հետ եւ կայացվում է որոշում.

ա) լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակի տրամադրման վերաբերյալ` եթե դիմում ներկայացրած անձը համապատասխանում է սույն օրենսգրքով սահմանված չափանիշներին,

բ) արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողից լրացուցիչ տվյալներ պահանջելու եւ(կամ) ստուգում իրականացնելու վերաբերյալ` եթե ներկայացված տվյալները թերի են կամ մաքսային մարմինները կասկած ունեն, որ դրանք կարող են կեղծ լինել:

Սույն մասի «բ» կետով պահանջվող տվյալների ներկայացմանն օրվան հաջորդող երկամսյա ժամկետում մաքսային մարմինները որոշում են կայացնում լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ տրամադրելու կամ այդ կարգավիճակի տրամադրումը մերժելու վերաբերյալ:

Լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակի տրամադրումը մերժելու վերաբերյալ որոշում է կայացվում նաեւ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողի կողմից մաքսային մարմինների պահանջած տվյալների տրամադրումից հրաժարվելու դեպքում:

Հոդված 733 . Լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ տրամադրելու չափանիշները

1. Լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ տրամադրվում է այն անձանց, որոնք համապատասխանում են հետեւյալ չափանիշներին.

ա) լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ ստանալու համար մաքսային մարմիններին դիմումի ներկայացման օրվա դրությամբ ունեն արտաքին տնտեսական գործունեության իրականացման առնվազն երեք տարվա պատմություն,

բ) անձի կողմից դիմումի ներկայացման օրվան նախորդող երեք տարիների ընթացքում մաքսային կանոնների խախտումների կամ հանցագործությունների դեպքերի բացակայություն,

գ) դիմումի ներկայացման օրվա դրությամբ հարկային օրենսդրությամբ նախատեսված հարկային պարտավորությունների բացակայություն,

դ)  մաքսային հսկողության արդյունքում նախորդ երեք տարիների ընթացքում մաքսային վճարների գծով չմարված պարտավորությունների, տույժերի եւ(կամ) տուգանքների վճարման պարտավորության ժամկետի խախտման բացակայության,

ե) վերջին երեք տարիների ընթացքում անձի կողմից յուրաքանչյուր տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը կազմում է 100 մլն. դրամից մինչեւ 800 մլն դրամ,

զ) անձի կողմից արտաքին տնտեսական գործունեության իրականացում այն երկրների հետ, որոնք վերադաս մաքսային մարմնի կողմից սահմանված չափանիշներով անվտանգության առումով ռիսկային չեն համարվում:

Հոդված 734 . Լիազորված տնտեսական օպերատորի համար նախատեսված պարզեցված ընթացակարգերը

Լիազորված տնտեսական օպերատորները կարող են օգտվել հետեւյալ պարզեցված ընթացակարգերից.

ա) մաքսային հսկողության համար անհրաժեշտ տեխնիկական պայմանների ապահովման դեպքում` մաքսային հսկողության իրականացման վայրի ընտրություն,

բ) նախնական տեղեկատվության տրամադրման դեպքում մաքսային հայտարարագրի լրացման ժամկետի հետաձգում` 10 օրով,

գ) մաքսային հայտարարագրերի, դիմումների եւ այլ փաստաթղթերի ընդունում առաջնահերթության կարգով,

դ) բանկային կամ վարկային կազմակերպության կողմից տրամադրված` վճարման ենթակա մաքսային վճարների չափով երաշխիքի ներկայացման եւ տեղափոխվող ապրանքների վերաբերյալ սույն օրենսգրքով սահմանված կարգով մաքսային մարմիններին տրամադրված նախնական տեղեկատվության հիման վրա ապրանքների բացթողնման հնարավորություն,

ե) մաքսային վճարների վճարման օրենսդրությամբ սահմանված ժամկետների հետաձգում` 20 օրով,

զ) մաքսային մարմիններում համապատասխան  պաշտոնատար անձից մաքսային ընթացակարգերին առնչվող հարցեր պարզաբանելու հնարավորություն:

Հոդված 735 . Լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակի կասեցման հիմքերը

Լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակը կասեցվում է.

1. մաքսային մարմինների կողմից` ինքնագնահատման թերթիկում ներկայացված տեղեկատվության անհամապատասխանության հայտնաբերման դեպքում` 3 ամիս ժամկետով,

2. լիազորված տնտեսական օպերատորի կողմից վերադաս մաքսային մարմին իր կարգավիճակի կասեցման վերաբերյալ դիմումի ներկայացման դեպքում`  դիմումում նշված ժամկետով,

3. տուգանքների եւ(կամ) ժամկետանց մաքսային վճարների վճարման պարտավորության ծագման դեպքում` այդ պարտավորությունների կատարման ժամկետով,

4. եթե ընկերության բաժնետերերի կամ մասնակիցների նկատմամբ տնտեսական գործունեության բնագավառին վերաբերող մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել` ուժի մտնելու օրվանից մինչեւ օրենքով սահմանված կարգով դատվածության հանումը կամ մարումը,

5. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով սահմանված մաքսային կանոնների խախտման առկայության դեպքում, մաքսային կանոների խախտման արդյունքում պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարչական որոշման ուժի մեջ մտնելու օրվանից մեկ տարի ժամկետով, եթե նոր վարչական իրավախախտում չի կատարել,

6. Մաքսային մարմինների կողմից իրականացված ստուգումների արդյունքում հարկերի, տուրքերի կամ այլ պարտադիր վճարների գծով չկատարված պարտավորությունների հայտնաբերման դեպքում` մինչեւ այդ պարտավորությունների կատարումը:

Լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակի կասեցման որոշումը ընդունվում է վերադաս մաքսային մարմնի կողմից: Կասեցման վերաբերյալ որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից : Այդ որոշումը եռօրյա ժամկետում, հանձնվում է  լիազորված տնտեսական օպերատորին առձեռն կամ պատվիրված փոստով:

Հոդված 736 . Լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակի դադարեցման հիմքերը

1. Լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակը  դադարեցվում է.

ա) անձի դիմումի հիման վրա,

բ)  անձի գործունեության դադարեցման դեպքում,

գ) մեկ տարվա ընթացքում երկու եւ ավելի անգամ մաքսային կանոնների խախտման արձանագրման դեպքում

դ) լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակի կասեցումից հետո սույն օրենսգրքի 735 -րդ հոդվածով սահմանված ժամկետներում եւ պահանջվող գործողությունները  չիրականացնելու դեպքում:

Հոդված 737 . Մաքսային մարմինների կողմից լիազորված տնտեսական օպերատորների էլեկտրոնային գրանցամատյանի վարումը

Մաքսային մարմիններն իրականացնում են լիազորված տնտեսական օպերատորների էլեկտրոնային գրանցամատյանի վարումը` վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով:»:

Հոդված 15. Օրենսգրքի 81-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մաս.

«Ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորի կողմից միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների համար, որպես մաքսային արժեք, հիմք է ընդունվում միջազգային պայմանագրերով սահմանված  ձեւով առաքողի կողմից լրացված փոստային մաքսային հայտարարագրում արտացոլված արժեքը: Եթե նշված փաստաղթուղթը չի կարող ներկայացվել, ապա մաքսային արժեքի որոշվում է Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով:»:

Հոդված 16. Օրենսգրքի 82-րդ հոդվածում.

1. առաջին պարբերությունից առաջ շարադրել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«Մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը հայտարարագրման ենթակա այլ տեղեկությունների հետ մեկտեղ հայտարարագրում է ապրանքներ տեղափոխող կամ նրա կողմից լիազորված անձը:»

Հոդված 17. Օրենսգրքի 86-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 18. Օրենսգրքի 96-րդ հոդվածի

1. 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Հայտարարատուի կողմից հայտարարագրված մաքսային արժեքի արժանահավատությունը կամ դրա որոշման եղանակի ճշտությունը մաքսային մարմինների կողմից սույն օրենսգրքով սահմանված կարգով ստուգելու անհրաժեշտության դեպքում ապրանքների մաքսային ձեւակերպումները եւ բացթողումն իրականացվում են հայտարարատուի կողմից հայտարարագրված մաքսային արժեքով (գործարքի գնի), մաքսային վճարների վիճելի գումարին համապատասխան մինչեւ 60 օր ժամկետով բանկային կամ վարկային կազմակերպության կողմից տրամադրված երաշխիքի առկայության դեպքում` հետագայում մաքսային արժեքի որոշման մեթոդի փոփոխության պարագայում վերահաշվարկված մաքսային վճարների պետական բյուջե գանձման ենթակա տարբերության վճարումը կատարելու պայմանով:»:

2. 2.1-րդ մասում «երեք» բառը փոխարինել «հինգ» բառով:

Հոդված 19. Օրենսգրքի 972 -րդ հոդվածի.

1. 1-ին մասի «սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքի» բառերը փոխարինել «սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի» բառերով:

2. 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Հայտարարատուի կողմից մաքսային վճարների եւ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետից ուշ վճարելու համար` երաշխիքի ժամկետով հաշվարկված տույժերի վճարման բանկային կամ վարկային կազմակերպությունների տրամադրած երաշխիքի ներկայացման դեպքում, մաքսային վճարների վճարումը իրականացվում է ապրանքների բաթողումից հետո երաշխիքի գործողության ժամկետում, սակայն ոչ ուշ, քան բացթողման պահից 20 օրացուցային օրվա ընթացքում, որի դեպքում տույժեր չեն գանձվում:»:

3. Լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ,4-րդ եւ 5-րդ մասեր.

«3. Բանկային կամ վարկային կազմակերպությունների երաշխիքում նախատեսված կամ սույն հոդվածի 2-րդ մասում կամ սույն օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված ժամկետում վճարում չկատարելու դեպքում, տրամադրված երաշխիքի ժամկետը լրանալու օրը մաքսային մարմինները  գրավոր դիմում են  երաշխիքը տրամադրած բանկային կամ ապահովագրական կամ վարկային կազմակերպություններին, որի հիման վրա բանկային կամ ապահովագրական կամ վարկային կազմակերպությունները մեկ աշխատանքային օրվա ընթացքում կատարում են երաշխիքում նշված` մաքսային վճարների, եւ դրանց սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետից ուշ վճարելու համար հաշվարկված տույժերի վճարումը:

4. Բանկային կամ վարկային կազմակերպությունների կամ ապահովագրական ընկերության կողմից սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետում վճարում չկատարելու դեպքում, մաքսային վճարների եւ դրանց սահմանված ժամկետում չվճարելու համար տույժերը գանձվում են օրենքով սահմանված կարգով:

5. Սույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությամբ սահմանված դեպքում մաքսային վճարների վճարման պարտավորությունը կրում է փոստային կամ սուրհանդակային ծառայություն մատուցող ընկերությունը:»:

Հոդված 20. Օրենսգրքի 105-րդ հոդվածի.

1. 1-ին եւ 2-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Ֆիզիկական անձանց կողմից որպես ուղեկցող բեռ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների համար, մաքսատուրքը հաշվարկվում է հետեւյալ դրույքաչափերով.

ա) 0 տոկոս, եթե տեղափոխվող ապրանքների ընդհանուր քաշը չի գերազանցում 50 կգ, իսկ ձեռքբերման արժեքը չի գերազանցում 150 հազ. դրամը,

բ) 2.5 տոկոս, եթե ներմուծվող ապրանքների ընդհանուր քաշը չի գերազանցում 50 կգ, իսկ ձեռքբերման արժեքը գերազանցում է 150 հազ. դրամը, բայց չի գերազանցում 300 հազ դրամը,

գ) 2.5 տոկոս, եթե ներմուծվող ապրանքների ընդհանուր քաշը գերազանցում է 50 կգ, բայց ձեռքբերման արժեքը չի գերազանցում 300 հազ դրամը:

Սույն հոդվածի «բ» եւ «գ» կետերով սահմանված պարզեցված դրույքաչափով մաքսատուրքը հաշվարկվում է ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող ապրանքների արժեքի եւ սույն հոդվածի «ա» կետում սահմանված արժեքի դրական տարբերության նկատմամբ:

2. Ֆիզիկական անձանց կողմից միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների համար մաքսատուրքը հաշվարկվում է հետեւյալ դրույքաչափերով.

ա) 0 տոկոս, եթե տեղափոխվող ապրանքների ընդհանուր քաշը չի գերազանցում 20 կգ, իսկ ձեռքբերման արժեքը չի գերազանցում 150 հազ. դրամը,

բ) 2.5 տոկոս, եթե ներմուծվող ապրանքների ընդհանուր քաշը չի գերազանցում 20 կգ, իսկ ձեռքբերման արժեքը գերազանցում է 150 հազ. դրամը, սակայն չի գերազանցում 300 հազ դրամը:

Սույն հոդվածի «բ» կետով սահմանված պարզեցված դրույքաչափով մաքսատուրքը հաշվարկվում է ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող ապրանքների արժեքի եւ սույն հոդվածի «ա» կետում սահմանված արժեքի դրական տարբերության նկատմամբ:

3. 8-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 21. Օրենսգրքի 110-րդ հոդվածը լրացնել նոր 9-րդ մասով.

«9. Մաքսային մարմինների կողմից սույն օրենսգրքով սահմանված կարգով նախանական որոշում տրամադրելու համար գանձվում է 30, 000 դրամ մաքսավճար յուրաքանչյուր նախնական որոշման համար:»:

Հոդված 22. Օրենսգրքի 111-րդ հոդվածում.

1. «բ» մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«բ) ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող այն ապրանքները, որոնց համար սույն օրենսգրքի 105-րդ հոդվածով սահմանված է մաքսատուրքի արտոնություն, բացառությամբ սույն օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի «բ» եւ «գ» եւ 2-րդ մասի «բ» կետերի»:

2. Լրացնել նոր «զ» կետ հետեւյալ բովանդակությամբ.

«զ) սույն օրենսգրքի 1281–րդ հոդվածով նախատեսված դրույթների շրջանակներում իրականացված հայտարարագրումը:»

Հոդված 23. Օրենսգրքի 128-րդ հոդվածում.

1. 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. «Հայտարարագրումն իրականացվում է վերադաս մաքսային մարմնի սահմանած ձեւով` թղթային, բանավոր, էլեկտրոնային եղանակներով, կամ գործողությամբ` ներկայացնելով ճշգրիտ տեղեկություններ ապրանքների եւ տրանսպորտային միջոցների, դրանց տեղափոխման նպատակի մասին, ինչպես նաեւ մաքսային հսկողության եւ ձեւակերպման համար անհրաժեշտ այլ տեղեկություններ:

Թղթային եղանակով հայտարարագրումն իրականացվում է վերադաս մաքսային մարմնի կողմից սահմանված հայտարարագրի ձեւի լրացված օրինակը մաքսային մարմնին ներկայացնելու միջոցով: Հայտարարագիրը պետք է ստորագրված լինի եւ պարունակի բոլոր այն տեղեկությունները, որոնք պահանջվում են ընտրված մաքսային ռեժիմի շրջանակներում:

Բանավոր եղանակով հայտարարագրման ժամանակ անձանց կողմից մաքսային մարմիններին բանավոր հայտարարվում են տեղեկություններ տեղափոխվող ապրանքների վերաբերյալ: Բանավոր եղանակով հայտարարագրված տեղեկությունները հաշվառվում են վերադաս մաքսային մարմնի կողմից սահմանված դեպքերում եւ կարգով:

Գործողությամբ հայտարարագրումը իրականացվում է մաքսային սահմանը հատելու պահին, առանց հայտարարատուի կողմից որեւէ հայտարարության ներկայացման` վերադաս մաքսային մարմին ներկայացված սույն օրենսգրքով սահմանված նախնական տեղեկատվության հիման վրա: Եթե տեղափոխվող ապրանքների կամ տրանսպորտային միջոցների վերաբերյալ նախնական տեղեկատվություն չի ներկայացվել, ապա գործողությամբ հայտարարգրումը սահմանային անցակետում Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ պահանջվող մաքսային հսկողության համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացմամբ: Գործողությամբ հայտարարագրման դեպքում մաքսային վճարներ չեն գանձվում:

Էլեկտրոնային հայտարարագրումը մաքսային մարմիններին վերադաս մաքսային մարմնի կողմից սահմանված ձեւով եւ կարգով տեղեկատվության ներկայացումն է:

2. 3-րդ մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«Ապրանքները հայտարարագրվում են արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանում ընդգրկված` իրենց նկարագրին համապատասխանող ծածկագրերով: Եթե մեկ խմբաքանակում գտնվող ապրանքները դասվում են ԱՏԳ ԱԱ տարբեր ծածկագրերի այնպես, որ հայտարարատուի կողմից կատարված հաշվարկի համաձայն դրանց հայտարարագրման հետ կապված ծախսերը համադրելի են կամ գերազանցում են վճարման ենթակա մաքսային վճարները, ապա հայտարարատուի գրավոր դիմումի հիման վրա մաքսային մարմինները կարող են թույլատրել այդ ապրանքները հայտարարագրել` դասելով այն ապրանքի ծածկագրին, որի համար սույն օրենսգրքով նախատեսված է մաքսատուրքի առավելագույն դրույքաչափը: Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվում են սույն պարբերությամբ սահմանված դրույթի կիրառման դեպքերը եւ հայտարարագրվող ապրանքների բնաիրային չափերը: Սույն դրույթը չի տարածվում ենթաակցիզային ապրանքների վրա:»:

3. Լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 5 –րդ մաս.

«5. Էլեկտրոնային հայտարարագրի ներկայացման  ժամանակ` մաքսային հսկողության ձեւերի ընտրության նպատակով, մաքսային մարմինները կիրառում են ռիսկերի կառավարման համակարգի վրա հիմնված ընտրողականության սկզբունքը:»

Հոդված 24 . Օրենսգրքում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր հոդված.

«Հոդված 1281. Գործողությամբ հայտարարագրման դեպքերը

1. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատող բոլոր այն տրանսպորտային միջոցները (այդ թվում նաեւ երկաթուղային), որոնք իրականացնում են բեռնափոխադրումներ կամ ուղեւորափոխադրումներ հայտարարագրվում են գործողությամբ:

2. Իրավաբանական անձանց կողմից միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող` մինչեւ 15 հազ. դրամ կամ դրան համարժեք ձեռքբերման արժեք ունեցող ապրանքները հայտարարագրվում են գործողությամբ:

3. Սույն օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի «ա» եւ 2-րդ մասի «ա» կետերի համաձայն ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով իրականացվող տեղափոխման դեպքում ապրանքները հայտարարագրվում են գործողությամբ:

4. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող բոլոր ապրանքները մինչեւ համապատասխան մաքսային ռեժիմով ձեւակերպումների իրականացումը համարվում են գործողությամբ հայտարարագրված:

5. Վերադաս մաքսային մարմնի կողմից սահմանված կարգով մաքսային մարմինները իրականացնում են գործողությամբ հայտարարագրված տեղեկությունների հաշվառում»:

Հոդված 25. Օրենսգրքի 130-րդ հոդվածի.

1. 1-ին մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր կետ.

«գ) անկախ սույն մասի «ա» կետով սահմանված ժամկետից միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով ապրանքների ներմուծելիս` դրանց հասցեատիրոջը Համաշխարհային փոստային կոնվենցիայով սահմանված ժամկետում ծանուցելուց հետո տասնօրյա ժամկետում:»:

2. 2-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 26. Օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների համար հայտարարագիրը լրացվում է ՀՀ կառավարության կողմից սահմանված պարզեցված ձեւով միջազգային փոստային կամ սուրհանդակային ծառայության համապատասխան աշխատակցի կողմից` առաքողի կողմից լրացված հայտարարագրի հիման վրա, ընդ որում որպես հայտարարատու հանդես է գալիս փոստային կամ սուրհանդակային ծառայություն մատուցող ընկերությունը` եթե ապրանքներ տեղափոխողը չի հայտնում ցանկություն ինքնուրույն իրականացնել ապրանքների հայտարարագրումը: Եթե ապրանքներ տեղափոխողը ցանկանում է ինքնուրույն իրականացնել ապրանքների հայտարարագրումը, ապա իրականացնում է այդ սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով:»:

Հոդված 27. Օրենսգրքի 134-րդ հոդվածի.

1. 1-ին մասի.

ա) առաջին նախադասության մեջ «մաքսային մարմին» բառերից հետո լրացնել` «թղթային եղանակով հայտարարագրման դեպքում կամ հայտարարագրման ավտոմատ համակարգի միջոցով` էլեկտրոնային հայտարարագրման դեպքում» բառերը

բ) երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ներկայացված մաքսային հայտարարագիրը գրանցվում է մաքսային մարմնում, ինչի կապակցությամբ թղթային եղանակով հայտարարագրման դեպքում` մաքսային մարմնի, իսկ էլեկտրոնային հայտարարագրման ժամանակ` հայտարարագրման ավտոմատ համակարգի կողմից մաքսային հայտարարագրի վրա նշվում է գրանցման հերթական համարը եւ գրանցման ամսաթիվը, ամիսը, տարին:»:

գ) երկրորդ պարբերությունը ուժը կորցրած ճանաչել:

2. 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Գրանցված մաքսային հայտարարագիրն ընդունելուց առաջ մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից` գրավոր հայտարարագրման դեպքում, կամ հայտարարագրման ավտոմատ համակարգի կողմից` էլեկտրոնային հայտարարագրման դեպքում, իրականացվում է մաքսային հայտարարագրի լրացման ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգի պահպանման ճշտության ստուգում: Գրանցված հայտարարարագրում անհամապատասխանություն հայտնաբերվելու դեպքում մաքսային մարմինը բանավոր կամ հայտարարագրման ավտոմատ համակարգի միջոցով տեղեկացնում է հայտարարատուին նշվածի վերաբերյալ, ինչի կապակցությամբ հայտարարատուն ներկայացնում է ուղղված հայտարարագիր` կատարելով համապատասխան փոփոխություններ եւ(կամ) լրացումներ:

Հայտարարատուի կողմից ստորագրված` թղթային կամ էլեկտրոնային մաքսային հայտարարագիրը ընդունվում է մաքսային մարմնի կողմից, ինչի կապակցությամբ հայտարարագրին տրվում է ընդունման հերթական համար եւ նշվում է ամսաթիվը, ամիսը եւ տարին: Էլեկտրոնային եղանակով մաքսային հայտարարագիր ներկայացնելու դեպքում հայտարարատուն պետք է հայտարարագրման համակարգի միջոցով ծանուցում ներկայացնի մաքսային մարմիններին հայտարարագրված ապրանքները եւ փաստաթղթերը մաքսային մարմնի պահանջով զննման ներկայացնելու պատրաստակամության վերաբերյալ:

Հայտարարագրի ընդունումից հետո ռիսկերի կառավարման համակարգի միջոցով իրականացվում է մաքսային հսկողության ուղու ընտրություն:

Գրավոր ներկայացված մաքսային հայտարարագրերը մաքսային մարմնի կողմից ներմուծվում են հայտարարագրման ավտոմատ համակարգ` ընդունվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում:»:

Հոդված 28. Օրենսգրքի 134-րդ հոդվածից հետո լրացնել նոր 1341–րդ հոդված հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 134 1 . Ապրանքների բացթողման ժամկետները

1. Ապրանքների բացթողումը մաքսային մարմինների կողմից, երբ հայտարարատուի կողմից վճարվել են հայտարարագրման արդյունքում առաջացած մաքսային վճարները,  պետք է իրականացվի ոչ ուշ քան հայտարարագրի ընդունումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

«Արտահանում` ազատ շրջանառության համար» եւ «Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմներով արտահանվող ապրանքների բացթողումն իրականացվում է մաքսային հայտարարագրի ընդունման պահից ոչ ուշ, քան 4 (չորս) ժամվա ընթացքում: Եթե մաքսային հայտարարագրի ընդունումն իրականացվել է աշխատանքային օրվա ավարտին նախորդող  չորս ժամվա ընթացքում առաջ, ապա բացթողումն իրականացվում է մաքսային հայտարարագրի գրանցման օրվան հաջորդող աշխատանքային օրվա սկզբից չորս ժամվա ընթացքում, ապա բացթողումն իրականացվում է մաքսային հայտարարագրի ընդունման օրվան հաջորդող աշխատանքային օրվա սկզբից` չորս ժամվա ընթացքում:

Սույն մասում նշված ժամկետներում ներառվում է նաեւ մաքսային զնման տեւողությունը:

2. Նախնական հայտարարագրման դեպքում ապրանքների բացթողումն իրականացվում է ոչ ուշ, քան ապրանքները նախնական հայտարարագիրը ընդունած մաքսային մարմին ներկայացնելու օրվան հաջորդող աշխատանքային օրը:

3. Անկախ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույթներից, հայտարարագրի ընդունումից հետո սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետները մաքսային մարմինների կողմից կարող են կասեցվել մինչեւ մաքսային հսկողության համար անհրաժեշտ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված միջոցառումների իրականացումը:»:

Հոդված 29. Օրենսգրքի 135-րդ հոդվածի.

1. 1-ին մասի.

ա) առաջին նախադասության մեջ «ընդունումը» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ սույն հոդվածով սահմանված դեպքերում` ընդունումից հետո» բառերով:

բ) երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

 «Մաքսային հայտարարագրի ընդունումից հետո մինչեւ մաքսային հսկողության ուղու ընտրությունը հայտարարագրի մեջ սխալներ կամ անճշտություններ հայտնաբերելու դեպքում հայտարարատուն կարող է միջնորդություն ներկայացնել մաքսային հայտարարագիրն ընդունած մաքսային մարմին` հայտարարագրում համապատասխան փոփոխություններ կատարելու համար եւ կատարել փոփոխությունները: Մաքսային հայտարարագրում փոփոխություն կատարելու կարգը եւ փոփոխման ենթակա տվյալների ցանկը սահմանվում է վերադաս մաքսային մարմնի կողմից:»:

2. 2-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Եթե մաքսային մարմինների կողմից իրականացրած հսկողության, արդյունքներով պարզվում է, որ տեղափոխվող ապրանքների եւ(կամ) տրանսպորտային միջոցների վերաբերյալ հայտարարագրված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, ապա` »:

3. 2-րդ մասի «բ» կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ «գ» կետ.

«գ) մաքսային մարմինների կողմից կարող է որոշում կայացվել մաքսային հայտարարագրում փոփոխություններ եւ կամ լրացումներ կատարելու մասին:»

4. 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. Մաքսային հայտարարագիրը կարող է փոփոխվել հայտարարատուի եւ մաքսային մարմնի փոխհամաձայնության դեպքում մաքսային մարմնի կամ հայտարարատուի կողմից` վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով կամ հայտարարատուի եւ մաքսային մարմնի փոխհամաձայնության դեպքում` անվավեր ճանաչվել մաքսային մարմնի կողմից, ինչպես նաեւ  դատական կարգով:

5. 8-րդ մասից հանել «կամ այդպիսի ապրանքների եւ տրանսպորտային միջոցների նկատմամբ նախկինում կիրառված մաքսային ռեժիմը փոխելու համար» բառերը:

6.  9-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«9. Հայտրարագրված ապրանքների եւ տրանսպորտային միջոցների բացթողումից հետո մաքսային մարմինների ընդունած մաքսային հայտարարագիրը կարող է անվավեր համարվել` ամբողջությամբ կամ մասնակի, փոփոխվել եւ (կամ) լրացվել` վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով:»:

Հոդված 30. Օրենսգրքի 148-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 148. Մաքսային ռիսկերի կառավարումը

1. Մաքսային հսկողության իրականացման արդյունավետության բարձրացման նպատակով մաքսային մարմինները կիրառում են ռիսկերի կառավարման համակարգ։

2. Ռիսկերի կառավարման համակարգ է համարվում համապատասխան միջոցների համախումբը, որն ապահովում են ռիսկերի կառավարման գործընթացի անընդհատությունը եւ ներառում է այնպիսի գործողություններ, ինչպիսիք են տվյալների եւ տեղեկատվության  հավաքագրումը, ռիսկի նույնականացումը, վերլուծությունն ու գնահատումը, ռիսկերի պրոֆիլավորումը, ընտրողականությունը, ինչպես նաեւ գործընթացի եւ վերջինիս արդյունքների պարբերական վերահսկումն ու վերանայումը։

3. Ռիսկերի կառավարման համակարգն ուղղված է մաքսային մարմինների ռեսուրսներն առավել արդյունավետ օգտագործելու միջոցով օրենսդրության խախտումների կանխարգելմանը եւ նվազեցմանը, ինչպես նաեւ արտաքին տնտեսական գործունեության համար բարենպաստ պայմաններ ստեղծելուն։

4. Ռիսկերի կառավարման սկզբունքները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը, որի հիման վրա վերադաս մաքսային մարմինը հաստատում է ռիսկերի կառավարման գործընթացը:»

Հոդված 31. Օրենսգրքի 158-րդ հոդվածի 3-րդ մասի «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինը» բառերը փոխարինել «վերադաս մաքսային մարմինը» բառերով:

Հոդված 32. Օրենսգրքի 159-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 159.Ապրանքի ծագման որոշումը

1. Ապրանքներին ըստ ծագման տրամադրվում է ոչ արտոնյալ ծագման  կարգավիճակ կամ արտոնյալ ծագման  կարգավիճակ:

2. Ապրանքների ոչ արտոնյալ ծագումը ենթադրում է.

ա) Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմաված սակագնային կարգավորման միջոցների կիրառություն, բացառությամբ օրենսդությամբ սահմանված կարգով արտոնությունների կրառման դեպքերը

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանաված ոչ  սակագնային կարգավորման միջոցների կիրառություն

գ) Ապրանքների ծագման վկայականների տրամադրում

3. Ապրանքների արտոնյալ ծագումը ենթադրում է Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմաված սակագնային կարգավորման միջոցների կիրառումից ազատում` միջազգային պայմանագրերով նախատեսված դրույթների շրջանակներում:

4. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների ծագման երկիրը որոշվում է դրանց նկատմամբ սակագնային եւ ոչ սակագնային կարգավորման, մաքսային վիճակագրության վարման եւ ծագման երկրի վկայականների տրամադրման նպատակով:»:

Հոդված 33. Օրենսգրքի 165-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ պարբերությունում «քան 30 օր» բառերը փոխարինել «քան ապրանքների բացթողումից հետո 20 օր» բառերով:

Հոդված 34. Օրենսգրքի 182-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ապրանքների ԱՏԳԱԱ ծածկագիրը մյուս տեղեկությունների հետ մեկտեղ հայտարարագրվում է հայտարարատուի կողմից:

Ապրանքների դասակարգումը իրականացվում է  միջազգային պայմանագրերով եւ վերադաս մաքսային մարմնի կողմից սահմանած ապրանքների դասակարգման հիմնական կանոններով սահմանված դրույթների հիման վրա` ապրանքներն արտաքին տնտեսական գործունեության ապրանքների անվանացանկի խմբերին վերագրելու միջոցով:

Հայտարարագրված ապրանքների ծածկագրերի վերաբերյալ` անհամաձայնության դեպքում ծածկագրի վերջնական որոշման լիազորությունը վերապահվում է վերադաս մաքսային մարմնի կողմից ստեղծված հանձնաժողովին:»:

Հոդված 35. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

Հոդված 36. Սույն օրենքի 9-րդ հոդվածի «ե» կետով նախատեսված դրույթը ուժի մեջ է մտնում 2015 թվականի  հունվարի 1-ից:

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի

1. Անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է կատարել մի շարք փոփոխություններ գործող դրույթներում, ինչպես նաեւ սահմանել ընթացակարգերի ներդրմանն ուղղված դրույթներ:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունը տնտեսությունը գտնվում է զարգացման այնպիսի փուլում, որը թիրախային եւ անհետաձգելի է դարձնում համաշխարհային շուկային ինտեգրման խնդիրը: Այսպիսի խնդրի լուծումը պահանջում է նոր մոտեցումների դրսեւորում` այդ թվում մաքսային հսկողությանը եւ  ձեւակերպումներին առնչվող գործընթացների առավել բարձր մակարդակի ապահովման նպատակով: Հաշվի առնելով ՀՀ տնտեսության զարգացման միտումները եւ տնտեսվարողների համար մաքսային ընթացակարգերին առնչվող նոր, պարզեցված եւ արդյունավետ համակարգերի սահմանման պահանջարկը, ինչպես նաեւ բարեխիղճ տնտեսվարող սուբյեկտների համար հատուկ (այդ թվում` պարզեցված) ընթացակարգերի ներդրման անհրաժեշտությունը, «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է կատարել փոփոխություններ եւ լրացումներ, որոնք թերեւս ուղղված են լուծելու մի շարք խնդիրներ, ինչպես նաեւ ներդնել որոշ նոր մոտեցումներ:

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

«Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է կատարել հետեւյալ փոփոխությունները եւ լրացումները.

1. մի շարք նոր հասկացությունների սահմանում,

2. հայտարարագրման լիարժեք ավտոմատացման նպատակով նախնական տեղեկատվության (կրճատ հայտարարագիր) ներկայացման պահանջի սահմանում,

3. մաքսային մարմինների կողմից հայտարարատուներին պարտադիր տեղեկատվության տրամադրման վերաբերյալ դրույթների սահմանում,

4. մաքսային միջնորդի կողմից որպես ներկայացուցիչ հանդես գալու ինչպես նաեւ ներկայացված հայտարարագրի ճշտության համար պատասխանատվության հստակ տարանջատում, մաքսային միջնորդի պատասխանատվության երաշխիքի պարտադիր առկայության վերաբերյալ դրույթների սահմանում

5. փոստային կամ սուրհանդակային առաքումների միջոցով ինչպես նաեւ որպես ուղեկցող բեռ ֆիզիկական անձանց կողմից ապրանքների տեղափոխման դեպքում պարզեցված հայտարարագրման մեխանիզմների սահմանում,

6. լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակի ստացման վերաբերյալ դրույթների, ինչպես նաեւ դրանց կողմից կիրառվող հատուկ ընթացակարագերի, դրանց ներկայացվող պահանջների եւ չափանիշների եւ ԼՏՕ-ների գործունեության վերաբերող մի շարք այլ դրույթների սահմանում,

7. բանկային երաշխիքի առկայության դեպքում մաքսային վճարների վճարման ժամկետի վերաբերայլ դրույթների հստակեցում,

8. ձեւակերպումներից հետո ապրանքների բացթողման ժամկետների սահմանում,

9. հայտարարագրման լիարժեք ավտոմատացման նպատակով հայտարարագրման վերաբերյալ դրույթների վերանայում,

10. մաքսային հայտարարագրերում անճշտություններ հայտնաբերվելու փոփոխություններ եւ/կամ լրացումներ կատարելու վերաբերյալ դրույթների սահմանում,

11. մաքսային ձեւակերպումների ժամանակ ռիսկերի կառավարման  համակարգի վերաբերյալ դրույթների սահմանում,

12. ապրանքի ծագման երկրի կանոնների վերաբերյալ դրույթների վերանայում` մաքսային մարմինների կողմից ապրանքների ծագման վկայականների տրամադրման նպատակով:

4. Կարգավորման առարկան

Նախագծի կարգավորման առարկան` մաքսային մարմինների կողմից ռիսկերի կառավարման համակարգի կիրառության, նախանական տեղեկատվության տնօրինման, պարտադիր տեղեկատվության տրամադրման, պարզեցված ընթացակարգերի կիրառման եւ մաքսային հսկողության այլ գործիքների միջոցով արդյունավետ մաքսային հսկողության կազմակերպման հնարավորությանը ստեղծումն է, եւ հայտարարագրման ժամանակ կատարվող անճշտությունների հնարավորինս բացառում է: Միաժամանակ, ներկայացվող նախագծով առաջարկվում է հնարավորություն ընձեռել արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողներին որոշակի չափանիշների ապահովման դեպքում մաքսային ձեւակերպումների ժամանակ կիրառել հատուկ պարզեցված ընթացակարգեր:

5. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Իրավական ակտի ընդունման դեպքում ակնկալվում է ունենալ առավել զարգացած մաքսային համակարգ, մաքսային մարմինների կողմից իրականացվող հսկողության առավել բարձր մակարդակ, արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների համար` մի շարք պարզեցված ընթացակարգեր, ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող ապրանքների համար պարզեցված հայտարարագրման համակարգ եւ մաքսատուրքի նվազեցված դրույքաչափ, լիարժեք էլեկտրոնային հայատարարագրման համակարգ, մաքսային մարմինների կողմից տրամադրվող` սակագնային եւ ոչ սակագնային պարտադիր տեղեկատվության տրամադրման համակարգ եւ այլն: